HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Եվս մի ավիափոխադրող դուրս մնաց շուկայից. Իրանում հայտնված օդանավը շահագործող ընկերությունն այլեւս վկայական չունի

Հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությունն այլեւս չունի օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), ինչը նշանակում է, որ այն չի կարող զբաղվել կոմերցիոն փոխադրումներով:

Հիշեցնենք, որ սա այն ավիաընկերությունն է, որի «Boeing 737-300» օդանավը (հայկական գրանցումը՝ EK-FAA) այս տարվա փետրվարի 20-ին անօրինական ձեւով հայտնվեց Իրանի մայրաքաղաք Թեհրանում եւ միայն երկարատեւ քաշքշուկներից հետո ապրիլի 23-ին տեղափոխվեց Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան:

Քաղավիացիայի կոմիտեն «Fly Armenia Airways»-ին ՕՇՎ էր տվել անցյալ տարվա հուլիսի 2-ին, որը վավեր էր մեկ տարի ժամկետով, եւ այն արդեն լրացել է: ՔԱԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ ընկերությունն ՕՇՎ այլեւս չունի, այնինչ գործող օրենսդրության համաձայն՝ շահագործողն իրավունք ունի վկայականի ժամկետը լրանալուց առնվազն 60 օր առաջ ներկայացնել ՕՇՎ-ի ժամկետը երկարաձգելու հայտ:

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ՔԱԿ-ը նույնիսկ կասեցրեց «Fly Armenia Airways»-ի դեռեւս գործող վկայականի գործողությունը՝ դա պայմանավորելով Իրանում հայտնված ինքնաթիռի միջադեպով: Կոմիտեն հայտարարեց, որ միջադեպի մասնագիտական քննության արդյունքում արձանագրվել են թռիչքային անվտանգությանը սպառնացող թերություններ, սակայն գերատեսչությունը մանրամասներ չհաղորդեց՝ միայն նշելով, որ քննության արդյունքները կներկայացնի ԱԱԾ, որտեղ քրեական գործ է քննվում օդանավ փախցնելու եւ փաստաթուղթ կեղծելու հատկանիշներով:

Կոմիտեն ավիաընկերության ՕՇՎ-ի կասեցման հիմքում դրել էր ոչ միայն Իրանի հետ կապված միջադեպի քննությամբ արձանագրված թերությունները, այլեւ այն, որ փոխադրողը շահագործման պիտանի օդանավ չուներ: Այս մասով մենք գրել էինք, որ «Ավիացիայի մասին» օրենքը չի նախատեսում վկայականի գործողության կասեցման նման հիմք:

Սակայն առաջին անգամը չէր, որ «Fly Armenia Airways»-ի ՕՇՎ-ի գործողությունը կասեցվում էր: Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին հիմնադրված «Fly Armenia Airways»-ը ՕՇՎ ստացավ միայն ամիսներ անց՝ 2020-ի հուլիսին, բայց արդեն 2020-ի սեպտեմբերին վկայականի գործողությունը կասեցվեց, քանի որ, ինչպես «Հետքին» հայտնել էր ՔԱԿ-ը, ավիաընկերությունը չէր պահպանել այն պայմաններն ու պահանջները, որոնց հիման վրա տրվել էր վկայականը: Թե ինչ պայմանների ու պահանջների մասին էր խոսքը, կոմիտեն չէր մանրամասնել: Սրան ի պատասխան՝ հոկտեմբերին ավիաընկերությունը դատի էր տվել ՔԱԿ-ին՝ պահանջելով ՕՇՎ-ի կասեցման հրամանն անվավեր ճանաչել: Այդուհանդերձ, դեկտեմբերին ընկերությունը հրաժարվեց հայցից, ու գործի վարույթը կարճվեց:   

2020-ի ամռանը մենք գրել էինք, որ հայկական ավիաընկերության 45 %-ի անուղղակի սեփականատեր Սայմոն Շպիցի անունն անպակաս է ավիացիոն սկանդալային պատմություններից: Նրա ներկայությունը հայկական ավիացիայում հայ ավիատորների կողմից եւս միանշանակ չընդունվեց, բայց դժվար է ասել, թե Շպիցի ոչ ուղղակի սեփականատեր լինելը «Fly Armenia Airways»-ում որքանով ազդեց ընկերության ՕՇՎ-ի կասեցման վրա: Փաստն այն է, որ 2020-ի դեկտեմբերի 25-ին թե՛ Շպիցի լոնդոնյան ընկերությունը դուրս եկավ «Fly Armenia Airways»-ի սեփականատերերի ցանկից, թե՛ «Fly Armenia Airways»-ը հրաժարվեց ՔԱԿ-ի դեմ հայցից: Այդ ընթացքում վերականգնվեց նաեւ ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը, բայց փետրվարին տեղի ունեցավ Իրանի հետ կապված միջադեպը:     

Այսպիսով՝ մեկ տարվա ընթացքում «Fly Armenia Airways»-ի օդանավ շահագործողի վկայականի գործողությունը երկու անգամ կասեցվեց, իսկ վավերականության ժամկետը մեկ տարի անց չերկարաձգվեց: Տպավորություն է, որ քաղավիացիայի կոմիտեի ու ավիաընկերության միջեւ պարբերաբար սեւ կատու է անցնում: Նկատենք, որ մինչ օրս ընկերությունը որեւէ կոմերցիոն չվերթ չի կատարել:

Դեռ մարտ ամսին, երբ «Fly Armenia Airways»-ի ինքնաթիռը Թեհրանում էր, կասկած էինք հայտնել, որ փոխադրողի՝ հուլիսին լրացող ՕՇՎ-ի ժամկետը կերկարաձգվի: Մեր կասկածներն իրականություն դարձան: Ընդ որում՝ նման կասկածներ ունեին հայկական ավիացիային առնչվող մեր աղբյուրներից մի քանիսը եւս:

Այս պահին, ինչպես ասում են, գնդակը «Fly Armenia Airways»-ի կիսադաշտում է, եւ ՕՇՎ ունենալ-չունենալու հարցը կախված է առաջին հերթին ավիաընկերությունից: Բնականաբար, դրա վրա իր ազդեցությունը կունենա նաեւ կոմիտեի դիրքորոշումն ու ԱԱԾ-ում քննվող քրեական գործի ընթացքը:   

Այս պահին Հայաստանում ՕՇՎ ունի 6 ավիաընկերություն.

««Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերություն» ՓԲԸ (Armenia Airways) – IATA-ի եւ ICAO-ի կոդերը՝ 6A, AMW
«Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ (Aircompany Armenia) – RM, NGT
«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ (Armenian Helicopters) - KAV
«ՆովԷյր» ՍՊԸ (NovAir) - NG, NAI
«Շիրակ Ավիա» ՍՊԸ (Shirak Avia) - SHS
«Սքայբոլ» ՍՊԸ (Skyball):

«Սմարթ Էյրլայնզ» ՍՊԸ-ի (նախկինում՝ «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ») օդանավ շահագործողի վկայականի գործողությունը կասեցվել է ապրիլի 30-ից մինչեւ հուլիսի 30-ը: Այս ընկերության մասին եւս «Հետքը» գրել է:

Տես նաեւ՝

Լուսանկարում՝ հայկական EK-FAA գրանցումով «Boeing 737-300»-ը՝ Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում, 03.03.2021

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter