HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է հայկական «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ին դադարեցնել գործունեությունը

«Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ի գործունեության մեկնարկից (2018թ. սեպտեմբեր) մեկ ամիս հետո Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունեցել ընկերության տնօրենի հետ և հորդորել դադարեցնել գործունեությունը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց «Ֆլայթ Թրավել» ընկերության տնօրեն Բելլա Գևորգյանը:

Հիշեցնենք՝ նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների ցանկում էր ներառել Հայաստանում իրանական Mahan Air ավիաընկերության ներկայացուցիչ «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ին: Ըստ ԱՄՆ ֆիննախի՝ իրանական այս ավիաընկերությունը ապահովում է մարդկանց և զինամթերքի տեղափոխումը Սիրիայի տարածք:

«Հանդիպումների ընթացքում ես պնդել եմ, որ համարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, և երբ իմ պետությունը կորոշի, որ այդ ավիաընկերության հետ չի կարելի աշխատել, այդ դեպքում մենք կդադարեցնենք մեր գործունեությունը: Առայժմ մենք մեր երկրում խնդիրներ չենք ունեցել աշխատանքը սկսելու օրվանից»,- նշեց Բելլա Գևորգյանը:

«Ֆլայթ Թրավել»-ի տնօրենը նշեց, որ եթե իրենք այլևս չհամագործակցեն Mahan Air-ի հետ, ապա ստիպված կլինեն ընդհանրապես դադարեցնել ընկերության գործունեությունը, քանի որ «Ֆլայթ Թրավել»-ը զբաղվում է բացառապես Երևան-Թեհրան չվերթների ավիատոմսերի վաճառքով:

Ըստ սահմանված պատժամիջոցների՝ ԱՄՆ-ում ունեցած սեփականություններն ու հաշիվները սառեցվելու են: Այս առնչությամբ Բելլա Գևորգյանն ասաց, որ իրենք մտահոգվելու խնդիր չունեն, քանի որ ԱՄՆ-ում ո՛չ սեփականություն ունեն, ո՛չ էլ բանկային հաշիվներ:

Պարզաբանում ստանալու համար կապվեցինք նաև Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանի հետ, սակայն վերջինս հայտնեց, որ դեսպանատունը չի կարող մեկնաբանություն տալ կամ հարցումների պատասխանել, քանի որ ԱՄՆ կառավարությունը այս պահին գտնվում է հարկադիր պարապուրդում՝ պայմանավորված ԱՄՆ ներքաղաքական հարցերով:

Նախօրեին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել, քանի որ ընկերությունը հրաժարվել է տրված նախազգուշացումներն ընդունելուց։

«Ֆլայթ Թրավել»-ը արդարադատության նախարարության պետական ռեգիստրում գրանցվել է 2018 թվականի օգոստոսի 13-ին, սակայն ինչպես այսօր «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց Բելլա Գևորգյանը, ընկերությունը իր գործունեությունը սկսել է սեպտեմբերի 1-ից: Բելլա Գևորգյանը նաև ընկերության 100 % բաժնեմասի սեփականատերն է: Բացի նրանից, ընկերությունում աշխատում է ընդամենը 1 հոգի, ով զբաղվում է բանկային փոխանցումներով:

Լուսանկարը՝ Mohammed Huwais/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter