HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանյան ընկերությունները՝ ամերիկյան «սեւ ցուցակներում»

ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (BIS) «սեւ ցուցակում» (entity list) մարտի 16-ի դրությամբ ընդգրկված է հայաստանյան 5 ընկերություն: Նկատենք, որ ցուցակում հայտնված ընկերություններն իրավունք չունեն ԱՄՆ-ից ապրանք արտահանել, վերաարտահանել կամ երկրի ներսում տեղափոխել՝ առանց ամերիկյան կողմի լիցենզիայի:

«Հետքը» նախկինում գրել է ամերիկյան սահմանափակումների տակ հայտնված 5 ընկերություններից 4-ի մասին: Դրանք են ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբայր Ռաֆիկ Մովսիսյանին պատկանող «Վերթիռ» ՍՊԸ-ն, որը ավիաընկերություն է (ցուցակ է ներառվել 2013-ի դեկտեմբերի 12-ին), միջազգային ցանցի մաս կազմող «Վետերան Ավիա» ՍՊԸ-ն («սեւ ցուցակում» ընդգրկվել է 2014-ի սեպտեմբերի 18-ին), ինչպես նաեւ «Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն ու «Մարկել» ՓԲԸ-ն (ներառվել են նույն օրը՝ 2019-ի օգոստոսի 14-ին):  

Գիտահետազոտական ձեռնարկություններ

Վերջին երկու ՓԲԸ-ների վերաբերյալ գրել էինք, որ դրանց ղեկավարը տեխնիկական գիտությունների դոկտոր Մհեր Մարկոսյանն է: Ամերիկյան կողմն անցյալ տարի հայտարարել էր, որ ԳՀԻ-ն ձեռք է բերել այնպիսի ապրանքներ, որոնք վերաարտահանվել են առանց արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (BIS) լիցենզիայի: Սակայն հայկական գիտահետազոտական ինստիտուտն ինքը չի ԱՄՆ-ից ապրանք արտահանել, դա արել է կանադական «Kelvo Inc.»-ի սեփականատերը, ինչի հետեւանքով «Kelvo»-ն եւս հայտնվել է «սեւ ցուցակում»: Ըստ ամերիկացիների՝ կանադացի ձեռներեցը Կանադայից անօրինական ձեւով վերաարտահանումներ է իրականացրել դեպի Ռուսաստան ու Հայաստան: Բացի դրանից՝ ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ Մ. Մարկոսյանը գործարար հարաբերություններ է ունեցել պատժամիջոցների տակ գտնվող իրանական ընկերությունների հետ:

Հայ գիտնականը «Հետքին» հայտնել էր, որ մինչեւ 2009 թ. համագործակցել են իրանական տարբեր ընկերությունների հետ, սակայն դրանից հետո պայմանագրեր չեն կնքվել: 

Ավիաընկերություններ

Նշենք, որ կոնկրետ հայաստանյան ընկերությունները ԱՄՆ «սեւ ցուցակում» հայտնվում են գլխավորապես Իրանի կամ Սիրիայի հետ առնչություն ունենալու հիմքով:

Այդպիսի մեղադրանքներ են հնչեցվել «Վետերան Ավիա» ՍՊԸ-ի հասցեին: 2016-ին գրել էինք, որ այս անունով ընկերություններ կան Հունաստանում, Հնդկաստանում, Պակիստանում, Մեծ Բրիտանիայում, որոնցից հայկականը ունեցել է օդանավեր շահագործելու իրավունք, այսինքն՝ դրա անունով ՀՀ-ում գրանցված են եղել օդանավեր (շահագործվել են արտերկրում), իսկ մյուսները եղել են գրասենյակներ: Բոլորի հետեւում էլ կանգնած է նույն անձը՝ ԱՄԷ-ում ապրող հնդկական ազգանունով գործարար Ջայդիփ Միրչանդանին (Jaideep Mirchandani):

2014-ի սեպտեմբերին ԱՄՆ արդյունաբերության եւ անվտանգության բյուրոն Միրչանդանիին պատկանող «Վետերան Ավիա» եւ մի շարք այլ ավիաընկերությունների ընդգրկել է «սեւ ցուցակ»՝ նրանց մեղադրելով Սիրիայում Ասադի ռեժիմին պաշտպանելու մեջ: Ըստ ամերիկյան իշխանությունների՝ ավիաընկերությունները խոշոր չափի ռուսական փող են տեղափոխել Սիրիա՝ Ասադի կառավարությանը: Բացի դրանից՝ ԱՄՆ-ն Միրչանդանիի ընտանիքին ու աշխատողներին մեղադրում էր «զենքի թրաֆիքինգում ներգրավված անձանց հետ փոխգործակցության մեջ»: «Սեւ ցուցակում» հայտնված մարդիկ եւ կազմակերպությունները մեղադրվում էին նաեւ իրանական «Mahan Air» ավիաընկերության հետ գործակցելու մեջ. վերջինս, ամերիկացիների կարծիքով, «աջակցում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ահաբեկչական գործունեությանը»: Սակայն Միրչանդանին հերքել էր բոլոր մեղադրանքներն ու հայտարարել, որ իրավական ճանապարհով հասնելու է իր անունը ցուցակից հանելուն: Եվ նա հասել էր իր նպատակին. 2016-ի փետրվարին Միրչանդանիի, նրա ընտանիքի 2 անդամների եւ մի քանի ընկերությունների անուններ (այդ թվում՝ ԱՄԷ-ում գրանցված «Վետերան Ավիայի») հանվեցին ամերիկյան «սեւ ցուցակից», 2017-ի հունվարին էլ հանվեց հնդկական «Վետերան Ավիան», սակայն այս անունով հայաստանյան, հունական, պակիստանյան ու բրիտանական ընկերությունները մինչ օրս ցուցակում են:

Նշենք, որ 2010-ին Երեւանում հիմնադրված «Վետերան Ավիա» ՍՊԸ-ն կոմերցիոն ավիափոխադրումներով զբաղվելու հիմնարար փաստաթուղթ՝ օդանավ շահագործողի վկայական, չունի 2015-ի մարտի 2-ից («սեւ ցուցակում» ընդգրկվելուց հետո. սա հատկանշական է), ընկերության գործունեությունն էլ ժամանակավոր դադարեցված է:

Նմանատիպ պատմության մեջ է հայտնվել «Վերթիռ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է Երեւանում 2007-ին: Ընկերությունն ամերիկյան բյուրոյի «սեւ ցուցակում» ընդգրկվել է 2013-ի դեկտեմբերին, չնայած օդանավ չի շահագործում 2011-ի հոկտեմբերից: Բացի դրանից՝ ՍՊԸ-ն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը: Ամերիկյան իշխանությունները ՔԱԳՎ նախկին պետ Ա. Մովսեսյանի ազգականի անունով գրանցված ընկերությունը համարել էին այն միջնորդներից մեկը, որոնք «ներգրավված են ավիացիոն գնումների անօրինական ցանցում՝ Իրանի հանդեպ ԱՄՆ արգելքները շրջանցելու համար»: Խոսքը 19 անձի եւ ընկերության (Եվրոպայից եւ Ասիայից) մասին էր, որոնք, ըստ ամերիկացիների, օժանդակել են իրանական «Mahan Air» ավիաընկերությանը: Ինչպես արդեն ասվեց, ԱՄՆ-ն այս մասնավոր ընկերությանը մեղադրում է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին տրանսպորտ տրամադրելու եւ Սիրիա զենք տեղափոխելու մեջ: «Mahan Air»-ն իր հերթին BIS-ի «սեւ ցուցակում» հայտնվել է 2008-ին:

«Mahan Air»-ի անունն առկա է նաեւ մեկ այլ ամերիկյան «սեւ ցուցակում»: Խոսքն ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչության (OFAC) ցուցակի մասին է, որտեղ եւս ընդգրկված են թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձինք: Այս «սեւ ցուցակում» ընդգրկված հայաստանյան ընկերությունները 4-ն են, չնայած նրանցից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն 2017-ին միաձուլվել է «Արդշինբանկին»:

Ինչպես կարելի է տեսնել նկարում, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ն եւ այլեւս գոյություն չունեցող «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն OFAC-ի ցուցակում հայտնվել են ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետեւանքով, իսկ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ն եւ «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ն անցնում են Իրանի հանդեպ պատժամիջոցների եւ «գլոբալ ահաբեկչության» գործերով:

«Ֆլայթ Թրավելի» մասին «Հետքը» եւս գրել է: 2018-ի օգոստոսին հիմնված երեւանյան ՍՊԸ-ն ամերիկյան «սեւ ցուցակ» է ներառվել 2019-ի հունվարին կրկին «Mahan Air»-ի հետ կապ ունենալու հիմքով. ընկերությունը եղել է Թեհրան-Երեւան-Թեհրան թռիչքներ իրականացնող իրանական ավիափոխադրողի ավիատոմսերի վաճառքի գործակալը: «Ֆլայթ Թրավելի» տնօրեն Բելլա Գեւորգյանը «Հետքին» հայտնել էր, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչները 2018-ի աշնանից իրեն պարբերաբար հորդորել են դադարեցնել գործունեությունը, սակայն ինքը չի լսել: Գեւորգյանը հավելել էր, որ եթե չհամագործակցեն «Mahan Air»-ի հետ, ստիպված կլինեն ընդհանրապես դադարեցնել ընկերության գործունեությունը, քանի որ «Ֆլայթ Թրավելը» զբաղվում է բացառապես դեպի Թեհրան ավիատոմսերի վաճառքով:

OFAC-ի պատժամիջոցները նշանակում են, որ դրանց տակ հայտնված ընկերությունների ամերիկյան բոլոր ակտիվները, եթե այդպիսիք կան, սառեցվում են, մյուս կողմից՝ ԱՄՆ քաղաքացիներին եւ կազմակերպություններին արգելվում է նրանց հետ որեւէ գործարք կնքել: ԱՄՆ-ն սպառնացել է նաեւ պատժամիջոցներ կիրառել այն օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների դեմ, որոնք էական ծառայություններ կմատուցեն ցանկում հայտնված ընկերություններին: Սակայն Բ. Գեւորգյանը շեշտել էր, որ պատժամիջոցների վերաբերյալ իրենք մտահոգվելու խնդիր չունեն, քանի որ ԱՄՆ-ում ո՛չ սեփականություն ունեն, ո՛չ էլ բանկային հաշիվներ: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ «Ֆլայթ Թրավելի» հետ համագործակցությունը դադարեցրել է «Կոնվերս Բանկը»: Չնայած բանկը տեղեկացրել էր, թե դա արվել է ընկերության դիմումով, հիշատակել էր նաեւ օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների դեմ ամերիկյան հնարավոր պատժամիջոցների մասին: 

Ամերիկյան ճնշումների այս ֆոնին հայկական շուկայից դուրս եկավ «Mahan Air»-ը:

Վերադառնալով ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի արդյունաբերության եւ անվտանգության բյուրոյի (BIS) «սեւ ցուցակին»՝ նշենք, որ ներկայում այդտեղ գտնվող հայաստանյան 5 ընկերություններից առաջինը դեռ 2010-ի հունվարի 13-ին ընդգրկվել է 2007-ին Երեւանում հիմնադրված «Բոլդ Բրիջ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն, որը, դատելով հիմնադիրների անուններից, հայ-իրանական համատեղ ձեռնարկ էր: ՍՊԸ-ն, սակայն, արդեն լուծարվել է:

Հաշվի առնելով, որ BIS-ի «սեւ ցուցակում» ներառված ընկերություններից «Վերթիռ» ՍՊԸ-ն անմիջական կապ ունի քաղավիացիայի ոլորտի նախկին ղեկավարի հետ, ինչպես նաեւ այն, թե ինչի մեջ էին ամերիկյան իշխանությունները մեղադրում այս ընկերությանը, հաջորդ հոդվածում առավել մանրամասն կպատմենք «Վերթիռի» ավիացիոն գործունեության եւ իրանական ավիաընկերությունների հետ կապերի մասին:

Այդուհանդերձ, վերը նշվածը մեր կողմից ամենեւին պնդում չէ այն մասին, թե «Mahan Air»-ն ու նրա գործընկերները կապ ունեն «գլոբալ ահաբեկչության» կամ նման երեւույթների հետ, որոնց մասին հայտարարում են ամերիկացիները:

Շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter