HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Զեկույց. հայկական օդանավերը զենք են առաքել Հարավային Սուդանի քաղաքացիական պատերազմում

Աֆրիկայում աշխատող հայ ավիատորների մասին նոր մութ պատմություն է բացահայտվել: Ինքնին այդ պատմությունը հին է, սակայն այն հրապարակայնացվել է անցյալ տարեվերջին: «Conflict Armament Research» (CAR) հետաքննական կազմակերպությունը, որն ուսումնասիրում է տարբեր հակամարտությունների ընթացքում սովորական սպառազինության, ռազմամթերքի ու զինտեխնիկայի մատակարարումները, 2018-ի նոյեմբերին հրապարակել է «Զենքի մատակարարումները Հարավային Սուդանի քաղաքացիական պատերազմում» զեկույցը: Դրանում հայտնվել են նաեւ հայերը, ավելի կոնկրետ՝ ՀՀ գրանցումով օդանավերը, որոնք կոնֆլիկտի գոտում զբաղվել են բեռնափոխադրումներով: 

Սա առաջին դեպքը չէ, երբ հայկական օդանավերն ու ավիաընկերությունները հայտնվում են տհաճ պատմություններում: «Հետքը» նախկինում գրել է նման մի քանի դեպքերի մասին:

Հայերն ամենուր են՝ Սոմալի, Դարֆուր, Լիբիա

Այսպես՝ հայկական «Վ-Բերդ Ավիա» ընկերության EK-76592 եւ EK-76021 համարներով «Իլ-76» ինքնաթիռները 2010-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին բեռ են տեղափոխել Սոմալի, որը հայտնի է քաղաքացիական պատերազմներով ու ծովահենությամբ: Սոմալիում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 751 բանաձեւով (1992 թ.) զենքի էմբարգո է հայտարարված: Հայկական ավիաընկերության ներկայացուցիչը ՄԱԿ-ի փորձագետներին հայտնել էր, թե օդանավերը Սոմալի են տեղափոխել հիմնականում դեղորայք ու էլեկտրատեխնիկա, իսկ 2010-ի հոկտեմբերից հետո այդ երկիր չեն թռել: Բայց փորձագետները պարզել էին, որ հենց հոկտեմբերին EK-76592 ինքնաթիռով 3 հատ զրահապատ մեքենա է առաքվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո, 1 հատ մեքենա էլ հայկական «Reliable Unique Services Aviation» ընկերության «Իլ-76»-ով (EK-76425) ԱՄԷ-ից հասցվել էր Սոմալիի հարեւան Ջիբութի, որտեղից էլ վրացական օդանավով տեղափոխվել էր Մոգադիշո: 

Բացի դրանից, ըստ ՄԱԿ-ի փորձագետների, հայկական «Հայք Ավիայի» 2 օդանավեր («Ան-32») 2010-ի հոկտեմբերից մինչեւ 2011-ի փետրվար Ուգանդայից եւ ԱՄԷ-ից 15 թռիչք են կատարել դեպի Սոմալի: Դրանցից մեկը կայացել է 2010-ի դեկտեմբերին 10-ին, երբ «Հայք Ավիայի» EK-32604 համարով «Ան-32»-ն Ուգանդայից Սոմալիի Պունտլենդ ինքնավար շրջան թռչելիս կանգ էր առել Սոմալիլենդում, որը Պունտլենդի նման ինքնավար շրջան է, սակայն տարածքային վեճեր ունի դրա հետ: Սոմալիլենդի իշխանությունները հայկական ինքնաթիռի ռուսական 6-հոգանոց անձնակազմին ու դրանով թռչող 2 հեռուստալրագրողներին տնային կալանքի տակ էին պահել մինչեւ հանգամանքների պարզումը:

EK-32604.jpg (79 KB)

Հայկական օդանավը՝ Սոմալիլենդում

Պարզվել էր, որ լրագրողները մեկնում են Պունտլենդ՝ ֆիլմ նկարելու, իսկ օդանավն այդ շրջանի ոստիկանական ուժերի համար զինվորական հանդերձանք ու տարբեր սարքավորումներ է տանում: Սա՝ այն դեպքում, երբ օդանավի բեռնագրում, որը, ի դեպ, տրված է եղել հայկական մեկ այլ ընկերության՝ «Էյր Արմենիայի» անունով, նշված էր, թե բեռը բաղկացած է հագուստից եւ մեքենայի մասերից: Սոմալիլենդի իշխանությունները որոշ ժամանակ անց բաց էին թողել օդանավը:

2011-ի հունիս-նոյեմբերին էլ «Հայք Ավիայի» ինքնաթիռները 33 թռիչք են կատարել դեպի Սոմալի (ըստ ՄԱԿ-ի փորձագետների՝ շահագործվել են EK-32410, EK-32604 («Ան-32» տիպի) եւ EK-2042 («Beechcraft Super King Air 200» տիպի) օդանավերը): Դրանք նյութական օգնություն են մատակարարել Պունտլենդի ծովային ոստիկանությանը: Վերջինիս կարիքներին ծառայել են նաեւ հայկական «South Airlines»-ի EK-26818, EK-26819 եւ EK-26878 ինքնաթիռները («Ան-26» տիպի):       

«Վ-Բերդ Ավիայի» վերը նշված EK-76592 («Իլ-76») ինքնաթիռը 2011-ի ապրիլ-հունիս ամիսներին Սուդանի մայրաքաղաք Խարթումից առնվազն 17 թռիչք է կատարել Դարֆուր ռեգիոն, որը նույնպես հակամարտության գոտի է, եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1591 բանաձեւով (2005 թ.) այստեղ սպառազինության ու գրոհային ռազմական թռիչքների էմբարգո է հայտարարվել:

049874.jpg (79 KB)

EK-76592-ը՝ Խարթումում (24.05.2011)

ՄԱԿ-ի փորձագետները Սուդանի կառավարության արգելքի պատճառով չէին կարողացել ստուգել, թե հայկական օդանավն ինչ բեռ է տեղափոխում Դարֆուր: Չնայած նրանց տրամադրված բեռնագրերում նշված է եղել միայն սննդի մասին, փորձագետները ֆիքսել են, որ օդանավով նաեւ անձնակազմ է տեղափոխվել, սակայն չի հաջողվել պարզել՝ ուղեւորները եղել են քաղաքացիակա՞ն, թե՞ զինվորական անձինք:    

Հայկական մեկ այլ ավիաընկերություն՝ «Վետերան Ավիան», ըստ ՄԱԿ-ի փորձագետների, 2014-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԱՄԷ-ի Ալ Մինհադ ռազմաօդային բազայից ռազմամթերք է տեղափոխել լիբիական Տոբրուկ, որը 2014-ին Լիբիայում բռնկված քաղաքացիական պատերազմի թատերաբեմերից մեկն էր: Այնինչ 2011-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել էր 1970 բանաձեւը, որով արգելվում է զենքի մատակարարումը Լիբիա: Իր հերթին «Վետերան Ավիայի» տնօրենը հայտարարել էր, թե Տոբրուկ են տեղափոխել ոչ թե ռազմամթերք, այլ հումանիտար օգնություն:  

Վերը նշված դեպքերը Աֆրիկայի տարբեր կոնֆլիկտային ռեգիոններում հայկական ավիաընկերությունների ներգրավվածության ապացույցների մի փոքր մասն են միայն: ՀՀ գրանցումով օդանավերը տարբեր ժամանակահատվածներում վարձակալությամբ շահագործվել ու շահագործվում են նաեւ աֆրիկական երկրների ռազմաօդային ուժերի կողմից: Դրանց մասին եւս «Հետքը» գրել է:

Այս պատմությունների վերաբերյալ դեռ 2016 թ. մենք հարցեր էինք ուղարկել կառավարությանը, որոնց պատասխանը ստացել էինք ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչությունից (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե): Մասնավորապես, հարցին, թե ինչ է անում կառավարությունը՝ նման տհաճ իրավիճակներից խուսափելու համար, մեզ հայտնել էին. «ՀՀ կառավարությունը տվյալ զեկույցները չի կարող հիմք ընդունել՝ որեւէ պատժամիջոց ավիաընկերությունների նկատմամբ կիրառելու համար, այլ նման դեպքերում իրեն վերապահված գործառույթների շրջանակում իրականացնում է ուսումնասիրություններ, եւ մինչ օրս որեւէ խախտում չի փաստարկվել: Բացի այդ, հայաստանյան ավիաընկերությունների հետ շարունակական աշխատանքների շրջանակներում ՔԱԳՎ-ի կողմից մշտապես տարվում է խորհրդատվություն թռիչքային աշխարհագրության ընտրության հարցում, վտանգավոր եւ արգելված տարածքներում թռիչքներ չիրականացնելու նպատակով: Սակայն հարկ ենք համարում նշել, որ յուրաքանչյուր իրավաբանական կամ ֆիզիկական անձ իր գործունեության վերաբերյալ որոշումներ է կայացնում սեփական պատասխանատվությամբ: Եթե լինեին անթույլատրելի փաստարկներ եւ ապացուցվեին, ապա ՀՀ կառավարությունն ունի որոշակի լիազորություններ, ընդուպ մինչեւ ավիաընկերությունների գործունեության դադարեցնելը՝ կապված այդ փաստարկների բնույթից»: 

Հայկական օդանավերը՝ նոր կոնֆլիկտում

Հերթական պատմությունը Հարավային Սուդանում 2013-ի դեկտեմբերից բռնկված քաղաքացիական պատերազմի մասին է, որում շոշափվել են նաեւ հայկական ավիաընկերությունների անուններ: 2011-ին Սուդանից անկախացած այս երկրում քաղաքացիական պատերազմը սկսվել ու շարունակվում է նախագահ Սալվա Կիիրի եւ նախկին փոխնախագահ Ռիեկ Մաչարի կողմնակիցների միջեւ: 2018-ի հուլիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է 2428 բանաձեւը, որով զենքի էմբարգո է հայտարարվել Հրվ. Սուդանում: «Conflict Armament Research» կազմակերպության մասնագետները կարողացել են պարզել, որ կողմերին զենք-զինամթերք է առաքվում Հրվ. Սուդանի անմիջական հարեւանների միջոցով, սակայն մատակարարողների ցանցը շատ ավելի մեծ է եւ ներառում է ամերիկյան, եվրոպական ու իսրայելական տարբեր կազմակերպություններ ու անհատների: Համաձայն զեկույցի՝ հակամարտող երկու հիմնական ուժերն էլ՝ Հրվ. Սուդանի զինուժը (կառավարական բանակը, SPLA) եւ Սուդանի ընդդիմադիր ժողովրդաազատագրական շարժումը (SPLA-IO), օգտվում են օդային բեռնափոխադրումներից՝ զենք եւ անձնակազմ հասցնելով կոնֆլիկտի գոտիներ:

map-south-sudan.jpg (98 KB)

Քարտեզը ցույց է տալիս, թե «CAR»-ի թիմը որտեղ ում համար է զենքի առաքում արձանագրել

Ըստ զեկույցի՝ առնվազն մեկ փոխադրողի հանդեպ դրա գրանցման երկրի միջոցով ԵՄ-ն դիվանագիտական ճնշում է գործադրել: Զեկույցի հեղինակները կարծում են, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի հայտարարած զենքի էմբարգոյից հետո այլ երկրներ եւս կկարողանան նմանատիպ ճնշում կիրառել եւ ուսումնասիրություններ սկսել այն ավիափոխադրողների հանդեպ, ովքեր ներքաշված են Հրվ. Սուդանի պատերազմում զենք մատակարարելու գործում:

«Conflict Armament Research»-ի զեկույցում նշվում է, որ չնայած Հայաստանը 2011-ից պաշտոնապես միացել է Հրվ. Սուդանում ԵՄ-ի հայտարարած զենքի էմբարգոյին, ՀՀ գրանցումով օդանավերը աֆրիկական այս երկրի կառավարական ուժերի համար տեղափոխել են մարդկային ուժ եւ ռազմամթերք: «CAR»-ը մեջբերել է Հրվ. Սուդանի հարցով ՄԱԿ-ի փորձագետներին, որոնք 2016-ի իրենց զեկույցում հայտնել էին կառավարական բանակի համար հայկական ինքնաթիռներով կատարված մատակարարումների մասին:

ՄԱԿ-ի փորձագետները, մասնավորապես, նշել էին, որ Հրվ. Սուդանի կառավարությունն օգտվում է տարբեր մասնավոր ընկերությունների ծառայություններից՝ մայրաքաղաք Ջուբայից դեպի առաջնագիծ զորքեր եւ զենք-զինամթերք տեղափոխելու համար:

EK-72928. զենք եւ անձնակազմ

Այսպես՝ հայկական EK-72928 համարով «Ան-72» օդանավը 2014-ի նոյեմբերին, ինչպես նաեւ 2015-ի ապրիլ-մայիսին մի քանի անգամ Ռուբկոնա քաղաքում զենք-զինամթերք է բեռնաթափել, ինչի մասին ՄԱԿ-ի փորձագետները տեղեկացել են ոչ միայն գաղտնի աղբյուրից, այլեւ հենց իրենք են նման բան դիտարկել: «CAR»-ն էլ իր հերթին հրապարակել է 2014-ի նոյեմբերին եւ 2015-ի հունիսին արված լուսանկարներ, որոնցում ինքնաթիռից դուրս են գալիս ոչ միայն մարդիկ, այլեւ ավտոմեքենաներ, որոնց թափքը հարմարեցված է զենքի տեղադրման համար:

EK-72928.jpg (99 KB)

Մարտական մեքենաների բեռնաթափում EK-72928-ից (Ռուբկոնա, 24.11.2014)

ՄԱԿ-ի փորձագետները կապ են հաստատել ՀՀ կառավարության հետ, որից էլ տեղեկացել են, որ EK-72928-ի շահագործողը 2014-ի նոյեմբերին եղել է «Էյր Արմենիա» ընկերությունը (ներկայում սնանկ է, գտնվում է լուծարման գործընթացում): Այնուհետ «Ան-72»-ի շահագործող է դարձել մեկ այլ հայկական ավիափոխադրող՝ «Reliable Unique Services Aviation»-ը (հետագայում լուծարվել է), որն, ինչպես գրել ենք, արաբական կապիտալով ընկերություն էր, ու պատահական չէ, որ Հայաստանում դրա անունով գրանցված ինքնաթիռները փաստացի բազավորվում էին Շարժայում, որտեղ «RUS Aviation»-ի մայր ընկերությունն է:

EK-72928-1.jpg (43 KB)

Անձնակազմի իջեցում EK-72928-ից (Ռուբկոնա, 18.06.2015)

EK-72928-ի սեփականատերը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ) գրանցված «Maritime Air Ltd.»-ն է: «CAR»-ը զեկույցում նշել է, թե չի պնդում, որ սեփականատերն իմացել է ինքնաթիռի վերոնշյալ գործունեության մասին (տեղեկացնենք, որ «Էյր Արմենիայից» եւ «RUS Aviation»-ից հետո այս օդանավը շահագործել են նաեւ հայկական «Սկիվա Էյրն» ու «Մարս Ավիան»):

2014-ի նոյեմբերից մինչեւ 2015-ի հունիս EK-72928-ը կրել է հարավսուդանական «Golden Wings Aviation» ընկերության տարբերանշանը: Այսինքն՝ օֆշորային կղզիների ընկերության սեփականություն հանդիսացող ինքնաթիռը ՀՀ-ում գրանցվել է հայկական շահագործողների անունով, սակայն մի որոշ ժամանակ վարձակալման է հանձնվել հարավսուդանական օպերատորին: Հատկանշական է, որ վերջինս պատկանում է նախագահ Սալվա Կիիրի մերձավորներից գործարար Օբակ Ուիլյամ Օլաուոյին (Obac William Olawo):

EK-26310. զինամթերք

ՄԱԿ-ի փորձագետների զեկույցում հիշատակվել է եւս մի հայկական օդանավ՝ EK-26310 համարով «Ան-26»-ը, որի շահագործողը եղել է «Սկիվա Էյրը»: Այս ինքնաթիռը, մասնավորապես, տեսել են 2015-ի ապրիլին նույն Ռուբկոնայում ռազմամթերք դատարկելիս: Չնայած EK ազգային նիշը հուշում է, որ ինքնաթիռը գրանցված է եղել Հայաստանում, ավիացիոն տեղեկատուներում իբրեւ դրա շահագործող նշված է հարավսուդանական «South Supreme Airline»-ը: Այսինքն՝ հավանական է, որ հայկական փոխադրողն ինքնաթիռը վարձակալման էր հանձնել աֆրիկական ընկերությանը:            

«Conflict Armament Research»-ի զեկույցի հեղինակները հայտնել են, որ EK-72928-ից ու EK-26310-ից բացի՝ իրենք գրավոր հաղորդումներ են ստացել եւս երկու հայկական օդանավերի մասին, որոնցով 2014-ի ընթացքում Կուաջոկ եւ Մալակալ քաղաքներ զենք է մատակարարվել Հրվ. Սուդանի կառավարական ուժերին: Բայց քանի որ որեւէ իրեղեն ապացույց չի հաջողվել ձեռք բերել, մասնագետները զերծ են մնացել ինքնաթիռների գրանցման համարները հրապարակելուց:    

EK-74052. պահեստամասեր՝ բանակին

Այդուհանդերձ, «CAR»-ը կարողացել է եւս մի հայկական օդանավի վերաբերյալ ապացույցներ գտնել: Զեկույցում նշվում է, որ EK-74052 համարով «Ան-74» ինքնաթիռն ավելի քան երկու տարի կանոնավոր թռել է Պալոիչ ավան, որի շրջակայքը հարուստ է նավթով եւ Հրվ. Սուդանի նավթարդյունաբերական կենտրոններից է: Այս տարածաշրջանը, սակայն, եւս զերծ չէ քաղաքացիական կռիվներից: Ըստ զեկույցի՝ օդանավի հայկական շահագործող «Սկիվա Էյրն» այն (ներառյալ անձնակազմը) վարձակալությամբ հանձնել էր հարավսուդանական «Eagle Enterprise Ltd»-ին, որը պայմանագրային հիմունքներով սնունդ եւ սարքավորումներ էր տեղափոխում «Dar Petroleum Operating Company» (DPOC) միջազգային հանքարդյունաբերական կոնսորցիումի համար:

Չնայած հարավսուդանական վարձակալը «CAR»-ի թիմին հայտնել է, թե ինքնաթիռով միայն քաղաքացիական բեռներ են տեղափոխվել, 2017-ի փետրվարի 3-ի թռիչքի բեռնագրում «DPOC»-ի համար նախատեսված բեռի հետ նշված է եղել նաեւ 758 կգ պահեստամաս Հրվ. Սուդանի զինուժի ստորաբաժանումներից մեկի համար: «Eagle Enterprise Ltd»-ն պարզաբանել է, որ դրանք եղել են մեքենայի տարբեր պահեստամասեր՝ օդանավ բեռնված «DPOC»-ի կողմից, սակայն իրենք չեն իմացել, որ բեռը բանակի համար է: «CAR»-ը, հաշվի առնելով այդ բացատրությունը, մատնանշել է, որ չնայած տեղափոխվածը զենք չի եղել, բացահայտումն ապացուցում է, որ նավթարդյունահանող միջազգային ընկերությունը բեռ է տեղափոխել իր գործունեության տարածքում տեղաբաշխված զինված ուժերի համար: Ի տարբերություն օդանավի վարձակալի եւ սեփականատեր «Geleon Trade Avia Ltd.»-ի (գրանցված է ԲՎԿ-ում), որոնք տեղեկություններ են հաղորդել նշված թռիչքի մասին, հանքարդյունաբերական կոնսորցիումը չի պատասխանել «CAR»-ի հարցմանը: Ի դեպ, 2018-ի մարտին ԱՄՆ իշխանությունները «DPOC»-ին ներառել են «սեւ ցուցակ», ինչը նշանակում է, որ ամերիկյան ընկերություններին եւ անհատներին արգելվում է առանց թույլտվության որեւէ բան մատակարարել այս կոնսորցիումին: Հավելենք, որ այժմ «Մարս Ավիան» է շահագործում EK-74052-ը:             

Ըստ Սիմոնյանի՝ իր օդանավերն էմբարգո չեն խախտել

«CAR»-ի հարցերին պատասխանել է նաեւ «Սկիվա Էյրի» փայատեր Վահրամ Սիմոնյանը, ում մասին «Հետքը» տարբեր առիթներով գրել է: Հենց Սիմոնյանն է տարիներ շարունակ Աֆրիկայում գործունեության ծավալած «Վ-Բերդ Ավիա», «Սկիվա Էյր» եւ «South Airlines» հայկական ավիաընկերությունների իրական տերը (երեքի գործունեությունն էլ ներկայում դադարեցված է): Սիմոնյանը «CAR»-ի թիմին հայտնել է, թե «Սկիվա Էյր» եւ «South Airlines» ՍՊԸ-ները գրանցված են Հայաստանում, միաժամանակ Շարժայի օդանավակայանի ազատ տնտեսական գոտում գործում են նույնանուն՝ «Skiva Air Ltd» եւ «South Airlines Co» ընկերությունները:

Կարելի է ասել, որ ընկերությունների հայկական «տարբերակներն» առաջին հերթին ստեղծվել են ՀՀ-ում օդանավեր գրանցելու նպատակով, իսկ բուն բիզնեսը ծավալել են օֆշորային գոտիներում հիմնված նույնանուն ընկերությունների արաբական գրասենյակները: Այսպես՝ ժամանակին գրել էինք, որ Սիմոնյանը «Վ-Բերդ Ավիա» ՍՊԸ-ի հիմնադրումից շատ չանցած «V-Berd Avia Ltd» էր ստեղծել Բրիտանական Վիրջինյան Կղզիներում եւ դրա մասնաճյուղ՝ Շարժայի օդանավակայանում: Նույնկերպ նա «CAR»-ին տեղեկացրել է, որ «South Airlines Co»-ն գրանցված է Սեյշելյան Կղզիներում եւ Շարժայում:

Սիմոնյանը պնդել է, թե ինքը, լինելով ՀՀ-ում հիմնված «Սկիվա Էյրի» փայատերերից մեկը, երբեւէ առնչություն չի ունեցել դրա  գործունեությանն ու կառավարմանը: Մյուս կողմից, ի հակադրություն ՄԱԿ-ի փորձագետների կազմած մի շարք զեկույցների, որոնց անդրադարձանք վերեւում, նշել է, թե «South Airlines»-ի եւ «Վ-Բերդ Ավիայի» օդանավերը երբեք զենք-զինամթերք կամ զինվորականներ չեն տեղափոխել, ինչով կխախտեին ՄԱԿ-ի ԱԽ-ի էմբարգոն, մասնավորապես, Սոմալիում, Դարֆուրում, Լիբիայում:        

Սակայն «Conflict Armament Research»-ը նշել է, որ իրենց եւ ՄԱԿ-ի փորձագետների կողմից Հրվ. Սուդանի քաղաքացիական պատերազմում հայկական օդանավերի ներգրավվածությունն ապացուցող փաստեր ներկայացնելուց հետո ԵՄ-ի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության պատասխանատուի՝ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության եւ Հայաստանի կառավարության համագործակցության արդյունքում 2017-ի մարտին ՀՀ ՔԱԳՎ-ն դադարեցրել է «Սկիվա Էյրի» օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը:  

Հրվ. Սուդանի լուսանկարներն ու քարտեզը՝ «Conflict Armament Research»-ի 

Առաջին լուսանկարում ընդդիմադիր մարտիկներ են՝ կառավարական բանակի աջակից խմբավորումից ավարառված մեքենայով, ինչպիսին մատակարարել էր հայկական EK-72928-ը (2014 թ., հունիս)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter