HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Քաղավիացիայի կոմիտեն վստահեցնում է, որ Սյունիքի մարզի օդային տարածքում թռիչքային անվտանգությունն ապահովված է

Կապանի «Սյունիք» օդանավակայանի վերագործարկման աշխատանքներն ավարտվել են, կառույցի աերոդրոմն արդեն սերտիֆիկացվել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կողմից: Այս մասին «Հետքի» հարցմանն ի պատասխան հայտնել է ՔԱԿ-ը:

Հիշեցնենք, որ Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքներն սկսվել էին 2017-ի գարնանը, սակայն բավական երկար ձգվեցին, ինչի պատճառ դարձան, մասնավորապես, ընթացքում ի հայտ եկած բարդությունները, եղանակային պայմանները:

Օդանավակայանի վերաբերյալ ՔԱԿ-ին գրավոր հարցեր էինք ուղարկել նոյեմբերի 27-ին, սակայն հարցմանը պատասխանելու օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ դեկտեմբերի 5-ին (ոչ աշխատանքային օր), կոմիտեն մեր հարցերին պատասխանելու փոխարեն վերցրեց ու հանրայնացրեց մեր հարցադրումների պատասխանները՝ սոցցանցում գրառում կատարելով: Այս արատավոր պրակտիկան նորություն չէ պետական կառույցների շրջանում, եւ առաջին դեպքը չէ, որ «Հետքի» հարցումների հիման վրա այս կամ գերատեսչությունը շտապում է հաղորդագրություն տարածել կամ ստատուս գրել:

Շեշտենք, որ Կապանի օդանավակայանը սերտիֆիկատ է ստացել նոյեմբերի 18-ին՝ մեր հարցումից դեռ օրեր առաջ, սակայն կոմիտեն, չգիտես ինչու, այդ մասին հայտարարեց միայն «Հետքի» հարցերն ստանալուց հետո:

Կոմիտեն ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ իր անմիջական մասնագիտական աջակցությամբ եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի ֆինանսական ներդրումների շնորհիվ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի կողմից ամբողջությամբ վերանորոգվել է օդանավակայանի վազքուղու եւ կառամատույցի արհեստական ծածկույթը, կառուցվել է նոր ուղեւորային համալիր, տեղադրվել է նոր պարագծային ցանկապատ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

«Հետքն» ի սկզբանե իր ուշադրության կենտրոնում է պահել Կապանի օդանավակայանի վերակառուցման աշխատանքներն ու պարբերաբար անդրադարձել դրանց ընթացքին:  

Հիշեցնենք, որ օդանավակայանի վերագործարկման նախագիծը սկսել էին Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամն (ստեղծվել է կառավարության կողմից, իսկ կառավարող լիազոր մարմինը Սյունիքի մարզպետարանն է) ու ԶՊՄԿ-ն: Հիմնադրամի կողմից 2017-ի մայիսին հիմնվել էր ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն, որին էլ Կապանի համայնքապետարանը նույն տարվա սեպտեմբերին 25 տարի ժամկետով անհատույց կոնցեսիոն կառավարման հանձնեց համայնքային գույք հանդիսացող օդանավակայանը: Ավելի ուշ կոնցեսիոն կառավարիչ ՍՊԸ-ի համասեփականատեր դարձավ ԶՊՄԿ-ի բարեգործական հիմնադրամը:

Աերոդրոմի վերակառուցման ժամանակ՝ 2017-ին, մենք հանդիպել էինք աերոդրոմի ինժեներ, շինարար Գեւորգ (Գագիկ) Ղազարյանին, ով հայտնել էր, որ վերաբացումից հետո աերոդրոմը լինելու է «3C» դասի, եւ Կապանի օդային դարպասները կարող են ընդունել 50-80 հոգի տեղավորող օդանավեր: Ինժեները նաեւ նշել էր, որ նոր ուղեւորային համալիրը կարողանալու է ժամում սպասարկել մինչեւ 100 հոգու:

Ինչպես արդեն ասվեց, նոյեմբերի 18-ին ՔԱԿ նախագահի հրամանով Կապանի օդանավակայանի աերոդրոմը ստացել է սերտիֆիկատ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ կոմիտեի կողմից ստեղծված աշխատանքային խումբն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացրել է սերտիֆիկացման գործընթաց: Մեր հարցին, թե երբ է նախատեսվում «Սյունիք» օդանավակայանի գործարկումը, ՔԱԿ-ից հայտնել են, որ այդ հարցը գտնվում է կոնսեցիոների իրավասության ներքո:

Հարցրել էինք նաեւ, թե հաշվի առնելով ստեղծված նոր պայմաններում ՀՀ սահմանների (նաեւ օդային) անվտանգության խնդիրը եւ այն փաստը, որ Կապանի աերոդրոմը հենց սահմանի հարեւանությամբ է՝ ի՞նչ քայլեր են կատարվում՝ դեպի Կապան եւ Կապանից մեկնարկող թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: «Սյունիքի մարզի օդային տարածքում թռիչքային անվտանգությունն ապահովված է այնպես, ինչպես ՀՀ օդային մյուս տարածքներում»,- հայտնել է կոմիտեն:

Այս առումով կարող ենք մեջբերել նաեւ վարչապետին ուղղված մեր հարցման պատասխանից մի հատված: Ն. Փաշինյանին հարցրել էինք, թե ինչպես է լուծվելու Երեւան-Գորիս-Կապան-Մեղրի միջպետական ճանապարհի այն հատվածների դեմարկացիայի հարցը, որոնք, ըստ խորհրդային ժամանակների քարտեզի, կա՛մ գտնվում են ադրբեջանական շրջանների տարածքում, կա՛մ անմիջապես սահմանով են անցնում: Կառավարությունից ստացված պատասխանում ասվում է, որ նշված ավտոճանապարհի սահմանամերձ հատվածներին վերաբերող հարցերը փոխկապակցված են ՀՀ զինված ուժերի մարտական նոր հենակետերի տեղակայման, իսկ հետագայում նաեւ երկկողմ սահմանագծման (դելիմիտացիայի) եւ սահմանազատման (դեմարկացիայի) աշխատանքների եւ այդ ուղղությամբ իրականացվելիք բանակցությունների հետ (որոնք միջազգային պրակտիկայում երկկողմ հարաբերություններ պահանջող եւ տարիներ տեւող գործընթացներ են): Այս պատասխանից բխում է, որ ՀՀ զինված ուժերը շարունակելու են մնալ այն դիրքերում, որտեղ այժմ գտնվում են: Խոսքը Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մասին է, որոնց մի մասը շարունակում է մնալ հայկական վերահսկողության տակ: Այս շրջաններում կողմերի վրա տարածվում է հայտնի եռակողմ հայտարարության առաջին կետը՝ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Կառավարության պատասխանից հետեւում է նաեւ, որ Հայաստանի հարավարեւելյան հատվածում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցեր ներկայում չեն քննարկվում, եւ առաջիկայում դրա նախանշաններ չեն էլ երեւում:

Նկատենք, որ Կապան քաղաքը եւ օդանավակայանը գտնվում են Ադրբեջանի Զանգելանի շրջանի հետ անմիջական հարեւանությամբ, սակայն ներկայում, ինչպես փաստել է նաեւ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, հայկական ուժերը գտնվում են Սյունիքի մարզկենտրոնից որոշակի հեռավորության վրա, այսինքն՝ քաղաքն ու օդանավակայանը մեր զինուժի ոչ անմիջական թիկունքում են:

Այդուհանդերձ, հարց է ծագում, թե ինչպես են կազմակերպվելու Երեւան-Կապան-Երեւան թռիչքները: Հիշեցնենք, որ խորհրդային տարիներին այս երթուղին հիմնականում շահագործում էին «Յակ-40» ինքնաթիռները, որոնք մասամբ օգտագործում էին նաեւ ադրբեջանական օդային տարածքը: ՔԱԿ-ին հարցրել էինք, թե արդյոք նոր իրավիճակում նախատեսվում է թռիչքի ուղեգծի փոփոխություն, այսինքն՝ արդյոք վայրէջքի գլիսադան անցնելու է Կապան քաղաքի վրայով: Կոմիտեն հայտնել է, որ անկախ ներկայիս իրավիճակից՝ «Սյունիք» օդանավակայանի թռիչք-վայրէջքների նոր մշակված սխեմաները չեն նախատեսում Ադրբեջանի օդային տարածքի օգտագործում:

2017-ին, երբ հայ-ադրբեջանական շփման գիծը շատ եւ շատ հեռու էր Կապանից ու թռիչքների անվտանգության խնդիր չէր կարող լինել, աերոդրոմի ինժեներ Գ. Ղազարյանին հարցրել էինք հնարավոր սխեմաների մասին, ինչին ի պատասխան նա կարծիք էր հայտնել, որ օդանավերը թռիչքի մեկնարկին կարող են բարձրություն հավաքել թե՛ դեպի արեւմուտք՝ Կապանի, թե՛ դեպի արեւելք՝ Սյունիք գյուղի ուղղությամբ: Մյուս կողմից, ըստ Ղազարյանի՝ Կապանում վայրէջք պիտի կատարվեր միայն արեւելքից, ինչպես ժամանակին անում էին «Յակ-40»-ները: «Միայն եթե մեր հին հայ օդաչուները լինեն, կարող են նաեւ քաղաքի կողմից նստել»,- ասել էր ինժեները՝ շեշտելով հին ավիատորների վարպետությունը:

Այդուհանդերձ, նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս «Սյունիք» օդանավակայանում վայրէջք կատարել նաեւ Կապանի կողմից, ինչը, բնականաբար, կախված է նաեւ օդանավի տեսակից ու տեխնիկական պարամետրերից, քանի որ տեղանքը բավականին բարդ է: Այս ամենը շեշտում ենք՝ ելնելով թշնամու կողմից սահմանամերձ օդային գոտում որեւէ սադրանք թույլ չտալու անհրաժեշտությունից:

Հիշեցնենք, որ Երեւան-Կապան-Երեւան թռիչքները իրականացվելու են չեխական արտադրության «L-410» ինքնաթիռով, որն արտադրվել է 2015-ին եւ Հայաստան բերվել 2018-ին: Ինքնաթիռն առայժմ կայանված է «Զվարթնոց» օդանավակայանում: Այն ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է որպես EK-4117 եւ կրում է գրող Համո Սահյանի անունը, ով ծագումով սյունեցի է: Օդանավը նախատեսված է 19 հոգու համար, սակայն այս տարվա գարնանը «Atlantis Armenian Airlines» ընկերության ներկայացուցիչը մեզ հայտնել էր, որ Երեւան-Կապան-Երեւան թռիչքների համար նախատեսում են օգտագործել 17 տեղ, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի 20 կգ ուղեբեռ տեղափոխելու հնարավորություն, բայց չի բացառվում, որ հետագայում նստատեղերի թիվը հասցվի 19-ի՝ նվազեցնելով տեղափոխվող ուղեբեռի ծավալը:

Ինչպես տեղեկանում ենք քաղավիացիայի կոմիտեի կայքից, EK-4117-ը ներկայում գրանցված է ոչ թե «Atlantis Armenian Airlines»-ի, այլ նորաստեղծ «ՆովԷյր» ընկերության հաշվեկշռում: Վերջինս հիմնադրվել է այս տարվա հոկտեմբերին, նույն ամսում էլ ՔԱԿ-ի կողմից գրանցվել է որպես օդանավ շահագործող: Գործունեության տեսակը օդային ուղեւորափոխադրումներն են: Նշված երկու ընկերություններն էլ կապ ունեն Արամ Նովելի Մարությանի հետ, ով 2007-2014 թթ. քաղավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալն էր, նաեւ 2011-ից Ավստրիայի պատվավոր հյուսպատոսն է Հայաստանում:  

Հ.Գ. Հայաստանի օդանավակայանների մասին մեր հոդվածաշարը ներկայացնում ենք նաեւ այս քարտեզի միջոցով: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել դրանց վերաբերյալ մեր հոդվածների կարճ հղումները: 

* Կապույտ - քաղաքացիական աերոդրոմներ
   Դեղնականաչ - ռազմական աերոդրոմներ
   Կանաչ - համատեղ բազավորման աերոդրոմներ 

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter