HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իրանում հայտնված ինքնաթիռը շահագործող հայկական ընկերությունից հեռացել է դրա սկանդալային նախկին սեփականատերը

Հայկական «Fly Armenia Airways» ընկերությունը, որի «Boeing 737-300» ինքնաթիռը փետրվարի 20-ին հայտնվեց Իրանում, խնդիրներից չի կարողանում զերծ մնալ: Հայկական օդանավի (ՀՀ գրանցումը՝ EK-FAA) առաջին հայացքից տարօրինակ թվացող տեղափոխությունը Իրան այս ավիաընկերությանն առնչվող առայժմ վերջին, բայց ամենեւին ոչ առաջին աղմկահարույց թեման է:

2019 թ. հոկտեմբերին ստեղծված «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի մասին «Հետքն» առաջին անգամ գրել է այդ տարվա դեկտեմբերին: Հիմնադիրները եղել են երեւանցի Բելլա Գայամովան (55 %), ով մինչ այդ որոշակի առնչություն ունեցել է ավիացիային, եւ լոնդոնյան «Lincoln Transport Ltd» ընկերությունը (45 %), որն իր հերթին ստեղծվել է 2017-ին: Բրիտանական այս ընկերությունն ամբողջությամբ պատկանում է մեկ մարդու՝ Չեխիայի քաղաքացի եւ Գերմանիայի բնակիչ Սայմոն (Սիմոն) Շպիցին (Simon Spitz), ով ազգությամբ հրեա է, եւ համացանցում նրա անվանը հանդիպում ենք տարբեր կերպ՝ Շիմոն Լահավ, Շիմոն Լահավ Շպից: «Հետքը», հղում անելով արտասահմանյան մամուլի հրապարակումներին, 2020-ի ամռանն անդրադարձել է, թե ավիացիային վերաբերող ինչ սկանդալային պատմությունների մեջ է եղել ներքաշված այս անձնավորությունը նախկինում:

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի առաջին տնօրենը եղել է Բ. Գայամովան, սակայն 2019-ի դեկտեմբերին նրան փոխարինել էր Ավստրիայի քաղաքացի Նորբերտ Վինկլերը: Վերջինս տնօրինությունում միակ արտասահմանցին չէր: Կոմերցիոն բաժնի ղեկավար Սիլվիո Ուլֆելդերը եւ վերգետնյա սպասարկման բաժնի ղեկավար Վալդիս Դոմբրովսկիսը Գերմանիայի քաղաքացիներ էին, ովքեր նախկինում աշխատել էին Գերմանիայի ազգային փոխադրող «Lufthansa»-ի համակարգում: Տնօրեն Վինկլերը եւս ավիացիայի ոլորտից էր:

Հիմնադրվելուց մեկ ամիս անց՝ 2019-ի նոյեմբերին, «Fly Armenia Airways»-ը դիմել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու համար: Առանց այս փաստաթղթի՝ ոչ մի ավիաընկերություն չի կարող կոմերցիոն փոխադրումներ իրականացնել: Եվ այդ տարվա դեկտեմբերին ՔԱԿ նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը ԱԺ-ում հայտարարեց, թե շուտով հայկական շուկա է մտնելու նոր ավիաընկերություն: Սակայն ամիսներ անց՝ 2020-ի ապրիլին, ՔԱԿ-ը հայտնեց, որ ընկերությանն ՕՇՎ չի տրվել, քանի որ վկայական ստանալու հայտի փաստաթղթերում եղել են թերություններ, կոմիտեն ընկերությանը ծանուցել է դրանք վերացնելու մասին, ինչը տեղի չի ունեցել, ու ՔԱԿ-ը դադարեցրել է «Fly Armenia Airways»-ի հայտի հետագա ուսումնասիրությունը: Այդուհանդերձ, կոմիտեն առաջարկել էր փաստաթղթերի ամբողջական փաթեթ կազմելու դեպքում կրկին դիմել:

Ի վերջո, 2020 թ. հուլիսի 2-ին «Fly Armenia Airways»-ը մեկ տարի գործողության ժամկետով ՕՇՎ ստացավ: Նույն ամսում «Հետքը» հրապարակեց իր ծավալուն ուսումնասիրությունը նոր շահագործողի ապագա գործունեության եւ սեփականատերերի, մասնավորապես՝ Շիմոն Լահավի մասին: Սեպտեմբերի 3-ին ՔԱԿ-ը կասեցրեց ավիափոխադրողի վկայականի գործողությունը:

Կոմիտեին հարցրել էինք, թե ինչն է կասեցման պատճառը: ՔԱԿ-ը հղում էր տվել կառավարության 2015 թ. որոշմանը, որով սահմանվել է ՕՇՎ տալու կարգը: Ըստ դրա՝ պահանջվող շահագործման չափանիշների պահպանումն ապահովելու, հանրության համար անվտանգ եւ հարմարավետ փոխադրման ծառայություններ մատուցելու նպատակով օդանավ շահագործողի նկատմամբ իրականացվում է մշտական վերահսկողություն: Կարգը սահմանում է, որ ՔԱԿ-ը մշտական վերահսկողություն իրականացնելիս կարող է կասեցնել կամ դադարեցնել ՕՇՎ-ի գործողությունը, եթե փոխադրողի գործունեությունը չի համապատասխանում ՀՀ միջազգային պայմանագրերի, թռիչքային ստանդարտների, թռիչքային անվտանգության եւ ավիացիոն անվտանգության շահագործողական նորմերի ապահովման պահանջներին: Կոնկրետ «Fly Armenia Airways»-ի ՕՇՎ-ն կասեցվել էր այն պատճառով, որ, ըստ ՔԱԿ-ի, ընկերությունը չի պահպանել այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել է վկայականը: Թե ինչ պայմանների ու պահանջների մասին է խոսքը, կոմիտեն չէր մանրամասնել:

Այն բանից հետո, երբ անցյալ տարվա սեպտեմբերին ՔԱԿ-ը կասեցրել է «Fly Armenia Airways»-ի ՕՇՎ-ի գործողությունը, հոկտեմբերին վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով համապատասխան հրամանն անվավեր ճանաչել: Նոյեմբերի սկզբին հայցն ընդունվել է դատավոր Մհեր Պետրոսյանի վարույթ, սակայն կայացել է ընդամենը երկու նախնական նիստ, քանի որ ավիաընկերությունը դեկտեմբերի 25-ին հրաժարվել է հայցից, եւ դատավորը նույն օրը կարճել է վարույթը:

Նկատենք, որ նոյեմբերի 26-ին ավիափոխադրողն Ուկրաինայից Հայաստան էր տեղափոխել «Boeing 737-400» տեսակի իր առաջին ինքնաթիռը, որը մեր երկրի օդանավերի ռեգիստրում գրանցվեց միայն դեկտեմբերի 28-ին՝ դատական գործի վարույթի կարճումից 3 օր անց: 

Դեկտեմբերի 29-ին կոմիտեն հրապարակել էր այդ օրվա դրությամբ մեր երկրում գրանցված օդանավերի ցանկը: «Fly Armenia Airways»-ի առաջին ինքնաթիռին տրվել էր EK-FAB գրանցումը: Ենթադրելի է, որ արդեն այդ ժամանակ ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը վերականգնվել էր, քանի որ նրա EK-FAB օդանավի վերաբերյալ որեւէ սահմանափակում նշված չի եղել կոմիտեի ցանկում (ավիափոխադրողի ՕՇՎ-ի գործողությունը կասեցնելիս, որպես կանոն, հետ են կանչվում նաեւ նրա օդանավերի թռիչքային պիտանիության սերտիֆիկատները):

Այսպիսով՝ անցյալ տարվա դեկտեմբերին ՔԱԿ-«Fly Armenia Airways» հակասությունները, կարծես, լուծվել էին: Բայց այստեղ մի հետաքրքիր հանգամանք կա: Մինչեւ նշված հակասությունների հանգուցալուծումը՝ դեկտեմբերի 14-ին, Նորբերտ Վինկլերի փոխարեն տնօրեն էր նշանակվել իտալական, սկանդինավյան, ռուսական ու ղազախական ընկերություններում աշխատած Դմիտրի Կապարուլինը: Ավելին՝ դեկտեմբերի 25-ին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ից դուրս է եկել դրա 45 %-ի սեփականատերը՝ Շիմոն Լահավի լոնդոնյան «Lincoln Transport Ltd»-ն: Լահավի հեռանալն ու կոնֆլիկտի հանգուցալուծման համընկնումը դժվար է պատահականություն համարել: Այլ հարց է՝ Լահավի հեռանալը միայն թղթի՞ վրա է, թե՞ նաեւ իրական կյանքում:

Փաստն այն է, որ, ըստ պետռեգիստրի, «Lincoln Transport Ltd»-ին պատկանած 45 %-ը անցյալ տարվա դեկտեմբերից մինչեւ այս տարվա փետրվար հենց «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի անունով էր: Նման իրավիճակ հնարավոր է:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքը նշում է, որ եթե ընկերության կանոնադրությանը համապատասխան, մասնակցի (մեր դեպքում՝ «Lincoln Transport Ltd»-ի) բաժնեմասի օտարումը երրորդ անձանց հնարավոր չէ, իսկ ընկերության մյուս մասնակիցները (Բելլա Գայամովան) հրաժարվում են այն գնելուց, ապա ընկերությունը պարտավոր է մասնակցի պահանջով ձեռք բերել նրա բաժնեմասը: Այս բաժնեմասն ընկերությանն անցնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, ընդհանուր ժողովի միաձայն որոշմամբ պետք է բաշխվի ընկերության բոլոր մասնակիցների միջև՝ նրանց բաժնեմասերին համապատասխան կամ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների կամ, եթե դա արգելված չէ ընկերության կանոնադրությամբ՝ երրորդ անձանց, եւ ամբողջությամբ վճարվի: Բաժնեմասի չբաշխված մասը պետք է մարվի ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման միջոցով: Այսինքն՝ լոնդոնյան ընկերության 45 %-ը մեկ տարվա մեջ պիտի բաշխվեր «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի սեփականատերերի միջեւ, վաճառվեր, կամ էլ դրա չափով կնվազեցվեր ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը:

Փետրվարի 25-ին ավիաընկերությունում նոր սեփականատեր է հայտնվել, ով ձեռք է բերել ոչ միայն Շիմոն Լահավի լոնդոնյան ընկերության 45 %-ը, այլեւ եւս 5 % Բելլա Գայամովայից: Արդյունքում Գայամովան եւ նրա նոր գործընկերը 50-50 համամասնությամբ ներկայում կիսում են «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն: Նոր սեփականատերը շվեդահայ գործարար Գեւորգ Նալբանդյանն է, ում անվանը պետռեգիստրում հանդիպում ենք այնպիսի ընկերություններում, որոնք կապ ունեն սննդի արդյունաբերության (պահածոներ, գինիներ), կահույքի արտադրության եւ առեւտրի հետ:

Նշենք նաեւ, որ դեկտեմբերի 14-ին Ն. Վինկլերին փոխարինած Դ. Կապարուլինն արդեն փետրվարի 1-ին թողել է «Fly Armenia Airways»-ի տնօրենի պաշտոնը, որը կրկին ստանձնել է Բելլա Գայամովան: Այսինքն՝ ներկայում վերջինս ավիաընկերության 50 %-ի սեփականատերն է ու տնօրենը:

Առաջին լուսանկարում՝ EK-FAA հայկական գրանցումով «Boeing 737-300» ինքնաթիռը՝ Տալլինում. 17.01.2021, հեղ.՝ Եվգենի Իվանով, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter