HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Լրագրողների «անվտանգության մասին մտածող» ԱԱԾ-ն նրանց հարցերին պատասխան չունի

Արցախյան պատերազմից հետո հատկապես գործադիր իշխանության գրեթե բոլոր օղակները հայտնվել են ճնշման տակ, ինչն սպասելի էր ու տրամաբանական:

Ռազմական գործողությունների ժամանակ հանրությանն ու լրատվամիջոցներին տարբեր քարոզչական հնարքներով ապակողմնորոշած եւ վերջնարդյունքում նվազագույնը խորը հիասթափության առաջ կանգնեցրած իշխանությունը հետպատերազմական փուլում լրատվամիջոցներից մեծ քանակով հարցումներ է ստանում, ինչը բնական է. թե՛ Արցախում, թե՛ ՀՀ սահմանամերձ շրջաններում ահռելի ծավալի խնդիրներ են ի հայտ եկել՝ ստեղծելով անորոշության մթնոլորտ ու առաջ բերելով մարդկանց զայրույթն ու մտահոգությունը: Այս իրավիճակում չորրորդ իշխանության՝ մամուլի գործը հանրությանն առկա իրավիճակի, զարգացումների, տարբեր գործընթացների մասին իրազեկելն է, եւ այդ պարագայում կարիք կա ներկայացնել նաեւ իշխանության պարզաբանումները:

Բայց արի ու տես, որ հանրային, այդ թվում՝ մամուլի ճնշման տակ հայտնված իշխանության օղակները, պաշտպանական դիրք բռնելով, «խրամատավորվել են» լրագրողների հանդեպ եւ նրանց հարցերին «ցրելու» կամ «ջրելու» տրամաբանությամբ տալիս են գծուծ պատասխաններ:

Գրավոր հարցումներում առաջադրված հարցերին պատկան մարմինները պատասխանում են փաթեթով, ասենք՝ լրագրողը ներկայացնում է 6 հստակ հարց, իսկ, օրինակ, ԱԱԾ-ն դրանցից 5-ին տալիս է ոչինչ չասող, անտրամաբանական ու «ցրող» մեկ պատասխան, ինչով ի ցույց է դնում հարցերին բովանդակալից պատասխան տալու անկարողությունը կամ չկամությունը առնվազն այդ պահին (կառավարական մարմինների կողմից նման գործելաոճի մի օրինակի էլ կարող եք ծանոթանալ այս հղումով):

Ինչպես հայտնի է, փետրվարի 10-ին ԱԱԾ-ն լրագրողների վերաբերյալ հայտարարություն տարածեց՝ իրազեկելով, թե «ստեղծված օպերատիվ իրավիճակով եւ անվտանգության նկատառումներով պայմանավորված, ինչպես նաեւ հիմք ընդունելով Սյունիքի մարզի համապատասխան տարածքներում սահմանային աշխատանքների իրականացման հանգամանքը՝ տվյալ վայրերում տարբեր թեմաներ լուսաբանելու նպատակով ԶԼՄ ներկայացուցիչները պետք է ունենան ՀՀ ազգային անվտանգության մարմինների համաձայնությունը, որի համար պետք է նախապես գրավոր (այդ թվում՝ նաեւ էլեկտրոնային տարբերակով) դիմել ՀՀ ԱԱԾ»:

Այս հայտարարությունն անմիջապես հարուցեց լրագրողների տարակուսանքն ու զայրույթը, քանի որ ԱԱԾ-ն որեւէ բացատրություն չներկայացրեց, թե օրենսդրական ինչ նորմով է հիմնավորում լրագրողների ազատ գործելու իրավունքի սահմանափակումը: Իսկ այդ իրավունքն ամրագրված է Սահմանադրությամբ եւ օրենքով:

Լրագրողական համայնքի ընդվզումից հետո ծառայությունը հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին, հայտարարեց, թե ամսի 10-ի իրազեկումը «չունի լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու կամ ՀՀ ԱԱԾ-ից թույլտվություն հայցելու նպատակ, եւ, բնականաբար, հրապարակված տեքստում պետք չէ փնտրել իրավական ակտերի հետ հակասություններ կամ անհամապատասխանություններ: Հիշյալ իրազեկման նպատակն ընդամենը անհրաժեշտ նկարահանումներն աշխատանքային կարգով եւ նախապես փոխհամաձայնեցված կերպով կազմակերպելն է՝ պայմանավորված ստեղծված օպերատիվ իրավիճակով, անվտանգության նկատառումներով եւ տեղում իրականացվող որոշակի աշխատանքներով»:

Թվում էր, թե գուցե ԱԱԾ-ն կփորձի իր քայլը հիմնավորել, ասենք, «Պետական սահմանի մասին» օրենքով, ինչը, սակայն, ո՛չ առաջին հայտարարության, ո՛չ պարզաբանման մեջ չկար (իրականում սա միայն վերապահումով կարելի է պարզաբանում համարել, քանի որ նորից անպատասխան հարցեր մնացին): Մեզ հուզող մի շարք հարցերի պատասխաններ ստանալու համար գրավոր հարցում ուղարկեցինք ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին: Սակայն ԱԱԾ մամուլի կենտրոնից ստացած պատասխանը, մեղմ ասած, ամենատարօրինակների շարքից է. 5 տարբեր հարցերի վերաբերյալ ընդամենը ասվում է. «ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից տարածված իրազեկման վերաբերյալ վերջինիս հաջորդող օրվա ընթացքում տարածվել է համապատասխան պարզաբանում»:

Սա նշանակում է, որ ԱԱԾ-ն այլ ասելիք չունի ու լրագրողներից մի տեսակ նեղացած պատանու պես ասում է՝ իմ ասելիքն արդեն ասել եմ: Բայց իրականում կան նորմալ պարզաբանման ու ճշգրտման կարիք ունեցող կետեր: Ահա մեր հարցերը:

-Փետրվարի 10-ին ԱԱԾ-ի տարածած հայտարարության մեջ Սյունիքի մարզի որոշ հատվածներում լրագրողների աշխատանքի համար ԱԱԾ-ի համաձայնությունը ստանալը պայմանավորվում է «ստեղծված օպերատիվ իրավիճակով և անվտանգության նկատառումներով»: Իսկ ի՞նչ օրենսդրական հիմք է դրվել այս հայտարարության տակ՝ օրենք, կառավարության որոշում: Կա՞ ընդհանրապես նման հիմք: Եթե այո, խնդրում եմ նշել:

ԱԱԾ-ն, ինչպես տեսանք մեզ տրված մեկ ընդհանուր պատասխանից, չունի հիմնավորում: Հիմնավորում չկա նաեւ ամսի 11-ի պարզաբանման մեջ, որում ծառայությունը լրագրողներին ասում է. «Վստահաբար ընդգծելով, որ համապատասխան աշխատանքները փոխհամաձայնեցված կազմակերպելու հանգամանքը մեծապես բխում է նաեւ լրագրողական գործունեության արդյունավետության եւ անվտանգության տեսանկյունից՝ հարկ ենք համարում հորդորել զերծ մնալ անհարկի շահարկումներից»:  

-Փետրվարի 10-ի հայտարարության մեջ ԱԱԾ-ն օգտագործել է «համապատասխան տարածքներ» արտահայտությունը: Ինչպե՞ս պիտի լրագրողները իմանան, թե որոնք են այդ տարածքները, որպեսզի ըստ այդմ դիմեն ԱԱԾ-ին: Արդյոք խոսքը Որոտան-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների մասին է, թե՞ կան այլ հատվածներ/տարածքներ եւս:

Սա կարեւոր է այնքանով, որ եթե ԱԱԾ-ն իսկապես մտածում է լրագրողների անվտանգության մասին, ոչ թե պետք է անորոշ բնութագրումներ անի խնդրահարույց գոտիների մասին, այլ պարզաբանի, թե որոնք են այդ «համապատասխան տարածքները», որպեսզի լրագրողներն էլ իմանան իրենց անելիքը (այդ թվում՝ ԱԱԾ-ի հետ աշխատանքները համաձայնեցնելու միջոցով), ոչ թե մատից հոտ քաշեն: Ծառայության լռությունն այստեղ քննություն չի բռնում:

-Եթե փետրվարի 10-ի հայտարարությունը պայմանավորված է «ստեղծված օպերատիվ իրավիճակով», ինչու՞ նոյեմբերի 9-ից հետո միայն փետրվարի 10-ին է ԱԱԾ-ն նման հայտարարություն արել: Ի՞նչ է փոխվել այդ ընթացքում:

ԱԱԾ-ն չունի պատասխան, ինչը ողջամիտ կասկածներ է առաջացնում:

-Արդյոք իրավիճակի փոփոխության վրա ազդեցություն է ունեցել փետրվարի 6-ի միջադեպը Կապան-Ճակատեն հատվածում:

ԱԱԾ-ն չունի պատասխան: Հարց է ծագում՝ արդյոք սա այն դեպքն է, երբ լռությունը համաձայնության նշան է: Հիշեցնենք, որ ամսի 6-ին, ինչպես հայտնել էր Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանը, միջադեպ էր գրանցվել Կապան-Ճակատեն ճանապարհին, որի հարեւանությամբ ադրբեջանցիները «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ էին տեղադրել: Փարսյանը հայտնել էր, որ մերոնցից կրակել էին ցուցանակի վրա, ինչից հետո թշնամին այն փոխարինել էր նորով ու դիրքավորվել դրա կողքին (մինչ այդ թշնամու կողմից հսկողություն չի իրականացվել ցուցանակի մոտ): Սրան ի պատասխան՝ ճանապարհը վերահսկող ռուս սահմանապահներն էլ ադրբեջանցիների դիմաց նոր վերակարգ են դրել:  

-Արդյոք ԱԱԾ-ի հայտարարությունը պայմանավորված է ադրբեջանական կողմից ստացած համապատասխան ազդակներով: Եթե այո, ի՞նչ է պահանջել թշնամին հայկական կողմից:

ԱԱԾ-ն չունի պատասխան: Հերքման բացակայությունը թույլ է տալիս համապատասխան հետեւություններ անել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter