HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ավիաընկերությունը կրկին դատի կտա շվեյցարական նախկին գործընկերոջը, իսկ նոր ՕՇՎ-ի ձեռքբերումն ընթացքում է

«Hayways» ավիաընկերությունը (նախկինում՝ «Fly Armenia Airways»), որի անունով գրանցված է այս տարվա փետրվարին Թեհրանում վայրէջք կատարած «Boeing 737-300» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-FAA), մտադիր է շարունակել դատական գործընթացը օդանավի սեփականատեր շվեյցարական ընկերության դեմ:

Ինչպես արդեն գրել ենք, Իրանում անօրինական կերպով վայրէջք կատարած ինքնաթիռի միջադեպից հետո հայկական ավիաընկերությունը պնդում է, որ մեծ աղմուկ հանած այդ պատմության մեջ ինքը զոհ է (մանրամասները՝ այստեղ), եւ սլաքներն ուղղում է դեպի շվեյցարական «BK Impex» ընկերությունը, որն ինքնաթիռի սեփականատերն է։ Չնայած օդանավը ապրիլից Երեւանում է, ԱԱԾ-ում քննվող քրեական գործով կալանքի տակ է, այսինքն՝ առժամանակ այն շահագործելու իրավունք չկա, բացի դրանից՝ «Hayways»-ը մտադիր էլ չէ օգտագործել օդանավը:

Այս տարվա հուլիսին ավիաընկերությունը դիմել էր Երեւանի դատարան՝ ընդդեմ «BK Impex»-ի: Գործը մակագրվել էր դատավոր Մուրադ Հովակիմյանին, սակայն վերջինս օգոստոսին հայցադիմումը հետ էր վերադարձրել՝ հիմնավորելով, որ հայցվորը վճարած չի եղել պետական տուրքը, որն այս դեպքում կազմում էր հայցագնի 2 տոկոսը։ Իսկ հայցագինը փոքր չէր․ հայկական ավիաընկերությունը պահանջում էր, որ ինքնաթիռի օտարերկրյա սեփականատերը իրեն վճարի շուրջ 25 մլն դրամ եւ 121 հազ․ դոլար։ Ավիաընկերության նախկին ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը «Հետքին» հայտնել էր, որ սրանք օդանավի հետ կապված այն ծախսերն են, որ արել է ավիափոխադրողը, ու քանի որ, ըստ վերջինիս, ինքը ֆինանսապես տուժել է օդանավը Իրան տեղափոխելու հանգամանքից, սեփականատիրոջից պահանջում է կատարած ծախսերի փոխհատուցում (օդանավը Թեհրանից Երեւան տեղափոխելու համար հայկական կողմը բավականաչափ ծախսեր է կատարել՝ թե՛ իր աշխատակիցներին այնտեղ գործուղելով, թե՛ ինքնաթիռը թռիչքային պիտանիության վիճակի բերելով)։

Այսպիսով՝ հայկական օպերատորը շվեյցարական սեփականատիրոջից պահանջել էր մոտ 173 հազ․ դոլարի փոխհատուցում, ինչի պարագայում 2 տոկոս պետտուրքը կազմում է մոտ 3500 դոլար։ Տ․ Մարտիրոսյանը դատարանին միջնորդել էր հետաձգել պետտուրքի վճարումը՝ հայտնելով, որ ավիաընկերությունը որեւէ տնտեսական գործունեություն, մասնավորապես՝ ավիափոխադրումներ, չի իրականացնում եւ հնարավորություն չունի վճարելու հայցագնի համար նախատեսված պետտուրքը։

Մարտիրոսյանը մեզ պատմել էր, որ ինքը դատարան է ներկայացրել վճարումը հետաձգելու, այսինքն՝ արտոնություն կիրառելու համար հիմք հանդիսացող ապացույցներ, սակայն դատավոր Հովակիմյանը միջնորդությունը մերժել է՝ որոշման մեջ գրելով, որ «հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել հայցվոր ընկերության գույքային դրության վերաբերյալ այնպիսի ապացույցներ, որը դատարանին հնարավորություն կտար հայցվորի համար սահմանելու պետական տուրքի վճարման արտոնություն»: Քանի որ պետտուրք վճարված չի եղել, այն հետաձգելու միջնորդությունն էլ մերժվել է, դատարանը օգոստոսի 10-ին վերադարձրել է ավիաընկերության հայցը՝ 3 օր ժամանակ տալով թերությունները վերացնելու համար։

Ըստ datalex.am հարթակի՝ որոշումը կողմերին ուղարկվել է օգոստոսի 31-ին, սակայն փաստաբան Մարտիրոսյանը սեպտեմբերի 2-ին «Հետքին» հայտնել էր, որ իրենք չեն ստացել որոշումը, ինչից հետո կմտածեն՝ այն բողոքարկե՞լ վերաքննիչ ատյանում, թե՞ ինչ-որ կերպ վճարել պետտուրքը:

Նույն հարթակից տեղեկանում ենք, որ հոկտեմբերի 22-ին այս գործն ուղարկել է դատարանի արխիվ, այլ կերպ ասած՝ այն փակվել է: Սակայն «Hayways»-ը մտադիր չէ հաշտվել նման իրողության հետ: Մեր հարցին, թե ինչու ընկերությունը չի բողոքարկել որոշումը կամ վճարել պետտուրքը, ավիաընկերությունից պատասխանել են. «Շվեցարական «BK Impex» ընկերության դեմ «Հայվեյզ» ընկերության հայցադիմումի վերադարձի մասին ընկերությունը պատշաճ կերպով չի ծանուցվել։ Որոշման մասին տեղեկացել է «Դատալեքս» համակարգի միջոցով։ «Հայվեյզ» ընկերության կողմից կատարվում են շտկումներ՝ հայցը կրկին դատարան ներկայացնելու նպատակով»։

Հիշեցնենք, որ հունիսի 11-ին ՀՀ քաղավիացիայի կոմիտեն կասեցրել էր «Hayways»-ի օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը, որի ժամկետը մինչեւ հուլիսի 2-ն էր: Արդյունքում ընկերությունը զրկվեց առեւտրային ավիափոխադրումների իրավունք ընձեռող այս վկայականից: Բայց «Hayways»-ը մտադիր է ստանալ նոր ՕՇՎ: Ինչպես տեղեկացել ենք ընկերությունից, հոկտեմբերի 27-ին «Hayways»-ի տնօրենների ու ՔԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ տեղի է ունեցել ՕՇՎ ստանալու համար ներկայացվող հայտի նախնական քննարկման փուլը:

Կառավարության 2015 թ. որոշմամբ, որով հաստատվել է ՕՇՎ տալու կարգը, սահմանվել է, որ վկայական տալու գործընթացը իրականացվում է 5 փուլով, որոնցից առաջինի ժամանակ հայտատուն կարող է քննարկումներ անցկացնել ՔԱԿ-ի հետ՝ թույլատրվող թռիչքների տիպերի, հայտատուի կողմից տրամադրվող անհրաժեշտ տեղեկությունների, ներկայացվող փաստաթղթերի ցանկի, դրանց պատրաստման ու ներկայացման ասպեկտների եւ հայտի ուսումնասիրման գործընթացի սահմանված փուլերի մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս փուլին հաջորդելու են հայտի պաշտոնական ներկայացման, ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատման, ստուգումների եւ ուսումնասիրությունների, վերջում՝ սերտիֆիկացման փուլերը:

Հունիսին ավիափոխադրողը հայտարարել էր, որ համաձայն իր նոր ռազմավարության՝ պատրաստվում է համալրել օդանավերի պարկը նոր սերնդի ինքնաթիռներով («Boeing 737-800» տիպի), որոնցով եւ կսկսի իր թռիչքային գործունեությունը։ Եթե հաշվի չառնենք դեռեւս ՀՀ օդանավերի ռեգիստրում հաշվառված, բայց կալանքի տակ գտնվող «Boeing 737-300»-ը (EK-FAA), ապա այս պահին «Hayways»-ի անունով այլ օդանավ գրանցված չէ: ՕՇՎ ստանալու համար ավիաընկերությունը պետք է առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) լինի կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած լինի: Այսինքն՝ նման փաստաթուղթն ինքնին բավարար է ՕՇՎ ձեռք բերելու գործընթացում:

«Hayways»-ը «Հետքին» փոխանցել է, որ արդեն իսկ կնքել է օդանավի վարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր ու այս պահին գտնվում է «Boeing 737-800» օդանավի վարձակալության պայմանագրի կնքման փուլում։ Միաժամանակ ընկերությունը մտադիր է ձեռք բերել այդ տիպի եւս 2 օդանավ։

«ՕՇՎ ստանալուց անմիջապես հետո ընկերությունը կիրականացնի ոչ կանոնավոր եւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ դեպի ՌԴ եւ Մերձավոր Արեւելք։ Հավելյալ տեղեկությունների մասին ընկերությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- հայտնել են «Hayways»-ից։

Լուսանկարում՝ «Զվարթնոցում» կայանված եւ քրգործում ներքաշված «Boeing 737-300»-ը (EK-FAA). 25.10.2021, լուսանկարիչ՝ Սիմոն Դե Ռուդեր/jetphotos.com  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter