HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Atlantis Armenian Airlines»-ը ավիաշուկա է մտել Երեւան-Բաթում-Երեւան թռիչքներով

Հայկական «Atlantis Armenian Airlines» ավիաընկերությունը օգոստոսի 19-ից սկսել է ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքներ իրականացնել Երեւան-Բաթում-Երեւան ուղղությամբ: Ինչպես արդեն գրել էինք, ամսի 9-ին ավիափոխադրողը թռել էր Բաթում, սակայն ուղեւորափոխադրումները սկսվել են այս շաբաթվանից:

Քաղավիացիայի գլխավոր վարչության պետի նախկին տեղակալ Արամ Մարությանին պատկանող այս ընկերությունը շահագործում է ԶՊՄԿ-ի կողմից ձեռք բերված եւ Երեւան-Կապան թռիչքների համար նախատեսված «L-410UVP-E20» ինքնաթիռը (EK-4117), որը նախատեսված է 19 հոգու համար:

Մարությանին պատկանող «Atlantis Tour» տուրիստական գործակալությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ դեպի Բաթում թռիչքները նախատեսված են մինչեւ սեպտեմբերի 11-ը: Շաբաթական իրականացվելու է 2 չվերթ: Առաջին չվերթը, ինչպես ասվեց, ամսի 19-ին էր՝ այս երկուշաբթի, երկրորդը, ըստ «Զվարթնոց» օդանավակայանի կայքի, պետք է լիներ երեկ, սակայն տեղափոխվել է վաղը՝ ուրբաթ:

Չնայած «Atlantis Tour»-ը նշել էր, որ տոմսերի գները սկսվում են 96 հազար դրամից, ավելի ուշ հայտարարել է հատուկ սակագնի մասին՝ երկկողմանի տոմսն առաջարկելով 72 հազարով: Թռիչքի տեւողությունը 1 ժամ 20 րոպե է:

Այսպիսով՝ ավիափոխադրումների հայկական շուկա է մտել նոր ավիաընկերություն՝ «Atlantis Armenian Airlines»-ը, որն իր կայքում նշել էր, թե 2019-ի ամառային աերոնավիգացիոն սեզոնին նպատակ ունի «A320» տիպի օդանավով Երեւանից կանոնավոր չվերթներ իրականացնել դեպի Վիեննա, Պրահա, Աթենք, Կիեւ, Մոսկվա, ինչպես նաեւ չարտերային թռիչքներ դեպի հունական կղզիներ, իսկ «L-410»-ով՝ Կապան, Թբիլիսի, Քութայիս եւ տարածաշրջանի այլ կետեր: Եթե այս վերջին ուղղությունները հնարավոր է այս տարի շահագործել, եւ դեպի Բաթում թռիչքներն էլ արդեն փաստ են, ապա «A320»-ով եվրոպական երկրներ մեկնելու ծրագրերը տեղափոխվել են հաջորդ տարվա ամառային աերոնավիգացիոն սեզոն: Այստեղ կարեւոր է նաեւ նշել, որ «Atlantis Armenian Airlines»-ն առայժմ միայն այս «L-410» օդանավն ունի:

Ընկերությունը (IATA-ի կոդը՝ TD, ICAO-ինը՝ AEU) նաեւ «codeshare» հիմունքներով համագործակցում է «Austrian Airlines»-ի հետ, որն իրականացնում է Վիեննա-Երեւան-Վիեննա թռիչքները:

Բացի «Atlantis Armenian Airlines»-ից՝ ներկայում Երեւանի ու Բաթումի մեջ օդային կապ է ապահովում հայ-վրացական տանդեմը՝ «Georgian Airways»-ն ու «Ավիակոմպանիա Արմենիան», որոնց թռիչքները Երեւան-Բաթում եւ հակառակ ուղղությամբ նախատեսված են շաբաթական 3 անգամ:

Սակայն այս պահին «Ավիակոմպանիա Արմենիայի» ու «Georgian Airways»-ի այս թռիչքները (Երեւան-Բաթում՝ NGT 2937, TGZ 2937, Բաթում-Երեւան՝ NGT 2938, TGZ 2938) կատարում է մեկ այլ հայկական ընկերության՝ «Տարոն-Ավիայի» ինքնաթիռը (EK-73797), ինչը պայմանավորված է այս սեզոնին թռիչքների գրաֆիկի խտությամբ եւ օդանավերի փոքր քանակով:      

Առաջին լուսանկարը՝ «Atlantis Tour»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter