
«Ֆլայ Արմենիա Էյրվեյզը» դեռ չի կարող երկինք բարձրանալ
Քաղավիացիայի կոմիտեն այսօր հայտնել է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն այդպես էլ չի ստացել օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ): Սա նշանակում է, որ ընկերությունն առայժմ իրավունք չի ունենա օդանավեր շահագործել, այսինքն՝ ուղեւորափոխադրումներ իրականացնել:
Անցյալ տարվա դեկտեմբերին ՔԱԿ նախագահ Տաթեւիկ Ռեւազյանն ԱԺ-ում հայտարարել էր, թե շուտով հայկական շուկա կարող է մտնել նոր ավիաընկերություն, որն արդեն գրանցվելու հայտ է ներկայացրել: Մենք էլ գրել էինք, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, հենց ՕՇՎ ստանալու մասին է: Եվ իսկապես, ինչպես տեղեկացրել է կոմիտեն իր ֆեյսբուքյան էջում, ՍՊԸ-ն 2019 թ. նոյեմբերի 25-ին վկայական ստանալու հայտ էր ներկայացրել: ՔԱԿ-ը հայտի փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո առկա թերությունների վերաբերյալ գրավոր ծանուցել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզին», սակայն վերջինս չի վերացրել դրանք, ինչի հետեւանքով կոմիտեն որոշել է դադարեցնել հայտի հետագա ուսումնասիրությունը եւ ընկերությանն առաջարկել փաստաթղթերը պատրաստ լինելուն պես կրկին դիմել՝ վկայական ստանալու համար:
Խորհրդարանում Տ. Ռեւազյանը, հղում անելով «Fly Armenia Airways»-ի ներկայացուցիչներին, հայտնել էր, թե նոր փոխադրողը պատրաստվում է չվերթներ իրականացնել 13 ուղղություններով, շաբաթական լինելու է 41 չվերթ, որոնցով կարող է տեղափոխվել 388 հազար ուղեւոր, միաժամանակ բացվելու է ավելի քան 200 աշխատատեղ:
Ինչպես արդեն գրել ենք, ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին: Սեփականատերերն են ՀՀ քաղաքացի Բելլա Գայամովան (55 %) եւ Լոնդոնում գրանցված «Lincoln Transport Ltd»-ն (45 %): Տնօրենն էլ Ավստրիայի բնակիչ Նորբերտ Վինկլերն է: Իր հերթին «Lincoln Transport Ltd»-ի տերը Գերմանիայի բնակիչ, Չեխիայի քաղաքացի Սիմոն (Սայմոն) Շպիցն է:
«Fly Armenia Airways»-ը ՕՇՎ ստանալու դեպքում կդառնար նման վկայական ունեցող 8-րդ ընկերությունն այս պահին: Ներկայում ՕՇՎ ունեն «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ» ՍՊԸ-ն, ««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ-ն, «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ-ն, ««Մարս Ավիա» ավիաընկերություն» ՓԲԸ-ն, «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ն, «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ-ն եւ «Սքայբոլ» ՍՊԸ-ն: Այս ընկերությունների մասին կարող եք կարդալ այստեղ:
Նշված 7-ից «Մարս Ավիան», որի գործունեության ոլորտը գլխավորապես բեռնափոխադրումներն են, իսկ գործունեության տարածաշրջանը՝ Աֆրիկան, ներկայում չի կարող օդանավ շահագործել այն պարզ պատճառով, որ ՔԱԿ-ն այս տարվա փետրվարի 1-ին կասեցրել է ընկերության ՕՇՎ-ի գործողությունը: ՓԲԸ-ին 3 ամիս (մինչեւ մայիս) ժամանակ է տրվել՝ հայտնաբերված թերությունները շտկելու համար: Ըստ կոմիտեի՝ ՀՀ օդանավերի ռեգիստրում «Մարս Ավիայի» անվամբ գրանցված է 3 ինքնաթիռ, որոնց գործունեության երկրներ են նշված Սոմալին, Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Լեհաստանը:
Այսպիսով՝ ներկա պահին ՀՀ-ում ՕՇՎ ունեցող 7 ավիաընկերությունից փաստացի գործում են 6-ը, որոնցից միայն «Արմենիա Էյրվեյզն» ու «Ավիակոմպանիա Արմենիան» են իրականացնում կանոնավոր չվերթներ, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով նրանք էլ ժամանակավոր դադարեցրել են թռիչքները:
Մեկնաբանել