HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Կոնվերս Բանկ»-ը դադարեցրել է համագործակցությունը ԱՄՆ պատժամիջոցների տակ հայտնված հայկական ընկերության հետ

«Կոնվերս Բանկ»-ը դադարեցրել է համագործակցությունը ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում հայտնված հայկական «Ֆլայթ Թրավել» ընկերության հետ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասել է «Ֆլայթ Թրավել» ընկերության տնօրեն Բելլա Գևորգյանը:

Տնօրենի խոսքով՝ բանկի նմանատիպ որոշումը կապված է հենց պատժամիջոցների հետ: «Մենք հիմա նորմալ, հանգիստ աշխատում ենք: «Կոնվերս»-ում մեր հաշիվը փակել ենք, ու մեր բոլոր հարցերը կարգավորել»,- նշեց Բելլա Գևորգյանը:

Պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք նաև «Կոնվերս Բանկ»-ի գլխամասային գրասենյակ, որտեղից մեզ ասացին, որ հարցերին բանավոր պատասխանել չեն կարող, անհրաժեշտ է գրավոր հարցում ուղարկել: Մեր գրավոր հարցման մեջ, բանկից հետաքրքրվել էինք, թե ինչու է «Կոնվերս Բանկ»-ը հրաժարվել շարունակել համագործակցությունը «Ֆլայթ Թրավել»-ի հետ և կարո՞ղ էր արդյոք այդ ընկերության հետ համագործակցությունը բացասական ազդեցություն ունենալ բանկի գործունեության վրա: Սակայն մեր գրավոր հարցումից անցել է 10 օր, և բանկը անպատասխան է թողել այն: Հետագայում, եթե բանկը այնուամենայնիվ որոշի պատասխանել մեր հարցմանը, ապա այն ևս կհրապարակենք:

«Հետք»-ը գրավոր հարցում էր ուղարկել նաև Հայաստանի արտգործնախարարություն՝ պարզելու արդյոք հայկական կողմը պաշտոնապես տեղեկացվե՞լ է հայկական ընկերության նկատմամբ նախատեսվող պատժամիջոցների մասին, ինչին ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը դրական պատասխան է տվել՝ ընգծելով՝ «արտգործնախարարությունը սերտորեն համագործակցում է գործընթացում ներգրավված բոլոր գործընկերների հետ»:

«Ֆլայթ Թրավել»-ի տնօրեն Բելլա Գևորգյանի խոսքով՝ այս պահին ընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը: Նա ասաց նաև, որ Հայաստանի արտգործնախարարությունը կապ է հաստատել իր հետ՝ հետաքրքրվելով ընկերության գործունեությանն առնչվող հարցերով: 

Հիշեցնենք, որ «Ֆլայթ Թրավել» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում իրանական Mahan Air ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչը: Mahan Air-ը ավելի վաղ էր հայտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ, և հենց Mahan Air-ի հետ համագործակցության պատճառով է «Ֆլայթ Թրավել»-ը հայտնվել պատժամիջոցների ցանկում: Մինչև ցանկում ներառելը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հորդորել էր հայկական ընկերությանը դադարեցնել գործունեությունը, սակայն «Ֆլայթ Թրավելը» մերժել էր ամերիկյան կողմի հորդորները:

«Ֆլայթ Թրավել»-ը զբաղվում է բացառապես Երևան-Թեհրան չվերթների ավիատոմսերի վաճառքով:


Լրացված, 18:40.
Հոդվածի հրապարակումից ժամեր անց «Կոնվերս Բանկ»-ը պատասխանեց մեր գրավոր հարցմանը: Բանկը պնդում է, որ «Ֆլայթ Թրավել» ընկերության հետ համագործակցությունը դադարեցվել է հենց ընկերության պահանջով: «Կոնվերս Բանկ»-ը շեշտել է, որ «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ-ն հանդիսանում է իրանական Mahan Air ավիաընկերության վաճառքների գործակալը Հայաստանում.

«Կոնվերս Բանկը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի տեսանկյունից ավելի համապարփակ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև հետագա անվտանգ ու պատշաճ համագործակցության նպատակով դիմել է «Ֆլայթ Թրավել» ՍՊԸ տնօրենին: Ի պատասխան Բանկի գրության՝ վերջինս 04.02.2019թ. գրավոր դիմել է Բանկին՝ հաշվում առկա դրամական մնացորդները կանխիկացնելու և հաշվի սպասարկման վերաբերյալ պայմանագիրը դադարեցնելու պահանջով, ինչը և կատարվել է Բանկի կողմից»,- նշված է «Կոնվերս Բանկ»-ի կողմից «Հետք»-ին ուղղված պատասխանում:

Բացի այդ «Կոնվերս Բանկ»-ը, հղում անելով ԱՄՆ գանձապետարանի (Ֆիննախի) օտարերկրա ակտիվների վերահսկողության գրասենյակին, նշել է, որ «Հատուկ անձանց ցուցակում» ներառված ընկերությունների հետ գործարքներ իրականացրած օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունները կարող են ենթարկվել խիստ սահմանափակումների:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter