HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Atlantis Armenian Airlines»-ը մինչեւ Կապան մեկնելը չարտերային չվերթներ է առաջարկում

Հայկական «Atlantis Armenian Airlines» ավիաընկերությունը, որը հանրությանն առավել հայտնի է առաջիկայում իրականացվելիք Երեւան-Կապան թռիչքներով, երկուշաբթի օրը չարտերային թռիչքով Կրասնոդարից Հայաստան է տեղափոխելու ՀՀ քաղաքացիների: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ավիաընկերության ֆինանսական տնօրեն Տիգրան Շահվերդյանը:

Ավիաընկերությունը երեկ հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան իր էջով՝ նշելով, որ ինքը պատրաստ է Երեւանից պատվերով/չարտերային չվերթներ իրականացնել դեպի Կրասնոդար, Սոչի, Միներալնիե Վոդի, Ստավրոպոլ, Դոնի Ռոստով, Թբիլիսի, Բաթում, Քութայիս եւ հակառակ ուղղություններով: Այսինքն՝ եթե լինեն քաղաքացիներ, ովքեր կորոնավիրուսի համավարակի այս պայմաններում կցանկանան վերադառնալ հայրենիք, հայկական ավիաընկերությունն առաջարկում է իր ծառայությունները: 

Ռեգիոնալ այս թռիչքներն իրականացվելու են «Atlantis Armenian Airlines»-ի «L-410UVP-E20» չեխական արտադրության օդանավով (հայկական գրանցումը՝ EK-4117, ինքնաթիռը կրում է Համո Սահյանի անունը), որը նախատեսված է 19 հոգու համար, սակայն հաշվի առնելով վերը նշված թռիչքների հեռավորությունն ու վառելիքի ծախսը, ավիաընկերությունը նստատեղերի թիվը հասցրել է 15-ի: Տ. Շահվերդյանը մեզ հայտնեց, որ Երեւան-Կապան-Երեւան թռիչքների համար նախատեսում են օգտագործել 17 տեղ, որոնցից յուրաքանչյուրին կտրամադրվի 20 կգ ուղեբեռ տեղափոխելու հնարավորություն, սակայն չի բացառվում, որ հետագայում նստատեղերի թիվը հասցվի 19-ի՝ նվազեցնելով տեղափոխվող ուղեբեռի ծավալը:

Կապանի օդանավակայանի վերագործարկման մասին «Հետքը» պարբերաբար գրում է: Մարտի սկզբին, երբ դեռ կորոնավիրուսի տարածումը պանդեմիայի մակարդակի չէր հասել, նշել էինք, որ Կապանի օդանավակայանը նախատեսվում է բացել այս տարվա առաջին կիսամյակում: Այս մասին մեզ հայտնել էր Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը: Ապրիլի 14-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գալուստ Պողոսյանն իր հերթին ֆեյսբուքյան ուղիղ եթերում կարծիք էր հայտնել, թե ոչ ոք հստակ չի կարող ասել, թե երբ կվերագործարկվի Կապանի օդանավակայանը՝ հաշվի առնելով նաեւ, մասնավորապես, սերտիֆիկացման գործընթացը: Այդուհանդերձ, Պողոսյանը նշել էր, որ աշխատանքները մեծամասամբ կատարված են, ու կորոնավիրուսը չի խոչընդոտի կառույցի շահագործմանը: Տ. Շահվերդյանը մեզ փոխանցեց, որ, իր տեղեկություններով, շինաշխատանքների համար որոշակի խնդիրներ է ստեղծել եղանակը, չնայած դրանք գրեթե ավարտին են հասցված:

Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարը «Հետքին» հայտնել էր, որ չնայած օդանավակայանի ուղեւորային համալիրի կառուցման եւ թռիչքուղու հիմնանորոգման աշխատանքների արժեքը հաշվարկվել էր 2,3 մլրդ դրամ, նախագիծը վերանայվել է, եւ ընդլայնված ծրագրի արժեքը դարձել է 2,8 մլրդ դրամ: Փետրվարի վերջի դրությամբ այս գումարից ծախսվել էր շուրջ 2 մլրդ-ը: 

«Atlantis Armenian Airlines»-ի ֆինանսական տնօրենը հաստատեց Սյունիքի մարզպետարանի փոխանցած տեղեկությունն այն մասին, որ Երեւան-Կապան-Երեւան չվերթներն իրականացվելու են շաբաթական 3 անգամ, իսկ հետո, կախված պահանջարկից, կարող են փոփոխություններ արվել չվացուցակում: 

Նախկինում գրել ենք, որ նախնական հաշվարկներով Երեւան-Կապան եւ հակառակ ուղղությամբ թռիչքի տոմսն արժենալու է շուրջ 20.000 դրամ, բայց օդանավակայանի վերագործարկման ծրագրի ներդրողները (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամը) հայտարարել էին որոշ խավերի համար սուբսիդավորում կատարելու պատրաստակամության մասին:

Այսպես՝ դեռ 2017-ին Սյունիքի մարզպետարանից մեզ հայտնել էին, որ ՍՄԶՆՀ-ն պատրաստ է սուբսիդավորել առողջության նկատառումներով մայրաքաղաք շտապ տեղափոխվելու անհրաժեշտություն ունեցող ուղեւորների ճանապարհածախսը: Ավելի ուշ նախկին մարզպետ Վահե Հակոբյանն էր հայտարարել, որ այս հիմնադրամի կողմից կգործեն հատուկ սակագներ նաեւ ուսանողների համար: Օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչ ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ն էլ անցյալ տարի «Հետքին» տեղեկացրել էր. «ԶՊՄԿ-ն նախատեսում է իր կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում սուբսիդավորել օդանավի տոմսերի ձեռքբերումը սոցիալապես անապահով անձանց, ուսանողների եւ այլ խոցելի խմբերի համար»: 

Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերին Կապան համայնքը օդանավակայանn անհատույց 25 տարով կոնցեսիոն կառավարման է հանձնել ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին, որը հիմնադրվել էր նույն տարվա մայիսին Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամի կողմից: Վերջինս պետական հիմնադրամ է, որի կառավարման լիազորված մարմինը Սյունիքի մարզպետարանն է: ՍՊԸ-ի հիմնադրումից մեկ տարի անց՝ 2018-ի մայիսին, դրա համասեփականատեր է դարձել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը, որն իր հերթին ստեղծվել է ԶՊՄԿ-ի կողմից: Ներկայում օդանավակայանի կոնցեսիոներ ընկերությունում 50-50 մասնաբաժին ունեն պետական եւ մասնավոր 2 հիմնադրամները: ՍՊԸ-ն գրանցված է Կապանում, տնօրենը երեւանցի Կարեն Վարդանյանն է:  

Լուսանկարները՝ «Atlantis Armenian Airlines»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Կարեն
Վարազ Սյունի, միշտ կարդում եմ հոդվածներդ մի հարց եթե կարելի է, Արամ ( Սարգիս) Մանուկյանը 1879-1919 Դավիթ Բեկ գյուղից է թե՝ Շուշեցի՞

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter