Կապանի օդանավակայանը պատրաստ է շահագործման, բայց անվտանգության մասին հարցերն անպատասխան են
Պատերազմական գործողություններից հետո Կապանի «Սյունիք» օդանավակայանի շուրջ նոր իրավիճակ է ստեղծվել: Այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը դեկտեմբերին առաջացել է ընդհուպ մինչեւ օդանավակայան, որի հեռավորությունը սահմանից (այս հատվածում որպես բնական սահման ծառայում է Ողջի գետը) ներկայում ընդամենը մի քանի տասնյակ մետր է, ի հայտ են եկել անվտանգային ռիսկեր:
Անցյալ տարվա դեկտեմբերին, երբ դեռ թշնամուն չէին հանձնվել Կապանի ու հարակից գյուղերի անվտանգությունն ապահովող վերջին տարածքները, եւ օդանավակայանը գտնվում էր հայկական ուժերի թիկունքում՝ որոշակի խորության վրա, ի պատասխան մեր հարցման, թե նոր պայմաններում ինչ քայլեր են կատարվում՝ դեպի Կապան եւ Կապանից թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, ՀՀ քաղավիացիայի կոմիտեից հայտնել էին հետեւյալը. «Սյունիքի մարզի օդային տարածքում թռիչքային անվտանգությունն ապահովված է այնպես, ինչպես ՀՀ օդային մյուս տարածքներում»:
Այդ պատասխանից հետո իրավիճակը փոխվել է ոչ ի օգուտ մեզ, եւ հիմա թշնամու կողմից Կապանի օդանավակայանը դիտարկվում է անմիջականորեն, վիզուալ՝ առանց տեխնիկական միջոցի՝ մի քանի տասնյակ մետրի վրա:
Այդուհանդերձ, ինչպես արդեն գրել ենք, օդանավակայանի վազքուղու եւ սահման դարձած Ողջի գետի միջակայքում տեղակայվել են ռուս սահմանապահները, որոնք հսկողություն են իրականացնում Սյունիքում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անցնող ճանապարհներին:
Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ խորհրդային տարիներին դեպի Կապան թռիչքները կատարվել են մասամբ Ադրբեջանի օդային տարածքով՝ դեկտեմբերին ՔԱԿ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք նոր իրավիճակում նախատեսվում է թռիչքի ուղեգծի փոփոխություն (մասնավորապես՝ վայրէջքի գլիսադան անցնելու է Կապան քաղաքի վրայո՞վ): Սրան ի պատասխան՝ կոմիտեից տեղեկացրել էին, որ անկախ ներկայիս իրավիճակից՝ «Սյունիք» օդանավակայանի թռիչք-վայրէջքների նոր մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում:
Փետրվարին հարցեր էինք ուղարկել նաեւ օդանավակայանի կոնցեսիոներ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Վարդանյանին: Հարցերից մեկը վերաբերում էր անվտանգությանը. «Ադրբեջանական ուժերի ներկայությունը Կապանի օդանավակայանի անմիջական հարեւանությամբ ի՞նչ ռիսկեր է պարունակում դրա շահագործման համար»: Վարդանյանը հայտնել է, որ սրա վերաբերյալ ՍՊԸ-ն իրավասու չէ անել որեւէ մեկնաբանություն: Կարելի է ասել, որ այս հարցի պատասխանը չունեն նաեւ իրավասու մարմինները՝ ՊՆ-ն ու ԱԱԾ-ն, որոնք լրագրողների հարցերին արձագանքում են ոչինչ չասող հաղորդագրություններով կամ պատասխաններով, իսկ նույն Սյունիքի մարզում արձանագրված սահմանային միջադեպերն էլ թաքցնում են հանրությունից:
Կ. Վարդանյանին հարցրել էինք նաեւ, թե երբ է կոնցեսիոներ ընկերությունը պատրաստվում սկսել օդանավակայանի շահագործումը. կա՞ նախատեսված ժամկետ, թե՞ ամեն ինչ կախված է հանգամանքներից: Տնօրենը նշել է, որ 2017-ին մեկնարկած վերակառուցման աշխատանքների ընթացքում հիմքից կառուցվել է նոր ուղեւորային համալիր՝ համաձայն քաղավիացիայի միջազգային բոլոր ստանդարտների, վերակառուցվել է թռիչքուղին, օդանավակայանը կահավորվել ու հագեցվել է անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով, ներդրվել է ժամանակակից անվտանգության համակարգ, իրականացվել են մասնագետների վերապատրաստումներ եւ համապատասխան սերտիֆիկացում:
«Այս ամենի արդյունքում «Սյունիք» օդանավակայանը 2020 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ ՔԱԿ-ի կողմից ստացել է համապատասխան սերտիֆիկատ եւ այդ ամսաթվից պատրաստ է շահագործման: Օդանավակայանի վերակառուցման ծրագիրն ամբողջությամբ իրականացվել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ»,- հայտնել է Կ. Վարդանյանը:
Այսինքն՝ ստացվում է, որ Կապանի օդանավակայանն ամեն ինչով պատրաստ է գործարկման, սակայն այն տեղի չի ունենում: Սա շատ նման է Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ իրավիճակին, որը վերակառուցվեց 2009-2012 թթ., բայց մինչ օրս կանոնավոր կամ չարտերային թռիչքներ չի սպասարկում Բաքվի ռեժիմի հայատյաց եւ ահաբեկչական քաղաքականության պատճառով. հիշեցնենք, որ ադրբեջանցիները հայտարարել էին, թե թռիչքների մեկնարկի դեպքում կխոցեն քաղաքացիական օդանավերը:
Բնականաբար, Կապանի դեպքում թշնամու կողմից որեւէ սանձարձակություն քիչ հավանական է, չնայած, ինչպես ասում են, դեպքը մի անգամ է լինում: Այդուհանդերձ, «Սյունիք» օդանավակայանի գործարկումը առավել եւս հիմա ունի մեծ նշանակություն թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ քաղաքական ու հոգեբանական առումով:
Այս օդանավակայանի վերակառուցման ծրագրին «Հետքը» անդրադառնում է 2017-ից: Հիշեցնենք, որ վերագործարկման նախագիծը սկսել էին Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը (ստեղծվել է կառավարության կողմից, իսկ կառավարող լիազոր մարմինը Սյունիքի մարզպետարանն է) եւ ԶՊՄԿ-ն: Հիմնադրամի կողմից 2017-ի մայիսին հիմնվել էր ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն, որին էլ Կապանի համայնքապետարանը նույն տարվա սեպտեմբերին 25 տարի ժամկետով անհատույց կոնցեսիոն կառավարման հանձնեց համայնքային գույք հանդիսացող օդանավակայանը: Ավելի ուշ կոնցեսիոն կառավարիչ ՍՊԸ-ի համասեփականատեր դարձավ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը:
Օդանավակայանի աերոդրոմը սերտիֆիկացվել է «2B» դասի, ինչը նշանակում է, որ այն կարող է ընդունել համեմատաբար փոքր օդանավեր: Ուղեւորային համալիրի թողունակությունը ժամում մինչեւ 100 ուղեւոր է:
Ըստ Կարեն Վարդանյանի՝ կոնցեսիոներ ընկերությունում ներկայում աշխատում է 40 հոգի, որոնց գերակշիռ մեծամասնությունը Սյունիքի մարզի բնակիչներ են:
Մենք նախկինում պարբերաբար անդրադարձել ենք նաեւ Երեւան-Կապան թռիչքների համար նախատեսված «L-410UVP-E20» չեխական ինքնաթիռին, որն արտադրվել է 2015-ին եւ ՀՀ տեղափոխվել 2018-ին: Այն ձեռք է բերվել ԶՊՄԿ-ի միջոցներով ու երկար ժամանակ կայանված է «Զվարթնոց» օդանավակայանում: Մեր երկրում EK-4117 գրանցումն ստացած այս օդանավը կրում է գրող Համո Սահյանի անունը: Մինչեւ անցյալ աշուն ինքնաթիռը գտնվում էր «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ» ՍՊԸ-ի («Atlantis Armenian Airlines», ներկայում՝ «Սմարթ Էյրլայնզ») շարժակազմում:
Նախորդ գարնանը «Ատլանտիսի» ներկայացուցիչը մեզ տեղեկացրել էր, որ 19 հոգու համար նախատեսված ինքնաթիռը Երեւան-Կապան թռիչքների համար կօգտագործի 17 նստատեղ, որոնցից յուրաքանչյուրին կտրվի նաեւ 20 կգ ուղեբեռ տեղափոխելու հնարավորություն, բայց չի բացառվում, որ հետագայում նստատեղերի թիվը հասցվի 19-ի՝ նվազեցնելով տեղափոխվող ուղեբեռի ծավալը:
Հոկտեմբերի 27-ին ինքնաթիռը գրանցվել է այլ օպերատորի՝ նորաստեղծ «ՆովԷյր» ՍՊԸ-ի հաշվեկշռում:
Կապանի օդանավակայանի կոնսեցիոներին հարցրել էինք՝ ունի արդյոք տեղեկություն, թե ինչու է փոխվել ինքնաթիռը շահագործող ընկերությունը, ինչին Կարեն Վարդանյանը պատասխանել է, որ իրենք իրավասու չեն մեկնաբանություն անել դրա վերաբերյալ:
«ՆովԷյրի» մասին արդեն գրել ենք: Թե՛ դա, թե՛ «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզը» հիմնադրվել են ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության (ներկայում՝ քաղավիացիայի կոմիտե) պետի նախկին (2007-2014 թթ.) տեղակալ, 2011-ից ՀՀ-ում Ավստրիայի պատվո հյուպատոս Արամ Նովելի Մարությանի մերձավոր շրջապատի կողմից:
2020 թ. հոկտեմբերին հիմնադրված «ՆովԷյրը», թերեւս, հենց Մարությանի հոր անունն է կրում, ու կարող ենք հետեւություն անել, որ փաստացի սեփականատերը հենց Ա. Մարությանն է, չնայած նրա անունը ՍՊԸ-ում չկա: Ըստ պետռեգիստրի՝ «ՆովԷյրը» հիմնադրել է երեւանցի Սուրեն Ավագյանը, որի անվանը հանդիպում ենք Արամ Մարությանին առնչվող այլ ընկերություններում եւս, այդ թվում՝ «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզում»: Ավագյանն այստեղ 2012-2017 թթ. փայատեր է եղել: 1 մլն դրամ կանոնադրական կապիտալով «ՆովԷյրի» գրանցումից 10 օր անց դրա միակ սեփականատեր Ս. Ավագյանն իր տեղը զիջել է սեւանցի Արսեն Ասլանյանին (Ա. Մարությանը եւս Սեւանից է): Ասլանյանը նույնպես կապ ունի Արամ Մարությանի բիզնեսների հետ, մասնավորապես՝ 2010-2012 թթ. եղել է «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզի» տնօրենը:
«ՆովԷյրի» տնօրենը ստեղծումից ի վեր երեւանցի Ռոլլանդ Մարգարյանն է, ով եւս Մարությանի մերձավոր շրջապատից է, ու նրա անունը կարելի է գտնել Մարությանի բիզնեսներից շատերում: Ընկերությունը գրանցված է Երեւանի Սայաթ-Նովայի 29 հասցեում, որտեղ Արամ Մարությանի ընկերություններն ու պատվո հյուպատոսի գրասենյակն են:
Քաղավիացիայի կոմիտեի կայքի տվյալներով՝ այս պահին EK-4117-ը չունի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ, ինչը նշանակում է, որ առժամանակ չի կարող օդ բարձրանալ:
Հ.Գ. Հայաստանի օդանավակայանների մասին մեր հոդվածաշարը ներկայացնում ենք նաեւ այս քարտեզի միջոցով: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել դրանց վերաբերյալ մեր հոդվածների կարճ հղումները:
* Կապույտ - քաղաքացիական աերոդրոմներ
Դեղնականաչ - ռազմական աերոդրոմներ
Կանաչ - համատեղ բազավորման աերոդրոմներ
Լուսանկարները՝ հեղինակի (2021 թ. հունվարի 20)
Մեկնաբանել