HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Կառավարությունը ոչ մի կերպ չի հերքում համացանցում հայտնված զիջողական հուշագրի իրական լինելը

Կառավարությունը խուսափում է հստակ պատասխան տալ՝ համացանցում հայտնված հուշագիրը Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերահսկողության մասին իրակա՞ն է, թե՞ կեղծ: Հարցն այն է, որ գործադիր իշխանությունը չի հերքում դրա իրական լինելը:

Չնայած փաստաթղթում չի երեւում ստորագրություն, փաստ է, որ դրանում ամրագրված բոլոր կետերն իրականություն են դարձել: «Հուշագիր Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի կազմակերպման մասին». այսպես է կոչվում այն փաստաթուղթը, որը մեծ աղմուկ հանեց վերջերս:

Ըստ էության, հենց սա է այն փաստաթուղթը, որով ամրագրվել է պատերազմական գործողությունների ավարտից հետո հայկական ուժերի դուրսբերումը վերջիններիս վերահսկողության տակ մնացած Ղուբաթլուի եւ Զանգելանի շրջանների մի մասից: Դրանում ամրագրվել է նաեւ Սյունիքի որոշ ճանապարհների վերահսկողության կարգը:

Հասկանալու համար իրադարձությունների ընթացքը ճիշտ կլինի դիմել ժամանակագրության օգնությանը:

Տարածքների հանձնումը. բանավոր պայմանավորվածությունից բացի՝ դրույթ է եղել թղթի վրա

Անցյալ տարվա դեկտեմբերի 9-ին ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանից» Գուրգեն Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե նոյեմբերյան եռակողմ հայտարարությունից բացի՝ կա արդյոք հավելված, ինչին Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Որեւէ հավելված, այլ փաստաթուղթ եւ այլն, էդպիսի բան գոյություն չունի»:

Սրանից 4 օր անց՝ դեկտեմբերի 13-ին, անվտանգության խորհրդի նիստում Փաշինյանը հայտարարեց. «...Հաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պետք է որոշումներ կայացնել, կապված է Ղուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ: Այդ շրջանների վերաբերյալ, իհարկե, համատեղ հայտարարության մեջ որեւէ հիշատակում չկա, որովհետեւ հայտարարության ստորագրման պահին այդ տարածքերը, ցավոք, մեծ մասամբ գտնվել են ադրբեջանական ուժերի վերահսկողության ներքո, այսինքն՝ ընդամենը փոքր հատվածներն են մնացել: Այդ բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այս հատվածներում պետք է տեղի ունենա սահմանների ճշգրտում»:  

Դեկտեմբերի 17-ին Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն ահազանգեց, որ նույն օրն առավոտյան ՊՆ-ից հրահանգել են մինչեւ ամսի 18-ի ժամը 17-ը թողնել Կապան քաղաքի ու հարակից 13 գյուղերի (Դավիթ Բեկ, Կաղնուտ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Գեղանուշ, Ճակատեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ) անվտանգությունն ապահովող դիրքերը, որոնք, ըստ խորհրդային սահմանների, գտնվում էին Զանգելանի տարածքում:

Վերոնշյալ հուշագրում, որի իսկությունը իշխանությունը չի հերքում, առաջին իսկ կետով սահմանվել է. «Հայկական կողմը 2020 թ. դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի եւ Ղուբաթլուի շրջաններից հանում է իր զինված խմբավորումները»: Այսինքն՝ կարող ենք ասել, որ փաստաթուղթը կազմվել է մինչեւ դեկտեմբերի 18-ը, եւ դրանում նշվածն իրականություն է դարձել:

Վերջին տարածքները հանձնելուց հետո՝ դեկտեմբերի 25-ին, ԱԺ-ում Կապանի համայնքապետ Փարսյանը պատգամավորներին պատմել է. «Պաշտպանության նախարարի հետ հանդիպել ենք (դեկտեմբերի 17-ին - «Հետք»), ես էդ հարցը հնչեցրել եմ՝ ո՞նց եղավ մեր դիրքերից հետ գնացինք, նախարարն ինձ պատասխանեց, որ համաձայնությունն ի սկզբանե է եղել: Եթե եղել է, ինչի՞ մենք տեղյակ չենք եղել, ինչի՞ ենք էդքան ամրացել դիրքերում, նոյեմբերի 9-ից հետո երկրորդ, երրորդ բնագիծ ենք կազմել»:

Դեկտեմբերի 27-ին վերջին պաշտպանական բնագծերը թշնամուն հանձնելու վերաբերյալ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը ասել է. «Քանի որ Ղուբաթլուի եւ Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետեւ այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված»:

Փաշինյանը, սակայն, հարցազրույցում չի նշել, որ նոյեմբերին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը հետագայում ամրագրվել է թղթի վրա:

Տարածված հուշագիրն ու պաշտպանության նախարարի հարցազրույցը համընկնում են

Դեկտեմբերի 19-ին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, թե Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ հատվածը որոշ տեղերում անցնում է վիճարկելի տարածքով: Ըստ ՊՆ-ի՝

  1. Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթեւեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
  2. Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։
  3. Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:
    Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

ՊՆ-ի այս հայտարարությունը համընկնում է հուշագրում սահմանվածին:

Ըստ այդմ՝ Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների կոնկրետ հատվածներով (կոորդինատները նշված են - «Հետք») մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխումը կազմակերպելու նպատակով ճանապարհներից հեռավորության վրա (հեռավորությունը չի հստակեցվում - «Հետք») վիզուալ եւ տեխնիկական դիտարկում են կատարում ՀՀ-ի կողմից ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ ԱՀ-ի կողմից՝ պետական սահմանապահ ծառայությունը, որոնք տեղակայում են սահմանապահ վերակարգեր:

Ահա եւս 3 կետ նշված հուշագրից:

Հայկական եւ ադրբեջանական կողմերը երաշխավորում են նշված ճանապարհներով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխումը, իսկ ճանապարհների եւ սահմանապահ վերակարգերի միջակայքում՝ կողմերի այլ զինված խմբավորումների բացակայությունը, իրենց տարածքներում՝ տեղի բնակչության եւ սահմանային ենթակառուցվածքների անվտանգությունը:

ՌԴ ԱԴԾ սահմանապահ մարմիններն ապահովում են ճանապարհներով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխման վերահսկողությունը, իրականացնում են ակտուալ ինֆորմացիայի փոխանակում եւ ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու համար կողմերին իրազեկում են անհրաժեշտ պահանջների մասին:

Ադրբեջանական կողմը երաշխավորում է Հայաստանի քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղափոխությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհով եւ իրականացնում է ճանապարհի տվյալ հատվածից (կոորդինատները նշված են - «Հետք») օգտվելու իր իրավունքը նախնական իրազեկումից հետո:    

Հուշագրի գործողության ժամկետը 5 տարի է, որը հետագայում ավտոմատ կերպով երկարաձգվելու է եւս 5 տարով, եթե դրա ավարտից 6 ամիս առաջ կողմերից մեկը չհայտնի դրա գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին: Այսինքն՝ գործում է նույն մոտեցումը, ինչ 2020 թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության պարագայում:

Դեկտեմբերի 20-ին «Զինուժ մեդիային» տված հարցազրույցում Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը գրեթե ամբողջությամբ կրկնել է այն, ինչ նշված է հուշագրում. «Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կմ-ը իրենց հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը: Իրենք վերահսկում են ճանապարհը, մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում եւ վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը: Մեր սահմանապահ զորքերի հետեւում կանգնած է մեր բանակը: Եվ ձեռք է բերված պայմանավորվածություն, որ մեր սահմանապահ զորքերի ու ճանապարհի միջեւ որեւէ զորք չի լինելու: Նույնը վերաբերում է Ադրբեջանին: Վիզուալ հսկողություն կատարում են ադրբեջանական սահմանապահ զորքերը, հետեւում՝ իրենց զորքը: Այնտեղ նույնպես սահմանապահ զորքերի եւ ճանապարհի արանքում չպետք է լինի որեւէ զինված ստորաբաժանում: Ռուսաստանը մեր եւ ադրբեջանցի սահմանապահների հետ միասին որոշում է, թե ինչ հեռավորության վրա կանգնի իրենց դիտակետը կամ որեւէ այլ միջոց, որն ապահովում է ճանապարհի վերահսկողությունը: Ռուսաստանն ունի անցակետ Գորիսի հատվածում եւ Դավիթ Բեկում: Հիմա գնում է այդ գործընթացը, երբ սահմանապահ զորքերը որոշում են իրենց դիրքերը, ինչ գծով են կանգնելու, եւ դա արվում է ռուս սահմանապահների կոորդինացման ներքո: Նույն ձեւով ապահովվում է Կապան-Ճակատեն ճանապարհի անվտանգությունը»:

Նույն օրը՝ դեկտեմբերի 20-ին, ԱԱԾ-ն հայտարարեց, որ Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ եւ ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ: Հատկանշական է, որ ԱԱԾ-ն Կապան-Ճակատեն հատվածը չի հիշատակել: Իսկ սահմանային իրավիճակի մասին իր պարբերական հաղորդագրություններում ՊՆ-ն իբրեւ ԱԱԾ-ի վերահսկողության գոտի է նշում միայն Որոտան-Դավիթ Բեկ հատվածը:  

Կոորդինատները. 21, թե՞ 31 կիլոմետր

Եթե հուշագրում առկա կոորդինատներն անցկացնում ենք «Google»-ի քարտեզի վրա, որով սահմանների սիրողական ճշգրտում է արվել պատերազմական գործողություններից հետո, ստացվում է մի պատկեր, որի մասին արդեն գրել ենք:

Ըստ այդ կոորդինատների՝ հայ, ռուս եւ ադրբեջանցի սահմանապահների վերահսկողության տակ է անցնում Հայաստանի Մ-2 մայրուղու Գորիս-Էյվազլի (Ադրբեջան) սահմանագծից գրեթե մինչեւ Կարմրաքար ընկած հատվածը, որի երկարությունը 31 կմ է, ոչ թե 21:

Ինչպես արդեն գրել ենք, 21 կմ է ստացվում Որոտանի կիրճից՝ ժողովրդի շրջանում հայտնի «թասի» ոլորաններից վերեւ ընկած տարածքից (ոլորանների վերջնամասից) մոտավորապես մինչեւ Կարմրաքար ընկած հատվածը: Այսինքն՝ այդ դեպքում հաշվի չեն առնվում Գորիս-Էյվազլի սահմանագծից մինչեւ Որոտան ձգվող 3,6 կմ-ը, որը սիրողական ճշգրտումներից հետո անցել է Ադրբեջանին, ինչպես նաեւ Որոտանի «թասի» ոլորանները, որոնք գրեթե ամբողջությամբ ՀՀ սուվերեն տարածքում են:

Այդուհանդերձ, փաստ է, որ Գորիս-Կապան ճանապարհին ռուս սահմանապահները վերահսկողություն են իրականացնում Գորիս-Էյվազլի սահմանագծից մինչեւ Կարմրաքարի կանգառ (Մ-2 մայրուղուց դեպի Դավիթ Բեկ տանող ճանապարհի մոտ): Այս երկու կետերում ռուսները դիտակետեր ունեն (մենք անցել ենք այդ ճանապարհով ու ֆիքսել ենք ռուսների դիտակետերը): Ըստ այդմ՝ նրանց վերահսկողության տակ գտնվող մայրուղին փաստացի 35 կմ է:  

Կապան-Ճակատեն վերահսկվող հատվածի երկարությունն էլ, ըստ հուշագրում առկա կոորդինատների, 12,2 կմ է, չնայած պետք է նշել, որ կոորդինատները ներկայացված են ոչ թե սահմանային կետերի, այլ բնակավայրերի կենտրոնների միջեւ: 

Ինչի՞ց է խուսափում կառավարությունը, եթե թղթին գրվածն արդեն իրականություն է

Փետրվարի 10-ին ԱԺ-ում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսեց Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի շուրջ ձեռք բերված պայմանավորվածության մասին, ինչը նոր հարցեր առաջացրեց, սակայն «Հետքի» հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից հայտնել են, որ նա, ըստ էության, կրկնել է դեկտեմբերի 19-ին ՊՆ-ի հայտարարությունը վիճարկելի տարածքներով անցնող ճանապարհի մասին: Ավինյանի հայտարարության հաջորդ օրը՝ ամսի 11-ին, ՊՆ-ն հիշեցրեց, որ ինքը ճանապարհի վերահսկողության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին հայտարարել է դեռ դեկտեմբերի 19-ին: Այդուհանդերձ, այս անգամ գերատեսչությունը նշեց, որ պայմանավորվածությունը եղել է Հայաստանի ու Ռուսաստանի պաշտպանության նախարարների միջեւ, ինչը, սակայն, քիչ հավանական է, քանի որ շոշափվում են նաեւ Ադրբեջանի շահերը, հետեւաբար երկկողմանի պայմանավորվածություն չէր կարող լինել: Նախարարությունը, կարծես, փորձում է մեղմել կառավարության հանդեպ ձեւավորված անվստահության մթնոլորտը, քանի որ ցանկացած պայմանավորվածություն ադրբեջանցիների հետ անհանգստությամբ, զայրույթով եւ դժգոհությամբ է ընդունվում:

Կարեւոր ենք համարում նշել, որ Ավինյանի գրասենյակը չի հերքել դիտարկումը, թե արդյոք տարածված հուշագիրը հենց այն պայմանավորվածությունն է, որի մասին հայտարարել են ՊՆ-ն ու ինքը: Բացի դրանից՝ չի նշել, թե ովքեր են փաստաթուղթը ստորագրող երեք կողմի պաշտոնյաները, ու երբ է այն ստորագրվել: Սրանք հարցեր են, որոնց ի պատասխան՝ փոխվարչապետի գրասենյակից կարող էին ասել՝ չկա գրավոր փաստաթուղթ, չկա ստորագրություն, կամ՝ տարածված հուշագիրը կեղծ է, իրականը չենք հրապարակում այսինչ պատճառով:

Ընդհանրապես, գործադիր իշխանության ներկայացուցիչների լռությունը, անհաջող խուսանավումներն ու ոչինչ չասող լակոնիկ պատասխանները առնվազն խորացնում են կասկածներն առ այն, որ տարածվածը իրական փաստաթուղթն է: Զարմանալին այն է, թե ինչու են խուսափում հաստատել դրա իսկությունը: Միեւնույնն է՝ այն, ինչ գրված է այդ թղթի վրա, արդեն գոյություն ունի, մենք այդ ամենը տեսնում եւ ապրում ենք իրական կյանքում: Ջայլամի քաղաքականությունը միայն իշխանությանն է վնասում, եթե, իհարկե, դրա համար տեղ մնացել է:

Ինչու՞ են ԱԱԾ-ն ու ՊՆ-ն թաքցնում միջադեպերը հանրությունից   

Այն, որ ԱԱԾ-ի վերահսկողության տակ է ոչ միայն Որոտան-Դավիթ Բեկ, այլեւ Կապան-Ճակատեն ճանապարհը, ասվում է թե՛ հուշագրում, թե՛ ՊՆ Վաղարշակ Հարությունյանի դեկտեմբերյան հարցազրույցում:

ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար տեղեկացնում է սահմանային, այդ թվում՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Որոտան-Դավիթ Բեկ հատվածի սահմանային միջադեպերի մասին (Կապան-Ճակատենի մասին դրանցում խոսք չկա): ՊՆ-ի հաղորդագրություններում շաբլոն ձեւով ասվում է, որ հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով կայուն օպերատիվ վիճակը պահպանվել է, ու սահմանային միջադեպեր չեն գրանցվել, այդ թվում՝ ԱԱԾ-ի պատասխանատվության գոտում: Կրկնելով այս նույն միտքը՝ միայն փետրվարի 15-ին է ՊՆ-ն հայտարարել, որ «սահմանագոտու որոշ հատվածներում արձանագրվել են անկանոն, հիմնականում օդ արձակված կրակոցներ, որոնք չեն փոփոխել օպերատիվ մարտավարական իրավիճակը»: Այս հաղորդագրությունը հաջորդել է ՄԻՊ Արման Թաթոյանի ահազանգին. օմբուդսմենն ադրբեջանցիների կողմից Կապան համայնքի Ագարակ ու Եղվարդ գյուղերի հատվածում արձակվող կրակոցների մասին ապացույց էր հրապարակել: Սակայն պետք է շեշտել, որ Թաթոյանը թշնամու նման սանձարկությունների մասին բարձրաձայնել է նաեւ հունվարին՝ հղում անելով տեղի հայ բնակչությանը: Ամսի 15-ին Սյունիքի մարզպետարանը հայտնեց, որ ռուս սահմանապահները Ագարակի ուղղությամբ եւս մի հենակետ են դրել:   

Այդուհանդերձ, պատերազմական գործողությունների ավարտից հետո հայտնի է առնվազն 2 դեպք, որոնք չեն հանրայնացվել ՊՆ-ի ու ԱԱԾ-ի կողմից: Խոսքը հունվարի 30-ի ու փետրվարի 6-ի միջադեպերի մասին է:

Հունվարի 30-ին ԱԱԾ-ն Տեղ գյուղում 2 ադրբեջանցի զինվորականների էր բռնել, որոնք հետո վերադարձվել էին ռուս խաղաղապահների միջնորդությամբ: Այս մասին, սակայն, մեր հանրությունն իմացել է ռուսական կողմի փետրվարի 1-ի տեղեկագրից: ՊՆ-ն ու ԱԱԾ-ն որեւէ բան սրա վերաբերյալ չեն հայտնել: Նույնը եղել է փետրվարի 6-ի դեպքի մասով, երբ Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանն էր պատմել Կապան-Ճակատեն ճանապարհին գրանցված միջադեպի մասին: Ճանապարհի հարեւանությամբ ադրբեջանցիները «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակ էին տեղադրել, որի վրա, ըստ Փարսյանի, մերոնցից կրակել էին, ինչից հետո թշնամին այն փոխարինել էր նորով ու դիրքավորվել դրա կողքին (մինչ այդ թշնամու կողմից հսկողություն չի իրականացվել ցուցանակի մոտ): Սրան ի պատասխան՝ ճանապարհը վերահսկող ռուս սահմանապահներն էլ ադրբեջանցիների դիմաց նոր վերակարգ են դրել:

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին հարցրել էինք, թե ինչու են ԱԱԾ-ն ու ՊՆ-ն հանրությունից թաքցնում սահմանային միջադեպերը: Հունվարի 30-ի միջադեպի մասին ԱԱԾ մամուլի կենտրոնից փոխանցել են նույն շաբլոն պատասխանը, ինչ մյուս լրատվամիջոցներին. «Հարցման մեջ նշված անձինք ՀՀ տարածքում են հայտնվել եղանակային պայմանների պատճառով մոլորվելու արդյունքում, եւ նրանց վերաբերյալ համապատասխան որոշումը կայացվել է ՌԴ խաղաղապահների հետ համակողմանի քննարկումների արդյունքում՝ նկատի ունենալով նաեւ հայկական կողմից եւս նմանատիպ դեպք ունենալու եւ փոխադարձ համաձայնությամբ նույն ընթացակարգով հարցի լուծման նախադեպը»:

ԱԱԾ-ն չի հստակեցրել, թե ինչ «նույն ընթացակարգի» մասին է խոսքը, արդյոք դեպքի մասին չհայտարարելն այդ ընթացակարգի մաս է: Պարզ չէ նաեւ, թե «հայկական կողմից նմանատիպ դեպքը» որն է: Կարելի է ենթադրել, որ խոսքը ռուս խաղաղապահների միջնորդությամբ դեկտեմբերի 4-ին Արցախ վերադարձված Խրամորթ գյուղի բնակիչների՝ Ադեմնիկ Համբարձումյանի ու Ռամիդ Խաչատուրյանի մասին է, որոնք անհետացել էին նոյեմբերի 30-ին, ու ինչպես հետո էր պարզվել, հայտնվել էին ադրբեջանցիների վերահսկողության գոտում: Հարկ է նկատել, որ նրանց զինվորական լինելու մասին որեւէ տեղեկություն չի եղել, այնինչ ԱԱԾ-ի բռնած ադրբեջանցիները զինվորականներ էին:

Ավելի իրատեսական է թվում այն տարբերակը, որ Ադրբեջանում բազմաթիվ գերիներ ունենալու պարագայում ՀՀ իշխանություններն ուղղակի չեն ցանկացել բարձրաձայնել իրենց ձեռքում հայտնված թշնամու 2 զինվորականներին վերադարձնելու լուրը՝ խուսափելու համար հանրային դժգոհության նոր ալիքից:

Ինչ վերաբերում է Կապան-Ճակատեն հատվածում փետրվարի 6-ի միջադեպին, ԱԱԾ մամուլի կենտրոնից առաջարկել են դիմել պաշտպանության նախարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter