HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«ԱԹՍ արտադրողը» ձեռք է բերել հայկական ավիաընկերություններից մեկը

«Հետքը» որոշ մանրամասներ է պարզել «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» (Atlantis Armenian Airlines) ավիաընկերությունը ձեռք բերած նոր սեփականատիրոջ մասին, որի գործունեությունն ու առնչություններն այլ անձանց ուշագրավ են:

Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետի տեղակալ եւ ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Մարությանին պատկանած «Atlantis Armenian Airlines» ընկերությունը 2020 թ. հոկտեմբերին օտարվել է նոր տերերի, որոնք էլ երկու ամիս անց՝ դեկտեմբերին, փոխել են դրա անունը՝ դարձնելով «Smart Airlines»: Սա ներկայում միակ հայկական ավիաընկերությունն է, որ ունի օդանավ շահագործողի վկայական, բայց չունի օդանավ: Ավիափոխադրողի միջազգային կոդերն են՝ TD (IATA) եւ AEU (ICAO), որոնք ձեռք էին բերվել դեռ Մարությանի օրոք: Չնայած 3 ամիս առաջ անվան փոփոխությանը՝ քաղավիացիայի կոմիտեի ու IATA-ի կայքերում ընկերությունը մինչ օրս նշված է «Atlantis Armenian Airlines» անունով:

Թռուցիկ հիշեցնենք, որ «Atlantis»-ն էր այն ընկերությունը, որը պետք է «L-410» օդանավով շահագործեր Երեւան-Կապան երթուղին, սակայն երբ անցյալ տարվա հոկտեմբերին Ա. Մարությանը (ըստ փաստաթղթերի՝ նրա ընկերները) գրանցեց «ՆովԷյր» (NovAir) ընկերությունը, հենց վերջինս դարձավ վերոնշյալ օդանավի շահագործողը: Ընդ որում՝ ռեգիստրում «ՆովԷյր» ՍՊԸ-ի գրանցումն ու «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ-ի նոր տերերի գրանցումը տեղի են ունեցել նույն օրը՝ հոկտեմբերի 19-ին: Այլ կերպ ասած՝ Արամ Մարությանն օդային փոխադրումների ոլորտում ներկայանում է նոր ընկերությամբ, իսկ նախորդը, որն ունի թե՛ ՕՇՎ, թե՛ միջազգային կոդեր, նա օտարել է:

«Smart Airlines»-ի նոր սեփականատերերը երկուսն են՝ աշտարակցի Էդուարդ Օհանյանը (1 %) եւ Երեւանում գրանցված «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ՍՊԸ-ն (99 %):

Է. Օհանյանը տնօրեն է մի քանի շինարարական ընկերություններում: Անցյալ տարվա հոկտեմբերին՝ մինչեւ «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ-ի ձեռքբերումը, նա հիմնել էր «Արմէյր Ավիա» անունով ընկերություն, որի գործունեության ոլորտը օդային տրանսպորտով միջազգային ուղեւորափոխադրումներն են: Այդուհանդերձ, ըստ ՊԵԿ-ի, ներկայում «Արմէյր Ավիա» ՍՊԸ-ն ժամանակավորապես չի գործում: 2020-ի սեպտեմբերից մինչեւ այս տարվա հունվար Էդուարդ Օհանյանը եղել է նաեւ «Smart Airlines»-ի տնօրենը:

Այդ պաշտոնում նրան փոխարինել է երեւանցի Իլլարիոն Ղարիբյանը, ով ավիացիայի ոլորտից է. որպես օդաչու աշխատել է «Արմավիայում», իսկ հետո եղել «Atlantis European Airways»-ի թռիչքային ծառայության ղեկավար: Հիշեցնենք, որ «Atlantis European Airways»-ն անցյալ տարի սնանկ է ճանաչվել ու լքել հայկական ավիաշուկան, նրա պարտատերերի թվում է նաեւ Ի. Ղարիբյանը:

«Smart Airlines»-ի 99 %-ի սեփականատեր «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ՍՊԸ-ն (Innovation Technology Systems) հիմնադրվել է 2019-ին Երեւանում, ըստ ՊԵԿ-ի՝ հանքարդյունաբերության ոլորտում օժանդակ ծառայություններ է մատուցում: Սակայն ընկերության կանոնադրության մեջ ասվում է, որ այն հիմնականում զբաղվում է անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ: ՍՊԸ-ի հիմնադիրն ու միակ սեփականատերը 40-ամյա երեւանցի Արթուր Պողոսյանն է, այսինքն՝ անուղղակիորեն հենց նա է «Smart Airlines»-ի գլխավոր սեփականատերը: «Հետքն» իր աղբյուրի միջոցով հետաքրքրվել է մեր երկրում ԱԹՍ-ների ոլորտի ներկայացուցիչներից այս ընկերության եւ Ա. Պողոսյանի մասին, սակայն նրանք հայտնել են, որ նման անունով ընկերություն եւ անձի չեն ճանաչում:

Հետաքրքիր է ոչ միայն «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ընկերության գործունեությունը՝ ԱԹՍ-ների արտադրությունը (ըստ կանոնադրության), այլեւ այն, որ այս ՍՊԸ-ն գրանցված է Երեւանի Բագրատունյաց 73 հասցեում: Սա «Նեյտրոն» գործարանի տարածքն է, իսկ «Նեյտրոնը» («Նեյտրոն գիտաարտադրական միավորում» ՓԲԸ) պատկանում է հանրությանը «Պատրոն Դավիթ» մականունով հայտնի գործարար Դավիթ Գալստյանին: Արթուր Պողոսյանի եւ Դավիթ Գալստյանի կապի մասին է խոսում նաեւ այն փաստը, որ Պողոսյանը տնօրեն ու բաժնետեր է այնպիսի ընկերություններում, որոնցում աշխատել կամ աշխատում են Գալստյանի գործընկերները:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներով՝ 2020 թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Իննովեյշն Թեքնոլոջի Սիստեմս» ՍՊԸ-ն ուներ միայն 1 աշխատող: Ինչ վերաբերում է «Smart Airlines»-ին, ապա վերջինս, նույն հիմնադրամի տվյալներով, 2020-ի դեկտեմբերին ուներ 53 աշխատող: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter