HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ավիաընկերությունը 173 հազ․ դոլար փոխհատուցում է պահանջում նախկին գործընկերոջից․ «Fly Armenia Airways»-ը փոխել է անունը

Հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերությունը, որը օգոստոսին վերանվանվել է «Hayways», մտադիր է առաջիկայում վերադառնալ հայկական շուկա, չնայած «վերադարձ» ասվածը հարաբերական է։ Բանն այն է, որ չնայած նախկինում ընկերությունն ուներ կոմերցիոն թռիչքների իրավունք տվող օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ), ինչպես նաեւ ինքնաթիռ, այդպես էլ երկինք չբարձրացավ, փոխարենը կորցրեց ՕՇՎ-ն, որի գործողության ժամկետը լրացավ այս տարվա հուլիսին։

Ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում օգոստոսի վերջին հայտարարեց, որ համաձայն նոր ռազմավարության եւ զարգացման քաղաքականության՝ սկսել է վերաբրենդավորման գործընթաց ու այսուհետ հանդես է գալու «Hayways» անունով։ Իրավաբանական անձանց պետռեգիստրում ընկերությունն արդեն իսկ անվանափոխված է։ Այս պահին, մեր տեղեկություններով, ընթանում են նոր տարբերանշանի հեղինակային իրավունքների գրանցման աշխատանքները։

Ընկերության վերաբրենդավորումը, թերեւս, կարող ենք նաեւ պայմանավորել այն հանգամանքով, որ «Fly Armenia Airways» անունով հանդես գալու ժամանակ օպերատորը մի շարք անախորժությունների առանցքում հայտնվեց, որոնցից ամենահիշվողն, իհարկե, Իրանում անօրինական կերպով վայրէջք կատարած ինքնաթիռի միջադեպն է։ Ընկերությունը պնդում է, որ մեծ աղմուկ հանած այդ միջադեպում ինքը զոհ է, եւ սլաքներն ուղղում է դեպի շվեյցարական «BK Impex» ընկերությունը, որը Թեհրանում վայրէջք կատարած «Boeing 737-300» ինքնաթիռի սեփականատերն է։

Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին Իրանում հայտնված օդանավը երկարատեւ ջանքերից հետո հաջողվեց Երեւան բերել ապրիլի 23-ին։ «Զվարթնոցում» կայանված բորտը ԱԱԾ-ի կալանքի տակ է։ ԱԱԾ-ն մինչեւ հիմա նախաքննություն է կատարում փետրվարին հարուցված քրեական գործով, հատկանիշները՝ փաստաթղթերի կեղծում, օդանավի առեւանգում։ Չնայած հայտնի է, որ օդանավը Էստոնիայից Ուկրաինա տեղափոխելու փոխարեն Բուլղարիա, այնտեղից էլ՝ Իրան են տարել տաջիկ օդաչուները, ԱԱԾ-ն մեզ օգոստոսին հայտնել էր, որ գործում առայժմ չկան կասկածյալներ ու մեղադրյալներ, ինչը նշանակում է, որ տաջիկ օդաչուները չեն հետախուզվում։

Անվանափոխված «Hayways»-ը ներկայում չունի թռիչքային պիտանիություն ունեցող օդանավ, ինչը պայման է ՕՇՎ ստանալու համար։ Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, ընկերությունը բանակցություններ է վարում նոր ինքնաթիռ ձեռք բերելու շուրջ։ Մեր երկրում ՕՇՎ ստանալու համար ավիաընկերությունը պետք է առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) լինի կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած լինի: Այսինքն՝ նման փաստաթուղթն ինքնին բավարար է ՕՇՎ ձեռք բերելու գործընթացում, բայց, բնականաբար, անհրաժեշտ են այլ փաստաթղթեր եւս, որոնց հարցում, ըստ էության, ընկերությունը խնդիր չի ունենա։

Հունիսին ավիաընկերությունը հայտարարել էր, որ համաձայն իր նոր ռազմավարության՝ պատրաստվում է համալրել օդանավերի պարկը նոր սերնդի ինքնաթիռներով («Boeing 737-800» տիպի), որոնցով եւ կսկսի իր թռիչքային գործունեությունը։ Բանակցությունները ներկայում հենց այդպիսի օդանավի ձեռքբերման շուրջ են ընթանում։

Վերադառնալով վերաբրենդավորմանը՝ նշենք, որ փոխվել է ոչ միայն ընկերության անունը, այլեւ գործադիր ղեկավարը։ «Hayways»-ի 50 տոկոսի սեփականատեր Բելլա Գայամովային տնօրենի պաշտոնում օգոստոսին փոխարինել է Օվսաննա Ստեփանյանը։ Հիշեցնենք, որ Գայամովայի հետ համասեփականատեր է (50 տոկոս) գործարար Գեւորգ Նալբանդյանը, ով նաեւ այս ավիաընկերության հիմնական ներդրողն է։

Հուլիսին գրել էինք, որ «Fly Armenia Airways»-ը դատի է տվել Իրանում հայտնված օդանավի սեփականատեր շվեյցարական «BK Impex» բաժնետիրական ընկերությանը։ Գործը մակագրվել էր Երեւանի դատավոր Մուրադ Հովակիմյանին, սակայն վերջինս օգոստոսին հայցադիմումը հետ է վերադարձրել, քանի որ հայցվորը վճարած չի եղել պետական տուրքը, որն այս դեպքում կազմում էր հայցագնի 2 տոկոսը։ Իսկ հայցագինը փոքր չէր․ հայկական ավիաընկերությունը պահանջում էր, որ ինքնաթիռի օտարերկրյա սեփականատերը իրեն վճարի շուրջ 25 մլն դրամ եւ 121 հազ․ դոլար։ Դատարանում ավիաընկերության ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սրանք օդանավի հետ կապված այն ծախսերն են, որ արել է ավիափոխադրողը, ու քանի որ, ըստ վերջինիս, ինքը ֆինանսապես տուժել է օդանավը Իրան տեղափոխելու հանգամանքից (հայկական կողմը նաեւ հրաժարվել է անցյալ տարվա դեկտեմբերին իր հաշվեկշռում գրանցված այդ «Boeing 737-300»-ի հետագա հնարավոր շահագործումից), սեփականատիրոջից պահանջում է կատարած ծախսերի փոխհատուցում (օդանավը Թեհրանից Երեւան տեղափոխելու համար հայկական կողմը բավականաչափ ծախսեր է կատարել՝ թե՛ իր աշխատակիցներին այնտեղ գործուղելով, թե՛ ինքնաթիռը թռիչքային պիտանիության վիճակի բերելով)։

Այսպիսով՝ հայկական օպերատորը շվեյցարական սեփականատիրոջից պահանջել է մոտ 173 հազ․ դոլարի փոխհատուցում, ինչի պարագայում 2 տոկոս պետտուրքը կազմում է մոտ 3500 դոլար։ Տ․ Մարտիրոսյանը դատարանին միջնորդել է հետաձգել պետտուրքի վճարումը՝ հայտնելով, որ ավիաընկերությունը ներկայում որեւէ տնտեսական գործունեություն, մասնավորապես՝ ավիափոխադրումներ, չի իրականացնում եւ հնարավորություն չունի վճարելու հայցագնի համար նախատեսված պետտուրքը։

Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ներկայացրել է վճարումը հետաձգելու, այսինքն՝ արտոնություն կիրառելու համար հիմք հանդիսացող ապացույցներ, սակայն դատավոր Հովակիմյանը միջնորդությունը մերժել է՝ որոշման մեջ գրելով, որ «հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել հայցվոր ընկերության գույքային դրության վերաբերյալ այնպիսի ապացույցներ, որը դատարանին հնարավորություն կտար հայցվորի համար սահմանելու պետական տուրքի վճարման արտոնություն»: Քանի որ պետտուրք վճարված չի եղել, այն հետաձգելու միջնորդությունն էլ մերժվել է, դատարանը վերադարձրել է հայկական ավիաընկերության հայցը՝ 3 օր ժամանակ տալով թերությունները վերացնելու համար։ Որոշումը Մ․ Հովակիմյանը կայացրել է օգոստոսի 10-ին, բայց Տ․ Մարտիրոսյանն ասում է, որ մինչ օրս ինքն այդ ակտը չի ստացել, իսկ ստանալուց հետո կքննարկեն՝ այդուհանդերձ, վճարե՞լ ինչ-որ կերպ, թե՞ որոշումը բողոքարկել վերաքննիչ ատյան։   

Նկարը՝ «Hayways»-ի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter