HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փոխադրումների հայկական շուկա կարող է մտնել «նոր» օպերատոր

Առաջիկայում հնարավոր է, որ եւս մեկ ավիափոխադրող մտնի հայկական շուկա: Քաղավիացիայի կոմիտեն ներկայում ուսումնասիրում է «Hayways» ավիաընկերության՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու հայտը: ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, որն իրավունք է տալիս զբաղվել կոմերցիոն ավիափոխադրումներով: Առանց դրա՝ ավիաընկերությունները չեն կարող կանոնավոր կամ ոչ կանոնավոր չվերթեր կատարել:

Իրականում, սակայն, «Hayways»-ը նոր ընկերություն չէ հայկական շուկայում: Հիշեցնենք, որ 2019-ի հոկտեմբերին հիմնադրված «Fly Armenia Airways» (ներկայում՝ «Hayways») ավիաընկերությունը առաջին անգամ 2020-ի հուլիսին էր ստացել ՕՇՎ (1 տարի գործողության ժամկետով), սակայն արդեն 2020-ի սեպտեմբերին քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ) կասեցրել էր ՕՇՎ-ի գործողությունը, քանի որ, ըստ կոմիտեի, ընկերությունը չէր բավարարում օրենսդրական պահանջները: Նկատենք, որ ՕՇՎ ստանալու կամ այն վավեր պահելու համար ցանկացած ավիաընկերություն պետք է առնվազն մեկ պիտանի օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) լինի կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած լինի:

2020-ի հոկտեմբերին «Fly Armenia Airways»-ը դատի տվեց իր ՕՇՎ-ն կասեցրած ՔԱԿ-ին: Սակայն նույն տարվա նոյեմբերին Ուկրաինայից Երեւան ժամանեց եւ դեկտեմբերին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվեց ընկերության առաջին օդանավը («Boeing 737-400», հայկական գրանցումը՝ EK-FAB), ինչին զուգահեռ ավիափոխադրողի ՕՇՎ-ի գործողությունը վերականգնվեց, եւ նա հրաժարվեց ՔԱԿ-ի դեմ հայցից:

Այդուհանդերձ, սրանից շատ չանցած տեղի ունեցավ ընկերության մեկ այլ օդանավի («Boeing 737-300», հայկական գրանցումը՝ EK-FAA) հետ կապված սկանդալային միջադեպ. օդանավը զարտուղի ճանապարհով Էստոնիայից հայտնվեց Իրանում, այնինչ ընդամենը պետք է գնար Ուկրաինա՝ Երեւան գալուց առաջ տեխսպասարկում անցնելու:

2021-ի հունիսին «Fly Armenia Airways»-ը հրաժարվեց «Boeing 737-400»-ից (EK-FAB), իսկ այդ տարվա ապրիլին Իրանի մայրաքաղաք Թեհրանից Երեւան տեղափոխված «Boeing 737-300»-ը (EK-FAA) պիտանի չէր թռիչքների համար: Այդ իրավիճակը հիմք էր ՔԱԿ-ի համար՝ ավիաընկերության ՕՇՎ-ն նորից կասեցնելու համար: Ընդ որում՝ 2020-ին տրված ՕՇՎ-ի գործողության ժամկետը լրանում էր 2021-ի հուլիսին: Արդյունքում «Fly Armenia Airways»-ի վկայականի կասեցումը չհանվեց, հուլիսին էլ այն կորցրեց ուժը, եւ ժամկետը չերկարաձգվեց:

ՕՇՎ-ի երկրորդ կասեցումից հետո՝ 2021-ի հունիսին, «Fly Armenia Airways»-ը կրկին դատի տվեց ՔԱԿ-ին, սակայն սեպտեմբերին հրաժարվեց հայցից:

Օգոստոսին ընկերությունն անվանափոխվեց՝ դառնալով «Hayways» եւ շուտով սկսեց նոր ՕՇՎ ստանալու գործընթաց: Դեռ հունիսին ավիափոխադրողը հայտարարել էր, որ համաձայն իր նոր ռազմավարության՝ պատրաստվում է համալրել օդանավերի պարկը նոր սերնդի ինքնաթիռներով («Boeing 737-800» տիպի), որոնցով եւ կսկսի իր թռիչքային գործունեությունը։ 2021-ի նոյեմբերին «Hayways»-ը «Հետքին» փոխանցել էր, որ արդեն իսկ կնքել է օդանավի վարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր ու գտնվում է «Boeing 737-800» օդանավի վարձակալության պայմանագրի կնքման փուլում։ Նաեւ նշել էր, որ մտադիր է ձեռք բերել այդ տիպի եւս 2 օդանավ։

«ՕՇՎ ստանալուց անմիջապես հետո ընկերությունը կիրականացնի ոչ կանոնավոր եւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ դեպի ՌԴ եւ Մերձավոր Արեւելք։ Հավելյալ տեղեկությունների մասին ընկերությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ»,- մեզ հայտնել էին «Hayways»-ից։

Կառավարության 2015 թ. որոշմամբ, որով հաստատվել է ՕՇՎ տալու կարգը, սահմանվել է, որ գործընթացն իրականացվում է 5 փուլով: Մարտի 28-ի դրությամբ, ինչպես տեղեկացել ենք ՔԱԿ-ից, «Hayways»-ի հայտը 3-րդ՝ փաստաթղթերի նախնական գնահատման փուլում էր: Այս փուլում կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են հայտին կից ներկայացված փաստաթղթերը եւ կազմում համապատասխան եզրակացություններ: 4-րդ փուլում կոմիտեն ավիաընկերությունում իրականացնում է ստուգումներ եւ ուսումնասիրություններ, իսկ 5-րդը սերտիֆիկացման փուլն է, երբ կոմիտեն տալիս է ՕՇՎ կամ մերժում դրա տրամադրումը:

Վերը նշված որոշման համաձայն՝ ՕՇՎ տալու կամ այն մերժելու վերաբերյալ որոշումն ընդունվում է հայտը եւ դրան կից փաստաթղթերը ՔԱԿ-ում մուտքագրվելուց հետո 90 օրվա ընթացքում: Հաշվի առնելով սա՝ կոմիտեին հարցրել էինք, թե երբ հայտնի կլինի պատասխանը: Սակայն ՔԱԿ-ը նշել է, թե քանի որ հայտի քննարկումը 3-րդ փուլում է, որին պիտի հաջորդի 4-րդը, հնարավոր չէ կանխատեսել կամ կանխորոշել «Hayways»-ին ՕՇՎ տրամադրելու կամ դրա տրամադրումը մերժելու ժամկետները:  

Ինչպես վերեւում ասվեց, դեռ նախորդ տարվա նոյեմբերին «Hayways»-ից տեղեկացել էինք, որ «Boeing 737-800» օդանավի վարձակալության պայմանագրի կնքումն ընթացքում է, իսկ զուգահեռ նաեւ տեղեկություն ունեինք, որ լիզինգատուն իռլանդական ընկերություն է: Այս ֆոնին ՔԱԿ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք փոխադրողն արդեն դիմել է իրենց՝ ՀՀ օդանավերի ռեգիստրում այդ ինքնաթիռը գրանցելու համար: Կոմիտեն, սակայն, բացասական պատասխան է տվել:

Այս պահին օդանավերի ռեգիստրում «Hayways»-ի անունով գրանցված է 1 հատ «Boeing 737-300» (EK-FAA, արտադրված է 1997 թ.): Չնայած ընկերությունը 2020-ի օգոստոսին այս բորտը վարձակալել էր շվեյցարական «BK Impex»-ից մինչեւ 2025 թ. օգոստոս, իրանական պատմությունից հետո ոչ միայն հրաժարվել է դրա շահագործման մտքից, այլեւ դատի է տվել շվեյցարական լիզինգատուին՝ պահանջելով փոխհատուցել իր կրած վնասները: «Hayways»-ն իր վարձակալած օդանավը Թեհրան փախցնելու միջադեպի մեջ մեղավոր է համարում «BK Impex»-ին: Մյուս կողմից՝ քրեական գործով այդ օդանավի վրա արգելանք է դրվել: Բացի դրանից՝ օդանավը չունի թռիչքային պիտանիության սերտիֆիկատ:

Ինչ վերաբերում է 2020-ի նոյեմբերին Կիեւից Երեւան բերված «Boeing 737-400»-ին (EK-FAB, արտադրված է 1989 թ.), որը EK-FAA-ի նման մեր երկրում այդպես էլ չշահագործվեց եւ 2021-ի հունիսին դուրս բերվեց հայկական ռեգիստրից, նկատենք, որ դրանից հետո այն դեռ երկար ժամանակ կանգնած էր «Զվարթնոցում»:

Օդանավը վարձակալվել էր արաբական «Eastok Avia (FZC)»-ից, Ուկրաինայում դրա նախկին շահագործողը տեղական «YanAir»-ն էր: 2022-ի հունվարի 5-ին օդանավը կրկին որպես «YanAir»-ի բորտ (ուկրաինական գրանցումը՝ UR-CNP) վերադարձավ Ուկրաինա՝ Ժիտոմիրի օդանավակայան: Ճակատագրի հեգնանքով մեկուկես ամիս անց՝ փետրվարի 27-ին՝ ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ, Բելառուսի տարածքից (ուկրաինական կողմի պնդմամբ) Ժիտոմիրի օդանավակայանը հրթիռակոծվեց: Հայտնի չէ, թե արդյոք UR-CNP-ն վնասներ կրել է օդանավակայանի հրթիռակոծությունից:

Վերադառնալով «Hayways»-ին՝ նկատենք, որ ավիաընկերության տեխսպասարկող դուստր կազմակերպության՝ «Cross Technics»-ի մասնագետները վերջերս այցելել էին Հորդանանի մայրաքաղաք Ամման, որի օդանավակայանում սպասարկում է անցնում «Hayways»-ի վարձակալած «Boeing 737-800» ինքնաթիռը. վերջինս, ինչպես տեղեկանում ենք planespotter.net-ից, Ամմանում  կանգնած է 2021-ի դեկտեմբերից: Օդանավը թողարկվել է 2010 թ., նախկինում էլ շահագործվել է ԱՄԷ-ում եւ Չեխիայում:

Օդանավի սեփականատեր իռլանդական «Fly Leasing»-ը 2021-ի նոյեմբերին այն գրանցել է բրիտանական գահին ենթակա Գերնսի օֆշորային կղզում (գրանցումը՝ 2-KUTG): «Fly Leasing»-ի սեփականատերն իր հերթին ամերիկյան «Carlyle Aviation Partners»-ն է, որն աշխարհի խոշոր լիզինգատուներից է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լիզինգատուն իռլանդական ընկերություն է, ռուս-ուկրաինական պատերազմի եւ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ֆոնին դժվար է ասել, թե արդյոք «Hayways»-ի այս օդանավը կկարողանա թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան, ինչպես նախորդ նոյեմբերին «Հետքին» հայտնել էր ավիաընկերությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter