
Երկու աշխատող ունեցող հայկական ընկերությունը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Իրանի հետ կապված պատժամիջոցների ցանկում է ներառել ևս երկու ընկերություն՝ Qeshm Fars Air ավիաընկերությունը և Հայաստանում Mahan Air ավիաընկերության առևտրական ներկայացուցիչ հանդիսացող «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ն: Mahan Air-ը ավելի վաղ էր հայտնվել պատժամիջոցների ցանկում: Ըստ ԱՄՆ ֆիննախի՝ իրանական այս ավիաընկերությունը ապահովում է մարդկանց և զինամթերքի տեղափոխումը Սիրիայի տարածք:
««Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ն հրաժարվել է ընդունել Mahan Air-ի կողմից կոմերցիոն աջակցության հետ կապված ռիսկերի վերաբերյալ նախազգուշացումները, և հիմա այն պատժամիջոցների ցանկում հայտնված երրորդ ընկերությունն է, որը գործում է Mahan Air-ի անունից»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում: Նախկինում պատժամիջոցների տակ էին հայտնվել նաև Mahan Air-ի՝ Մալայզիայի և Թաիլանդի ներկայացուցիչները:
Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Ֆլայթ Թրավել»-ը հիմնադրվել է 2018 թվականի օգոստոսի 13-ին՝ 50 հազար դրամ կանոնադրական կապիտալով: Ընկերության հիմնադիրը և 100 % բաժնեմասի սեփականատերը Բելլա Գևորգյանն է, ով նաև ընկերության տնօրենն է: «Ֆլայթ Թրավել»-ը գրանցված է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ Յան. Ռայնիսի փողոցում, այն նույն հասցեում, որում գրանցված է նաև Բելլա Գևորգյանը:
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում որպես «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ի տնտեսական գործունեության տեսակ նշված է «ավիատոմսերի վաճառք իրականացնող գործակալությունների գործունեություն»:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի «պարտադիր վճարներ» բաժնում հարկ վճարողի հաշվառման համարով փնտրեցինք «Ֆլայթ Թրավել» ընկերությունը: Պարզվում է՝ դեկտեմբեր ամսին այն ընդամենը 2000 դրամի պարտադիր վճար է կատարել, այսինքն՝ կարելի է եզրակացնել, որ ընկերությունը ընդամենը երկու աշխատող ունի: 2000 դրամ է վճարվել նաև նոյեմբեր ամսին, իսկ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին՝ 1000-ական դրամ, այսինքն՝ ընդամենը 1 աշխատողի պարտադիր վճար:
Հավելենք, որ պատժամիջոցների ցանկում հայտնված ընկերությունների՝ ԱՄՆ-ում ունեցած սեփականություններն ու հաշիվները սառեցվում են, իսկ ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելվում է նրանց հետ ցանկացած տեսակի գործարքներ կնքել և գործնական կապեր հաստատել։
Մեկնաբանել