
Գիտահետազոտական ինստիտուտի տնօրենը պնդում է՝ 2009 թվականից հետո իրանական ընկերությունների հետ գործարքներ չեն եղել
ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Մարկել» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Մարկոսյանը «Հետք»-ի հետ զրույցում նշեց, որ 2009 թվականից հետո իրանական ընկերությունների հետ չեն համագործակցել:
«Մինչև 2009 թվականը ձեռնարկությունը որոշ պայմանագրեր է ունեցել տարբեր ընկերությունների հետ, իսկ 2009-ից հետո պայմանագրեր չունի»,- ասաց Մհեր Մարկոսյանը: Այլ մանրամասներ ինստիտուտի տնօրենը չհաղորդեց:
Հիշեցնենք, որ ԱՄՆ առևտրի նախարարությունը ի թիվս 17 ընկերությունների պատժամիջոցների ցանկում էր ներառել նաև հայկական երկու ընկերությունների՝ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ»(ԵրԿՄԳՀԻ) և «Մարկել» փակ բաժնետիրական ընկերություններին: Առաջինում Մհեր Մարկոսյանը զբաղեցնում է տնօրենի, իսկ երկրորդում նախագահի պաշտոնը:
Ըստ ԱՄՆ դաշնային ռեգիստրում հրապարակված փաստաթղթի՝ «Երևանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը» ապրանքներ է ձեռք բերել ԱՄՆ առևտրի նախարարության արդյունաբերության և անվտանգության բյուրոյի առևտրի վերահսկման ցանկից, և առանց բյուրոյի լիցենզիայի վերաարտահանել է այդ ապրանքները, իսկ Մհեր Մարկոսանը գործնական հարաբերություններ է հաստատել ամերիկյան պատժամիջոցների տակ ընկած իրանական ընկերության հետ:
Կարդացեք նաև՝
Լուսանկարը՝ «Հայ զինվոր» թերթի
Մեկնաբանել