HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կապանի օդանավակայանը կբացվի մինչեւ հունիս

Կապանի օդանավակայանը նախատեսվում է բացել այս տարվա առաջին կիսամյակում: Այս մասին մեզ հայտնել է Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը:

Անցյալ տարվա մայիսին գրել էինք, որ օդանավակայանի ուղեւորային համալիրի կառուցման եւ թռիչքուղու հիմնանորոգման աշխատանքների արժեքը հաշվարկվել էր 2,3 մլրդ դրամ, որից իրականացվել էր մոտ 850 մլն դրամի աշխատանք: Է. Մարտիրոսյանը օրերս տեղեկացրել է, որ չնայած սկզբնական նախագծով ծրագիրը գնահատվել էր 2 մլրդ 334 մլն դրամ, նախագիծը վերանայվել է, եւ ընդլայնված ծրագրի արժեքն այժմ կազմում է 2,8 մլրդ դրամ: Այս գումարից մինչ օրս ծախսվել է շուրջ 2 մլրդ-ը:

Հիշեցնենք, որ «Սյունիք» անվանակոչված օդանավակայանի վերաբացման ծրագրի ներդրողներ են համարվում Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամն (ՍՄԶՆՀ) ու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը: 2017-ի սեպտեմբերին Կապանի համայնքապետարանը օդանավակայանը 25 տարով օգտագործելու, կառավարելու, շահագործելու, սպասարկելու, վերանորոգելու եւ անհրաժեշտ բարելավում իրականացնելու իրավունք է տվել ««Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ին: Իրավունքը տրվել է անհատույց:

Ըստ Էդգար Մարտիրոսյանի՝ օդանավակայանի համալիրի կառուցման եւ շինարարության աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Ներկայում ընթացքի մեջ են ոչ միայն բուն շինարարական աշխատանքները, այլեւ նախագծային փաստաթղթերի համաձայնեցումը պետական իրավասու մարմինների հետ, անհրաժեշտ փորձաքննությունները, աշխատանքների արդյունքների փաստագրումը, սերտիֆիկացումները, անհրաժեշտ թույլտվությունների ստացումը, մասնագետների վերապատրաստումները եւ այլն, ինչը պայմանավորված է կառույցի բարդությամբ եւ օդանավակայանի՝ որպես կարեւորագույն նշանակության օբյեկտի շահագործման առանձնահատկություններով:

Նախորդ տարի մարզպետարանը մեզ էր տրամադրել կոնցեսիոների՝ ««Սյունիք» օդանավակայան»  ՍՊԸ-ի տեղեկանքը, որում նշվում էր, որ օդանավակայանի եւ դրա ենթակառուցվածքների կառուցման եւ գործարկման ամբողջ ֆինանսական բեռն իր վրա է վերցրել ԶՊՄԿ-ն՝ պարտավորվելով իր հաշվին ձեւավորել բոլոր ենթակառուցվածքները (ներառյալ՝ շինաշխատանքների կատարումը, անհրաժեշտ նյութերի եւ սարքավորումների ձեռքբերումը) եւ անհատույց դրանք հանձնել ՍՊԸ-ին:

Հավելենք, որ, ըստ կոնցեսիոն պայմանագրի, դրա ավարտից հետո ամբողջ նորակառույց գույքն իբրեւ սեփականություն անցնելու է Կապան համայնքին, չնայած կոնցեսիան կարող է երկարաձգվել եւս 10 տարով:

Մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը հայտնել է նաեւ, որ օդանավակայանի վերաբացման արդյունքում ստեղծվելու է 40-50 աշխատատեղ: Այս թիվը կարող է փոփոխվել՝ կախված թռիչքների հաճախականությունից:

Ինչ վերաբերում է թռիչքներին, ապա սկզբնական փուլում նախատեսված է Երեւան-Կապան-Երեւան ուղեգծով շաբաթական 3 չվերթ, սակայն դրանց պարբերականությունը հետագայում ձեւավորվելու է ըստ պահանջարկի: Ըստ նախնական հաշվարկների՝ Երեւան-Կապան մեկկողմանի ավիատոմսի արժեքը լինելու է 20.000 դրամի սահմաններում:

Ինչպես արդեն գրել ենք, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի ու Կապանի միջեւ ավիահաղորդակցությունն ապահովելու է «Atlantis Armenian Airlines» ավիաընկերության կողմից շահագործվող «L-410UVP-E20» ինքնաթիռը, որը կարող է տեղափոխել 19 ուղեւոր: Չեխական արտադրողից 5,5 մլն եվրոյով գնված օդանավը Հայաստանում գրանցվել է իբրեւ EK-4117 եւ կրում է գրող, ծնունդով սյունեցի Համո Սահյանի անունը: Ներկայում ինքնաթիռը բազավորված է «Զվարթնոցում»: Անցյալ տարվա ամռանը այն չարտերային թռիչքներ կատարեց Երեւանից Բաթում:

Կապանի օդանավակայանի կոնցեսիոները, անդրադառնալով ինքնաթիռի սպասարկմանը, նախորդ տարի հայտնել էր հետեւյալը. «Օդանավի անվտանգ շահագործման ապահովման նպատակով ԶՊՄԿ-ի հաշվին անձնակազմի անդամներն ու տեխնիկական սպասարկումն ապահովող աշխատակիցներն անցել են համապատասխան ուսուցում Չեխիայում՝ օդանավն արտադրող գործարանում («Aircraft Industries»- հեղ.), եւ Հայաստանում: Ինքնաթիռի վարժական թռիչքները կազմակերպելու եւ օդաչուների վերապատրաստումն իրականացնելու նպատակով մասնագետներ են հրավիրվել Հայաստան, կազմակերպվել են անհրաժեշտ դասընթացները եւ վարժանքները: Սահմանված կարգով իրականացվել են նախաթռիչքային բոլոր աշխատանքները, ապահովված է օդանավի ընթացիկ պատշաճ սպասարկումը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում»:

Հ.Գ. Հայաստանի օդանավակայանների մասին մեր հոդվածաշարը ներկայացնում ենք նաեւ այս քարտեզի միջոցով: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել դրանց վերաբերյալ մեր հոդվածների կարճ հղումները: 

* Կապույտ - քաղաքացիական աերոդրոմներ
   Դեղնականաչ - ռազմական աերոդրոմներ
   Կանաչ - համատեղ բազավորման աերոդրոմներ 

Օդանավակայանի լուսանկարները՝ Վահե Սարուխանյանի, Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter