
Քաղավիացիայի պետի հորեղբայրը հայտնվել է միջազգային սկանդալում
Բրիտանական «Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը հայտարարել է 19 անձի եւ ընկերության (Եվրոպայից եւ Ասիայից) մասին, որոնք օժանդակել են իրանական «Mahan Air» ավիաընկերությանը: ԱՄՆ-ն այս մասնավոր ընկերությանը մեղադրում է Իրանի զինված ուժերին միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտ, տրամադրելու եւ Սիրիա զենք տեղափոխելու մեջ: Այդ իսկ պատճառով ամերիկյան իշխանությունները արգելել են «Mahan Air»-ին որեւէ գնում կատարել ԱՄՆ-ից:
Բայց ահա, փաստորեն, հայտնվել են միջնորդներ, որոնք «ներգրավված են ավիացիոն գնումների անօրինական ցանցում՝ Իրանի հանդեպ ԱՄՆ արգելքները շրջանցելու համար»: Հայտարարության մեջ նշվում է, որ միջնորդների մեծ մասը Թուրքիայից են, մյուսները՝ Հայաստանից, Հունաստանից, Իրանից, Թայլանդից եւ Միացյալ Արաբական Էմիրություններից: Ըստ ԱՄՆ առեւտրի դեպարտամենտի՝ դրանց մեջ են հունական «Aeolian Airlines» եւ հայկական «Վերթիռ» ավիաընկերությունները: Վերջիններս ընդգրկվել են հատուկ ցուցակում, որից հետո նրանց արգելվել է ԱՄՆ-ից որոշ ապրանքներ գնել, մասնավորապես՝ ավիացիոն շարժիչներ եւ թռիչքային մասեր:
Առանց ԱՄՆ իշխանությունների թույլտվության ամերիկյան ոչ մի ընկերություն իրավունք չունի Իրանին որեւէ ապրանք վաճառել: Պատճառը հայտնի է. Վաշինգտոնը Թեհրանին մեղադրում է միջուկային զենք պատրաստելու մեջ եւ կասկածներ ունի, որ Իրանին վաճառվող ապրանքները կարող են օգտագործվել՝ միջուկային ծրագիրը կյանքի կոչելու համար:
ԱՄՆ առեւտրի դեպարտամենտը «Mahan Air» ընկերությանն առաջին անգամ «սեւ ցուցակ» է գցել 2008-ին, երբ հայտնի է դարձել, որ իրանցիները 3 հատ «Boeing 747» են գնել՝ առանց թույլտվության: Այս պատճառով էլ բրիտանական «Balli Group»-ը ստիպված էր 2 մլն դոլար տուգանք մուծել քրեական գործով եւ 15 մլն՝ քաղաքացիական գործով: Ըստ ամերիկյան իշխանությունների՝ հետագայում էլ «Mahan Air»-ը խախտել է ԱՄՆ արտահանման օրենքները՝ փորձելով ձեռք բերել ինքնաթիռներ, շարժիչներ, համակարգչային դետալներ: ԱՄՆ-ն իրանական ընկերությանը մեղադրում է նաեւ զինուժ եւ զինտեխնիկա տեղափոխելու մեջ՝ Սիրիայի նախագահ Ասադին քաղաքացիական պատերազմում աջակցելու նպատակով:
«Ռոյթերսի» տեղեկացմամբ՝ այնուամենայնիվ, համաշխարհային 6-յակը անցյալ ամիս Իրանին թույլատրեց սահմանափակ ձեւով ավիացիոն մասեր գնել՝ հին օդանավերի վերականգնման համար:
Վերադառնալով միջնորդական սկանդալում հայտնված հայկական «Վերթիռ» ընկերությանը՝ նշենք, որ այն ամբողջությամբ պատկանում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի հորեղբորը՝ Ռաֆիկ Մովսիսյանին, որի որդին՝ Կարենը, տակավին վերջերս իր նորաստեղծ «Արմենիա Էյրվեյզ ավիաընկերության» միջոցով փորձում էր շուկա մտնել: «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ ՔԱԳՎ պետն անձամբ հայտարարեց, որ դա իր հորեղբոր տղան է՝ չմոռանալով մի քանի դրական բնութագրական տող ավելացնել:
Ընդ որում՝ «Վերթիռը» 4 տարի (2009-2013 թթ.) ղեկավարել է հենց Կարենը, որը նաեւ ընկերության տնօրենն էր: Այս տարվա մայիսին նա իր 100-տոկոսանոց բաժնեմասը փոխանցել է հորը:
Հիշեցնենք, որ 2009-ին վերահսկիչ պալատը կոնկրետ թվեր էր հրապարակել մի շարք ավիաընկերությունների վերաբերյալ, որոնք 2007-2008 թթ. գրանցվել էին Հայաստանում, սակայն աշխատել էին դրսում՝ ՀՀ պետբյուջե մուծելով չնչին հարկեր: Դրանց մեջ էր նաեւ «Վերթիռ» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է 2007-ի սեպտեմբերի 14-ին: Նույն տարում ընկերությունը, ըստ ՎՊ-ի, շահագործել է 2 ինքնաթիռ եւ պետբյուջե մուծել 0 դրամ շահութահարկ, իսկ 2008-ին, շահագործելով կրկին 2 օդանավ, մուծել ընդամենը 6900 դրամ:
Լուսանկարում՝ ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսեսյանը
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել