HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ովքե՞ր են հայկական շուկա մտնող նոր ավիաընկերության տերերը

Դեկտեմբերի 3-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ԱԺ-ում հայտարարեց, թե շուտով հայկական շուկա կարող է մտնել տեղական նոր ավիաընկերություն, որն արդեն գրանցվելու հայտ է ներկայացրել: Խոսքը, ամենայն հավանականությամբ, օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու հայտի մասին է: Վկայականն այն առանցքային փաստաթուղթն է, որը իրավունք է տալիս զբաղվել առեւտրային փոխադրումներով:

Ռեւազյանը, հղում անելով ավիաընկերության ներկայացուցիչներին, հայտնել է, որ նոր փոխադրողը պատրաստվում է չվերթներ իրականացնել 13 ուղղություններով, շաբաթական լինելու է 41 չվերթ, որոնցով կարող է տեղափոխվել 388 հազար ուղեւոր, միաժամանակ բացվելու է ավելի քան 200 աշխատատեղ:

Այս հայտարարությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ, իր տեղեկություններով, խոսքը «Fly Armenia Airways» ընկերության մասին է, որի կառավարիչները բրիտանացիներ են: Շուտով նաեւ գովազդային հայտարարություն տարածվեց այն մասին, որ նշված փոխադրողը միջազգային չվերթներ իրականացնելու համար մրցույթի է հրավիրում բորտ-ուղեկցորդների:

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն գրանցվել է այս տարվա հոկտեմբերի 11-ին: Հիմնադիրները երկուսն են՝ Երեւանի Մամիկոնյանց փողոցի բնակիչ Բելլա Սուրենի Գայամովան (55 %) եւ Լոնդոնում գրանցված «Lincoln Transport Ltd»-ն (45 %):

Այն, որ ՀՀ քաղաքացի Գայամովան ավելի քան 50 %-ի սեփականատերն է, ամենեւին պատահական չէ, քանի որ դա «Ավիացիայի մասին» օրենքի պահանջն է: Օրենքը սահմանում է, որ մեր երկրում օդանավ շահագործողի վկայական կարող են ստանալ այն ավիաընկերությունները, որոնց առնվազն 51 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձի:

Բելլա Գայամովայի ընկերությունները

Բելլա Գայամովան ներգրավված է ավիացիայի հետ կապ ունեցող այլ ընկերություններում եւս, ինչը նշանակում է, որ նա կապ ունի այս ոլորտի հետ:

Մասնավորապես, նրա անունն առնչվում է «Ֆլայ Արմենիա» ՓԲԸ-ին, որը հիմնադրվել էր այս տարվա մայիսին, սակայն ներկայում գտնվում է լուծարման գործընթացում: ՊԵԿ-ի տվյալներով՝ լուծարվող ՓԲԸ-ի գործունեության ոլորտը օդային բեռնափոխադրումներն էին:     

Բացի դրանից՝ Գայամովան եւ Նարինե Օհանյանը (ըստ էության, դուստրն է) 2017-ին Երեւանում՝ իրենց բնակության հասցեում, հիմնել են «Սքայ Բրիջ» ՍՊԸ-ն, որի 10 %-ը Գայամովայինն է, 90-ը՝ Օհանյանինը: Ընկերության տնօրենը հենց Բ. Գայամովան է:

Վերջինս ժամանակին եղել է նաեւ «Աքիլա Քրիզաետոս Քոնսալտինգ» ՍՊԸ-ի սեփականատեր եւ տնօրեն: Այս ընկերությունը հիմնադրվել է 2011-ին Կարեն Ավդալյանի կողմից: Ավդալյանը օդանավերի տեխսպասարկմամբ զբաղվող «Աքիլա Տեխնիքս» ՍՊԸ-ի հիմնադիրներից է: «Աքիլա Տեխնիքսի» մասին գրել ենք ՀՀ նախագահների օդանավերի մասին պատմող հոդվածում: Գյումրեցի Կարեն Ավդալյանը Երեւանի կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի որդին է:

Կարինե Ավդալյանը հայտնի է նաեւ որպես Գյումրու «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչ-հիմնադիր, նա այդ մրցույթը հովանավորած Ռիտա Սարգսյանի (Սերժ Սարգսյանի կնոջ) եւ «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, փառատոնի համանախագահ Լեւոն Սարգսյանի (Սերժ Սարգսյանի եղբոր) մերձավորներից է: 2018 թ. իշխանափոխությունից հետո կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի աշխատողներն ու ուսանողներն սկսեցին բողոքել տնօրեն Ավդալյանից՝ բարձրաձայնելով նրա ղեկավարության օրոք բուհում տեղի ունեցած բազմաթիվ երեւույթների մասին: Ավելի ուշ Ավդալյանին մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու ստորագրությունը, սակայն այս տարվա սեպտեմբերին, երբ քրեական գործով հայտնի դարձան նոր դրվագներ, դատարանը որոշեց կալանավորել Կարինե Ավդալյանին: Վերջինս «Հետքի» հետ զրույցում համոզմունք էր հայտնել, թե իրեն «պատժում են» այն բանի պատճառով, որ Գյումրու ավագանուն առաջարկել էր պատվավոր գյումրեցու կոչում տալ Լեւոն Սարգսյանին, եւ առաջարկն ընդունվել էր:  

Վերադառնալով «Աքիլա Քրիզաետոս Քոնսալտինգ» ՍՊԸ-ին՝ նշենք, որ Կարինե Ավդալյանը եղել է այս ընկերության առաջին տնօրենը: 2014-ին Կարեն Ավդալյանը ընկերության իր 100 % բաժնեմասը փոխանցել է Գյումրու բնակիչ Լիանա Ամիրյանին, ով, թերեւս, նրա կինն է, այսինքն՝ ընկերությունը շարունակել է պատկանել Ավդալյաններին: 2015-2016 թթ. ՍՊԸ-ի 20 %-ի սեփականատեր է եղել Բելլա Գայամովան, մնացած 80 %-ը պատկանել է Լ. Ամիրյանին: Նշենք նաեւ, որ Գայամովան 2014-2016 թթ. եղել է այս ընկերության տնօրենը, իսկ 2016-2017 թթ. այդ պաշտոնը զբաղեցրել է Ռիտա Օհանյանը, ով, ըստ էության, Գայամովայի մյուս դուստրն է: 2016-ից «Աքիլա Քրիզաետոս Քոնսալտինգ» ՍՊԸ-ի միակ մասնակիցը Լիանա Ամիրյանն է, ով նաեւ ընկերության տնօրենն է 2017-ից:

«Աքիլա Քրիզաետոս Քոնսալտինգ» ՍՊԸ-ն գրանցված է «Զվարթնոց» օդանավակայանում, գործունեության տեսակը ծառայությունների մատուցումն է, բայց, ըստ ՊԵԿ-ի, դրա գործունեությունը ժամանակավոր դադարեցված է:

Ամփոփելով՝ կարող ենք ասել, որ Բելլա Գայամովայի ընտանիքը 2014-2017 թթ. եղել է Ավդալյանների գործընկերը:    

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» բրիտանական հիմնադիրն ու չեխ սեփականատերը

Այժմ կրկին անդրադառնանք «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ին: Վերջինս եւս գրանցված է «Զվարթնոց» օդանավակայանում, կանոնադրական կապիտալը 10.000 դրամ է: Առաջին տնօրենը եղել է Բ. Գայամովան, սակայն օրեր առաջ՝ դեկտեմբերի 5-ին, այդ պաշտոնում գրանցվել է Ավստրիայի Մյունխենդորֆ քաղաքի բնակիչ Նորբերտ Վինկլերը: 

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» 45 %-ի սեփականատերը, ինչպես ասվեց, լոնդոնյան «Lincoln Transport Ltd» ընկերությունն է: Այն ստեղծվել է 2017-ի դեկտեմբերին: Ըստ բրիտանական ռեգիստրի՝ գործունեության ոլորտներն են անշարժ գույքի առքուվաճառքը եւ հաշվապահական ու աուդիտորական գործունեությունը: Կանոնադրական կապիտալը 100.000 ֆունտ ստեռլինգ է: Ընկերության քարտուղարը, տնօրենն ու միակ սեփականատերը Չեխիայի քաղաքացի, Գերմանիայի բնակիչ Սիմոն (Սայմոն) Շպիցն է (Simon Spitz):  

Նկատենք, որ Շպիցը 1999-ին Պրահայում այս քաղաքի բնակիչ Մարտին Կոլարժի (Martin Kolář ) հետ հիմնադրել էր «Star Aviation» ՍՊԸ-ն: 100.000 կրոն կապիտալով ընկերության 80 %-ի սեփականատերը եղել է Շպիցը, մնացածինը՝ Կոլարժը: «Star Aviation»-ի գործունեության տեսակներից մեկը եղել է օդանավերի եւ ավիացիոն տեխնիկայի վարձակալությունը: 2003-ին գործընկերներն օտարել են ընկերությունը Պրահայի մեկ այլ բնակչի:

Մեկնաբանություններ (1)

Արմեն Դավթյան
ամբողջովին սուտ հոդված է, իսկ այս հոդված գրողը դատարանում պատասխան է տալու, ընդ որում քրեական դատարանում սուտ զրպարտության համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter