HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ըստ ԱԱԾ-ի՝ ՌԴ սահմանապահների ներկայությունը «Զվարթնոց» օդանավակայանում օրինական է

«Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների մասին վերջերս հարցում էինք ուղարկել ԱԱԾ, որտեղից մեզ պատասխանել են, որ նրանց ներկայությունն ամրագրված է միջպետական պայմանագրով:

1992-ի սեպտեմբերի 30-ին Հայաստանն ու Ռուսաստանը «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ նրանց կենսագործունեության մասին» պայմանագիր էին ստորագրել: Դրա 2-րդ հոդվածում նշվում է, որ ՀՀ-ն, ի շահ սեփական անվտանգության, ՌԴ անվտանգության եւ ԱՊՀ մասնակից պետությունների կոլեկտիվ անվտանգության ապահովման, իր տարածքի շրջանակներում Թուրքիայի եւ Իրանի հետ պետական սահմանի պահպանության հարցերը լիազորում է ՌԴ սահմանապահ զորքերին, որոնք պայմանագրի ստորագրման պահին տեղաբաշխված են ՀՀ տարածքում:

Պայմանագրի այս հոդվածն է այն իրավական հիմքը, որով հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանների վրա Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերը ծառայություն են իրականացնում: Այդուհանդերձ, միշտ տարակուսանք է առաջացրել այն փաստը, որ ՌԴ սահմանապահները տեղակայված են նաեւ «Զվարթնոցում»: Մեր հարցին, թե նշված պայմանագրի կոնկրետ որ հոդվածով է սահմանվում այս վերջին գործունեությունը, ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավար Մ. Խաչատուրյանը պատասխանել է, որ պայմանագիրը ստորագրելու պահին՝ 1992-ի սեպտեմբերին, ռուս սահմանապահներն արդեն իսկ տեղաբաշխված են եղել «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ միջպետական պայմանագրի 4-րդ հոդվածում նշվում է, որ ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կազմակերպական-հաստիքային կառուցվածքը պայմանագրի ստորագրման պահին, նրանց տեղաբաշխման վայրերը պահպանվում են մինչեւ ՀՀ եւ ՌԴ միջեւ հատուկ համաձայնագրերի կնքումը, ինչպիսիք մինչ օրս չեն կնքվել:

Խաչատուրյանը նաեւ հայտնել է, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ռուս սահմանապահներ տեղաբաշխված չեն:

Այս տարվա հունվարին մի խումբ հանրային եւ քաղաքական գործիչներ հայտարարություն էին տարածել, որում կոչ էին արել ռուս սահմանապահներին հանել Թուրքիայի եւ Իրանի հետ սահմաններից, ինչպես նաեւ «Զվարթնոցից»: Հայտարարության հեղինակներից էին Դավիթ Սանասարյանը, ով այսօր վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության պետն է, եւ Կարապետ Ռուբինյանը, ով 1992-ին Երեւանի փոխքաղաքապետ էր, 1993-1995 թթ.՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, իսկ 1995-1998 թթ.՝ ԱԺ փոխնախագահ: Ռուբինյանի որդին՝ Ռուբեն Ռուբինյանը, այսօր ՀՀ փոխարտգործնախարար է:

«Տարիներ առաջ ՌԴ ԱԴԾ տնօրինության տակ է անցել նաեւ «Զվարթնոց» միջազգային օդանավա­կայա­նում սահմանապահ անցա­կե­­տերի գործունեությունը, ինչը վերը հիշատակված պայմանագրով նախա­տես­ված չէ եւ կարող է դիտարկվել որպես այս մասով երկրի ինքն­իշ­խա­նության ապօ­րինի հանձնում օտար, թեեւ դաշնակից, մի պետության»,- իրենց հայտարարության մեջ նշել էին հեղինակները: Փաստորեն, ըստ ԱԱԾ-ի, ռուսների ներկայությունը լավ էլ օրինական է, բայց տարօրինակ է, որ ԱԺ նախկին փոխխոսնակն այդ մասին չի իմացել:

Հետաքրքիր կլիներ նաեւ լսել այսօր պաշտոնյա դարձած Դ. Սանասարյանի ու հատկապես Ռուբեն Ռուբինյանի տեսակետները, առավել եւս, որ ԱԱԾ-ն հայտնել է, թե ՀՀ պետական սահմանում ՌԴ սահմանապահների կողմից ծառայություն իրականացնելու կամ չիրականացնելու վերաբերյալ հարցերի լուծումը (փոփոխություններ կատարելը, ինչպես պնդել են վերոնշյալ հայտարարության հեղինակները) դուրս է ԱԱԾ իրավասությունների շրջանակներից:  

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter