HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

105 աշխատակից ունեցող հայկական գիտահետազոտական ինստիտուտը՝ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում

ԱՄՆ առևտրի նախարարությունը ի թիվս 17 ընկերությունների պատժամիջոցների ցանկում է ներառել նաև հայկական երկու ընկերությունների՝ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» (ԵրԿՄԳՀԻ) և «Մարկել» փակ բաժնետիրական ընկերություններին:

ԱՄՆ դաշնային ռեգիստրում հրապարակված փաստաթղթում նշված է, որ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը» ապրանքներ է ձեռք բերել ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյի առևտրի վերահսկման ցանկից, և առանց բյուրոյի լիցենզիայի վերաարտահանել է այդ ապրանքները: Բացի այդ, փաստաթղթում ասվում է, որ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը, որը նաև «Մարկել» ՓԲԸ-ի նախագահն է, գործնական հարաբերություններ է հաստատել ամերիկյան պատժամիջոցների տակ ընկած իրանական ընկերության հետ:

«Մարկել» ՓԲԸ-ի մասին Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում տվյալներ չկան, իսկ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն, ըստ ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2005 թվականի մարտի 28-ին (չնայած որ նրա իրավանախորդը ստեղծվել է դեռևս ԽՍՀՄ տարիներին) և այդ օրվանից մինչև օրս ընկերության տնօրենը տեխնիկական գիտությունների դոկտոր Մհեր Մարկոսյանն է: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 65 միլիոն 944 հազար դրամ: 

Գիտահետազոտական ինստիտուտը կառավարության 2004թ. հունիսի 3-ի որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է աշխատավորական կոլեկտիվին:

«Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գործունեության ոլորտներն են՝ համակարգչային ծրագրային ապահովում, ռադիոտեխնիկական և օպտիկամանրաթելային համակարգերի համար սարքերի, հանգույցների մշակում և պատրաստում, ֆունկցիոնալ միկրոէլեկտրոնիկայի էլեմենտների նախագծում, արտադրության կազմակերպում, պատրաստում և այլն:

Գիտահետազոտական ինստիտուտի կայքի տվյալներով՝ իրենք համագործակցում են հայաստանյան մի շարք բուհերի, այդ թվում՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ: Ինստիտուտը համագործակցում է նաև Հայաստանի զինված ուժերի հետ՝ պատրաստելով ռադիոտեղորոշիչ սարքեր: Ընկերության տնօրեն Մհեր Մարկոսյանն էլ 2017թ. հունվարի 23-ին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ պարգևատրել է Անանիա Շիրակացու մեդալով:

Գիտահետազոտական ինստիտուտն իր գործունեությունն է ծավալում Երևանի Ձորափի փողոցում: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի (1000plus.am) տվյալներով՝ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն վերջին պարտադիր վճարը կատարել է այս տարվա հունիս ամսին՝ 105 հազար դրամ, այսինքն՝ 105 աշխատակցի համար:

Մհեր Մարկոսյանի հետ զրուցելու համար զանգահարեցինք գիտահետազոտական ինստիտուտ, որտեղից մեզ փոխանցեցին՝ տնօրենը տեղում չէ, նախարարությունում է, իսկ թե որ նախարարությունում և արդյոք այնտեղ գտնվելը կապված է պատժամիջոցների հետ, ընդունարանի աշխատակիցը չցանկացավ պատասխանել:

Հայաստանի կառավարության e-gov.am կայքում տեղադրված տարբեր որոշումներից տեղեկանում ենք, որ Մհեր Մարկոսյանը 2004 թվականին ընդգրկված է եղել ռադիոհեռուստատեսության բնագավառում հեռարձակման անալոգային համակարգից թվայինի անցման ծրագրի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբում, իսկ 2012թ. եղել է վարչապետին կից արդյունաբերական խորհրդի անդամ:

Ըստ ԱՄՆ առևտրի նախարարության նախօրեին հրապարակած փաստաթղթի՝ պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ընկերություններ Ռուսաստանից, Չինաստանից, Կանադայից, Վրաստանից, Միացյալ Արաբական Էմիրություններից, Մեծ Բրիտանիայից, Մալայզիայից, Հոնկոնգից և Նիդերլանդներից:

Հիշեցնենք, որ 2019թ. հունվարին ամերիկյան պատժամիջոցների տակ էր հայտնվել նաև հայկական «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ն, որը հանդիսանում է ԱՄՆ «սև ցուցակում» գտնվող իրանական Mahan Air ավիաընկերության ներկայացուցիչը Հայաստանում:

Գլխավոր լուսանկարում՝ ինստիտուտի շենքը / © st-museum.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter