HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ավիաընկերությունը հայտնում է իր ծրագրերի մասին, բայց առաջիկայում, թերեւս, կզրկվի շահագործողի վկայականից

Երեկ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարել է, որ Թեհրանում վայրէջք կատարած եւ մեծ ավիացիոն սկանդալի կենտրոնում հայտնված «Boeing 737-300» օդանավը շահագործող «Fly Armenia Airways» ընկերության ՕՇՎ-ի (օդանավ շահագործողի վկայական) գործողությունը կասեցվել է: Ինչպես տեղեկանում ենք կոմիտեի կայքից, կասեցումն արվել է հունիսի 11-ին:

ՔԱԿ-ը նշել է, որ ավարտվել է EK-FAA հայկական գրանցումով օդանավի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասնագիտական քննությունը, ինչի արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ: Այդուհանդերձ, կոմիտեն չի հայտնել, թե ինչ թերությունների մասին է խոսքը:

Այնինչ ապրիլին ավիացիոն գերատեսչությունը, պատասխանելով մեր հարցերին, մասնավորապես, նշել էր. «ՔԱԿ-ում ընթանում է «Fly Armenia Airways» ավիաընկերության կողմից շահագործվող «Boeing 737-300» օդանավի միջադեպի հետ կապված ուսումնասիրություն՝ հանգամանքները պարզելու նպատակով, որի ավարտից հետո կոմիտեն հանդես է գալու համապարփակ պարզաբանմամբ»: Փաստորեն, «համապարփակ պարզաբանում» չկա, փոխարենը կոմիտեն ասում է, որ մասնագիտական քննության արդյունքները կներկայացնի ԱԱԾ, որը, հիշեցնենք, դեռ փետրվարին քրեական գործ է հարուցել օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հոդվածներով:

Կոմիտեն ավիաընկերության ՕՇՎ-ն, որն իրավունք է տալիս կոմերցիոն փոխադրումներ իրականացնել, կասեցրել է՝ հիմք ընդունելով մասնագիտական քննության արդյունքում հայտնաբերված թերություններն ու այն փաստը, որ ընկերությունը ներկա պահին չունի շահագործման ենթակա որեւէ պիտանի օդանավ:

Հատկապես տարօրինակ է շահագործման ենթակա օդանավ չունենալու փաստը ՕՇՎ-ի կասեցման հիմքում դնելը, քանի որ նման բան «Ավիացիայի մասին» օրենքով նախատեսված չէ: Օրենքը սահմանում է. «Օդանավ շահագործողի վկայականով, կանոնավոր առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրով, այլ թույլտվությամբ նախատեսված գործունեությունն օրենքների եւ այլ իրավական ակտերի, հավաստագրում կամ թույլտվություններում նշված հատուկ պայմանների եւ սահմանափակումների խախտումներով կամ շրջանակներից դուրս իրականացնելու, «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում պետտուրքի գանձման եւ պետբյուջե փոխանցման պարտավորությունները չկատարելու դեպքում ՕՇՎ-ի, առեւտրային օդային փոխադրումների իրականացման հավաստագրի կամ այլ թույլտվության գործողությունը կարող է կասեցվել կոմիտեի կողմից մինչեւ խախտումների վերացումը կամ մանրամասն ուսումնասիրությունների անցկացումը»:

Օդանավերի ՀՀ ռեգիստրում «Fly Armenia Airways»-ն ունի մեկ ինքնաթիռ՝ Իրանում հայտնված, ապա Երեւան տեղափոխված «Boeing 737-300»-ը  (EK-FAA), որը չունի թռիչքային պիտանիության վկայական, այսինքն՝ երկինք բարձրանալու իրավունք: Հունիսի 3-ին ավիափոխադրողը հայտնել էր, որ իր ավիապարկում գտնվող մյուս օդանավը՝ «Boeing 737-400»-ը (նախկին հայկական գրանցումը՝ EK-FAB), պլանավորում է հանել ռեգիստրից ու վերադարձնել սեփականատիրոջը: Սակայն այդ հայտարարությունից 2 ժամ առաջ ՔԱԿ-ն արդեն հրապարակել էր ՀՀ-ում գրանցված օդանավերի թարմացված ցանկը, որում «Boeing 737-400»-ը չկար, այսինքն՝ արդեն իսկ դուրս էր բերվել ռեգիստրից:

Հիշեցնենք, որ «Boeing 737-400»-ը Հայաստան էր բերվել Ուկրաինայից նախորդ տարվա նոյեմբերին ու միայն դեկտեմբերին էր ստացել հայկական գրանցում: Դրա սեփականատերը ԱՄԷ-ում գրանցված «Eastok Avia (FZC)»-ն է:

«Fly Armenia Airways»-ն հունիսի 3-ին հայտնել էր նաեւ, որ «համաձայն իր նոր ռազմավարության, պատրաստվում է համալրել իր օդային պարկը նոր սերնդի ինքնաթիռներով, որոնցով եւ կսկսի իր թռիչքային գործունեությունը։ Ավիաընկերությունը «Boeing 737-800» օդանավի՝ ՀՀ ժամանելու վերաբերյալ հավելյալ տեղեկություն կհրապարակի ավելի ուշ»։

Այդուհանդերձ, հատկանշական է, որ այս ավիաընկերության ՕՇՎ-ն (AOC 070) կասեցվել է մինչեւ հուլիսի 2-ը, իսկ դա վկայականի գործողության վերջնաժամկետն է: Այսինքն՝ եթե մինչ այդ կասեցումը չհանվի, ապա վկայականն ուղղակի կկորցնի իր ուժը, ինչից հետո ընկերությունը պետք է դիմի նոր ՕՇՎ ստանալու համար: Հիշեցնենք, որ «Fly Armenia Airways»-ն այս ՕՇՎ-ն ստացել էր նախորդ տարվա հուլիսի 2-ին մեկ տարի ժամկետով: Եվ այս ընթացքում ընկերությունն այդպես էլ կանոնավոր կամ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ չի իրականացրել:

Մեր նախորդ հոդվածներից մեկում կասկած էինք հայտնել, որ սկանդալի մեջ հայտնված ավիաընկերության ՕՇՎ-ն չի երկարաձգվի հուլիսի 2-ից հետո, այնինչ ստացվեց այնպես, որ վկայականի գործողությունը մինչ այդ կասեցվեց, ինչն իր հերթին մեծացնում է մեր կասկածների իրականություն դառնալու հավանականությունը:

Այս ամենին զուգահեռ՝ ԱԱԾ-ում շարունակվում է քրեական գործի նախաքննությունը: Թե ինչ ճակատագիր կունենա այն, ներկա պահին դժվար է ասել:

Բացի «Fly Armenia Airways»-ից՝ քաղավիացիայի կոմիտեն կասեցրել է մեկ այլ տեղական ավիաընկերության «Smart Airlines»-ի (նախկինում՝ «Atlantis Armenian Airlines». չշփոթել սնանկացած «Atlantis European Airwyas»-ի հետ) ՕՇՎ-ի գործողությունը:

«Smart Airlines»-ն այս տարվա հունվարի 1-ից չունի ՀՀ-ում գրանցված օդանավ, սակայն նրա վկայականի (AOC 068) գործողությունը կասեցվել է ապրիլի 30-ից մինչեւ հուլիսի 30-ը: Իսկ ընդհանրապես այդ վկայականի գործողության ժամկետը մինչեւ գալիք տարվա օգոստոսն է: ՔԱԿ-ը չի հայտարարել կասեցման պատճառը:  

Տես նաեւ՝

Լուսանկարում՝ Ուկրաինայից բերված «Boeing 737-400»-ը, որը դեռ չէր ստացել EK-FAB հայկական գրանցումը (2020 թ., նոյեմբեր)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter