HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

ՔԱԿ. Իրանում հայտնված հայկական օդանավի վրա տեխնիկական բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել. մեծ մասը վերացվել է

Քաղավիացիայի կոմիտեն, «Հետքի» հարցմանն ի պատասխան, հայտնել է, որ փետրվարի 20-ին Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում վայրէջք կատարած հայկական ինքնաթիռը Հայաստան վերադարձնելու աշխատանքներն ընթանում են ամենօրյա ռեժիմով:

Հիշեցնենք, որ «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից շահագործվող «Boeing 737-300» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-FAA) Տալլին-Գոստոմել թռիչքի փոխարեն թռել է Տալլին-Վառնա-Թեհրան ուղղությամբ եւ փետրվարի 20-ին վայրէջք կատարել Իրանում, ինչի իրավունքը չուներ: Կատարվածից հետո՝ փետրվարի 25-ին, ԱԱԾ-ն քրեական գործ է հարուցել օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հոդվածներով:

Կոմիտե. «Օդանավի տեխնիկական խնդիրները բազմաթիվ են»

Ըստ ՔԱԿ-ի՝ իրանական կողմի հետ երկկողմ եւ բազմակողմ պայմանագրերի շրջանակներում ինչպես ավիացիոն իշխանությունների միջեւ, այնպես էլ դիվանագիտական խողովակներով ընթանում է համագործակցություն՝ «Fly Armenia Airways»-ի օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու եւ այն Հայաստան վերադարձնելու համար:

Մարտի 4-ին կոմիտեն հայտարարել էր, թե հայկական եւ իրանական կողմերի ավիացիոն մասնագետների սերտ համագործակցության ու քննարկումների արդյունքում ձեռք է բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երեւան տեղափոխելու համար: Սակայն, ըստ կոմիտեի, Թեհրանում «Fly Armenia Airways»-ի մասնագետների կողմից արձանագրվել էին օդանավի տեխնիկական թերություններ, եւ համապատասխան ռիսկերի գնահատում իրականացնելուց հետո մասնագետները պետք է ներկայացնեին իրենց դիրքորոշումը օդանավի թռիչք իրականացնելու նպատակով թույլտվություն տալու վերաբերյալ:

ՔԱԿ-ին հարցրել էինք, թե կոնկրետ ինչ տեխնիկական խնդիրներ են հայտնաբերվել օդանավի վրա, որոնց մասին հայտարարել էր գերատեսչությունը: «Օդանավի տեխնիկական խնդիրները բազմաթիվ են, ինչպես օրինակ՝ կապված օդաճնշական (պնեւմատիկ -«Հետք») համակարգի հետ եւ այլն»,- նշել է կոմիտեն: Հետաքրքիրն այն է, որ նման խնդիրներով ինքնաթիռը Էստոնիայից թռել-հասել է Բուլղարիա, իսկ այնտեղից՝ Իրան, եւ այդ ընթացքում որեւէ միջադեպ կամ պատահար տեղի չի ունեցել, ու միայն Թեհրանում, ուր, ըստ լուրերի, ինքնաթիռը մեկնել էր նոր տիրոջը կամ շահագործողին հանձնվելու համար, ի հայտ է եկել թերությունների մի ամբողջ փունջ:

Հարցին, թե երբ է նախատեսվում վերացնել խնդիրները, եւ արդյոք դրա համար թեկուզ մոտավոր վերջնաժամկետ նախանշված է, ՔԱԿ-ը պատասխանել է. «Նկատի ունենալով օդանավի տեխնիկական խնդիրների բազմազանությունը՝ դրանց ամբողջական վերացման եւ լիարժեքորեն թռիչքի պատրաստ լինելու վերջնական ժամկետներ այս պահին նշել հնարավոր չէ: Միաժամանակ հայտնում ենք, որ տեխնիկական խնդիրների մեծ մասը հաջողվել է վերացնել»:

ՔԱԿ-ում ուսումնասիրություն է ընթանում

Մարտի 4-ին կոմիտեն նաեւ հայտարարել էր, որ օդանավը շահագործող ավիաընկերությունն է («Fly Armenia Airways»-ը) պատասխանատու թռիչքի կազմակերպման ու թույլտվությունների ստացման գործընթացի (ըստ ՔԱԿ-ի՝ օդանավին թույլատրվել էր կատարել Տալլին-Գոստոմել թռիչք, այսինքն՝ փաստացի տեղի ունեցած Տալլին-Վառնա-Թեհրան չվերթի համար, ըստ էության, կիրառվել են կեղծ փաստաթղթեր), ինչպես նաեւ թռիչքի վերգետնյա սպասարկման համար:

Մարտի 16-ին էլ կոմիտեն հայտնել էր, որ «Fly Armenia Airways»-ի թռիչքային եւ տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին. «Ընկերությունը՝ որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի եւ օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ թերությունները վերացնելու ուղղությամբ»։

Բայց անկախ այս աշխատանքների իրականացումից՝ տրամաբանական հարց է ծագում, թե փետրվարի 19-20-ին տեղի ունեցածից հետո օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության ինչ միջոցներ են կիրառվել կամ կիրառվելու ՔԱԿ-ի կողմից ավիաընկերության նկատմամբ: Սրա վերաբերյալ կոմիտեն տվել է ոչ կոնկրետ պատասխան. «Հաշվի առնելով հանգամանքը, որ փաստի առթիվ հարուցվել եւ քննվում է քրեական գործ՝ քաղավիացիայի կոմիտեն չի կարող այլ մանրամասներ տրամադրել»:

Հարցն այն է, որ ԱԱԾ-ն քննում ու գնահատում է փաստերն իր՝ քրեական տիրույթում, իսկ ՔԱԿ-ն օժտված է ավիացիոն ոլորտը վերահսկելու իր լիազորություններով, որոնք սահմանված են թե՛ «Ավիացիայի մասին» օրենքում, թե՛ ICAO-ի եւ այլ միջազգային կազմակերպությունների հաստատած փաստաթղթերում, թե՛ ՀՀ ենթաօրենսդրական ակտերում, թե՛ այլ իրավական փաստաթղթերում:

«Ավիացիայի մասին» օրենքը, մասնավորապես, սահմանում է. «Թռիչքային եւ ավիացիոն անվտանգության, օդային փոխադրումների բնագավառում իրականացվող աշխատանքների ու մատուցվող ծառայությունների որակի շարունակական ապահովման նպատակով կոմիտեն քաղաքացիական ավիացիայի բնագավառում իր իրավասության շրջանակում իրականացնում է պետական վերահսկողություն: Վերահսկողության նպատակով կոմիտեն իրականացնում է ուսումնասիրություն եւ վերահսկողություն… »:

Այս առումով կոմիտեն «Հետքին» հայտնել է. «ՔԱԿ-ում ընթանում է «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից շահագործվող «Boeing 737-300» օդանավի միջադեպի հետ կապված ուսումնասիրություն՝ հանգամանքները պարզելու նպատակով, որի ավարտից հետո կոմիտեն հանդես է գալու համապարփակ պարզաբանմամբ»: Թե երբ կավարտվի ուսումնասիրությունը, հայտնի չէ:

Օդանավի սեփականատերը շվեյցարական ընկերություն է

Ինչպես վերեւում նշեցինք, Իրանում հայտնվելուց հետո տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ իրանական, սկսեցին գրել, որ օդանավը կանխամտածված է տեղափոխվել Թեհրան, որտեղ այն պետք է հանձնվեր նոր տիրոջը/շահագործողին՝ տեղական «Caspian Airlines»-ին:

Մասնավորապես՝ բրիտանական «The Independent» օրաթերթի պարսկալեզու կայքի հեղինակ Բաբակ Թաղվային, որը ռազմական եւ պաշտպանական ոլորտի փորձագետ է, հղում անելով իր աղբյուրին, գրել էր, որ «Caspian Airlines»-ն այս օդանավը պատվիրել էր (գնել էր) դեռ ամիսներ առաջ՝ անցյալ տարի, այսինքն՝ այն ժամանակ, երբ «Boeing 737-300»-ը դեռ գրանցված չէր Հայաստանում՝ «Fly Armenia Airways»-ի կազմում, այլ գտնվում էր լիտվական «GetJet Airlines»-ի հաշվեկշռում եւ կայանված էր Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում: «Հետքը» նշել էր, որ եթե այս ինֆորմացիան ճիշտ է, նշանակում է, որ Հայաստանում գրանցվելն ուղղակի ծխածածկույթ է եղել օդանավը Իրան տեղափոխելու գործընթացում, ինչը նոր երեւույթ չէ հայ-իրանական ավիացիոն կապերում: Այն բանից հետո, երբ հայկական պատվիրակությունը մեկնեց Իրան, բանակցություններ սկսվեցին օդանավը Հայաստան վերադարձնելու ուղղությամբ (չնայած ինքնաթիռը գրանցված է մեր երկրում, այստեղ երբեւէ չի եղել. այն պետք է Երեւան ժամաներ Էստոնիայում եւ Ուկրաինայում տեխսպասարակում անցնելուց հետո), ու ձեռք բերվեց նախնական պայմանավորվածություն, Թաղվային նշեց, որ իրանական կողմի ձեռնարկած գործողությունը ձախողվեց, բայց միաժամանակ, քանի որ «Caspian Airlines»-ն արդեն գնել է օդանավը, այն կփորձի Հայաստան վերադարձնելուց հետո այլ կերպ իրականացնել դրա տեղափոխությունը Իրան:  

Այդուհանդերձ, մինչ օրս «Boeing 737-300»-ը ՀՀ օդանավերի ռեգիստրում է՝ հայկական EK-FAA գրանցումով: Շահագործողը, կրկնենք, «Fly Armenia Airways» ընկերությունն է, որը եւս մեկ «Boeing 737-400» ունի (գրանցումը՝ EK-FAB), սակայն առ այսօր այս փոխադրողը թռիչքներ չի կատարել:

Հաշվի առնելով օդանավի վաճառքի մասին լուրերը՝ ՔԱԿ-ին հարցրել էինք, թե ով է EK-FAA-ի սեփականատերը: Կոմիտեն նշել է, որ դա Շվեյցարիայում գրանցված «BK Impex AG»-ն է: Այս բաժնետիրական ընկերությունը (նախկին անվանումը՝ «Matterhorn Holding AG») գտնվում է Շվեյցարիայի իտալախոս հատվածում՝ Լոկարնո քաղաքում, ղեկավարը Քրիստիան Ֆուզոն է (Christian Fuso): 

Տես նաեւ՝

Լուսանկարում՝ հայկական EK-FAA գրանցումով «Boeing 737-300»-ը՝ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, 03.03.2021

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter