HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայաստանի հարավարեւելյան հատվածում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցեր չեն քննարկվում

Նոյեմբերի 10-ից հետո Հայաստանում ու Արցախում անորոշություն է հատկապես սահմանամերձ բնակավայրերում, քանի որ բնակիչները չգիտեն, թե ինչպես է անցնելու նոր սահմանը, թշնամին որքան է մոտենալու իրենց գյուղին կամ քաղաքին, ինչպես է պաշտպանվելու սահմանի եւ դրա հարեւանությամբ գտնվող բնակավայրերի անվտանգությունը:

Նոյեմբերի 10-ին հրապարակված եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանին հանձնվեցին Աղդամի (նոյեմբերի 20-ին), Քելբաջարի (նոյեմբերի 25-ին) եւ Լաչինի (դեկտեմբերի 1) շրջանները: Այդ ընթացքում եւ մինչեւ հիմա էլ պարբերաբար հաղորդագրություններ են ստացվում, որ սահմանամերձ բնակավայրերի գյուղացիներն իրենք են բանակցում թշնամու զինվորականների հետ՝ փորձելով ընդհանուր հայտարարի գալ, թե որտեղով պետք է անցնի սահմանը, եւ որտեղ պետք է տեղակայվեն հակամարտող կողմերի դիրքերը:

Նոյեմբերի 26-ին, երբ դեռ Լաչինի շրջանը չէր հանձնվել Ադրբեջանի վերահսկողությանը, «Հետքը» գրավոր հարցում էր ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով դեմարկացիայի (սահմանազատման) աշխատանքներով եւ սահմանների անվտանգությամբ: Պատասխանները ստացել ենք այսօր՝ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի ստորագրությամբ: Միաժամանակ պատասխան նամակից պարզ է դառնում, որ մեր հարցերին պատասխանել է ոչ թե հենց աշխատակազմը, այլ միանգամից 3 նախարարություն՝ ԱԳՆ-ն, ՊՆ-ն եւ ՏԿԵՆ-ը:

Ներկայացնենք մեր հարցերն ու պետական գերատեսչությունների պատասխանները:

-ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիոն գծի որոշման աշխատանքներում ո՞ր կողմերի ներկայացուցիչներն են ներգրավված: Արդյոք դրանց մասնակցում են հայկական (ՀՀ կամ Արցախի) կողմի ներկայացուցիչները: Հրապարակումներ են եղել, որ, օրինակ, նույն Բերդաշեն գյուղի հատվածում նման աշխատանքներ կատարել են ադրբեջանցի եւ ռուս զինվորականները՝ առանց հայ ներկայացուցիչների:  

-Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով մարտական տեղաբաշխման (ոչ թե դեմարկացիայի) աշխատանքներում ներգրավված են հայկական, ռուսական եւ ադրբեջանական կողմի ներկայացուցիչները:

«Հետք» - Այս պատասխանից հետեւում է, որ Արցախում չի կատարվում դեմարկացիա՝ սահմանազատում երկրի մակերեւույթին, փոխարենն իրականացվում է մարտական տեղաբաշխում, այսինքն՝ կարելի է ասել, որ զորքերը նոր բնագծեր են զբաղեցնում: Սա, թերեւս, կարող ենք բացատրել նաեւ այն հանգամանքով, որ Արցախն իր կազմից դուրս որեւէ կարգավիճակով չճանաչող Ադրբեջանը պատրաստ չէ դեմարկացիոն աշխատանքներ իրականացնել:

-Ինչպե՞ս է որոշվում դեմարկացիոն գիծը, GPS կոորդինատները ի՞նչ քարտեզի կամ տվյալների հետ են համադրվում:

-Արցախի դեպքում՝ արցախա-ադրբեջանական շփման գիծն անցնում է եռակողմ հայտարարությամբ սահմանված բնագծերով: Այսինքն՝ հարավային եւ հյուսիսային հատվածներով՝ ռազմական գործողությունների դադարեցման պահի զբաղեցրած դիրքերով, իսկ արեւելյան եւ արեւմտյան հատվածներում՝ հայտարարության 2-րդ եւ 6-րդ կետով սահմանված շրջանների (Աղդամ, Քելբաջար, Լաչին - «Հետք»)՝ Ադրբեջանին անցնելուց հետո այդ շրջանների եւ նախկին ԼՂԻՄ տարածքի միջեւ առկա խորհրդային վարչական սահմաններով:

«Հետք» - Չնայած մեր հարցն առաջին հերթին վերաբերում էր ՀՀ-ի եւ Ադրբեջանին անցած շրջանների դեմարկացիային (Քելբաջարի ու Լաչինի շրջանների հատվածում), ինչը եւս խնդրահարույց է (կարող ենք բերել Սյունիքի Արավուս գյուղի օրինակը), պետական կառույցներն անդրադարձել են միայն Արցախին: Բայց այդ դեպքում եւս անորոշ կետ կա. խոսքն Ադրբեջանին անցած շրջանների եւ նախկին ԼՂԻՄ-ի միջեւ վարչական սահմանների ճշգրտման մասին է: Սա խնդիր է, ինչը տեսանք, մասնավորապես, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի օրինակով, երբ ադրբեջանցիները մտել էին տեղացիների նռան այգիները՝ ասելով, թե հողերի մի մասն իրականում իրենցն է: Այսինքն՝ հարցմանը պատասխանած ՀՀ պետական մարմինները չեն պարզաբանում, թե խորհրդային տարիներին գծված ԼՂԻՄ վարչական սահմաններն այսօր ինչպես, կոնկրետ ինչ փաստաթղթերի ու տվյալների հիման վրա են «վերականգնվում»:

-Ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի շրջանը պետք է հանձնվի Ադրբեջանին (հարցումն ուղարկել ենք մինչեւ հանձնումը - «Հետք»), իսկ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է մնալու 5 կմ լայնությամբ միջանցքը: Ներկայում այդ միջանցքն անցնում է Բերձոր քաղաքով: Այս քաղաքում հայ բնակչության տարհանում նախատեսվու՞մ է: Արդյոք այնտեղ պիտի վերադառնան ադրբեջանցի բնակիչներ:

-Ներկա իրադրությունում ծագել է Սոթքից մինչեւ Նռնաձոր ձգվող ՀՀ պետական սահմանի անվտանգության ապահովման հարցը: Ի՞նչ աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ:

Այս երկու հարցերին ստացել ենք մեկ կարճ պատասխան:

-Նշյալ աշխատանքները դեռեւս ավարտված չեն, ներկայում լուծվում ու հստակեցվում են պահպանությանն ու պաշտպանությանն առնչվող կազմակերպչական բնույթի խնդիրները:

-Արցախը Հայաստանին կապող ենթակառուցվածքների կապուղիները (էլեկտրաէներգիա, գազ, հեռախոսակապ, ինտերնետ) անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններով: Դրանց անվտանգության ի՞նչ երաշխիքներ կան: Ո՞վ կամ ո՞ր կողմը պետք է ապահովի կապուղիների անխափան աշխատանքը եւ անվտանգությունը:

-Դեպի Արցախ էլեկտրաէներգիայի եւ գազի կենսական կապուղիներն այս պահին անխափան գործում են: Ներկայում ռուսական կողմի միջնորդությամբ աշխատանքներ են տարվում դրանց հետագա անվտանգ շահագործումն ապահովելու ուղղությամբ:

«Հետք» - Պատասխանը կրկին թերի է, քանի որ հարցրել էինք ոչ միայն էլ.էներգիայի ու գազի մասին: Այդուհանդերձ, մենք նոյեմբերի վերջին ներկայացրել էինք «Ղարաբաղ Տելեկոմ» օպերատորի պարզաբանումները ինտերնետի ու հեռախոսակապի առկայության եւ մալուխների անվտանգության խնդրի վերաբերյալ: 

Մեր մյուս հարցերը վերաբերում էին Երեւան-Գորիս-Կապան-Մեղրի միջպետական ճանապարհի (Մ-2) անվտանգությանը: Այս հարցերին ստացել ենք մեկ ընդհանրական պատասխան:

-Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը, ըստ քարտեզի, անցնում է Ադրբեջանի Ղուբաթլուի շրջանով: Խոսքը Որոտանի հովտում նախկին Էյվազլի գյուղի հատվածի մասին է: Ինչպե՞ս է լուծվելու նշված ճանապարհի հարցը: Արդյոք այդ ճանապարհահատվածը հանձնվելու է Ադրբեջանին: Այդ դեպքում երթեւեկությունը դեպի Կապան կազմակերպվելու է միայն Տաթեւո՞վ, թե՞ շարունակելու է բաց մնալ նաեւ Էյվազլիի հատվածը:      

-Գորիս-Կապան ճանապարհի մի քանի հատվածներ (Շուռնուխ գյուղի տարածքում, Շուռնուխ-Կարմրաքար հատվածում) անցնում են հենց ՀՀ-Ադրբեջան սահմանագլխով: Ինչպե՞ս է լուծվելու ճանապարհի այս հատվածների եւ հենց սահմանի վրա տեղակայված Շուռնուխ գյուղի հարցը՝ դեմարկացիան: Ինչպե՞ս է ապահովվելու ճանապարհի անվտանգությունը:

-Կապան-Շիկահող-Մեղրի ճանապարհի մի մասը (Գեղանուշ գյուղի հարեւանությամբ) նույնպես անցնում է հենց ՀՀ-Ադրբեջան սահմանով: Ինչպե՞ս են կարգավորվելու այս ճանապարհի անվտանգության եւ այդ հատվածում դեմարկացիայի հարցերը:

-Մ-2, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի սահմանամերձ հատվածներին վերաբերող հարցերը փոխկապակցված են ՀՀ զինված ուժերի մարտական նոր հենակետերի տեղակայման, իսկ հետագայում նաեւ երկկողմ սահմանագծման (դելիմիտացիայի) եւ սահմանազատման (դեմարկացիայի) աշխատանքների եւ այդ ուղղությամբ իրականացվելիք բանակցությունների հետ (որոնք միջազգային պրակտիկայում երկկողմ հարաբերություններ պահանջող եւ տարիներ տեւող գործընթացներ են):

«Հետք» - Այս պատասխանից կարող ենք հետեւություն անել, որ ՀՀ զինված ուժերը շարունակելու են մնալ այն դիրքերում, որտեղ այժմ գտնվում են: Խոսքը Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մասին է, որոնց մի մասը շարունակում է մնալ հայկական վերահսկողության տակ: Այս շրջաններում կողմերի վրա տարածվում է եռակողմ հայտարարության առաջին կետը՝ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: ՀՀ պետական կառույցների պատասխանից բխում է, որ Հայաստանի հարավարեւելյան հատվածում դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցեր ներկայում չեն քննարկվում, եւ առաջիկայում դրա նախանշաններ չեն էլ երեւում:  

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter