HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական օդանավն Իրան տեղափոխելու առաջին ռաունդը կարծես ավարտված է, բայց դա վերջը չէ

Հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից շահագործվող «Boeing 737-300» ինքնաթիռի հայտնվելը Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, ըստ ամենայնի, նախապես գծված ծրագրի վերջին ակորդն է եղել: Եվ պիտի շեշտել, որ Հայաստանն առաջին անգամ չէ հայտնվում այդպիսի ծրագրերում:

Արեւմուտքի պատժամիջոցների տակ գտնվող Իրանում ավիատեխնիկա ձեռք բերելը իսկական գլխացավանք է տարիներ շարունակ: Խոսքը ոչ թե նոր տեխնիկայի, այլ թեկուզ օգտագործվածի մասին է, ընդ որում՝ թե՛ ամբողջական օդանավերի, թե՛ դրանց մասերի, որոնք անհրաժեշտ են շարքից դուրս եկած մեծ ու փոքր դետալները փոխարինելու համար, այլապես առանց դրանց՝ օդանավերը կդառնան թանգարանային նմուշ կամ մետաղաջարդոն: Նույն ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու համար Իրանը միշտ էլ օգտվել է միջնորդների ծառայություններից, որոնք, սակայն, ժամանակի ընթացքում բացահայտվել են ու հայտնվել «սեւ ցուցակներում»:

Մինչեւ «Fly Armenia Airways»-ի օդանավին վերադառնալը հարկ ենք համարում մի փոքր հետ գնալ ու վերհիշել, թե ինչպես են նախկինում արեւմտյան արտադրության «Boeing» եւ «Airbus» ինքնաթիռները Հայաստանի միջոցով հայտնվել Իրանում: Սա կարեւոր է՝ հասկանալու համար մեր երկրի քաղավիացիոն իշխանությունների եւ ավիացիայի ոլորտի ընկերությունների ներգրավվածությունը Արեւմուտք-Իրան քաղաքական-տնտեսական հակասություններում: Խոշոր խաղացողների առճակատման արանքը մտնելը թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով մեզ լավ բանի չի հանգեցնելու:

ԱԱԲ-ի «սեւ ցուցակ» մտած հայկական 5 կազմակերպություններից 2-ն ավիաընկերություն են

Անցյալ տարի գրել ենք ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (ԱԱԲ, անգլերեն՝ BIS) «սեւ ցուցակի» մասին (entity list), որում ընդգրկված է ՀՀ-ում գրանցված 5 ընկերություն (ցուցակի վերջին թարմացումն արվել է այս տարվա հունվարի 14-ին):

Ցուցակում հայտնվում են արտասահմանյան ընկերություններ, կառավարական հիմնարկներ, գիտահետազոտական կազմակերպություններ, ֆիզիկական անձինք, որոնք, ըստ ԱՄՆ-ի, գործել են իր ազգային անվտանգության եւ/կամ արտաքին քաղաքական շահերին հակառակ: Ցուցակում ներառվածների համար արգելվում է ԱՄՆ-ից ապրանք արտահանել, վերաարտահանել կամ երկրի ներսում տեղափոխել, մինչեւ արտահանողը (ցուցակում հայտնվածների գործընկերը) ամերիկյան կողմից համապատասխան լիցենզիա չստանա, ընդ որում՝ շատ դեպքերում կանխատեսվում է լիցենզիայի մերժում: Վերը նշված 5 հայկական ընկերություններն այս «սեւ ցուցակում» հայտնվել են Սիրիայի կամ Իրանի հետ առնչություն ունենալու հիմքով: Դրանցից 2-ն ավիացիայի ոլորտից են:

«Վետերան Ավիան», Սիրիան ու Իրանը

Սրանցից մեկը «Վետերան Ավիա» ՍՊԸ-ն է, որի մասին «Հետքը» գրել է 2016-ին: Այս անունով ընկերություններ կան նաեւ ԱՄԷ-ում, Հունաստանում, Հնդկաստանում, Պակիստանում, Մեծ Բրիտանիայում, որոնցից հայկականը ժամանակին ունեցել է օդանավեր շահագործելու իրավունք, այսինքն՝ դրա անունով ՀՀ-ում գրանցված են եղել օդանավեր (շահագործվել են արտերկրում), իսկ մյուսները եղել են գրասենյակներ: Բոլորի հետեւում էլ կանգնած էր նույն անձը՝ ԱՄԷ-ում ապրող հնդկական ազգանունով գործարար Ջայդիփ Միրչանդանին (Jaideep Mirchandani):

2014-ի սեպտեմբերին ամերիկյան ԱԱԲ-ն Միրչանդանիին պատկանող «Վետերան Ավիա» եւ մի շարք այլ ավիաընկերությունների ընդգրկել է «սեւ ցուցակ»՝ նրանց մեղադրելով Սիրիայում Ասադի ռեժիմին պաշտպանելու մեջ: Ըստ ամերիկյան իշխանությունների՝ ավիաընկերությունները խոշոր չափի ռուսական փող են տեղափոխել Սիրիա՝ Ասադի կառավարությանը: Բացի դրանից՝ ԱՄՆ-ն Միրչանդանիի ընտանիքին ու աշխատողներին մեղադրում էր «զենքի թրաֆիքինգում ներգրավված անձանց հետ փոխգործակցության մեջ»: Միրչանդանիին եւ նրա թիմին ԱՄՆ-ն մեղադրում էր նաեւ իրանական «Mahan Air» ավիաընկերության հետ գործակցելու մեջ. վերջինս, ամերիկացիների կարծիքով, «աջակցում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ահաբեկչական գործունեությանը»: Ջ. Միրչանդանին հերքել էր բոլոր մեղադրանքներն ու հայտարարել, որ իրավական ճանապարհով հասնելու է իր անունը ցուցակից հանելուն: Եվ նա հասել էր իր նպատակին. 2016-ի փետրվարին Միրչանդանիի, նրա ընտանիքի 2 անդամների եւ մի քանի ընկերությունների անուններ (այդ թվում՝ ԱՄԷ-ում գրանցված «Վետերան Ավիայի») հանվեցին ամերիկյան «սեւ ցուցակից», 2017-ի հունվարին էլ հանվեց հնդկական «Վետերան Ավիան», սակայն այս անունով հայկական, հունական, պակիստանյան ու բրիտանական ընկերությունները մինչ օրս ԱԱԲ-ի ցուցակում են:

Նկատենք, որ 2010-ին Երեւանում ստեղծված «Վետերան Ավիա» ՍՊԸ-ի գործունեությունը, ըստ ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է: Իսկ որպես ավիաընկերություն այն օդանավ չի շահագործում 2015-ի մարտից՝ ամերիկյան «սեւ ցուցակում» հայտնվելուց ամիսներ անց:

ՔԱԳՎ նախկին պետին առնչվող «Վերթիռն» ու իրանական ընկերությունները

Երկրորդ հայկական ավիաընկերությունը «Վերթիռ» ՍՊԸ-ն է, որը հիմնադրվել է Երեւանում 2007-ին: Ընկերությունն ամերիկյան բյուրոյի «սեւ ցուցակում» ընդգրկվել է 2013-ի դեկտեմբերին, բայց օդանավ չի շահագործում 2011-ի հոկտեմբերից: Սրա գործունեությունը եւս, համաձայն ՊԵԿ-ի, ժամանակավոր դադարեցված է: 2009-2013 թթ. «Վերթիռի» միակ սեփականատերն ու տնօրենը ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին (2004-2016 թթ.) պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբոր որդին էր՝ Կարեն Մովսիսյանը, իսկ 2013-ից վերջինիս փոխարինել է հայրը՝ Ռաֆիկ Մովսիսյանը: Այսինքն՝ «Վերթիռը» թղթերով արդեն 12 տարի պատկանում է ՔԱԳՎ նախկին ղեկավարի հարազատներին:

2013-ին ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը հայտարարել էր 19 միջնորդների մասին, որոնք, ըստ այդմ, Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար ներգրավված են եղել ավիացիոն գնումների անօրինական ցանցում: Պարզվել էր, որ միջնորդների մեծ մասը Թուրքիայից են, մյուսները՝ Հայաստանից, Հունաստանից, Իրանից, Թայլանդից եւ ԱՄԷ-ից: Ըստ ամերիկյան կողմի՝ դրանցից մեկը հայկական «Վերթիռ» ավիաընկերությունն էր: Այս ընկերություններին արգելվել է ԱՄՆ-ից ձեռք բերել ավիացիոն շարժիչներ ու թռիչքային մասեր: Ըստ ամերիկացիների՝ նրանք աջակցել են իրանական «Mahan Air»-ին, որը դեռ 2008-ին ներառվել էր ԱԱԲ-ի մեկ այլ «սեւ ցուցակ» (denied persons list – մերժված անձանց ցուցակ. այստեղ ներառված անձինք ու կազմակերպությունները զրկված են ԱՄՆ-ից որեւէ ապրանք ձեռք բերելու իրավունքից):

Անցյալ տարի «Հետքը» գրել է, թե ինչպես են «Վերթիռի» ինքնաթիռներից 10-ը հայտնվել Իրանում: Դրանք էին՝ 1 հատ բեռնատար «Boeing 747», 4 հատ «Airbus A300», 2 հատ «Airbus A310» եւ 3 հատ «Airbus A320» (բոլոր «Airbus»-ները եղել են մարդատար):

Ըստ planespotters.net ավիացիոն տեղեկատվական բազայի՝ բեռնատար «Boeing»-ը «Վերթիռը» ստացել է 2010-ի հուլիսին Հունաստանից: Հետաքրքիր է, որ jetphotos.net կայքում, իմանալով Աթենքում կայանված եւ այդպես էլ չօգտագործված օդանավը «Վերթիռին» հանձնելու մասին, օգտատերերից մեկը գրառում էր արել, թե այն գնալու է Իրան՝ «Mahan Air»-ի ունեցած նույնատիպ օդանավերի համար պահեստամաս դառնալու: Մեկ ուրիշ օգտատեր էլ քիչ ուշ պատասխանել էր, որ ինքը «Վերթիռի» աշխատակից է, իսկ ինքնաթիռը բազավորված է ԱՄԷ-ում (Աթենքից տեղափոխվել էր արաբական Ֆուջեյրա) ու պատվերով թռիչքներ է իրականացնում տարածաշրջանում եւ ամսական թռչում է ավելի քան 200 ժամ: Այդուհանդերձ, ըստ aerotransport.org-ի, մի որոշ ժամանակ օդանավը վարձակալության էր տրվել «Mahan Air»-ին: Ինքնաթիռը վերջին անգամ գրանցված է եղել Հայաստանում, այսինքն՝ ՀՀ-ից հետո այլ երկրի ռեգիստր չի տեղափոխվել, սակայն 2011-ից մինչ օրս, ըստ տեղեկատուների, կանգնած է Իրանի Քարաջ քաղաքի օդանավակայանում:

2010-2011 թթ. Մովսիսյանների ընկերությունը Թայլանդից ձեռք է բերել 4 հատ մարդատար «Airbus A300», որոնք գրանցվել են Հայաստանում, բայց այստեղ չեն օգտագործվել, այլ տրվել են «Mahan Air»-ին որպես պահեստամաս: 3 օդանավերից հանվել են տարբեր մասեր, իսկ մեկից մնացել է միայն ֆյուզելաժը: Համաձայն տեղեկատուների՝ այս 4-ից մեկը կայանված է Թեհրանի «Մեհրաբադ», իսկ մյուսները՝ Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում: Սրանք «Mahan Air»-ի բազաներն են:

«Mahan Air»-ին են անցել նաեւ Կանադայից «Վերթիռի» ստացած 2 հատ «Airbus A310» օդանավերը: 2009-2010 թթ. Հայաստանում գրանցվելուց որոշ ժամանակ անց դրանք տեղափոխվել են իրանական ռեգիստր: Դատելով համացանցում առկա լուսանկարներից եւ թռիչքների մասին տեղեկություններից՝ երկուսն էլ անցյալ տարեվերջի եւ այս տարեսկզբի դրությամբ շահագործվում էին «Mahan Air»-ի կողմից:

Ինչ վերաբերում է «Վերթիռի» 3 հատ «Airbus A320» ինքնաթիռներին, որոնք 2009-ին ստացվել էին Ճապոնիայից եւ Իսպանիայից, ապա դրանք, Հայաստանում գրանցված լինելով, չեն օգտագործվել, այլ հանձնվել են Իրանի ազգային ավիափոխադրող «Iran Air»-ին եւ փոխել են գրանցումները՝ մտնելով իրանական ռեգիստր: Սրանցից 2-ը ներկայում համարվում են ակտիվ օդանավեր, իսկ մեկը կայանված է «Մեհրաբադում»:

Ստորեւ՝ «Վերթիռի» նախկին ավիապարկն ու օդանավերի տեղափոխությունները (ըստ aerotransport.org-ի):

Նկատենք, որ թե՛ «Mahan Air»-ը, թե՛ «Iran Air»-ը ներառված են ոչ միայն ԱԱԲ-ի (BIS) «սեւ ցուցակում», այլեւ ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) «սեւ ցուցակում»: Այստեղ ընդգրկված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ամերիկյան բոլոր ակտիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, մյուս կողմից՝ ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին արգելվում է նրանց հետ որեւէ գործարք կնքել: 

Վերը բերված օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է Հայաստանը հարթակ ծառայել այլ երկրներից, այդ թվում՝ արեւմտյան, օդանավեր ձեռք բերելու եւ Իրան տեղափոխելու համար: Ընդ որում՝ այդ գործում ակտիվ դերակատարություն են ունեցել քաղավիացիայի լիազոր մարմնի նախկին ղեկավարի հարազատները:

Բայց «Վերթիռը» Արտյոմ Մովսեսյանին առնչվող միակ ընկերությունը չի եղել այդ գործում: «Վերթիռից» առաջ նման գործունեություն է ծավալել երեւանյան «Բլյու Էյրվեյս» ՍՊԸ-ն (Blue Airways), որը հիմնադրվել է 2005-ին եւ լուծարվել 2009-ին: Aerotransport.org-ը նշում է, որ այս ընկերությունը գործել է որպես «Mahan Air»-ի ներկրումների միջնորդ, իսկ դրա հաջորդը դարձել է «Վերթիռը»: Չնայած ՀՀ պետռեգիստրում որեւէ տվյալ չկա այս երկու ընկերությունների կապի մասին, «Բլյու Էյրվեյսը», դատելով սեփականատերերից, եղել է հայ-իրանական բիզնես, որի հայ տերերը, ինչպես արդեն նշել ենք, գործնական կապեր են ունեցել Արտյոմ Մովսեսյանի հետ:

Օդանավերի՝ «Blue Airways»-ից «Mahan Air»-ին անցումը ցույց տալու համար բավական է հայացք նետել aerotransport.org-ի ցուցակին (ստորեւ), ըստ որի՝ հայկական ավիաընկերության կազմում գրանցված եւ 1980-90-ական թթ. արտադրության ինքնաթիռների մեծ մասը հանձնվել են իրանական կողմին, ըստ էության, որպես պահեստամաս:

blue airways.jpg (419 KB)

Հայկական օդանավը նախատեսված է իրանական «Caspian Airlines»-ի համար

Վերադառնանք փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում վայրէջք կատարած հայկական EK-FAA գրանցումով «Boeing 737-300»-ին: Ըստ aerotransport.org-ի տվյալների՝ ժամանակին (2016-2017 թթ.), երբ ինքնաթիռը գրանցված էր Ռումինիայում եւ շահագործվում էր տեղի «Fly 365 Aviation»-ի կողմից, այն փորձել է ձեռք բերել Իրանի ազգային փոխադրող «Iran Air»-ը, սակայն գործարքը չի կայացել: Ինչպես կյանքը ցույց տվեց, տարիներ անց օդանավն, այդուհանդերձ, հասավ Իրան:

Ստորեւ՝ ներկա պահին EK-FAA հայկական գրանցումով օդանավի անցած ճանապարհը (ըստ aerotransport.org-ի):

EK-FAA.jpg (379 KB)

EK-FAA-ի՝ Թեհրանում հայտնվելուն անդրադարձել է բրիտանական «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվային (Babak Taghvaee), ով ռազմական եւ պաշտպանական ոլորտի փորձագետ է:

Մարտի 4-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարեց, որ Տալլին-Գոստոմել (Ուկրաինա) թռիչքի իրավունք ստացած, բայց փաստացի Տալլինից բուլղարական Վառնա թռած, այնուհետեւ իբր դեպի արաբական Շարժա ուղղություն վերցրած հայկական ինքնաթիռը, ըստ Տաջիկստանի քաղաքացի օդաչուների եւ Իրանի ավիացիոն իշխանությունների, վայրէջք է կատարել «Մեհրաբադ» օդանավակայանում, քանի որ վառելիքի հետ կապված խնդիրներ են առաջացել, այսինքն՝ վայրէջքը եղել է տեխնիկական:  

Փետրվարի 24-ին Բ. Թաղվային գրել է, որ «Մեհրաբադում» վայրէջք կատարելուց հետո, ըստ արբանյակային լուսանկարների, EK-FAA գրանցումով ինքնաթիռը տեղափոխվել է վերանորոգման հանգար: Իրանի զինված ուժերի ավիացիոն արդյունաբերության կազմակերպության (IAFAIO) լավատեղյակ աղբյուրը հեղինակին հայտնել է, որ, ըստ էության, հայկական «Boeing 737-300»-ը պետք է տրվի տեղական «Caspian Airlines»-ին, որը ներկայում 3 հատ «Boeing 737-400» եւ 2 հատ «Boeing 737-500» ունի:

Թաղվային, հղում անելով իր աղբյուրին, նշել է, որ «Caspian Airlines»-ն օդանավը պատվիրել էր (գնել էր) մոտ 8 ամիս առաջ, այսինքն՝ այն ժամանակ, երբ ինքնաթիռը դեռ լիտվական «GetJet Airlines»-ի շարժակազմում էր ու կայանված էր Էստոնիայի մայրաքաղաքում: Եթե այս ինֆորմացիան ճիշտ է, նշանակում է, որ Հայաստանում գրանցվելն ուղղակի ծխածածկույթ է եղել օդանավը Իրան տեղափոխելու գործընթացում:

Նկատենք, որ «Caspian Airlines»-ը եւս ընդգրկված է ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) «սեւ ցուցակում»:

«Armenia Airways»-ի օդանավերի տեղափոխությունը Թեհրան պարսիկ փորձագետը համարում է գաղտնի գործարքի մաս

Բաբակ Թաղվային հիշեցնում է, որ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու եւ մարդատար օդանավեր ներկրելու համար Իրանը տարիներ շարունակ դիմել է Հայաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի ու Տաջիկստանի միջնորդների օգնությանը: Հեղինակը օրինակ է բերել հայկական մեկ այլ ընկերության՝ «Armenia Airways»-ի 2 հատ «Airbus A310» օդանավերի տեղափոխությունը Իրան: Խոսքը 2018 թ. հունիսին Ռումինիայից Հայաստան բերված եւ մեր երկրում որպես EK-31001 եւ EK-31002 գրանցված ինքնաթիռների մասին է, որոնք այդպես էլ չշահագործվեցին «Armenia Airways»-ի կարիքների համար:

Այս ընկերության սեփականատերը պարսկահայ Առլեն Դավուդյան-Զարնաին է, ով ժամանակին եղել է նույն «Caspian Airlines»-ի ներկայացուցիչը Հայաստանում: Մյուս կողմից՝ Դավուդյանի «Տաթեւ ՏՏՏ» տուրիստական գործակալությունը նախկինում Երեւան թռչող «Mahan Air»-ի ու «Iran Aseman Airlines»-ի ներկայացուցիչն էր այստեղ:

Հղում անելով «Armenia Airways»-ում մեր աղբյուրին՝ նախկինում գրել էինք, որ տեխսպասարկման եւ ներկման համար 2018-ի օգոստոսին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայան տեղափոխված «A310»-երից EK-31001-ի վրա խնդիրներ են հայտնաբերվել, ինչը աննպատակահարմար է դարձրել դրա շահագործումը, իսկ EK-31002-ը որոշ ժամանակ անց՝ 2019-ի ապրիլին, վերադարձել էր Երեւան:

«Հետքի» աղբյուրը նաեւ նշել էր, որ Դավուդյանը 250 հոգու համար նախատեսված «A310»-երը դեպի Մերձավոր Արեւելք եւ հեռավոր ուղղություններ (օրինակ՝ Չինաստան) թռցնելու նպատակ ուներ, սակայն հետո որոշվել էր մաս-մաս իրացնել Թեհրանում մնացած տեխնիկապես անսարք EK-31001-ը: 2019 թ. մայիսին EK-31002-ը դուրս էր բերվել հայկական ռեգիստրից, նույն տարվա հոկտեմբերին ՀՀ գրանցումից հանվել էր EK-31001-ը: Սրանցից առաջինն այսօր թռչում է «Iran Airtour Airlines»-ի կազմում եւ կրում է իրանական գրանցում՝ EP-MDL:

Իր հերթին Բաբակ Թաղվային նկատում է, որ «Armenia Airways»-ի երկու օդանավերի տեղափոխությունը Իրան ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու ծրագրի մաս է եղել: Ըստ այդմ՝ դրանք ի սկզբանե նախատեսված էին «Mahan Air»-ի համար, որն էլ հետո վարձակալությամբ տվել է «Iran Airtour Airlines»-ին: Ըստ փորձագետի՝ այն բանից հետո, երբ առաջին անգամ հայկական ընկերության օդանավերը Երեւանից տեղափոխվել էին Թեհրան (2018-ի օգոստոսին), ամերիկյան, ապա եւ ՀՀ կառավարությունների ճնշման տակ «Mahan»-ը ստիպված եղավ դրանք վերադարձնել (իրականում, ինչպես ասացինք, 2019-ի ապրիլին հետ էր եկել միայն EK-31002-ը):

«The Independent»-ի հոդվածագիրը նշում է, որ, այդուհանդերձ, ամիսներ անց ինքնաթիռները հաջողվեց նորից տեղափոխել Թեհրան, մեկը՝ Երեւանից ուղիղ չվերթով (փաստացի նման բան չի եղել), իսկ մյուսը՝ տաջիկական «Asia Sky Lines» ընկերության միջոցով: Պարզաբանենք. երբ 2019-ի մայիսին EK-31002-ը դուրս է գրվել ՀՀ ռեգիստրից, ինչպես «Հետքին» փոխանցել են քաղավիացիայի կոմիտեում մեր աղբյուրն ու ավիատոր Հակոբ Ճաղարյանը, ով այդ ժամանակ վարչապետի խորհրդականն էր, փորձ է արվել օդանավը Հայաստանից դուրս բերել կեղծ ղրղըզական գրանցումով, ինչը, սակայն, կանխվել է: Ինչպես հայտնում է planespotters.net-ը, դրանից հետո ինքնաթիռն օրինական գրանցում է ստացել Տաջիկստանում տեղական «Asia Sky Lines»-ի անունով եւ 2020-ի հունվարին նորից տեղափոխվել է Թեհրանի «Մեհրաբադ», որտեղ էլ նույն տարվա հունիսին ընդգրկվել է «Iran Airtour Airlines»-ի ավիապարկ ու սկսել թռչել օգոստոսից:  

Ի դեպ, 2018-ին, երբ «Armenia Airways»-ի «A310»-երը Բուխարեստից դեռ չէին ժամանել Երեւան, «Հետքի» ռումինացի գործընկերները կասկած էին հայտնել, որ դրանք իրականում նախատեսված են հենց Իրանի համար:

Թաղվային նկատել է, որ «Mahan Air»-ը «Armenia Airways»-ից առաջ հաջող գործարքներ է ունեցել նաեւ «Վերթիռի» ու «Blue Airways»-ի հետ: Վերեւում մեր նկարագրածը այս ընկերությունների մասին հաստատում է պարսիկ հեղինակի դիտարկումը: Ու հիմա, ըստ փորձագետի, «Mahan Air»-ի քաղաքականությանը հետեւել է «Caspian Airlines»-ը, որը, սակայն, այնքան էլ հաջողակ չգտնվեց պատժամիջոցները շրջանցելու հարցում, քանի որ օդանավի տեղափոխությունը չստացվեց գաղտնի պահել՝ հաշվի առնելով Հայաստանում ինքնաթիռների քիչ քանակն ու հայկական մեդիայի եւ պաշտոնյաների հայտարարությունները:

«Իրանական ավիաընկերությունների համար պատժամիջոցները շրջանցելու եւ իրենց համար մարդատար օդանավ գնող կեղծ ընկերություններին պատժամիջոցներից զերծ պահելու հին ձեւերից մեկը գնված օդանավերը Իրանի երկնքով թռցնելն ու արտակարգ իրավիճակի անվան տակ դրանք Իրանի տարածքում նստեցնելն է»,- գրում է Բաբակ Թաղվային՝ բերելով նման այլ օրինակներ, երբ Իրանում վայրէջք են կատարել Ղրղըզստանի ու Իրաքի միջնորդների օգնությամբ ձեռք բերված օդանավերը:

Սպասենք երկրորդ փորձի՞ն

Մարտի 5-ին հրապարակված իր երկրորդ հոդվածում «The Independent»-ի հոդվածագիրը նշում է, որ փետրվարի 20-ին «Մեհրաբադում» վայրէջք կատարելուց հետո «Fly Armenia Airways»-ի օդանավը տեղափոխվել է «Iran Aircraft Industries» (IACI կամ SAHA) պետական ձեռնարկություն, որն զբաղվում է օդանավերի տեխնիկական սպասարկմամբ: Այդուհանդերձ, ըստ Թաղվայիի, չնայած արբանյակային լուսանկարների առկայությանը, այս ձեռնարկությունն ու Իրանի զինված ուժերի ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունը հերքել են, թե օդանավն Իրանում է, ավելին՝ փորձել են թաքցնել դրա գտնվելու կոնկրետ վայրը: Սակայն իրավիճակը փոխվել է ՀՀ պատվիրակների այցից հետո:

Մարտի 4-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարեց, որ իր ներկայացուցիչները գտնվում են Իրանում՝ օդանավը Հայաստան տեղափոխելու հետ կապված հարցերը քննարկելու եւ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով:

«Օդանավի տեխնիկական վիճակը ուսումնասիրելու եւ հետագա թռիչքի հնարավորությունը գնահատելու նպատակով ԻԻՀ-ում են գտնվում նաեւ ավիաընկերության («Fly Armenia Airways»-ի) օդաչուական եւ տեխնիկական անձնակազմը,- հայտարարել էր ՔԱԿ-ն ու հավելել, որ իրանական կողմի հետ ձեռք է բերվել նախնական համաձայնություն օդանավը Երեւան տեղափոխելու համար։- Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Թեհրանում ավիաընկերության համապատասխան տեխնիկական մասնագետների կողմից արձանագրվել են օդանավի տեխնիկական թերություններ, եւ համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեն իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրականացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ։ Խնդրի լուծման նպատակով ակտիվորեն օգտագործվում են դիվանագիտական խողովակները, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության աշխատակիցները գործուն աջակցություն են ցուցաբերել անհրաժեշտ հանդիպումների եւ քննարկումների կազմակերպման եւ իրականացման հարցում»։

Թե կոնկրետ ինչ տեխնիկական թերություններ են հայտնաբերվել EK-FAA-ի վրա, կոմիտեն չի մանրամասնել: Չենք կարող բացառել, որ դա ստեղծված իրավիճակից «մաքուր» դուրս գալու փորձ է թե՛ հայկական, թե՛ իրանական կողմի համար:

Իր հերթին Բաբակ Թաղվային գրում է, որ նախապես «Մեհրաբադ» օդանավակայանում «Iran Aircraft Industries»-ի տարածք տեղափոխված EK-FAA-ն Հայաստանի ներկայացուցիչների այցից հետո տարվել է այլ վայր, որտեղ «IACI»-ի տեխնիկական անձնակազմը բացել է շարժիչը՝ ցույց տալով, թե իբր վերանորոգում է կատարվում: Իրանի քաղավիացիոն իշխանությունների մամլո խոսնակը եւս հայտարարել է, թե օդանավը Թեհրանում վայրէջք է կատարել տեխնիկական դեֆեկտի պատճառով, ու Իրանում մնալու միակ պատճառը վերանորոգումն է: Իրանի զինված ուժերի ավիացիոն արդյունաբերության կազմակերպությունում Թաղվայիի աղբյուրը հայտնել է, թե հայկական պաշտոնյաների խնդրանքով նախատեսվում է EK-FAA-ի տեղափոխությունը Երեւան մարտի 8-ին: Նշենք, սակայն, որ ՔԱԿ-ն ու «Fly Armenia Airways»-ն այսօրվա ընթացքում որեւէ նման ինֆորմացիա չեն տարածել, չնայած օրը ոչ աշխատանքային է:

Նկատելով, որ իրանցի պաշտոնյաներն ու օդանավը գնած «Caspian Airlines»-ի ներկայացուցիչները հայկական կողմի ճնշման տակ համաձայնել են ինքնաթիռը վերադարձնել Հայաստան՝ Բաբակ Թաղվային նշում է. «Այսպիսով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցները շրջանցելու այս թվացյալ բարդ գործողությունը ի վերջո ձախողվեց»: Այդուհանդերձ, պարսիկ փորձագետն ընդգծում է, թե հաշվի առնելով այն, որ «Caspian Airlines»-ը, ըստ տեղեկությունների, այս «Boeing 737-300»-ը գնել է դեռ 8 ամիս առաջ, ընկերությունը կփորձի Հայաստան վերադարձնելուց հետո այլ կերպ իրականացնել դրա տեղափոխությունը Իրան, ինչպես որ հայկական գրանցումով «Airbus A310»-երի պարագայում արեց «Mahan Air»-ը:

ՀՀ քաղավիացիայի կոմիտեն իր հերթին հայտնել է, որ դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: Կոմիտեի կողմից իրականացվող քննության արդյունքում համապատասխան փաստաթղթերը տրամադրվել են իրավապահ մարմիններին: 

Տես նաեւ՝

Գլխավոր լուսանկարում՝ ներքեւի նկարում հայկական օդանավն է Թեհրանում վայրէջք կատարելուց 2 օր անց, երբ դեռ գտնվում էր «Iran Aircraft Industries» ձեռնարկության տարածքում, իսկ վերեւի նկարում նույն օդանավն է այլ տարածքում մարտի 3-ին, երբ արդեն հաստատվել էր նրա ներկայությունը Թեհրանում (աղբյուր՝ independentpersian.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter