HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Միջպետական պայմանագիրը խախտվել է. ռուս սահմանապահները ՀՀ-ում 6 նոր հենակետ են տեղադրել

Այն, որ ռուս սահմանապահների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին հակասում է հայ-ռուսական միջպետական պայմանագրին, գրել էինք դեռ անցյալ տարվա նոյեմբերին: Օրերս ԱԱԾ-ից ստացված մեր հարցման պատասխանը հաստատում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունն ուղղակի անտեսել է միջպետական այն փաստաթղթի դրույթները, որը Հայաստանի սահմաններին ռուսական ուժերի ներկայությունն ամրագրող միակ իրավական հիմքն է: 

Հայաստանում ռուս սահմանապահների տեղակայման նոր կետերի մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 13-ին, երբ «ՏԱՍՍ» գործակալությունը ներկայացրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի խորհրդակցության որոշ մանրամասներ: ԱԴԾ տնօրենն իր երկրի ղեկավարին զեկուցել էր, որ ծառայությունը Հայաստանում լրացուցիչ 5 հենակետ է ավելացրել, որոնք գտնվում են հայ-ադրբեջանական սահմանին:

Ռուս սահմանապահների ներկայությունը մեր երկրում նորություն չէ: Խորհրդային Միության փլուզումից հետո նրանք են շարունակել իրականացնել Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանների պահպանությունը, ինչպես որ խորհրդային տարիներին էր, երբ հայ-թուրքական ու հայ-իրանական սահմանները նաեւ ԽՍՀՄ-ի արտաքին սահմաններն էին: 1992 թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագիրը:

Դրա 2-րդ հոդվածում ասվում է, որ ՀՀ-ն, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության եւ ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում: Նկատենք, որ պայմանագիրը ստորագրելիս ռուս սահմանապահները ներկա են եղել ոչ միայն հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններին, այլեւ «Զվարթնոց» օդանավակայանում, որը եւս խորհրդային տարիներին դարպաս էր դեպի արտերկիր:

Մյուս կողմից՝ հայ-ռուսական միջպետական պայմանագրի 4-րդ հոդվածում նշվում է, որ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կազմակերպական-հաստիքային կառուցվածքը պայմանագրի ստորագրման պահին, նրանց տեղաբաշխման վայրերը պահպանվում են մինչեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ հատուկ համաձայնագրերի կնքումը, ինչպիսիք մինչ օրս չեն կնքվել: Հենց այս հանգամանքով է պայմանավորված ռուս սահմանապահների ներկայությունը «Զվարթնոցում» նաեւ այսօր, ինչը երբեմն դժգոհության առիթ է դարձել մեր երկրում:

Բայց այս հրապարկման շրջանակներում առավել կարեւոր ենք համարում պայմանագրի 3-րդ հոդվածի ամրագրումը. «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Ստացվում է, որ ռուս սահմանապահները տեղակայվել են հայ-ադրբեջանական սահմանին՝ խախտելով միջպետական պայմանագիրը: Բայց հասկանալի է, որ նրանց ներկայությունը նոր հենակետերում ոչ թե ինքնիրավչություն է, այլ համաձայնեցված է ՀՀ ներկա իշխանությունների հետ:

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հարցրել էինք, թե ինչ իրավական հիմքով են ՌԴ սահմանապահ զորքերը տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին, ինչին ի պատասխան՝ ԱԱԾ մամուլի կենտրոնից պատասխանել են, որ դա արվել է «2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության կենսագործման շրջանակներում՝ հաշվի առնելով խնդրի հրատապությունը եւ սահմանային հենակետերի տեղակայման անհրաժեշտությունը»:

Հրատապության մասին խոսելը տարօրինակ է: Չենք բացառում, որ Հայաստանի համար կա նաեւ անվտանգության խնդիր, սակայն ԱԱԾ-ն շեշտել է նոյեմբերյան հայտարարության «կենսագործումը»: Իսկ ինչու՞ է ՀՀ կառավարությունը պարտաճանաչ աշակերտի պես այդքան շտապում իրագործել հայտարարության այն կետը (տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին), որով մեզնից ավելի շատ հետաքրքրված են հայտարարությունը ստորագրած մյուս երկու կողմերը (հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունը՝ սրան ապացույց):

Անկախ ամեն ինչից՝ ինչու՞ նոյեմբերյան եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան 2 ամիս անց համապատասխան փոփոխություն չի արվել 1992 թ. հայ-ռուսական միջպետական պայմանագրում, ու չի ապահովվել առկա դրության իրավական հիմքը: Ամեն օր օրենքից ու օրինականությունից խոսող իշխանությունը պարտավոր է պատասխանել այս հարցին: Ներկա պայմաններում փաստ է, որ ՌԴ սահմանապահ զորքերը հայ-ռուսական միջպետական գործող օրենսդրության կոպիտ խախտումով են «բերվել» հայ-ադրբեջանական սահման:

ԱԱԾ-ն, մեր հարցմանը ի պատասխան, հաստատել է, որ նոր հենակետերն արդեն տեղակայվել են ու գործում են: Հիշեցնենք, որ ՌԴ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը Պուտինին զեկուցել էր 5 հենակետի մասին Երասխում, Պարույր Սեւակում (Արարատի մարզ), Տեղում, Մեղրիում եւ Սըղըրթում (Սյունիքի մարզ):

Եթե Երասխը, Պարույր Սեւակն ու Մեղրին սահմանակից են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը, ապա Տեղը Հայաստանն Արցախին կապող վերջին բնակավայրն է մեր կողմից՝ հաշվի առնելով Լաչինի (Բերձորի) միջանցքի գոյությունը, որը նոյեմբերյան եռակողմ հայտարարությամբ ժամանակավոր անցել է ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ: Իսկ ահա Սըղըրթ բարձունքը (1370 մ) գտնվում է Սյունիք-Զանգելանի շրջան (Ադրբեջան) սահմանագծին, ընդ որում՝ ԱԱԾ-ն հաստատել է, որ ներկայում այն գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ իր բանակը գրավել է Սըղըրթը: Նկատենք նաեւ, որ վերջինս ռազմավարական նշանակություն ունի. Մեղրի-Հորադիզ ճանապարհն անցնում է այս բարձունքից ընդամենը 3,5 կմ հեռավորության վրա, այսինքն՝ Սըղըրթը վերահսկում է մայրուղին:

Այսպիսով՝ ռուս սահմանապահների վերոնշյալ 5 հենակետերից 4-ը (բացի Տեղ գյուղում գործողից) ավելացվել են Հայաստանը, Նախիջեւանն ու բուն Ադրբեջանն իրար կապող մայրուղու վրա կամ հարեւանությամբ: Խոսքը Երեւան-Երասխ-Նախիջեւան-Մեղրի-Սըղըրթ-Հորադիզ ճանապարհի մասին է: Հիշեցնենք, որ նոյեմբերյան եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշվում է. «Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Այն, որ այս կետի իրականացումը կարճ պրոցես չէ, հասկանալի է՝ հաշվի առնելով չավարտված պատերազմի մեջ գտնվող հարեւան երկրների հարաբերությունները, բայց նաեւ տեսնում ենք, որ այդ պրոցեսը ռուսների խթանմամբ առաջ է գնում (հունվարի 11-ի հայտարարությունը դրան էր միտված), եւ ԱԱԾ-ի տված պատասխանից պարզ է դառնում, որ առաջին գործնական քայլերն արվել են՝ սահմանապահ հենակետեր են տեղակայվել: Նկատենք, որ սրանք հսկիչ-անցագրային կետեր չեն, ինչպիսիք տեղակայվում են հարեւան պետությունների սահմաններին, սակայն ռուսական հենակետերը Հայաստան-Ադրբեջան չգործող եւ Հայաստան-Արցախ գործող մայրուղիներին խոսում են դրանց նկատմամբ ռուսների վերահսկողության մասին:

Վերը նշված 5 հենակետերից բացի, ինչպես տեղեկացել ենք ԱԱԾ-ից, ռուսները Հայաստանի տարածքում ավելացրել են նաեւ 6-րդը, որը գտնվում է Գորիս-Էյվազլի (Ադրբեջան)-Որոտան-Շուռնուխ-Կապան մայրուղու Կարմրաքարի հատվածում՝ Դավիթ Բեկ գյուղ տանող խաչմերուկի հարեւանությամբ՝ հենց կանգառի մոտ: 

Այս հենակետի տեղակայման նպատակը, թերեւս, ավելի շատ անվտանգային է՝ հաշվի առնելով, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ու որոշ վիճարկելի տարածքներով անցնող Գորիս-Կապան ճանապարհի մի մասի, ինչպես նաեւ Կապան-Ճակատեն մայրուղու (սա եւս անցնում է սահմանի երկայնքով) անվտանգությունը ներկայում ապահովում են ռուս սահմանապահները: Վերջիններս տեղակայված են նաեւ սահմանի հարեւանությամբ գտնվող Կապանի օդանավակայանի մոտ: 

Փաստն այն է, որ նշված բոլոր դեպքերում անտեսվել են 1992 թ. հայ-ռուսական միջպետական պայմանագրի դրույթները: Այս պայմանագիրը շատ ավելի մեծ իրավաբանական ուժ ունի, քան ցանկացած եռակողմ հայտարարություն, որին հղում է անում ԱԱԾ-ն: 

Առաջին լուսանկարում՝ ռուս սահմանապահների «ԿամԱԶ»-ը՝ Որոտան-Էյվազլի սահմանագծին. երկրորդ պլանում՝ ադրբեջանցի սահմանապահները

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter