HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ավինյանի գրասենյակ. «Փոխվարչապետը բովանդակային առումով կրկնել է ՊՆ հայտարարությունը»

Փետրվարի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ի պատասխան ԱԺ-ում հնչեցված հարցին, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը ունեն առանց Ռուսաստանի միջնորդության կնքված փաստաթուղթ, հայտարարեց, որ ինքը նման բանի մասին տեղեկացված չէ, ու հավելեց, որ բացի նոյեմբերյան եւ հունվարյան հայտարարություններից՝ կա մի պայմանավորվածություն, որը վերաբերում է վիճարկելի հատվածներով անցնող Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհին:

Սա նոր կրքեր բորբոքեց մամուլում եւ հասարակության մեջ, եւ ՊՆ-ն հաջորդ օրը՝ փետրվարի 11-ին, կրկնեց դեկտեմբերի 19-ի իր հայտարարությունը Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի 21 կմ-ի վրա ռուս սահմանապահների տեղակայման մասին:

  1. Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթեւեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
  2. Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։
  3. Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից:

Նշված ճանապարհահատվածի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելու են անհրաժեշտ համալիր միջոցառումներ:

Այդուհանդերձ, ՊՆ-ն այս անգամ նաեւ հավելում արեց. «ՌԴ սահմանապահների կողմից վերոնշյալ ճանապարհների անվտանգության վերահսկողությունը ապահովելու պայմանավորվածություն ձեռք է բերվել ՀՀ եւ ՌԴ պաշտպանության նախարարների միջեւ»: Սա մի փոքր տարօրինակ է, քանի որ չկա Ադրբեջանի անունը, այնինչ երկու նախարար չեն կարող ինչ-որ բան պայմանավորվել նաեւ երրորդ երկրի անունից: ՀՀ ՊՆ-ն, ըստ էության, փորձել է թաքցնել այդ փաստը՝ կրքերը չշիկացնելու համար: Եռակողմ շփումների մասին փաստել է նաեւ նախարար Վաղարշակ Հարությունյանը իր դեկտեմբերյան հարցազրույցում:

Տ. Ավինյանին մի քանի հարց էինք տվել, որոնց պատասխանել է նրա գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը: Ավելի ճիշտ՝ տրվել է ընդհանուր պատասխան, իսկ կոնկրետ հարցադրումները մնացել են անարձագանք:

Ահա մեր հարցերը:

  1. Համացանցում տարածվել է Գորիս-Դավիթ Բեկ եւ Կապան-Ճակատեն ճանապարհների վերաբերյալ եռակողմ անստորագիր հուշագիր, որի բովանդակությունը շատ նման է ՊՆ Վաղարշակ Հարությունյանի կողմից «Զինուժ մեդիային» տրված դեկտեմբերյան պարզաբանմանը եւ ընդհանրապես համընկնում է այդ ճանապարհների վրա ներկա իրողություններին: Հաստատու՞մ եք, որ տարածված փաստաթուղթը հենց այն «պայմանավորվածությունն» է, որի մասին հայտարարել եք Դուք ԱԺ-ում, եւ հայտարարել է պաշտպանության նախարարությունը:
  2. Խնդրում եմ հայտնել, թե երբ եւ ում (ՀՀ, ՌԴ եւ ԱՀ ո՞ր պաշտոնյաների) կողմից է ստորագրվել այդ հուշագիրը: Եթե համացանցում տարածվածը իրական փաստաթուղթը չէ, ապա խնդրում եմ նշել, թե ինչ փաստաթղթի շուրջ է համաձայնություն ձեռք բերվել՝ հուշագրի, համաձայնագրի, հայտարարության եւն, եւ 3 կողմերից ովքեր են ստորագրել այն ու երբ:
  3. ՀՀ ՊՆ-ն ռուս սահմանապահների կողմից վերահսկվող Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի երկարություն է նշում 21 կմ-ը, սակայն տարածված հուշագրում առկա կոորդինատների համաձայն՝ դրա երկարությունը 31 կմ է: Ո՞րն է ճիշտ:
  4. Թյուրըմբռնումներից խուսափելու համար կարո՞ղ եք հստակեցնել, թե որ կոորդինատների միջեւ են ծառայություն իրականացնում ռուս սահմանապահները թե՛ Գորիս-Կապան, թե՛ Կապան-Ճակատեն ճանապարհներին:

Այս 4 հարցերին փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Բ. Բադալյանը պատասխանել է. «Փետրվարի 10-ին ՀՀ ԱԺ-ում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բառացի հայտարարել է հետեւյալը. «Ես առանց Ռուսաստանի միջնորդության որեւէ փաստաթղթի մասին, համենայն դեպս, տեղեկացված չեմ: Եվ բացի այդ հայտարարություններից եւ փաստաթղթերից, որոնք արվել են, կա եւս մեկ պայմանավորվածություն՝ վերաբերող ճանապարհահատվածին Դավիթ Բեկ-Գորիս հատվածում՝ ընդհանուր օգտագործման, քանի որ այնտեղ վիճարկելի հատվածներով էր անցնում ճանապարհը»:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերոնշյալ հայտարարությունը բովանդակային առումով կրկնել է ՀՀ պաշտպանության նախարարության 2020 թ. դեկտեմբերի 19-ի հայտարարությունը:

Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ ՀՀ պաշտպանության նախարարությունն այս հարցով պարզաբանում ներկայացրել է նաեւ փետրվարի 11-ին:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հարցին պատասխանել է՝ որպես տրվող հարցին պատասխան հնչեցնող կառավարության ներկայացուցիչ եւ, ըստ էության, կրկնել է ՀՀ պաշտպանության նախարարության 2020 թ. դեկտեմբերի 19-ի հայտարարության բովանդակությունը: ՀՀ ՊՆ հայտարարության մեջ նշված պայմանավորվածության հարցով քննարկումների վերաբերյալ տեղեկատվության տնօրինողը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կամ նրա գրասենյակը չեն»:

Ինչպես արդեն ասվեց, ՊՆ-ն եւս զերծ է մնացել մանրամասներից՝ ընդամենը հայտարարելով այն նույն բանը, ինչ արել էր դեկտեմբերի 19-ին: Ամեն դեպքում, հաշվի առնելով տարածված հուշագրի դրույթների համընկնումը ՀՀ պաշտոնյաների ու պատկան մարմինների հայտարարություններին, ինչպես նաեւ առկա իրողություններին՝ առաջիկայում կանդրադառնանք այդ փաստաթղթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter