HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Իրանում հայտնված օդանավը շահագործող հայկական ընկերությունը կարող է հայտնվել ամերիկյան «սեւ ցուցակում»

Հայկական ինքնաթիռի վայրէջքը Թեհրանում կարող է նվազագույնը տհաճ հետեւանքներ ունենալ դրա շահագործող «Fly Armenia Airways» ավիաընկերության համար: Խոսքը թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս ընկերության գործունեության սահմանափակումների մասին է:

Տեխսպասարկում անցնելու համար Տալլին (Էստոնիա)-Գոստոմել (Ուկրաինա) թռիչքի թույլտվություն ստացած, բայց Տալլին-Վառնա-Թեհրան երթուղով Իրան հասած «Boeing 737-300»-ը (հայկական գրանցումը՝ EK-FAA) փետրվարի 20-ից գտնվում է մեր հարեւան երկրում, ու մինչ օրս փաստացի չի լուծվել այն Հայաստան վերադարձնելու հարցը: «Fly Armenia Airways»-ը դեռ փետրվարի 23-ին հայտարարել էր, թե «փետրվարի 20-ին օդանավը թռել եւ անհայտ պատճառներով արտակարգ վայրէջք է կատարել»։ Քաղավիացիայի կոմիտեն էլ մարտի 4-ին նշել է, որ «օդանավը շահագործող ավիաընկերությունն է պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի, ինչպես նաեւ թռիչքի վերգետնյա սպասարկման համար»:

Ինչպես արդեն գրել ենք, թույլատրված երթուղուց դուրս հայկական օդանավի թռիչքը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մասնավորապես՝ ինչպե՞ս է ինքնաթիռը փետրվարի 19-ին Ուկրաինայում վայրէջք կատարելու փոխարեն տարանցել այդ երկրի օդային տարածքը, այնուհետ մտել Ռումինիայի երկինք, դա էլ տարանցել ու վայրէջք կատարել բուլղարական Վառնայում, իսկ ամսի 20-ին Վառնայից Թուրքիայի տարածքով մտել Իրան:

ՔԱԿ-ը հայտարարել է, թե «օդանավի անձնակազմը, ի հակառակ իրեն նախապես տրված թույլտվության եւ չպահպանելով կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության վերջնակետը (իրականում օդանավը չի էլ մոտեցել Գոստոմելին - «Հետք»), թռիչքն իրականացրել է դեպի Վառնայի (Բուլղարիա) օդանավակայան, այնուհետեւ ուղղություն է վերցրել դեպի Շարժա (ԱՄԷ), սակայն վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբադ» օդանավակայանում»: Հավատա՞նք, որ Տաջիկստանի քաղաքացի օդաչուները կարող էին առանց ավիաընկերության գիտության նման քայլի դիմել: Եթե նույնիսկ ենթադրենք, որ այդպես է եղել, ինչպե՞ս է օդանավը ամսի 19-ին Բուլղարիայում վայրէջք կատարելուց հետո օդ բարձրացել: Ի՞նչ թույլտվությունների հիման վրա: Տաջիկ օդաչուները անձամբ չէին կարող նման փաստաթղթեր ստանալ:

Քաղավիացիայի կոմիտեն ծանր դրության մեջ է հայտնվել՝ չի կարողացել վերահսկել ու կանխել իր իսկ կողմից գրանցված օդանավի անօրինական թռիչքը, շահագործող ավիաընկերությունը լռում է՝ ասելիք էլ կարծես չկա, իրանցիները, ավելի կոնկրետ՝ «Caspian Airlines»-ը, որը, ըստ տեղեկությունների, դեռ 8 ամիս առաջ է գնել այս «Boeing 737-300»-ը, կարծես փորձում են ամեն կերպ իրենց մոտ պահել օդանավը, ԱՄՆ-ն զայրացած է՝ ամերիկյան արտադրության ինքնաթիռը զարտուղի ճանապարհով հայտնվել է պատժամիջոցների տակ գտնվող Իրանում:

Ստեղծված իրավիճակում ՔԱԿ-ն իր դեմքը կարող է փրկել օդանավը Հայաստան վերադարձնելով, չնայած մարտի 4-ին կոմիտեն հայտարարեց, որ Թեհրանում «Fly Armenia Airways»-ի տեխնիկական մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ, եւ համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրականացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ: Այդուհանդերձ, սա այն դեպքն է, որ ժամանակի ձգձգումը չի կարող խնդրի լուծում դառնալ: Մնում է մի տարբերակ. իրանական կողմը վերադարձնում է ինքնաթիռը, բայց քանի որ «Caspian Airlines»-ը դրա հանդեպ իրավունքներ ունի (եթե հավատանք, որ գնել է այն), ապա պետք է փորձի այլ ճանապարհով ստանալ օդանավը: Դրա համար, թերեւս, ինքնաթիռը ՀՀ վերադարձվելուց հետո դուրս կբերվի հայկական ռեգիստրից, ու հետո փորձ կարվի այլ ուղիներով այն հասցնել Իրան:

Եթե այս դեպքում ՔԱԿ-ն ինքն իրեն կազատի գլխացավանքից, ապա «Fly Armenia Airways»-ի դեպքում, թերեւս, կարող ենք ասել, որ այն հայտնվել է պատային իրավիճակում: 2019 թ. հոկտեմբերին հիմնադրված ավիաընկերությունը միայն որոշակի դժվարություններից հետո 2020-ի հուլիսին կարողացավ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալ, այն էլ՝ մեկ տարով (վկայականը կարող է տրվել մինչեւ 2 տարով, ու այս պահին ՕՇՎ ունեցող ընկերություններից միայն «Fly Armenia Airways»-ի վկայականն է 1 տարով): Դրանից հետո կոմիտեն կասեցրեց այս փոխադրողի ՕՇՎ-ի գործողությունը, ինչի հետեւանքով ընկերությունը նույնիսկ դատի տվեց ՔԱԿ-ին, բայց հետո նրանք, կարծես, հաշտվեցին, ու «Fly Armenia Airways»-ը հետ վերցրեց հայցը: Այսքանից հետո էլ տեղի ունեցավ EK-FAA գրանցումով օդանավի աղմկահարույց պատմությունը:

Ու հիմա դժվար է հավատալ, որ մեծ սկանդալի կենտրոնում հայտնված ընկերության ՕՇՎ-ի ժամկետը, որը լրանում է այս տարվա հուլիսի 2-ին, կերկարաձգվի: Ինչպես հայտնի է, բացի Թեհրանում վայրէջք կատարած բորտից՝ ընկերությունն ունի եւս մեկ ինքնաթիռ՝ հեռավոր 1989 թ. արտադրված «Boeing 737-400» (հայկական գրանցումը՝ EK-FAB), որը նոյեմբերի 26-ին է Կիեւից տեղափոխվել Երեւան ու մինչ օրս կայանված է «Զվարթնոցում»:

Գրել ենք, որ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (BIS) «սեւ ցուցակում» ընդգրկված է ՀՀ-ում գրանցված 5 ընկերություն, որոնցից 2-ը ավիաընկերություն են՝ «Վետերան Ավիան» ու «Վերթիռը». առաջինին ամերիկյան կողմը մեղադրել է Սիրիայի նախագահ Ասադի ռեժիմին աջակցելու եւ իրանական «Mahan Air» ավիաընկերության հետ գործակցելու մեջ, իսկ «Վերթիռը» օգնել է «Mahan»-ին շրջանցել ամերիկյան պատժամիջոցներն ու ավիատեխնիկա ձեռք բերել: ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) «սեւ ցուցակում» էլ ներառվել է հայաստանյան 4 ընկերություն, որոնցից մեկը՝ «Ֆլայթ Թրավելը», նախկինում Թեհրանից Երեւան թռչող «Mahan Air»-ի ներկայացուցիչն էր մեր երկրում: Ամերիկյան կողմի ճնշման տակ «Mahan»-ը դադարեցրեց թռիչքները դեպի Երեւան, ինչը հարվածեց «Ֆլայթ Թրավելի» բիզնեսին, որի գործունեությունը, ըստ ՊԵԿ-ի, ժամականավոր դադարեցված է:

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիին մի քանի հարց էինք տվել ամերիկյան արտադրության եւ հայկական գրանցմամբ օդանավի՝ Իրանում հայտնվելու հետեւանքների մասին:

  1. Ինչպիսի՞ն է ԱՄՆ-ի դիրքորոշումը տեղի ունեցածին: Բերվող պատճառաբանությունը վառելիքի վերաբերյալ (Թեհրանում վայրէջք կատարելու պատճառ է նշվել վառելիքի հետ կապված խնդիրը) բավարարու՞մ է ամերիկյան կողմին, թե՞ արժանահավատ չի հնչում:
  2. ԱՄՆ-ն համակարծի՞ք է այն վարկածին, որ ամերիկյան արտադրության օդանավը Իրան է տեղափոխվել առանց ՀՀ ավիացիոն իշխանությունների իմացության, թե՞ տեղի ունեցածում տեսնում է նաեւ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մեղավորությունը:
  3. Նախկինում ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (BIS) «սեւ ցուցակում» են հայտնվել հայկական «Վերթիռ» եւ «Վետերան Ավիա» ընկերությունները, որոնց ԱՄՆ-ն մեղադրել է իրանական «Mahan Air»-ի հետ համագործակցելու կամ այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելուն աջակցելու մեջ: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի նաեւ «Fly Armenia Airways»-ի դեմ:
  4. ԱՄՆ-ն պատրաստվու՞մ է ՀՀ ՔԱԿ-ին հորդորել, որպեսզի վերջինս ուժը կորցրած ճանաչի «Fly Armenia Airways»-ի օդանավ շահագործողի վկայականը:

Այս հարցերին ԱՄՆ դեսպանատնից տվել են մեկ ընդհանուր պատասխան (պատասխանը ստացել ենք մարտի 4-ին՝ մինչեւ ՔԱԿ-ի հաստատումը, որ օդանավը Թեհրանում է). «ԱՄՆ կառավարությունը տեղյակ է այն պնդումներից, որ հայկական ընկերության անունով գրանցված ինքնաթիռը շեղվել է դեպի Իրան։ Այս հարցին առնչվող բոլոր կողմերին հորդորել ենք անհապաղ հստակեցնել ինքնաթիռի  կարգավիճակը: ԱՄՆ օրենսդրությամբ արգելվում է ամերիկյան արտադրության ինքնաթիռների ու ավիացիոն պահեստամասերի փոխանցումը կամ այլ կերպ դրանց տրամադրումը Իրանին։ Մենք կրկնում ենք, որ նմանօրինակ գործողություններում ներգրավված կառույցները կարող են հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տիրույթում»:

Այս պատասխանից, թերեւս, կարող ենք եզրակացնել, որ «Fly Armenia Airways»-ը խնդիրներ է ունենալու ամերիկյան իշխանությունների հետ, ինչն անուղղակիորեն չի կարող չազդել ավիաընկերության վրա, քանի որ վերջինս գոնե այս պահին շահագործում է ամերիկյան արտադրանք: Հետաքրքիր կլինի նաեւ, թե ինչ կանի ՔԱԿ-ը EK-FAA-ն Հայաստան վերադարձնելուց հետո: Մյուս կողմից՝ չմոռանանք, որ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել տեղի ունեցածի առթիվ: Կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են իրավապահներին:

«Հետքի» աղբյուրը հայտնել է, որ ամերիկացի պաշտոնյաները Հայաստանի եւ այլ երկրների ընկերություններին զգուշացրել են Իրանի հետ որոշակի գործարքների պարագայում պատժամիջոցների կիրառման ռիսկի մասին: Նույն աղբյուրը նշել է, որ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու գործում Իրանին, ըստ էության, օգնում է հայկական, ուկրաինական եւ միջինասիական ընկերությունների ցանց: Նախորդ հոդվածում անդրադարձել էինք բրիտանական «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվայիի հրապարակմանը, որում նա գրել է, որ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու եւ մարդատար օդանավեր ներկրելու համար Իրանը տարիներ շարունակ դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի միջնորդների օգնությանը: Թաղվային բերել էր հայկական ընկերություններից «Վերթիռի», «Blue Airways»-ի ու «Armenia Airways»-ի օրինակները, որոնց «Հետքը» եւս անդրադարձել է:

EK-FAA-ի այս վերջին տեղափոխության գործում, ըստ մեր վերոնշյալ աղբյուրի, կարող էին միջնորդի դերակատարություն ունենալ ուկրաինական 2 ընկերություն՝ «Khors Air»-ը եւ «Sky Handling»-ը:

Aerotransport.org տեղեկատվական բազայի տվյալներով՝ Կիեւում բազավորվող «Khors Air»-ի շարժակազմում գրանցված օդանավերի մեծ մասը ինչ-որ ժամանակ անց հանձնվել է իրանական ավիաընկերություններին: Սա այն նույն սխեման է, որը կիրառել են հայկական «Վերթիռն» ու նրա իրանական գործընկերները: Ուկրաինական ռեգիստրի համաձայն՝ «Khors Air»-ի գործունեության հիմնական տեսակը օդային ուղեւորատար տրանսպորտն է, մյուս տեսակներից են օդանավերի վերանորոգումն ու տեխսպասարկումը, օդային տրանսպորտի ոլորտում ծառայությունների մատուցումը, օդային տրանսպորտային միջոցների վարձակալությունը: «Ավիակոմպանիա «Խորս»» ՍՊԸ-ի սեփականատերերն են Կիեւի բնակիչներ Ալեքսանդր Բուլիգինն (95 %) ու Վերա Ժելյուկը (5 %), սակայն վերջնական շահառու (բենեֆիցիար) սեփականատերը Ա. Բուլիգինն է:

«Sky Handling»-ը եւս գրանցված է Կիեւում: Ուկրաինական ռեգիստրի համաձայն՝ 50-50 համամասնությամբ «Սքայ Հենդլինգ» ՍՊԸ-ի սեփականատերերն են Կիեւի բնակիչներ Կատերինա Կրայտորը եւ Օլգա Տկաչենկոն: Ըստ ռեգիստրի՝ ընկերության հիմնական գործունեությունը օդային տրանսպորտի ոլորտում ծառայությունների մատուցումն է: «Sky Handling»-ի կայքում նշվում են մատուցվող ծառայությունների տարբեր տեսակներ, այդ թվում՝ թռիչքների պլանավորում, Ուկրաինայի, Ռուսաստանի, Բելառուսի եւ այլ երկրների տարածքով թռիչք ու վայրէջք կատարելու թույլտվությունների ստացում, տեխսպասարկում, ավիավառելիքի լիցքավորում, թռիչքային անձնակազմի համար վիզաների ձեւակերպում, հյուրանոցների ամրագրում, այսինքն՝ այն ամենը, ինչ հարկավոր էր EK-FAA-ին ու դրա տաջիկստանցի օդաչուներին՝ Տալլինից Թեհրան հասնելու համար: Պաշտոնական կայքի համաձայն՝ «Sky Handling»-ը ծառայություններ է մատուցում ոչ միայն Ուկրաինայի օդանավակայաններում (այդ թվում՝ Գոստոմելում), այլեւ եվրոպական մի շարք քաղաքներում (դրանց թվում, սակայն, ըստ ընկերության կայքում ներկայացված քարտեզի, Տալլինն ու Վառնան չկան):

Բ. Թաղվային իր հոդվածում անդրադառնալով տեխնիկական սպասարկում իրականացնող «Iran Aircraft Industries» (IACI կամ SAHA) պետական ձեռնարկությանը, գրել էր, որ «Fly Armenia Airways»-ի կողմից շահագործվող ինքնաթիռը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո տեղափոխվել էր այդ ձեռնարկության տարածք: Սակայն այստեղ հետաքրքիր է պարսիկ փորձագետի այն նշումը, որ «IACI»-ն գործունեություն է ծավալում նաեւ ուկրաինական Գոստոմելում եւ ռումինական Կրայովայում: Այս դեպքում արդյոք պատահական է այն, որ տեխսպասարկման աշխատանքները շարունակելու համար EK-FAA-ն Տալլինից պիտի հենց Գոստոմել մեկներ:

Նախորդ հոդվածում ներկայացրել էինք independentpersian.com կայքում հրապարակված լուսանկարները «Մեհրաբադից», որոնցում, ըստ Բաբակ Թաղվայիի, EK-FAA-ն է տարբեր օրերի: Այսպես՝ դրանցից մեկում հայկական ինքնաթիռը պատկերված է «IACI» ձեռնարկության տարածքում Թեհրանում վայրէջք կատարելուց 2 օր անց, այսինքն՝ փետրվարի 22-ին, իսկ մյուսում ինքնաթիռը տեղափոխվել է այլ տարածք՝ կառամատույց: Լուսանկարները համեմատելով «Մեհրաբադի» արբանյակային պատկերների հետ՝ տեղորոշել ենք, թե կոնկրետ որտեղ են արվել դրանք: 

Նախ նշենք, որ առաջին լուսանկարում օդանավի վրա չեն երեւում դրա անհատականացման նիշերը, մասնավորապես՝ իրանի վրա չկա EK-FAA գրանցումը, սակայն Թաղվային պնդում է, որ դա հայկական օդանավն է: Չի բացառվում, որ լուսանկարը խմբագրված լինի, եւ նիշերը մաքրված լինեն ասենք «Ֆոտոշոփով»: Ստորեւ կարող եք տեսնել օդանավը Տալլինում (21.01.2021) եւ Թեհրանում (22.02.2021):

Այս լուսանկարն արվել է «Մեհրաբադ» օդանավակայանի հյուսիսարեւմտյան մասում: Կոնկրետ տեղանքը նշված է աստղով (տես ստորեւ):

Երկրորդ լուսանկարը (այս հոդվածի գլխավոր ֆոտոն) արվել է հարավարեւելյան կառամատույցում:

Ընդ որում՝ մարտի 6-ի ու 10-ի դրությամբ օդանավը շարունակել է մնալ նշված տեղում, ինչը փաստվում է radarbox.com կայքի տվյալներով: 

Այսպիսով՝ կարող ենք փաստել, որ վերջին տվյալներով հայկական ինքնաթիռը կայանված է «Մեհրաբադ» օդանավակայանի հարավարեւելյան կառամատույցում ու առայժմ սպասում է Երեւան վերադարձին:  

Տես նաեւ՝

Լուսանկարում՝ հայկական EK-FAA գրանցումով «Boeing 737-300»-ը՝ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, 03.03.2021

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter