HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի համար նախատեսված ինքնաթիռը թռել է Բաթում

Այսօր առավոտյան հայկական «Atlantis Armenian Airlines»-ի «L-410UVP-E20» ինքնաթիռը (գրանցումը՝ EK-4117) «Զվարթնոց» օդանավակայանից թռել է Բաթում, թռիչքը տեւել է 1 ժամ 15 րոպե: Սա այն օդանավն է, որն առաջիկայում իրար է կապելու Կապանն ու Երեւանը:

19 հոգու համար նախատեսված այս «L-410»-ը դրա չեխական արտադրող «Aircraft Industries» ընկերությունից ձեռք է բերվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) ֆինանսական միջոցներով 2017-ին: Գործարքի գինը հայտարարվել է 5,5 մլն եվրո: Օդանավն արտադրվել է 2015-ին, Հայաստան է տեղափոխվել անցյալ տարվա օգոստոսին: Մեր երկրի օդանավերի ռեգիստրում դրա շահագործող է գրանցվել «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին տեղակալ Արամ Մարությանին, իսկ սեփականատերը ԶՊՄԿ-ին առնչվող «Գլոբալ Սերվիսիս Գրուպ» ՍՊԸ-ն է: Ինքնաթիռը կրում է գրող Համո Սահյանի անունը:   

Շահագործող ավիաընկերությունն իր կայքում հայտարարել էր, որ այս օդանավը «Զվարթնոցից» ոչ միայն դեպի Կապան է թռչելու, այլեւ Թբիլիսի, Քութայիս եւ տարածաշրջանի այլ կետեր:  

2018-ի օգոստոսից «Զվարթնոցում» կայանված «L-410»-ն այս տարվա մարտին սկսեց նախապատրաստական թռիչքներ կատարել Հայաստանի երկնքում: Եվ, փաստորեն, մեր երկիր բերվելուց հետո առաջին անգամ թռել է արտերկիր:

«Զվարթնոց» օդանավակայանի կայքում որեւէ ինֆորմացիա չկա դեպի Բաթում թռիչքի վերաբերյալ, «Atlantis Armenian Airlines»-ն էլ իր կայքում կամ ֆեյսբուքյան էջով չի հայտարարել թռիչքների մեկնարկի մասին, ինչից կարելի է ենթադրել, որ դեպի Վրաստան թռիչքը եւս նախապատրաստական-ճանաչողական բնույթի է եղել:   

Մայիսին Սյունիքի մարզպետարանը, ի պատասխան մեր հարցմանը, ուղարկել էր Կապանի օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի տեղեկանքը, որում, մասնավորապես, ասվում էր. «Օդանավի անվտանգ շահագործման ապահովման նպատակով ԶՊՄԿ-ի հաշվին անձնակազմի անդամներն ու տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատակիցներն անցել են համապատասխան ուսուցում Չեխիայում՝ օդանավն արտադրող գործարանում («Aircraft Industries»- հեղ.), եւ Հայաստանում: Ինքնաթիռի վարժական թռիչքները կազմակերպելու եւ օդաչուների վերապատրաստումն իրականացնելու նպատակով մասնագետներ են հրավիրվել Հայաստան, կազմակերպվել են անհրաժեշտ դասընթացները եւ վարժանքները: Սահմանված կարգով իրականացվել են նախաթռիչքային բոլոր աշխատանքները, ապահովված է օդանավի ընթացիկ պատշաճ սպասարկումը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter