HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Երկիրը որբի գլուխ չէ, որ վրան վարսավիրություն սովորես

սկիզբը

«Հայոց լեզուն որբի գլուխ չէ, որ նրա վրա վարսավիրություն սովորեն: Կարելի է թեթեւամիտ լինել սեփական գործի, սեփական կյանքի ու գլխի հանդեպ, բայց ոչ հանրային գործի, ազգային կյանքի ու սրբության: Անպատասխանատվությունը սահման ունի, որից անց արդեն կոչվում է հանցագործություն, մի հանցագործություն, որի դատապարտման համար պետք չեն դատավոր ու դատախազ, որովհետեւ այս երկուսը հանդես են գալիս միասնաբար՝ Ժողովուրդ անունով եւ Ազգ ազգանունով…»:

Պարույր Սեւակ, 1964 թ.

Շարունակելով ՀՀ պետական մարմինների ու պաշտոնյաների հակասական հայտարարությունների շարքը՝ այս անգամ ներկայացնում ենք Հայաստանի սահմաններին առնչվող հայտարարությունները:

Վարչապետի մանիպուլյացիան

Անցյալ տարվա նոյեմբերի 26-ին մենք հարցում էինք ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որում բարձրացրել էինք նաեւ Սյունիքի մարզի սահմանամերձ հատվածով անցնող Գորիս-Կապան եւ Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհների անվտանգությանը եւ այդ հատվածներում սահմանազատմանը (դեմարկացիա) վերաբերող հարցեր: Դեկտեմբերի 7-ին վարչապետի աշխատակազմը մեր 3 հարցերին տվել էր 1 ընդհանուր պատասխան, այն է՝ «Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի սահմանամերձ հատվածներին վերաբերող հարցերը փոխկապակցված են ՀՀ զինված ուժերի մարտական նոր հենակետերի տեղակայման, իսկ հետագայում նաեւ երկկողմ սահմանագծման (դելիմիտացիայի) եւ սահմանազատման (դեմարկացիայի) աշխատանքների եւ այդ ուղղությամբ իրականացվելիք բանակցությունների հետ (որոնք միջազգային պրակտիկայում երկկողմ հարաբերություններ պահանջող եւ տարիներ տեւող գործընթացներ են)»:

Սրանից մենք հետեւություն էինք արել, որ ՀՀ զինված ուժերը շարունակելու են մնալ այն դիրքերում, որտեղ այդ պահին տեղակայված էին: Խոսքը Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մասին էր, որոնց մի մասն այդ ժամանակ շարունակում էր մնալ հայկական վերահսկողության տակ, եւ պաշտոնապես որեւէ իրազեկում չէր եղել այդ մնացած հատվածները եւս Ադրբեջանին հանձնելու մասին: Այս մասով իշխանությունները հետեւողականորեն լռել են: Այդ պայմաններում եւ վարչապետի աշխատակազմի պատասխանի տրամաբանությամբ կարելի էր մտածել, որ Ղուբաթլուի եւ Զանգելանի՝ հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածների վրա տարածվում է նոյեմբերյան եռակողմ հայտարարության առաջին կետը՝ Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Միաժամանակ մեր ստացած պատասխանից բխում էր, որ Հայաստանի հարավարեւելյան հատվածում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցեր չեն քննարկվում, եւ առաջիկայում դրա նախանշաններ չեն էլ երեւում:

Ինչպես հետո պարզվեց, եթե դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցեր չեն շոշափվում, ապա հայկական զորքը պետք է, այդուհանդերձ, հետ քաշվի Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջաններից: Այսպես՝ դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանից» Գուրգեն Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե հրապարակված փաստաթղթից՝ եռակողմ հայտարարությունից բացի՝ կա արդյոք հավելված, ինչին Փաշինյանը արձագանքեց. «Որեւէ հավելված, այլ փաստաթուղթ եւ այլն, էդպիսի բան գոյություն չունի»:

Վարչապետը, սակայն, չասաց, որ առնվազն կա բանավոր պայմանավորվածություն Ղուբաթլուի եւ Զանգելանի մասով, ինչն ամրագրված չէր եռակողմ հայտարարության մեջ: Շեշտը դնելով զուտ ինչ-որ գրավոր թղթի վրա՝ նա թաքցրեց այդ կարեւոր դետալը՝ մանիպուլացնելով խնդրի էությունը:

Սրանից 4 օր անց՝ դեկտեմբերի 13-ին, անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարեց. «...Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Ղուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»:

Դեկտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե Ղուբաթլուի եւ Զանգելանի մասով նոյեմբերյան հայտարարության մեջ արդյոք գրված չէ, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է, վարչապետն ասաց. «Դա նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Արցախի շփման գիծն է նկատի առնվում, եւ ես ասել եմ նախկինում եւ խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Ղուբաթլուի եւ Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետեւ այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված»:

Ինչպես իշխանությունը մոլորեցրեց ազդակիր բնակավայրերին ու մարդկանց

Այսպիսով՝ դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում Փաշինյանի հայտարարած «էդպիսի բան գոյություն չունի»-ն 18 օրում դարձավ «բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել», ինչը դրանից մի քանի օր առաջ վարչապետի կողմից ձեւակերպվում էր «եղել է ըմբռնում» արտահայտությամբ: Այսինքն՝ Պուտինի եւ Ալիեւի հետ ունեցած թեկուզ բանավոր պայմանավորվածությունը թաքցվել է հասարակությունից ու, մասնավորապես, այն համայնքներից, որոնք դրա հետեւանքների անմիջական կրողն են դարձել:

Հիշեցնենք, որ այս գաղտնի պայմանավորվածության հետեւանքով դեկտեմբերին, մասնավորապես, Կապան համայնքի մեջ ընդգրկված բնակավայրերը կանգնեցին փաստի առաջ: Ամսի 17-ին ՊՆ-ից հրահանգ եկավ, որ մինչեւ դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17:00-ն, հայկական ուժերը պետք է հետ քաշվեն Կապանի ու դրան հարակից 13 գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ) անվտանգությունն ապահովող բարձունքներից, որոնք գտնվում էին Զանգելանի շրջանում եւ պատերազմի ժամանակ զբաղեցված ու ամրացված էին մեր ուժերի կողմից: 

Դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ հանդիպել էին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին: Ամսի 25-ին ԱԺ-ում Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն այդ հանդիպման մասին պատգամավորներին հայտնել էր. «Պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք, ես էդ հարցը հնչեցրել եմ՝ ո՞նց եղավ մեր դիրքերից հետ գնացինք, նախարարն ինձ պատասխանեց, որ համաձայնությունն ի սկզբանե է եղել: Եթե եղել է, ինչի՞ մենք տեղյակ չենք եղել, ինչի՞ ենք էդքան ամրացել դիրքերում, նոյեմբերի 9-ից հետո երկրորդ, երրորդ բնագիծ ենք կազմել»:

Անվտանգության խորհրդի քարտուղարը չի տիրապետում իրավիճակին

Դելիմիտացիան հարեւան պետությունների սահմանագծի որոշումն է քարտեզի վրա, իսկ դեմարկացիան այդ սահմանագծի անցկացումն իրական պայմաններում՝ երկրի մակերեւույթին: Այդ աշխատանքները կատարվում են պետությունների կողմից ձեւավորված համատեղ հանձնաժողովի կողմից, ինչն այսօրվա հայ-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին հնարավոր չէ անգամ պատկերացնել:

Պարզվում է՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պատասխանատու պաշտոնը զբաղեցնող Արմեն Գրիգորյանը անտեղյակ է, որ Հայաստանի սահմանների վերաբերյալ դելիմիտացիա կամ դեմարկացիա չի արվում, եւ ընդհանրապես, սույն պաշտոնյան, կարող ենք ասել, չգիտի, թե ինչ է դեմարկացիան կամ դելիմիտացիան: Դեկտեմբերի 18-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին, թե ինչ է տեղի ունենում Սյունիքում, Գրիգորյանը ոչ ավել, ոչ պակաս պատասխանում է. «Այս պահին դեմարկացիա է կատարվում, եւ այդ դեմարկացիայի շրջանակներում ճշգրտվում է սահմանը ոչ միայն Սյունիքում, կարելի է ասել՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի գործընթաց է ընթանում»: Լրագրողի դիտարկմանը, թե նման կետ չկա եռակողմ հայտարարության մեջ, Գրիգորյանն ասում է. «Չի էլ կարող լինել [նման կետ], որ դեմարկացիա չլինի: Մենք միանշանակ ավելի շատ ենք հետաքրքրված դեմարկացիայով, որովհետեւ էս ստեղծված իրավիճակում մենք դեմարկացիան պետք ա հստակեցնենք… Ընդհանուր դեմարկացիան բխում է մեր շահերից, եւ եթե մենք դեմարկացիա չկատարենք, ապա հետագայում կարող են այլ խնդիրներ լինեն»: Լրագրողի վերջին հարցին՝ «Հիմա ողջ ծավալով գնում է դեմարկացիա, ես ճի՞շտ հասկացա», ԱԽ քարտուղարը պատասխանում է. «Ըհը»:  

Ա. Գրիգորյանի պնդումները դեմարկացիայի մասին կարող եք դիտել տեսանյութում:

Այս հարցազրույցից անմիջապես հետո Գրիգորյանը պետք է ազատվեր աշխատանքից՝ իր պաշտոնից բխող տարրական ինֆորմացիային չտիրապետելու եւ սխալ տեղեկություններ տարածելու հիմքով:

Դեկտեմբերի 27-ին նույն թեմայի վերաբերյալ Փաշինյանն իր հերթին հայտարարեց. «Սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա տեղի չի ունենում: Որոշակի սահմանային կետերի ճշգրտում է տեղի ունենում, սահմանային կետերի ճշգրտում: Որովհետեւ դելիմիտացիա, դեմարկացիա անելու համար պետք է դիվանագիտական հարաբերություններ լինեն, համատեղ հանձնաժողով ձեւավորվի, որը նախ քարտեզի վրա աշխատի, ապա՝ արդեն տեղում դեմարկացիա անելով, կետերը կոնկրետ նշելով»:

Սահմանազատման աշխատանքների մասին հաղորդագրություններ է տարածել նաեւ ՊՆ-ն (տես այստեղ եւ այստեղ), չնայած իրականում խոսքը ոչ թե սահմանազատման (դեմարկացիա), այլ սահմանների ճշգրտման մասին է: Հասկանալի է, որ դրանց միջեւ շատ մեծ տարբերություն կա: Կարճ ասած՝ սահմանազատումից առաջ նախ պետք է սահմանագծում (դելիմիտացիա) տեղի ունենա: Բայց ինչպես տեսնում ենք, պաշտոնյաներն ու պետական մարմինները չեն տարբերում տերմինները:

Ի՞նչ հիմքով է ճշգրտվում սահմանը

Թե ինչ հիմքով է ճշգրտվում սահմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Գեղարքունիքից մինչեւ Սյունիք, նոր հակասությունների տեղ է տվել: Խոսքն առաջին հերթին պաշտոնյաների հայտարարությունների մասին է:

Դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը կառավարությանը հարցրել էր, թե արդյոք մինչեւ 1930 թ. պատմական քարտեզներն օգտագործվում են որպես սահմանազատման հիմք, ինչին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատասխանել էր. «1928-1929 թթ. քարտեզները, այո՛, դրանք փաստաթղթեր են, որոնք միանշանակ բանակցությունների հիմքում են դրվելու, որովհետեւ փաստացիորեն էդ 1928-1929 թթ. քարտեզները այդ ժամանակ երկու երկրների կողմից ընդունված իրավական փաստաթղթեր են, որը չի նշանակում, որ այլ փաստաթղթեր բանակցային փուլում չեն քննարկվելու: Բանակցություններն, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենալու հենց այս տարվանից սկսած: Հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է էս բանակցությունները տարվեն»:

Մինչեւ 1930 թ. եղած քարտեզների շեշտադրումն արվում է այն հիմքով, որ այդ ժամանակ Հայաստանի տարածքն ավելին է եղել, քան հետո: Փոխվարչապետի ասածից դժվար է եզրակացություն անել, թե կոնկրետ ինչ բանակցությունների մասին է խոսքը, քանի որ մինչ այս պահը դելիմիտացիայի ու դեմարկացիայի աշխատանքների մեկնարկի մասին խոսք չկա, եւ տեսանելի հեռանկարում էլ դժվար է նման բան ակնկալել, սակայն Ավինյանն, անդրադառնալով Սոթքի կիսված հանքի խնդրին եւ զորքերի նոր դիրքավորմանը, ասում է. «Քանի որ իրավական սահման որպես այդպիսին ֆիքսված չէ, էդտեղ տեղի են ունենում հարցեր, որոնց ժամանակավոր այսպիսի լուծումներ են տրվում, եւ էդ ժամանակավոր լուծումները պետք է հաստատվեն իրավական փաստաթղթերով, որոնք պետք է արդյունք լինեն բանակցությունների»: Սրանից կարելի է ենթադրել, որ խոսքն, այդուհանդերձ, հենց պետական սահմանի դեմարկացիայի մասին է, որը պիտի ամրագրվի իբրեւ բանակցությունների վերջնարդյունք: Այստեղ, սակայն, կարող ենք հիշել վարչապետի աշխատակազմի պատասխանը մեր առաջին հարցմանը, ըստ որի՝ դելիմիտացիան, դեմարկացիան ու դրանց ուղղությամբ բանակցությունները միջազգային պրակտիկայում երկկողմ հարաբերություններ պահանջող եւ տարիներ տեւող գործընթացներ են:

Հանրային հեռուստաընկերությանը տված վերոնշյալ հարցազրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին ասում է, թե սահմանազատումը (իրականում՝ սահմանների ճշգրտումը) կատարվում է 1985 թ. փաստաթղթի (քարտեզի) հիման վրա: Սակայն Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն էլ դեկտեմբերի 18-ին pastinfo.am-ին հայտնել է, թե «սահմանագծումը (սահմանագծումը դելիմիտացիան է, ինչի մասին ներկայում խոսք չկա, հավանաբար, նկատի է ունեցել սահմանի ճշգրտումը - «Հետք») կատարվում է 1974 թ. ԽՍՀՄ քարտեզով»: Այն, որ հիմք է ընդունվել 1974 թ. քարտեզը, «Հետքի» հետ զրույցում դեկտեմբերի 17-ին ասել էր նաեւ Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը՝ խոսելով Զանգելանի շրջանում գտնվող եւ Կապանն ու դրա գյուղերը պաշտպանող հայկական հենակետերը թշնամուն հանձնելու մասին: «Այս բոլոր տարածքները մինչեւ 1929 թ․ եղել են հայկական տարածքներ։ 1929 թ․ դրանք տրվել են Ադրբեջանին։ Այդ տարածքներում ներառվել է 21 գյուղ։ Եվ ինչի՞ պիտի սահմանազատումն արվի 1974-ի քարտեզով, այլ ոչ թե, օրինակ, 1929-ի»,- կիսահռետորական հարց էր տվել Փարսյանը:

Իր հերթին մեծ աղմուկ հանած Շուռնուխ գյուղի մասին դրա վարչական ներկայացուցիչ (Շուռնուխն ընդգրկված է Գորիս համայնքի կազմում) Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան եթերով պատմել էր, որ հակամարտող կողմերի միջեւ տեղակայված ռուս սահմանապահներն իրեն ցույց են տվել 1942 թ. ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզը, սակայն իրականում, ըստ Արշակյանի, այդ քարտեզում, որից ինքը եւս ունի, գյուղի ներքեւի թաղամասի 12 տները Հայաստանի սահմանից ներս են, այնինչ այսօր այդ տներից 11-ը հանձնվել են Ադրբեջանին: Արշակյանը պնդում է, որ Շուռնուխի հատվածում պետական սահմանն անցնում է ներքեւի թաղամասից քիչ հեռու՝ ձորակի միջով:

Ինչպես տեսանք վերեւում, որպես սահմանների ճշգրտման հիմք, խոսվում է տարբեր տարիների քարտեզների մասին՝ 1985, 1974, 1942 թթ.: Իրականում, սակայն, գործընթացի հիմքում ոչ թե խորհրդային քարտեզներն են, այլ «Google» ընկերության առցանց քարտեզն ու գլոբալ տեղորոշման GPS համակարգը: Այսինքն՝ դրանք հիմք են ոչ թե մեզ, այլ ադրբեջանցիների համար, իսկ հայկական կողմը զուտ համաձայնողի պասիվ դերում է: Սա ապացուցվում է թե՛ բազմաթիվ վկայություններով, թե՛, օրինակ, Որոտան, Շուռնուխ եւ Ճակատեն գյուղերի սահմանային հատվածներում «Google»-ի քարտեզի եւ ադրբեջանցիների առաջխաղացման համեմատությամբ (սահմանը Շուռնուխ գյուղի հատվածում ըստ «Google»-ի տես ստորեւ):

Ադրբեջանցիները գալիս են ընդհուպ մինչեւ այն գիծը, որը ներկայացված է «Google» ամերիկյան մասնավոր ընկերության քարտեզում: Ասել, թե սա աբսուրդ է, նշանակում է ոչինչ չասել: Այս խնդրին արձագանքել է նաեւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմա Թաթոյանը՝ նշելով, որ տեղի ունեցողը բացարձակ անընդունելի է:

Եթե «Google»-ի քարտեզում Գորիս-Շուռնուխ-Կապան եւ Կապան-Ճակատեն-Շիկահող-Մեղրի ճանապարհների որոշ հատվածներ ու Շուռնուխ գյուղի մի մասը ներկայացված են Ադրբեջանի կազմում, ապա, օրինակ, ռուսական «Yandex»-ի քարտեզում թե՛ սահմանի երկայնքով անցնող ճանապարհները, թե՛ ամբողջ Շուռնուխը հայկական կողմում են (տես ստորեւ):

Այս դեպքում հարց՝ ինչու՞ դիտորդի դերում հայտնված ՀՀ իշխանություններն ու նրանց ներկայացուցիչները, նույն GPS-ն ու «Yandex»-ի քարտեզը վերցրած, չեն պաշտպանել Հայաստանի շահերը: Եթե թշնամին իր նպատակին հասնելու համար կիրառում է սիրողական մեթոդներ, ապա առնվազն նույն ձեւով մեր շահերն առաջ տանելու համար կարելի է դեմ տալ այլընտրանքային քարտեզներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter