HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայ-իրանական գործարքները՝ ԱՄՆ-ի թիրախում. ինչու՞ է Արտյոմ Մովսեսյանին առնչվող ընկերությունը հայտնվել «սեւ ցուցակում»

սկիզբը

Անցած շաբաթ գրել էինք ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (BIS) «սեւ ցուցակում» հայտնված հայաստանյան 5 ընկերությունների մասին, որոնցից մեկն էլ «Վերթիռ» ՍՊԸ-ն է: Չնայած վերջինիս գործունեությունը ժամանակավոր դադարեցված է, այդուհանդերձ, այն լուծարված չէ ու 2013-ի դեկտեմբերից մինչ օրս մնում է ամերիկյան «սեւ ցուցակում»:

Ինչպես հայտնի է, իրանական մի շարք ընկերությունների հանդեպ ամերիկյան տարբեր պետական մարմիններ պատժամիջոցներ են կիրառում: ԱՄՆ-ի թիրախում են հայտնվում նաեւ նրանք, ովքեր համագործակցում են «սեւ ցուցակներում» ընդգրկված իրանական ձեռնարկությունների հետ: Սրանցից մեկը «Mahan Air» ավիաընկերությունն է, որը դեռ 2008-ին է ներառվել BIS-ի «սեւ ցուցակում»: Իրանական ավիափոխադրողի անունն առկա է նաեւ ԱՄՆ ֆինանսների նախարարության (դեպարտամենտի) արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) «սեւ ցուցակում» (տես ստորեւ): ԱՄՆ-ն «Mahan Air»-ին մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին աջակցելու եւ Սիրիա զենք փոխադրելու մեջ:

2013-ին ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը հայտարարել էր 19 միջնորդների մասին, որոնք, ըստ այդմ, Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար ներգրավված են եղել ավիացիոն գնումների անօրինական ցանցում: Պարզվել էր, որ միջնորդների մեծ մասը Թուրքիայից են, մյուսները՝ Հայաստանից, Հունաստանից, Իրանից, Թայլանդից եւ ԱՄԷ-ից: Ըստ ամերիկյան կողմի՝ միջնորդներից էին հունական «Aeolian Airlines» եւ հայկական «Վերթիռ» ավիաընկերությունները: Վերջիններս ընդգրկվել էին «սեւ ցուցակ», որից հետո նրանց արգելվել է ԱՄՆ-ից ձեռք բերել, մասնավորապես, ավիացիոն շարժիչներ եւ թռիչքային մասեր:

ՔԱԳՎ նախկին պետն ու ավիացիոն բիզնեսը

«Վերթիռ» ավիաընկերությունն անմիջական առնչություն ունի ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին (2004-2016 թթ.) պետ Արտյոմ Մովսեսյանի հետ: ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007-ին, իսկ 2009-ին դրա միանձնյա սեփականատեր ու տնօրեն է դարձել Մովսեսյանի հորեղբոր որդին՝ երեւանցի Կարեն Ռաֆիկի Մովսիսյանը:

Կ. Մովսիսյանը ժամանակին մասնակցություն ուներ նաեւ «Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերությունում, ավելի կոնկրետ՝ դրա տնօրենն էր ու երկու բաժնետերերից մեկի՝ «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ի սեփականատերը: Ընդ որում՝ ներկայում այս ՍՊԸ-ի 99 %-ի տերը Արտյոմ Մովսեսյանի 83-ամյա մայրն է, ով, դժվար չէ կռահել, սեփականատեր է միայն թղթի վրա:

Տպավորություն է, որ Ա. Մովսեսյանի պաշտոնավարման 12 տարիներին նրան պատկանող ավիացիոն բիզնեսը գրանցված է եղել Կ. Մովսիսյանի անունով: Մեկ այլ հետաքրքիր հանգամանք էլ կա. այս բոլոր ավիաընկերությունները հիմնադրվել են Մովսեսյանի կողմից ՔԱԳՎ-ն ղեկավարելու տարիներին: Նշվածներից «Արմենիա Էյրվեյզն» այժմ այլ սեփականատեր ունի, ընկերությունն այսօր հանրության առավել հայտնի է Երեւան-Թեհրան-Երեւան թռիչքներով: «Հետքն» այս օպերատորին պարբերաբար անդրադառնում է: Անցյալ տարի էլ գրել ենք «Մեյն Ավիէյշըն Տեքնիքս» ՍՊԸ-ին պատկանող եւ ուսումնական նպատակներով ժամանակին օգտագործված օդանավի մասին: Այս ինքնաթիռի կիրառման դրվագով հարուցված է քրեական գործ:

Վերադառնանք «Վերթիռին»: 2013-ի մայիսին՝ ամերիկյան «սեւ ցուցակում» հայտնվելուց ամիսներ առաջ, ընկերությունը Կարեն Մովսիսյանը փոխանցել է հորը՝ Ռաֆիկ Մովսիսյանին, ով մինչ օրս գրանցված է թե՛ միակ սեփականատեր, թե՛ տնօրեն:

Մովսիսյանների ընկերությունն, ի դեպ, մինչեւ 2011 թ. հոկտեմբերի 31-ն ունեցել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), այսինքն՝ կոմերցիոն թռիչքներ կատարելու իրավունք ուներ, նաեւ ICAO-ի կոդ՝ VRZ, որով համարակալվել են թռիչքները: 2009-ին ՀՀ վերահսկիչ պալատը, ի թիվս այլ ընկերությունների, անդրադարձել էր նաեւ ՔԱԳՎ այն ժամանակվա պետին առնչվող այս փոխադրողին: ՎՊ-ն կոնկրետ թվեր էր հրապարակել մի շարք ավիաընկերությունների վերաբերյալ, որոնք 2007-2008 թթ. գրանցված են եղել Հայաստանում, սակայն աշխատել են դրսում՝ ՀՀ պետբյուջե մուծելով չնչին հարկեր: Այսպես՝ 2007-ի սեպտեմբերին ստեղծված «Վերթիռը», ըստ վերահսկիչ պալատի, այդ տարի շահագործել էր 2 ինքնաթիռ եւ պետբյուջե մուծել 0 դրամ շահութահարկ, իսկ 2008-ին, շահագործելով կրկին 2 օդանավ, մուծել էր ընդամենը 6900 դրամ: 

«Վերթիռի» օդանավերի տրանսֆերներն ուսումնասիրելիս տրամաբանական կասկած է առաջանում, որ ընկերությունն իսկապես իրանական ավիափոխադրողների համար միջնորդ օղակի դեր է խաղացել:       

Խորհրդային արտադրության 30-40 տարեկան օդանավերը՝ ԱՊՀ երկրներում եւ Աֆրիկայում

Համաձայն aerotransport.org ավիացիոն տեղեկատու բազայի՝ իր ողջ գործունեության ընթացքում «Վերթիռն» ունեցել է 14 ինքնաթիռ: Սրանցից 4-ը եղել են խորհրդային արտադրության տրանսպորտային օդանավեր՝ 2 հատ «Ան-12» եւ նույնքան «Ան-26»:

vertir-fleet.jpg (760 KB)

Ըստ aerotransport.org-ի՝ 1975-1976 թթ. արտադրության «Ան-26»-երը ձեռք էին բերվել հայկական «Նավիգատոր Էյրլայնզ» ՍՊԸ-ից (EK-26440 եւ EK-26442 հայկական գրանցումները նույնն են մնացել «Վերթիռի» կազմում), այլ կերպ ասած՝ սրանք ավելի քան 30 տարեկան ինքնաթիռներ էին: Որոշ ժամանակ անց 2-ն էլ տեղափոխվել են Աֆրիկա՝ գրանցվելով Գվինեայի օդանավերի ռեգիստրում: Այս ինքնաթիռներից EK-26442-ը տարիներ անց կրկին գրանցվել է ՀՀ-ում, բայց այս անգամ՝ մեր ընթերցողներին իր աֆրիկական գործունեությամբ քաջ հայտնի «South Airlines» ընկերության կազմում իբրեւ EK-26819: «South Airlines»-ն էլ ինքնաթիռը վարձով տվել էր ուգանդական օպերատորի, որն էլ այն շահագործում էր կոնֆլիկտային գոտում՝ Սոմալիում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փորձագետներն այս մասին գրել էին 2012 թ. իրենց զեկույցում:

«Ան-26»-երից ավելի հին են եղել «Ան-12»-ները, որոնք արտադրվել էին 1967-ին: Համաձայն aerotransport.org-ի՝ սրանցից մեկը ձեռք էր բերվել Ռուսաստանից (ՀՀ գրանցումը՝ EK-11032), իսկ մյուսը՝ հայկական «Էյր Արմենիայից» («Վերթիռի» կազմում՝ EK-12221): Նշվածներից առաջինը 2009-ի դեկտեմբերին խափանվել էր «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկուղիներից մեկի վրա՝ արգելափակելով մյուս օդանավերի շարժը. հետաքրքիր է, որ դրա գրանցումը հայկական էր, բայց պոչին դեռ մնացել էր ՌԴ դրոշը (մանրամասները՝ այստեղ): Հետագայում այս «Ան-12»-ը տեղափոխվել է Ուկրաինա: Ինչ վերաբերում է EK-12221-ին, ապա Հայաստանից հետո օդանավը գրանցվել է Վրաստանում եւ հետագայում վթարի ենթարկվել Ինդոնեզիայի տարածքում:

Իրանցիները, «Բլյու Էյրվեյսն» ու «Վերթիռի» բեռնատար «Boeing»-ը

Aerotransport.org-ի փոխանցմամբ՝ «Վերթիռի» շարժակազմում եղել է եւս 10 ինքնաթիռ՝ 1 հատ բեռնատար «Boeing 747», 4 հատ «Airbus A300», 2 հատ «Airbus A310» եւ 3 հատ «Airbus A320» (այս բոլոր «Airbus»-ները մարդատար նշանակության ինքնաթիռներ էին):      

Սրանցից «Boeing 747»-ը (արտադրված 1982 թ.) նախկինում շահագործվել է Ճապոնիայում, հետո տեղափոխվել է ԱՄՆ օդանավերի ռեգիստր, բայց այնտեղ չի շահագործվել: Ըստ aerotransport.org-ի՝ ԱՄՆ-ից այն պետք է տեղափոխվեր հայկական ռեգիստր, նույնիսկ նշվում է շահագործողի անունը՝ «Բլյու Էյրվեյս» ՍՊԸ, սակայն գործարքը, կարծես, չի կայացել, եւ 2009-ին բեռնատարը գրանցվել է Հունաստանում, որտեղ եւս չի օգտագործվել: Աթենքում մեկ տարի կանգնած մնալուց հետո «Boeing 747»-ը վերջապես տեղափոխվել է ՀՀ, այս անգամ՝ «Վերթիռի» շարժակազմ (գրանցումը՝ EK-74711):

Այս օդանավին դեռ կանդրադառնանք, բայց մինչ այդ մի փոքր պատմենք «Բլյու Էյրվեյսի» մասին, որին aerotransport.org-ը համարում է «Վերթիռի» նախորդ, ինչը հետաքրքիր է:

2005-ին ստեղծված «Բլյու Էյրվեյսը» հայ-իրանական համատեղ բիզնես էր, ինչի մասին հուշում են ՀՀ իրավաբանական անձանց պետռեգիստրում հայ եւ իրանցի սեփականատերերի անունները:

Այն մասին, որ երկու հայկական ընկերությունները կապ ունեն միմյանց հետ, վկայում են նաեւ ՀՀ պետռեգիստրի տվյալները: Այսպես՝ 2009-ին լուծարված «Բլյու Էյրվեյսի» տնօրենը 2006-2009 թթ. եղել է երեւանցի Վոլոդյա Խոջոյանը, ով այս ընկերության փակվելուց հետո դարձել է «Վերթիռի» տնօրեն՝ աշխատելով կես տարի: Մի հետաքրքիր հանգամանք էլ կա. «Բլյու Էյրվեյսի» հիմնադիրներից Տիգրան Քալոյանը գրանցված է Երեւանի Գրիբոյեդովի փողոցում՝ Արտյոմ Մովսեսյանի առանձնատնից ոչ հեռու գտնվող շենքում: Նրանք գրեթե հասակակիցներ են: Մովսեսյանի ու Քալոյանի շրջապատից է նաեւ Արմեն Սարգսյանը, ով նախկինում համասեփականատեր է եղել «Արմենիա Էյրվեյզում» եւ «Մեյն Ավիէյշըն Տեքնիքսում»: Նա էլ գրանցված է Մովսեսյանի տան հարեւանությամբ:        

Չնայած «Բլյու Էյրվեյսն» ու «Վերթիռն» իրավաբանորեն տարբեր ընկերություններ են, aerotransport.org-ը երկրորդին համարում է առաջինի հաջորդը, թերեւս, նրանց միանման գործունեության պատճառով: Տեղեկատու կայքը «Բլյու Էյրվեյսի» մասին նշում է, որ այն գործունեություն է ծավալել միայն որպես «Mahan Air»-ի ներկրման միջնորդ: Երբ ուշադիր նայում ենք հայկական ՍՊԸ-ի հաշվեկշռում եղած օդանավերի շարժը, տեսնում ենք, որ դրանք գրանցվել են ՀՀ օդանավերի ռեգիստրում, սակայն շուտով հանձնվել են «Mahan Air»-ին վարձակալակությամբ կամ ուղղակի փոխել են գրանցումը՝ դառնալով իրանական օդանավեր եւ մտցվելով «Mahan»-ի շարժակազմ: Այսինքն՝ «Բլյու Էյրվեյսն» ու ՀՀ օդանավերի ռեգիստրը ցատկահարթակ են ծառայել երրորդ երկրներից Իրան օդանավեր տեղափոխելու գործում:

Ինչպես վերեւում ասվեց, ԱՄՆ իշխանությունները «Վերթիռին» մեղադրել են «Mahan Air»-ին ամերիկյան ավիացիոն սարքավորանք մատակարարելու մեջ: Ամերիկացիների հարվածի տակ է հայտնվել նաեւ բրիտանական «Balli Group»-ը, որը aerotransport.org-ի կողմից նշվում է իբրեւ հայկական «Բլյու Էյրվեյսի» սեփականատեր: Չնայած ՀՀ պետռեգիստրի տվյալներով նրանց միջեւ ուղիղ կապ չկա, հստակ է, որ երկուսում էլ մասնակցություն են ունեցել ծագումով իրանցի գործարարներ, որոնք, ամենայն հավանականությամբ, իրար հետ առնչություն ունեն: Նկատենք, որ երբ 2008-ին ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը «Mahan Air»-ին առաջին անգամ «սեւ ցուցակ» գցեց, պատճառը 3 հատ «Boeing 747» տիպի օդանավերն էին, որոնք Իրան էին ներկրվել առանց ԱՄՆ-ի թույլտվության («Boeing»-ն ամերիկյան ձեռնարկություն է): Այս «խախտմանը» մասնակից էր բրիտանական «Balli Group»-ը, որը ստիպված եղավ 2 մլն դոլար տուգանք մուծել քրեական գործով եւ 15 մլն՝ քաղաքացիական գործով:

Հետաքրքիր է, որ «Բլյու Էյրվեյսը» լուծարվել է 2009-ի մարտին՝ «Mahan Air»-ի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցներից հետո: ՀՀ վերահսկիչ պալատը 2009-ին անդրադարձել էր նաեւ «Բլյու Էյրվեյսին»՝ նշելով, որ 2007 թ. ընկերության անունով գրանցված է եղել 21 օդանավ, բայց ՍՊԸ-ն ՀՀ պետբյուջե վճարել է 230.000 դրամ շահութահարկ, իսկ 2008-ին, ունենալով 9 օդանավ, մուծել է 2,5 մլն դրամ: 

Վերադառնանք «Վերթիռին», որի կազմում 2010-ի ամռանը գրանցվել է վերոնշյալ «Boeing 747» բեռնատար օդանավը: Jetphotos.net կայքում, իմանալով Աթենքում կայանված եւ այդպես էլ չօգտագործված օդանավը «Վերթիռին» հանձնելու մասին, օգտատերերից մեկը գրառում էր արել, թե այն գնալու է Իրան՝ «Mahan Air»-ի ունեցած նույնատիպ օդանավերի համար պահեստամաս դառնալու: Մեկ ուրիշ օգտատեր էլ քիչ ուշ պատասխանել էր, որ ինքը «Վերթիռի» աշխատակից է, իսկ ինքնաթիռը բազավորված է ԱՄԷ-ում (Աթենքից տեղափոխվել էր արաբական Ֆուջեյրա) ու պատվերով թռիչքներ է իրականացնում տարածաշրջանում եւ ամսական թռչում է ավելի քան 200 ժամ:

Այդուհանդերձ, զարմանալի չի լինի, եթե ասենք, որ օդանավը մի որոշ ժամանակ վարձով հանձնվել էր «Mahan Air»-ին, եւ հիմա 38-ամյա ինքնաթիռը, ըստ aerotransport.org-ի, կայանված է Թեհրանից ոչ հեռու գտնվող Քարաջ քաղաքի օդանավակայանում: Չնայած տեղեկատուներում որեւէ ինֆորմացիա չկա EK-74711-ի՝ Հայաստանից հետո այլ երկրում գրանցվելու մասին, մեր տեղեկություններով՝ «Boeing 747» տիպի օդանավեր վերջին անգամ ՀՀ օդանավերի ռեգիստրում եղել են 2016-ի փետրվարին, այլ կերպ ասած՝ «Վերթիռի» բեռնատարը վաղուց կորցրել է հայկական գրանցումը, սակայն այլ երկրում էլ գրանցված չէ ու չի շահագործվում:

Արտերկրից՝ Հայաստան, այստեղից՝ Իրան        

Ինչպես ասվեց, «Վերթիռն» ունեցել է 4 հատ մարդատար «Airbus A300», 2 հատ «Airbus A310» եւ 3 հատ «Airbus A320»:

Նշվածներից 4 «Airbus A300»-ները, որոնք արտադրվել են 1980-ականների երկրորդ կեսին, հայկական ընկերությունը ձեռք էր բերել 2010-ի տարեվերջին ու 2011-ի տարեսկզբին Թայլանդի ազգային ավիափոխադրող «Thai Airways International»-ից: Սակայն բոլոր 4-ն էլ շատ չանցած հայտնվել են Իրանում, չնայած նրանց հայկական գրանցումները չեն փոխվել (EK-30018, EK-30064, EK-30068, EK-30098): Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ «Վերթիռի» այս օդանավերը պահեստամաս են դարձել «Mahan Air»-ի ինքնաթիռների համար, ինչի մասին հուշում են նաեւ լուսանկարները: 4 օդանավերից հանվել են տարբեր մասեր, իսկ EK-30098-ից մնացել է միայն ֆյուզելաժը: Համաձայն տեղեկատուների՝ EK-30064-ը կայանված է Թեհրանի «Մեհրաբադ», իսկ մյուսները՝ Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանում: Սրանք «Mahan Air»-ի բազաներն են:

Իրանական նույն օպերատորին են փոխանցվել նաեւ «Վերթիռի» 2 հատ «Airbus A310» օդանավերը, որոնք արտադրվել են 1990-ականների սկզբին: Տեղեկատուների փոխանցմամբ՝ Ա. Մովսեսյանին փոխկապակցված ընկերությունը դրանք ձեռք էր բերել 2009-2010 թթ. կանադական «Air Transat»-ից: ՀՀ-ում իբրեւ EK-31047 եւ EK-31095 գրանցված ինքնաթիռները քիչ ուշ դուրս են գրվել հայկական ռեգիստրից ու գրանցվել Իրանում «Mahan Air»-ի անունով: Ներկայում, ըստ առկա ինֆորմացիայի, չեն շահագործվում:

Ինչ վերաբերում է «Վերթիռի» 3 «Airbus A320»-ներին, սրանք ձեռք են բերվել 2009-ի փետրվարին-մարտին: EK-32303-ն ու EK-32312-ը նախկինում շահագործվել էին Իսպանիայում, իսկ EK-32054-ը՝ Ճապոնիայում: Ըստ aerotransport.org-ի՝ «Վերթիռի» կազմում օդանավերը չեն շահագործվել, փոխարենը նույն 2009-ի ընթացքում հանձնվել են Իրանի ազգային ավիափոխադրող «Iran Air»-ին ու գրանցվել այդ երկրի օդանավերի ռեգիստրում:   

«Iran Air»-ը ներկայում ընդգրկված է թե՛ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (BIS), թե՛ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) «սեւ ցուցակներում» (տես վերեւում):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter