HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Առերեսվելով թշնամու հետ. նոր իրավիճակ Սյունիքի ճանապարհներին

Այն, որ նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի սահմաններին նոր իրադրություն է ստեղծվել, կարելի է սեփական աչքով տեսնել՝ Երեւանից շատ չհեռանալով: Մայրաքաղաքից 60 կմ հեռավորության վրա՝ Արարատի մարզի Երասխ գյուղում է տեղակայված Հայաստանում ռուս սահմանապահների 6 նոր հենակետերից մեկը: Այն գտնվում է գյուղի օղակաձեւ խաչմերուկի անմիջական հարեւանությամբ: Մինչ այս ռուսներին կարելի էր տեսնել միայն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին:

Երասխը հայ-թուրք-ադրբեջանական սահմանային եռանկյունու վրա է, դրա դիմաց՝ խրամատներից այն կողմ են Նախիջեւանի Հեյդարաբադ եւ Սադարակ գյուղերը: Երասխով են անցնում Երեւան-Նախիջեւան-Մեղրի-Հորադիզ երկաթգիծն ու մայրուղին, որոնք Արցախյան առաջին պատերազմի տարիներից փակ են, եւ այժմ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցություններում առանցքային է դարձել այս ճանապարհների ապաշրջափակման հարցը:

Քանի դեռ Նախիջեւանի տրանսպորտային միջանցքը մնում է փակ, Երեւանից Կապան, Քաջարան կամ Մեղրի հասնելու երկու տարբերակ կա՝ Գորիսով ու Տաթեւով: Չնայած Գորիս-Կապան 65 կմ երկարությամբ ճանապարհը նոյեմբերի 9-ից հետո դարձել է սահմանամերձ, մինչեւ հիմա գերազանցապես հենց դրանով են երթեւեկում մարդատար ու բեռնատար մեքենաները, մասնավորապես՝ Իրան մեկնող եւ այնտեղից եկող բեռնատարները: Երեւանից մինչեւ Գորիս տեղ-տեղ հանդիպում են Երեւանի ուղղությամբ ընթացող ռուսական զինվորական բեռնատարներ, ինչպիսիք օգտագործում են Արցախում գործող ռուսական խաղաղապահ ուժերն ու Սյունիքում տեղակայված ՌԴ սահմանապահները:

Նրանք, ովքեր նախկինում գոնե ժամանակ առ ժամանակ մեկնել են Գորիսից հարավ՝ Կապան, Քաջարան կամ Մեղրի, եւ ծանոթ են, մասնավորապես, Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհին, այսօր, թերեւս, միանգամայն այլ զգացողություններ են ունենում այդ նույն մայրուղով երթեւեկելիս:

Գորիսից Որոտան տանող ճանապարհին բարձրավոլտ էլեկտրագծերն ապամոնտաժվել են, ու «մերկացած» սյուները անծանոթին էլ կհուշեն, որ մոտենում ենք հակամարտության գոտու շփման գծին:

Խորհրդային տարիների հայ-ադրբեջանական սահմանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վերահսկիչ կետն է, որտեղ ստուգում են երթեւեկող մեքենաները: Այստեղով դեպի Կապան գնալիս մեր մեքենան չստուգեցին, սակայն վերադարձին ստուգեցին թե՛ անձնագրերը, թե՛ մեքենայի բեռնախցիկը:

ԱԱԾ-ի վերահսկիչ կետից քիչ հեռու՝ անմիջապես հայ-ադրբեջանական սահմանի վրա, ռուս սահմանապահների կետն է, սակայն այստեղ մեքենաները կանգ չեն առնում, ստուգում չի իրականացվում: Շեշտենք, որ սահման ասվածը հարաբերական է, քանի որ դրա իրական կոորդինատները ճշգրտված չեն, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի կատարվել դելիմիտացիա եւ դեմարկացիա, ինչի պայմաններում թշնամին առաջ է եկել՝ առաջնորդվելով ամերիկյան «Google» ընկերության քարտեզ-հավելվածով եւ GPS տեղորոշիչ համակարգով, որոնք կիրառվում են բջջային հեռախոսներում:

Ռուս սահմանապահների դիրքից մի քանի տասնյակ մետրի վրա՝ իրենց տարածքում (ըստ «Google»-ի վիճելի սահմանագծի), ադրբեջանցիները տեղադրել են «բարի գալուստ Ադրբեջան» անգլերեն ու ադրբեջաներեն գրություններով ցուցանակ, որի վրա Հայաստանի տարածքն իրենց երկրի համեմատ ակնհայտ փոքրացված-սեղմված է: Այս իրողությանն ուշադրություն է հրավիրել նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: Ցուցանակի մոտ՝ ճանապարհի վրա, ադրբեջանցիների հենակետ չկա:

Ճանապարհն այստեղից ոլորաններով իջնում է դեպի Որոտան գետ, որի ափի եւ մայրուղու միջեւ ընկած հատվածում Ղուբաթլուի շրջանի նախկին Էյվազլի գյուղի ավերակներն են:

Մ-2 (Երեւան-Գորիս-Կապան-Իրանի սահման) միջպետական ավտոճանապարհի 3,6 կմ-ը, փաստորեն, նոր պայմաններում անցնում է ադրբեջանցիների վերահսկողության տակ գտնվող տարածքով: ՀՀ սահմանապահ զորքերի վերահսկիչ կետում վարորդներին նախապես զգուշացնում են այս հատվածն անցնել առանց կանգառի, իսկ խնդիրների դեպքում միացնել լուսարձակները:

Ոլորաններն իջնելիս՝ աջ թեւի վրա, ճանապարհի ու կիրճի վրա իշխող բարձունքին ադրբեջանցիները շտապել են տեղադրել իրենց դրոշը:

Ու չնայած դրա հարեւանությամբ՝ հենց Հայաստանի տարածքում, ավելի բարձր ու հարմար կետեր կան ՀՀ դրոշը տեղադրելու համար, մեր եռագույնն այդպես էլ չնկատեցինք (ճանապարհով անցել ենք հունվարի 19-ին ու 20-ին): Միայն վերադարձին Որոտան գետի աջ ափին գտնվող համանուն գյուղի հարեւան բլուրներից մեկի վրա նկատեցինք խաչը, որի կողքին հազիվ կարելի էր տեսնել ավելի փոքր չափերի եռագույնը: 

Որոտանի կիրճի այն հատվածում, որն անցել է թշնամուն, նրան են մնացել նաեւ բոլոր շենք-շինությունները, այգիները, բաձրավոլտ գծերից մաքրված սյուները, գետի ափին գտնվող ասֆալտի նախկին գործարանի տարածքը (մեխանիզացիան տարհանվել է տարածքի հանձնումից առաջ):

Ադրբեջանի տարածքը կամ, ավելի ճիշտ կլինի ասել, վերահսկողության գոտին ավարտվում է երկհարկանի տնով, որը հատկապես անցած դեկտեմբերին, երբ սահմանների ճշգրտում էր տեղի ունենում (իրականում դա ճշգրտում էլ չէր, այլ անհասկանալի մի պրոցես ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ), հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում:

Նախկին հայ սեփականատիրոջ տանն այժմ տեղակայվել են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները, այլ կերպ ասած՝ տունը դարձել է հենակետ: Դրա բակում թշնամին կանգնեցրել է իր դրոշն ու մի ցուցանակ տնկել Որոտանի կողմից Գորիս գնացողների համար՝ կրկին բարի գալուստ մաղթելով Ադրբեջան:

Եվս մի ցուցանակի (ավելի փոքր) վրա գրված է՝ «Ադրբեջանի Հանրապետություն, Ղուբաթլուի շրջան, գյուղ Էյվազլի»: 

Տան վրա ադրբեջանցիները ճանապարհի երթեւեկությանը հետեւող երկու տեսախցիկ են դրել, բակում զինված վերակարգ կա:

Հենց տան հարեւանությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանագծին է կանգնած ռուս սահմանապահների «ԿամԱԶ»-ը:

Ճանապարհի այս հատվածում՝ Որոտան գյուղի տարածքում, մեր սահմանապահ զորքերը վերահսկիչ կետ չունեն (հունվարի 19-20-ին նման կետ չենք տեսել, մեզ չեն կանգնեցրել ու չեն ստուգել), ինչը տարօրինակ է, քանի որ, անկախ ռուս սահմանապահների ներկայությունից, տրամաբանական չէ նման կետ դնել թշնամու վերահսկողության տակ անցած տարածքի միայն մի կողմում: Սակայն եթե հավատանք պաշտոնական աղբյուրներին, օրինակ՝ ՀՀ պաշտպանության նախարարին, մեր սահմանապահները վիզուալ հետեւում են ճանապարհին:

Դեկտեմբերի վերջին «Զինուժի մեդիային» տված հարցազրույցում ՊՆ Վաղարշակ Հարությունյանն անդրադարձել էր Սյունիքում ռուս սահմանապահների տեղակայմանը, որոնք, մասնավորապես, հսկում են Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածը:

Խոսքն, ըստ էության, Որոտանի կիրճից՝ ժողովրդի շրջանում հայտնի «թասի» ոլորաններից վերեւ ընկած տարածքից մինչեւ Կարմրաքար (Դավիթ Բեկի խաչմերուկ) ձգվող ճանապարհի մասին է, որը նույն «Google»-ի քարտեզում անցնում է հայ-ադրբեջանական սահմանի եզրով՝ տեղ-տեղ անցնելով Հայաստանի կամ Ադրբեջանի կողմ:

«Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կմ-ը իրենց հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը: Իրենք վերահսկում են ճանապարհը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում եւ վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը: Մեր սահմանապահ զորքերի հետեւում կանգնած է մեր բանակը: Եվ ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի ու ճանապարհի միջեւ որեւէ զորք չի լինելու: Նույնը վերաբերում է Ադրբեջանին: Վիզուալ հսկողություն կատարում են ադրբեջանական սահմանապահ զորքերը, հետեւում՝ իրենց զորքը: Այնտեղ նույնպես սահմանապահ զորքերի եւ ճանապարհի արանքում չպետք է լինի որեւէ զինված ստորաբաժանում: Ռուսաստանը մեր եւ ադրբեջանցի սահմանապահների հետ միասին որոշում է, թե ինչ հեռավորության վրա կանգնի իրենց դիտակետը կամ որեւէ այլ միջոց, որն ապահովում է ճանապարհի վերահսկողությունը: Ռուսաստանն ունի անցակետ Գորիսի հատվածում եւ Դավիթ Բեկում: Հիմա գնում է այդ գործընթացը, երբ սահմանապահ զորքերը որոշում են իրենց դիրքերը, ինչ գծով են կանգնելու, եւ դա արվում է ռուս սահմանապահների կոորդինացման ներքո: Նույն ձեւով ապահովվում է Կապան-Ճակատեն ճանապարհի անվտանգությունը»,- դեկտեմբերին հայտարարել է պաշտպանության նախարարը:

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հարցրել էինք՝ կա՞ եռակողմ համաձայնություն այն մասին, թե ռուսական ուժերից (այսինքն՝ Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհներից) ինչ հեռավորության վրա են դիրքավորվելու երկու կողմերի սահմանապահները եւ բանակները: Խնդրել էինք հայտնել, թե քանի մետրի մասին է խոսքը: Ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնել են, որ սահմանապահների եւ ռազմական ստորաբաժանումների դիրքերի տեղակայման հեռավորության վերաբերյալ տեղեկատվությունն, անվտանգության նկատառումներից ելնելով, հրապարակման ենթակա չէ:

Հայ եւ ադրբեջանցի սահմանապահները, թերեւս, ամենամոտը կանգնած են Շուռնուխ գյուղում, որի ներքեւի թաղամասի 12 տներից 11-ը «Google»-ի քարտեզով սիրողական ճշգրտում անելուց հետո անցել են թշնամու վերահսկողության տակ: Կիսվել է նաեւ 12-րդ տան անասնագոմը:

Հիմա այդ տան բակում տեղակայվել են հայ սահմանապահները, այստեղ նաեւ ՀՀ եռագույնն է, իսկ մի քանի մետրի վրա՝ ադրբեջաներեն ցուցանակը՝ «Ադրբեջանի Հանրապետություն, Ղուբաթլուի շրջան, գյուղ Շուռնուխ»:

Թշնամին իրեն անցած տարածքում կանգնեցրել է սեփական դրոշները:

Հայկական բնակավայրը բաժանվել է երկու մասի: Շուռնուխում եւս տեղակայվել են ռուս սահմանապահներ, որոնց վերակարգն ու զրահամեքենան կարելի է տեսնել «հայկական մայթին»: 

Հունվարի 19-ին ու 20-ին Գորիս-Կապան մայրուղով երթեւեկելիս երկու անգամ ենք տեսել ՌԴ սահմանապահ ծառայության պարեկային մեքենան: Կապան գնալիս դրան հանդիպեցինք «թասի» ոլորաններով իջնելիս, իսկ վերադարձի ժամանակ՝ Գորիսի կողմից Որոտանի կիրճ երթեւեկելուց (լուսանկարում):

Ինչ վերաբերում է հայ սահմանապահներին, ապա նրանց հանդիպեցինք մեկ անգամ, երբ վերադառնում էինք Կապանից: Մեր զինված պահակախումբը քայլում էր մայրուղով: Իսկ ահա ադրբեջանցի սահմանապահների եւս մի դիրք նկատեցինք Գորիս-Կապան ճանապարհի ամենաբարձրադիր կետից (ՀՀ տարածքում այստեղից ճանապարհ կա դեպի հեռուստաաշտարակ եւ Ձորակ բնակավայր) ոչ հեռու՝ իրենց տարածքում (ըստ «Google»-ի քարտեզի): Թշնամու դիրքում բարձրացված էր սեփական դրոշն ու զինված վերակարգ էր կանգնած:

Կարմրաքարից Դավիթ Բեկ տանող խաչմերուկի հարեւանությամբ գտնվող կանգառի մոտ ռուս սահմանապահների հենակետն է:

Այստեղ ավարտվում է ռուսների վերահսկողության տակ գտնող 21-կիլոմետրանոց հատվածը (իրականում Որոտանի «թասի» ոլորանների վերեւի տարածքից մինչեւ այս խաչմերուկ 23 կմ է):

Սակայն, ինչպես ասվեց, ռուսները միայն այստեղ չեն, այլ նաեւ Կապան-Ճակատեն ճանապարհին եւ «Սյունիք» օդանավակայանի հարեւանությամբ: Ռուս սահմանապահների վրանը կարելի է նկատել Ողջի գետի հայկական ափին՝ գետի եւ օդանավակայանի ցանկապատի միջեւ:

Գետի աջ ափին նախկին Աղքենդ (Սպիտակաշեն) գյուղն է, դրա հարեւան բլրի վրա ադրբեջանցիները կանգնեցրել են իրենց դրոշը, իսկ դրանից քիչ հեռու՝ ավելի բարձր նիշերի վրա, ՀՀ երկու եռագույններն են, որոնք իշխում են տարածքի վրա:

Այստեղ եւս ծառայություն են իրականացնում ԱԱԾ սահմանապահ զորքերն ու զինված ուժերը: Հայ սահմանապահների ներկայությունը նկատելի է հենց Կապան մտնող ճանապարհից:

Այդուհանդերձ, «Հետքի» զրուցակից կապանցիներից մեկը, ով տուն ունի նաեւ Ծավ գյուղում, պատմեց, որ նոր պայմաններում խուսափում է երեխաներին գյուղ տանել, քանի որ ճանապարհի Կապան-Ճակատեն հատվածում, որն անցնում է սահմանի երկայնքով, նկատել է մայրուղու վրա հայտնված զինված ադրբեջանցիների:

Չնայած դեկտեմբերից (ադրբեջանցիները Որոտանի, Շուռնուխի ու Կապանի ուղղությամբ առաջացան այդ ժամանակ) մինչեւ հիմա Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ճանապարհներին միջադեպեր չեն գրանցվել, դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, եւ մինչ օրս հղփացած վարքագիծ դրսեւորող թշնամին ինչ սադրանքների դեռ կարող է դիմել: Անգամ չնչին էսկալացիան կարող է գլխիվայր շուռ տալ փխրուն իրավիճակը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter