HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Արմենիա Էյրվեյզը» շուտով երկինք կբարձրանա

«Արմենիա Էյրվեյզ» հայկական ավիաընկերությունը (IATA-ի կոդը՝ 6A, ICAO-ի կոդը՝ AMW) շատ մոտ ապագայում ծրագրում է օդ բարձրանալ: Ինչպես գրել ենք նախկինում, փոխադրողն անցյալ տարվա ամռանը Ռումինիայի ազգային ավիաօպերատոր «TAROM»-ից գնել էր 2 հատ «Airbus A310-300» տիպի օդանավ, որոնք հետո ուղարկել էր Թեհրան՝ տեխնիկական աշխատանքների եւ հայկական ընկերության գույներով ներկելու համար: Հիշեցնենք, որ «Արմենիա Էյրվեյզի» սեփականատերը պարսկահայ Առլեն Դավուդյան-Զարնաին է:

Հայաստանում իբրեւ EK-31001 եւ EK-31002 գրանցված ինքնաթիռներից մեկի մոտ, ըստ «Հետքի» աղբյուրի, Թեհրանում իրականացված աշխատանքների ժամանակ տեխնիկական խնդիրներ են բացահայտվել, ինչն, ըստ էության, տնտեսապես աննպատակահարմար է դարձնում այդ օդանավի շահագործումը: Այնինչ, 2 օդանավերի համար հայկական կողմը ռումինական փոխադրողին, ըստ երկկողմ հուշագրի, որի մասին նույնպես գրել էինք, պետք է վճարեր 5,48 մլն դոլար (հարկերն ու այլ ծախսերը չհաշված): Չի բացառվում, որ նշված ինքնաթիռը կդառնա պահեստամաս մյուսի համար: Ի դեպ, համացանցում հայտնվել է EK-31002-ի լուսանկարը՝ արված «Մեհրաբադ» օդանավակայանում: Ինչպես տեսնում ենք, դրա վրայից մաքրվել են ռումինական օպերատորի գույները:

ek-31002.jpg (144 KB)

Թեհրան, 16.02.2019

Նախորդ հոդվածում գրել էինք, որ «Արմենիա Էյրվեյզը» նպատակ ունի Երեւանից չվերթներ իրականացնել դեպի Եվրոպա, Ռուսաստան ու Չինաստան: Հեռանկարում էլ դեպի ԱՄՆ թռիչքներն են: Ընկերության ծրագրերը, թերեւս, որոշակի փոփոխություններ են կրել, քանի որ, մեր աղբյուրի փոխանցմամբ, գլխավոր թիրախներից մեկը լինելու է Իրանը: Այս պահին մեր հարեւան երկրից, ավելի կոնկրետ՝ Թեհրանից, Երեւան է թռչում միայն «Mahan Air»-ը: «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակի համաձայն՝ մարտի կեսերից չվերթներ ունի նաեւ «Iran Aseman Airlines»-ը, իսկ մարտի վերջից՝ «Taban Air»-ը: Դավուդյանի «Տաթեւ ՏՏՏ» տուրիստական գործակալությունը ներկայում «Iran Aseman Airlines»-ի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ ժամանակին աշխատել է նաեւ «Mahan Air»-ի հետ:

Դեպի Իրան թռիչքները տնտեսապես հարմար են ոչ միայն այն պատճառով, որ ամբողջ տարվա ընթացքում ուղեւորահոսք կա երկու հարեւանների միջեւ, այլեւ այդ երկրում հայկական օդանավերը կարող են լիցքավորվել էժան ավիավառելիքով: Չի բացառվում, որ հետագայում «Արմենիան» կթռչի ոչ միայն Թեհրան, այլեւ իրանական այլ քաղաքներ՝ հաշվի առնելով, որ հայաշատ բնակավայրերն այդ երկրում քիչ չեն, իրանցի զբոսաշրջիկների հոսքն էլ Հայաստան զգալի է:

Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, հայկական օպերատորն առաջինը գործի կդնի ոչ թե 250 հոգի տեղավորող «Airbus A310»-ը, այլ 112-տեղանոց «BAe 146-300» ինքնաթիռը, որը տակավին վերջերս է բերվել Հայաստան:

52504153_289489668411330_27.jpg (93 KB)

«Զվարթնոցում», լուս.՝ Համլետ Հովհաննիսյանի

Եթե «Արմենիայի» երկու «A310»-երը արտադրվել են 1992-ին, ապա այս նոր օդանավը մի փոքր ավելի հին է՝ թողարկվել է 1991-ին, սակայն մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ բավականին լավն է, եւ տեխնիկական բնութագրերն էլ հարմար են: Օդանավը նախկինում շահագործվել է Մեծ Բրիտանիայում, Իռլանդիայում, Իտալիայում, Հունաստանում եւ Ռումինիայում: Վերջին շահագործողը եղել է ռումինական «Aviro Air»-ը: Չնայած, ըստ մեր տեղեկությունների, ինքնաթիռը վերցվել է լիզինգով, չի բացառվում, որ հետագայում այն կգնվի:

bae-146-300.jpg (117 KB)

Նոր օդանավի «կենսագրությունը»

Քանի որ սա նոր տիպի օդանավ է հայկական շուկայի համար, «Արմենիա Էյրվեյզն» իր ֆեյսբուքյան էջում փետրվարին հայտարարել էր, որ փնտրում է «BAe 146-300»-ի հրամանատար եւ երկրորդ օդաչու: «Հետքի» աղբյուրի փոխանցմամբ՝ հայ մասնագետներն այս նպատակով արդեն ուղարկվել են վերապատրաստման ու շուտով կլինեն ավիաընկերության տրամադրության տակ: Չի բացառվում նաեւ, որ նոր տիպի օդանավի վրա աշխատելու փորձ ունեցող տեղական կադրերի որոշակի պակասը ժամանակավորապես լրացնեն ռումինացի օդաչուները, որոնք էլ ինքնաթիռը տեղափոխել են Երեւան:

Բրիտանական «British Aerospace 146» ինքնաթիռների սերիական արտադրությունը տեւել է 1980-ականներից մինչեւ 2000-ականների սկիզբ: Արտադրողը «British Aerospace», հետագայում՝ «BAE Systems» ընկերությունն էր: Սրանք ռեգիոնալ նշանակության օդանավեր են: Կոնկրետ «BAe 146-300»-ը կարող է հաղթահարել մինչեւ 1800 ծովային մղոն (մոտ 3340 կմ) տարածություն, օգտակար ծանրաբեռնվածությունը (ուղեւորներ, բեռ) 11,7 տոննա է:     

Բացի Իրանից, մեր տեղեկություններով, «Արմենիա Էյրվեյզը» դիտարկում է նաեւ ռուսական, չինական ու մերձավորարեւելյան շուկաների օգտագործման հնարավորությունը: Չնայած դեպի Մոսկվա չվերթներն այս պահին բավականին շատ են, ու ռուսական օպերատորների հետ մրցակցելը դժվարությունների հետ է կապված, չի բացառվում, որ հայկական ընկերությունը թիրախ ընտրի Ռուսաստանի հարավային երկրամասերը, որտեղ նույնպես մեծ թվով հայեր են ապրում: «BAe 146-300»-ը հարմար կլինի նաեւ այս ուղղությունների համար: Իսկ նրանից ավելի քան երկու անգամ տարողունակ «A310»-ը կարող է թռչել, օրինակ, դեպի Մերձավոր Արեւելքի քաղաքներ, որտեղ ոչ միայն հայկական սփյուռք կա, այլեւ խոշոր հաբ-օդանավակայաններ:    

Առաջին լուսանկարում՝ «Արմենիա Էյրվեյզի» «A310»-ի դիզայնը ըստ նախատեսվածի (ընկերության ֆեյսբուքյան էջից)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter