HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ռուս սահմանապահների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին հակասում է միջպետական պայմանագրին

Նոյեմբերի 13-ին ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը հաղորդեց, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը խորհրդակցության ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է, թե ԱԴԾ-ն լրացուցիչ 5 սահմանապահ դիրք է տեղադրել Հայաստանի տարածքում:

Ինչպես հայտնի է, Թուրքիայի եւ Իրանի հետ Հայաստանի պետական սահմանի պահպանությունը իրականացնում են մեր երկրում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ծառայողները: Հայաստանում գործում են նշված վարչության Գյումրու, Արմավիրի, Արտաշատի եւ Մեղրու ջոկատները, որոնցում, բացի ՌԴ քաղաքացիներից, ծառայում են նաեւ ՀՀ քաղաքացիներ: Հասկանալի է, որ առաջին երեք ջոկատները հսկում են հայ-թուրքական սահմանը, իսկ Մեղրու ջոկատը՝ հայ-իրանական:  

Հայաստանում ռուս սահմանապահների ներկայությունն ամրագրվել է 1992-ի սեպտեմբերի 30-ին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագրով: 

Պայմանագրի 2-րդ հոդվածում նշված է, որ ՀՀ-ն, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության եւ ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում: Այսինքն՝ մինչեւ այս պայմանագիրն էլ Թուրքիայի եւ Իրանի հետ սահմաններին կանգնած են եղել խորհրդային, ապա ՌԴ սահմանապահները, որոնց ներկայությանը հայ-ռուսական պայմանագրով տրվել է իրավական կարգավիճակ:

Ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: 2018 թ. «Հետքն» անդրադարձել էր այս թեմային, քանի որ հանրության շրջանում պարբերաբար տարակուսանք է առաջացրել ռուս սահմանապահների ներկայությունը հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմաններից այդքան հեռու: Իրականում «Զվարթնոցում» ռուսների ներկայությունը կարող ենք հիմնավորված համարել, քանի որ 1992 թ. սեպտեմբերի 30-ին միջպետական պայմանագիրը ստորագրելու պահին էլ նրանք տեղաբաշխված էին օդանավակայանում այնպես, ինչպես Թուրքիայի ու Իրանի հետ սահմաններին:

Միջպետական պայմանագրի 4-րդ հոդվածում նշված է, որ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կազմակերպական-հաստիքային կառուցվածքը պայմանագրի ստորագրման պահին, նրանց տեղաբաշխման վայրերը պահպանվում են մինչեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ հատուկ համաձայնագրերի կնքումը, ինչպիսիք մինչ օրս չեն կնքվել: Այսինքն՝ հատուկ համաձայնագրերի բացակայության պայմաններում առ այսօր ռուս սահմանապահները կանգնած են ոչ միայն ՀՀ արտաքին ցամաքային սահմանին, այլեւ օդանավակայանում:

Վերադառնանք «ՏԱՍՍ»-ի տարածած վերջին նորությանը: Ըստ այդմ՝ ԱԴԾ տնօրեն Բորտնիկովը ՌԴ նախագահին հայտնել է, որ ռուս սահմանապահները Հայաստանում դիրքեր են տեղադրել Երասխում ու Պարույր Սեւակում (Արարատի մարզ), ինչպես նաեւ Մեղրիում, Տեղում եւ Սըղըրթի ուղղությամբ (Սյունիքի մարզ):

Եթե ուշադիր նայենք քարտեզին, ապա կտեսնենք, որ ռուս սահմանապահները տեղակայվում են 2 ուղղությամբ՝

  1. Հայաստան (Տեղ)-Լաչինի միջանցք-ԼՂՀ,
  2. Հայաստան (Երասխ եւ Պարույր Սեւակ)-Նախիջեւան (Ադրբեջան)-Հայաստան (Մեղրի եւ Սըղըրթ)-Ադրբեջան:

Սա նոյեմբերի 10-ի Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հայտարարության իրագործում կարող ենք համարել: Հիշեցնենք, որ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, եւ, փաստորեն, ռուսները տեղակայվում են ապաշրջափակման ենթակա ճանապարհների հնարավոր անցակետերում:

Այդուհանդերձ, շեշտենք, որ մինչ այս պահը ռուս սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնած չեն եղել, ինչն ամրագրված է նաեւ 1992 թ. պայմանագրով: Այս պայմանագրի 3-րդ հոդվածում բառացի ասվում է հետեւյալը. «Թուրքիայի եւ Իրանի հետ սահմանի պահպանության հետ չկապված այլ խնդիրների կատարմանը (բացառությամբ տարերային աղետների, վթարների եւ այլ աղետների վերացման աշխատանքների) ՌԴ սահմանապահ զորքերը չեն ներգրավվում»:

Բայց, ինչպես տեսնում ենք, 3 երկրների ղեկավարների եռակողմ հայտարարությունը անտեսել է հայ-ռուսական միջպետական փաստաթուղթը, որն իրականում ավելի մեծ կշիռ եւ առաջին հերթին իրավաբանական ուժ ունի, քան ինչ-որ հայտարարություն:

Այժմ՝ մի փոքր ավելի մանրամասն ռուս սահմանապահների նոր տեղակայման վայրերի մասին:

Տեղ գյուղը Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին վերջին բնակավայրն է ՀՀ-ի կողմից: Այսինքն՝ եթե ընդունենք, որ Լաչինի (Բերձորի) միջանցքը Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հայտարարությամբ ժամանակավոր անցնում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Լաչինի շրջանն առաջիկայում պետք է հանձնվի Ադրբեջանին, ապա Տեղի սահմանապահ դիրքը դառնում է սահմանային անցակետ հայ-ադրբեջանական սահմանին:

Երասխ գյուղը գտնվում է Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի (ավելի կոնկրետ՝ Նախիջեւանի) սահմանների հատման եռանկյունում: Սակայն «ՏԱՍՍ»-ը, մեջբերելով ԱԴԾ տնօրեն Բորտնիկովին, նշել է, որ Երասխի, ինչպես եւ Պարույր Սեւակի նոր դիրքերը տեղակայված են Հայաստան-Նախիջեւան սահմանին:

Երասխով են անցնում Հայաստանը Նախիջեւանին կապող ավտոճանապարհն ու երկաթգիծը, որոնք, ըստ Փաշինյան-Ալիեւ-Պուտին եռակողմ հայտարարության, պետք է ապաշրջափակվեն՝ ի թիվս այլ հաղորդակցային ուղիների:   

Մյուս կողմից՝ Երասխում եւ Պարույր Սեւակում ռուս սահմանապահների տեղակայումը, թերեւս, կարող ենք կապել նաեւ նոյեմբերի 9-ի գիշերը Նախիջեւանի կողմից իրականացված սադրանքի հետ, երբ ռուսական ուժերին ուղեկցող եւ Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազային պատկանող «Մի-24» ռազմական ուղղաթիռը խոցվեց մեր երկնքում՝ հենց Երասխ-Պարույր Սեւակ հատվածում. ռուսական անձնակազմից 2 հոգի զոհվեց, 1-ը վիրավորվեց:

Նախիջեւանն էլ Ադրբեջանի մնացած տարածքին կապող ճանապարհն անցնում է Սյունիքի հարավով՝ Մեղրիով: Նախիջեւանի Օրդուբադ քաղաքից եկող մայրուղին անցնում է Ագարակ-Մեղրի-Նռնաձոր հատվածով ու Սըղըրթ բարձունքի մոտ մտնում ներկայում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածք: Հիշեցնենք, որ եռակողմ հայտարարության մեջ այս ճանապարհի վերաբերյալ նշվում է. «Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Նշենք նաեւ, որ նոյեմբերի 9-ին Ալիեւը հայտարարեց, թե իր բանակը գրավել է Սըղըրթ բարձունքը (1370 մ), որը խորհրդային ժամանակներում գծված Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա է անմիջապես:

Վերոգրյալից հետեւում է, որ ռուսները սահմանապահ ուղեկալներ են դնում Հայաստանի տարածքում՝ հայ-ադրբեջանական սահմանը հատող ճանապարհների վրա, այնինչ նման բան նախատեսված չէ 1992 թ. ստորագրված հայ-ռուսական միջպետական պայմանագրում:

Առաջին լուսանկարում՝ ռուս խաղաղապահները Արցախում (13.11.2020)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter