HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Տաթևիկ Ռևազյան. «Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական տեղական ավիաընկերություն»

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն առաջարկում է ավելացնել Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվողների ցանկը:

Կոմիտեն առաջարկում է օրենքով ամրագրել, որ այդ արտոնությունից կարողանան օգտվել օդային տրանսպորտով մեկնող այն ֆիզիկական անձինք, ովքեր օրենքով սահմանված արտոնության ժամկետներում մեկնում են այդ ուղղությամբ առաջին թռիչքի մեկնարկի պահին նախորդող վերջին 12 ամիսներին չսպասարկված IATA կոդով (օդանավակայանի կոդը) օդանավակայաններ առեւտրային ավիափոխադրումներ իրականացնող ավիաընկերությունների միջոցով, եթե այդ ավիաընկերությունները դեպի այդ նույն օդանավակայաններ չվերթներ են իրականացնում IATA ամառային և ձմեռային ժամանակաշրջանում:

Հիշեցնենք, որ գործող իրավակարգավորմամբ օդի տուրքից ազատվում են մինչև 12 տարեկան երեխաները, տարանցիկ ուղևորները, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները, Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից մինչև 450 կիլոմետր շառավղով օդային փոխադրումների իրականացման դեպքում` օդային տրանսպորտի միջոցով մեկնող ֆիզիկական անձինք և Գյումրու «Շիրակ» օդանավակայանի օդային ուղևորները:

Նախատեսվող արտոնության ժամկետը տրամադրվում է 36 ամսով (24 ամսով երկարաձգելու հնարավորությամբ), որը հաշվարկվում է ամիսների նվազման կարգով՝ սկսած տվյալ ուղղությամբ արտոնության տրամադրման հիմք հանդիսացող պայմաններին բավարարող առաջին ավիաընկերության առաջին թռիչքի մեկնարկից:

Ըստ նախագծի հիմնական զեկուցող, Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի` կոմիտեն այս փոփոխություններով խթանում է նոր ուղղությունների սպասարկումը:

Ռևազյանի խոսքով` չի կարող գործող ավիաընկերությունը ժամանակավոր փակվել և դիմել այս արտոնության համար, քանի որ արտոնություն ստանալուց հետո չվերթները պետք է իրականացվեն ամբողջ տարվա ընթացքում:

«Օրինակ, եթե ավիաընկերությունն ուզում է մուտք գործել ամառային սեզոնին, որն իրեն ավելի արդյունավետ է, և փակվի ձմեռային սեզոնի ընթացքում, արտոնություն չի կարող ստանալ»,- ասաց նա:

Տաթևիկ Ռևազյանի խոսքով` փոփոխություններն առաջարկվում են ավիացիոն շուկան զարգացնելու նպատակով: Դա, ըստ նրա, կապահովի ուղևորահոսքի աճ` 300 հազար ուղևորներով:

«Շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական տեղական ավիաընկերություն, քանի որ հայտ է ներկայացվել կոմիտե ավիաընկերությունը գրանցելու նպատակով: Ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ պատրաստվում են 13 ուղղություններով չվերթներ իրականացնել, շաբաթը կլինի 41 չվերթ, ավելի քան 200 աշխատատեղ կբացվի»,- ասաց նա:

Պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք մտավախություն չկա, որ այդ արտոնության տրամադրումը կարող է խոչընդոտել ազգային փոխադրողի աշխատանքին, Ռևազյանը վստահեցրեց. «Ցանկացած ավիաընկերություն, որը բավարարում է նախագծով անհրաժեշտ պահանջներին, կարող է դիմել արտոնության համար»: Ռևազյանը նաև ասաց, որ կոմիտեն իրավունք չունի որևէ ավիաընկերության հատուկ արտոնություն տրամադրել, հավելեց, որ տեղական փոխադրողի հետ այս հարցը քննարկել են, նրանք էլ են համակարծիք, որ այս արտոնությունները կնպաստեն մրցակցությանը:

«Իրական նպատակն այն է, որ ուզում ենք մի քանի տարի անց բոլորի համար օդի տուրքը հանենք, բայց ժամանակ է պետք, որ ապացուցենք` օդի տուրքը հանելով, իրոք, խթանում ենք նոր ուղղություններ, և շուկան զարգանում է»,- ասաց նա:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նախագծում ռիսկեր նկատեց: Ըստ պատգամավորի` փոփոխությունների արդյունքում հնարավոր է` որոշ հեղինակավոր ավիաընկերություններ «խաղից դուրս մնան»: Բաբկեն Թունյանն անդրադարձավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) ներկայացրած եզրակացությանը: Թունյանի խոսքով` հանձնաժողովը ռիսկերի մասին չորս էջ գրել է, սակայն տվել դրական եզրակացություն:

«Միգուցե, եթե պետական տուրքը հանենք, դրա արդյունքում տնտեսական էֆեկտն ավելի մեծ լինի, քան այս նախագծով առաջարկվող 11-12 միլիարդը, սա քայլ առաջ չէ, սա կես քայլ է, որի նպատակը, կարծես, մեկ բյուջետային ավիաընկերություն բերելն է»,- ասաց Թունյանը:

Նախագծի քննարկումներն առաջին ընթերցմամբ ավարտվեցին:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter