
ԱԱԾ-ն Տեղ գյուղում ադրբեջանցի երկու զինծառայողի է բռնել․ խաղաղապահների միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել
2021 թվականի հունվարի 30-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները Սյունիքի մարզի Տեղ գյուղում բռնել են Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ նրանք ազատ են արձակվել։ Այս մասին հայտնի է դառնում Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ փետրվարի 1-ին հրապարակած տեղեկագրից։ Միջադեպի վերաբերյալ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը այլ մանրամասներ չի հաղորդում։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով մամուլի հաղորդագրություններ է տարածում հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակի, ինչպես նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածի վերաբերյալ։
Պաշտպանության նախարարության՝ հունվարի 30-ի և փետրվարի 1-ի (հունվարի 31-ին հաղորդագրություն չի եղել) հաղորդագրություններում վերը նշված միջադեպի մասին ոչինչ նշված չէ, փոխարենն ասվում է, որ սահմանային միջադեպեր չեն գրանցվել։
Ռուսական խաղաղապահ զորախմբի՝ փետրվարի 1-ին հրապարակած տեղեկագրում ասվում է, որ շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է։
Տեղեկագրում նշված է նաև, որ հունվարի 30-ին խաղաղապահ զորախմբի բժշկական ստորաբաժանումը ադրբեջանական կողմի խնդրանքով Վանք գյուղից Մաղավուզ գյուղ է տեղափոխել և ադրբեջանցի բժիշկներին փոխանցել Ադրբեջանի զինված ուժերի 16 հիվանդ զինծառայողի։
Լուսանկարը՝ արխիվային / © Վահե Սարուխանյան, «Հետք»
Մեկնաբանել