HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական «Հայվեյզը» ցանկանում է մտնել օդային բեռնափոխադրումների շուկա

Հայկական «Հայվեյզ» ավիաընկերությունը մտադիր է մուտք գործել օդային բեռնափոխադրումների շուկա: Դրա համար նա նախ պետք է ստանա կոմերցիոն թռիչքների իրավունք տվող փաստաթուղթ՝ ՕՇՎ (օդանավ շահագործողի վկայական): «Հայվեյզը» մայիսի 16-ին համապատասխան հայտ է ներկայացրել ՀՀ քաղավիացիայի կոմիտե (ՔԱԿ), որը մի քանի փուլերով պետք է քննի այն եւ որոշում կայացնի:

Հունվարին գրել էինք, որ ավիաընկերությունն արդեն դիմել է ՔԱԿ-ին, սակայն «Հայվեյզի» տնօրեն Օվսաննա Ստեփանյանն ասում է, որ միայն օրեր առաջ են ներկայացրել պաշտոնական հայտը:

Նկատենք, որ այս ընկերությունը (2019-2021 թթ. կոչվում էր «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ») 2020-2021 թթ. ուներ ՕՇՎ, սակայն այդպես էլ գործունեություն չծավալեց: 2021-ի տարեվերջին կազմակերպությունը կրկին դիմել էր ՀՀ քաղավիացիայի կոմիտեին՝ նոր վկայական ստանալու համար, սակայն, ի վերջո, 2022-ի տարեվերջին մերժում ստացավ: Հիմա, փաստորեն, երրորդ փորձն է:

Եթե նախորդ երկու դեպքերում ավիաընկերության թիրախում օդային ուղեւորափոխադրումներն էին, ապա այս անգամ շեշտը դրվել է բեռնափոխադրումների վրա: Օվսաննա Ստեփանյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ օդով բեռներ տեղափոխելը ներկա պայմաններում բավական ձեռնտու բիզնես կարող է լինել: Գլխավոր պատճառը ծովային եւ ցամաքային ճանապարհով Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ փոխադրումների դժվարություններն են՝ Սեւ ծովով լաստանավային փոխադրումները նոր-նոր են վերականգնվել, չնայած պարզ չէ դրանց ապագան, Վերին Լարսում էլ լուրջ խնդիր են կուտակումները: Ըստ Ստեփանյանի՝ Վերին Լարսում առկա իրավիճակը լրիվ բավարար է շեշտը օդային ուղու վրա դնելու համար: Այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են ծաղիկները, պաղպաղակը, մրգերը, գինիներն ու կանաչեղենը, այլ փչացող մթերքներ, ըստ մեր զրուցակցի, ամենաարագը կարելի է տեղափոխել հենց օդով:

Մեր դիտարկմանը, որ, ըստ ավիացիոն ոլորտի մասնագետների, հայկական շուկան բավական փոքր է օդային բեռնափոխադրումների համար, եղած բեռներն էլ կարելի է տեղափոխել մարդատար օդանավերով, «Հայվեյզի» տնօրենն արձագանքում է, որ մարդատար ինքնաթիռների բեռնախցիկի դռները բեռնատարների դռներից ավելի փոքր են, եւ կան ծավալով մեծ բեռներ, կոնտեյներներ, որոնք հնարավոր չէ մտցնել մարդատարների մեջ: Ըստ Օվսաննա Ստեփանյանի՝ մարդատար բորտերը ուղեւորներից ու նրանց ուղեբեռներից դուրս կարող են տեղափոխել 2-3 տոննա բեռ, այնինչ իրենք արդեն մտադրությունների մասին հուշագիր են ստորագրել «Boeing 737-400» տիպի բեռնատար ինքնաթիռ ձեռք բերելու վերաբերյալ, որն ունի 18 տ բեռ տեղափոխելու հնարավորություն: Սա համեմատելով հետխորհրդային «Անտոնովների» ու «Իլյուշինների» հետ՝ «Հայվեյզի» ղեկավարն ասում է, որ «Boeing 737-400»-ի վառելիքի ծախսատարությունն ավելի քիչ է, ինչը, բնականաբար, ազդում է բեռնափոխադրման ծառայության գնագոյացման վրա:  

Ինչ վերաբերում է հայկական շուկայի փոքր լինելուն, «Հետքի» զրուցակիցն ասում է, որ այն, իրոք, փոքր է, սակայն իրենց թիրախը ոչ միայն տեղական շուկան է, այլեւ հարեւան երկրներն ու տարածաշրջանները: «Հայվեյզի» դիտակետում են ԵԱՏՄ շուկան, Իրանն ու Վրաստանը, այլ երկրներ: Տարբերակներից մեկը մուլտիմոդալ փոխադրումներն են. ըստ այդմ՝ բեռները տարբեր երկրներից կարող են բերվել Հայաստան, ապա բեռնատարներով ուղարկվեն, օրինակ, Իրան ու Վրաստան: Հեռանկարում էլ դիտարկում են Չինաստանից ու Հնդկաստանից բեռներ բերելու տարբերակը: Ստեփանյանը նկատում է, որ հիմա էլ Հայաստանից տարբեր տիպի ապրանքներ են առաքվում, մասնավորապես, Հարավարեւելյան Ասիա, այնտեղից էլ՝ ներկրվում մեր երկիր:

«Հայվեյզի» ղեկավարն ասում է, որ բեռնափոխադրումների շուկա մտնելուց առաջ իրենք արել են համապատասխան ուսումնասիրություններ ու հաշվարկներ եւ այս ոլորտ մտնելը հիմնավորված են համարում: Ըստ նրա՝ հենց հիմա էլ տարբեր գործընկերներից ունեն առաջարկներ. վերջիններս պատրաստակամություն են հայտնել օդանավի առկայության դեպքում օգտվել դրա ծառայություններից:

Ինչպես ասվեց, «Հայվեյզն» արդեն ստորագրել է ինքնաթիռ ձեռք բերելու մտադրությունների հուշագիր: Ընկերությունն այն ոչ թե վարձակալելու է (լիզինգ), այլ ձեռք է բերելու սեփականության իրավունքով: Ներկա տերը, ըստ Օ. Ստեփանյանի, ամերիկյան ընկերություն է, բորտն էլ գրանցված է Բերմուդներում: Առաջին ինքնաթիռը գնելուց հետո «Հայվեյզը» մտադիր է մեծացնել ավիապարկը: Չի բացառվում, որ երկրորդ օդանավը ձեռք կբերեն լիզինգով:

ՕՇՎ ստանալու համար հայտատու ավիաընկերությունը թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) պիտի լինի կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած լինի: Քանի որ «Հայվեյզը», ըստ Ստեփանյանի, ունի հուշագիր, այս մասով բավարարում է օրենսդրության պահանջը:

Ըստ Կառավարության 2015 թ. որոշման, որը սահմանում է ՕՇՎ տալու կարգը, գործընթացն իրականացվում է 5 փուլով: Դրանցից առաջինը հայտը ներկայացնելու գործընթացին նախորդող փուլն է, երբ ՕՇՎ ստանալու համար հայտատուն կարող է քննարկումներ անցկացնել ՔԱԿ-ի հետ` թույլատրվող թռիչքների տիպերի, հայտատուի կողմից տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվությունների, ներկայացվող փաստաթղթերի ցանկի, դրանց պատրաստման ու ներկայացման ասպեկտների եւ հայտի ուսումնասիրման գործընթացի փուլերի մասին տեղեկատվություն ստանալու համար: Նշված քննարկումների անցկացման դեպքում կազմվում է արձանագրություն, որը պարունակում է ամփոփ տեղեկատվություն քննարկմանը մասնակցած մասնագետների, քննարկված հարցերի եւ տրամադրված խորհրդատվության մասին: Կազմված արձանագրությունը պատշաճ կերպով հանձնվում է նաեւ հայտատուին: 

Երկրորդը հայտի պաշտոնական ներկայացման փուլն է: Այս փուլում հայտատուն իր գործունեության նախատեսված մեկնարկից առնվազն 90 օր առաջ ՔԱԿ-ին է ներկայացնում համապատասխան հայտ՝ կից ներկայացնելով պահանջվող անհրաժեշտ փաստաթղթերը: Մայիսի 16-ին հենց այս փաթեթն է ներկայացրել «Հայվեյզը»: Երրորդ փուլում իրականացվում է հայտին կից ներկայացված փաստաթղթերի նախնական գնահատում. ՔԱԿ-ի ստորաբաժանումներն ուսումնասիրում են դրանք եւ կազմում համապատասխան եզրակացություններ: Չորրորդը Կոմիտեի կողմից ստուգումների եւ ուսումնասիրությունների փուլն է, իսկ հինգերորդում (սերտիֆիկացման փուլ) կայացվում է դրական կամ բացասական որոշում:

Օ. Ստեփանյանը «Հետքին» նաեւ որոշ մանրամասներ է փոխանցել 2021-ի տարեվերջին իրենց ներկայացրած նախորդ հայտի մերժման վերաբերյալ: Կրկնենք, որ այն ժամանակ «Հայվեյզը» ցանկանում էր մտնել ուղեւորափոխադրումների ոլորտ:

2021-ի նոյեմբերին ընկերությունից տեղեկացել էինք, որ կնքվել է օդանավի վարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր, ու «Հայվեյզը» գտնվում է «Boeing 737-800» ինքնաթիռի վարձակալության պայմանագրի կնքման փուլում։ Մեզ նաեւ հայտնել էին, որ մտադրություն կա նույն տիպի եւս 2 օդանավ ձեռք բերել։ «ՕՇՎ ստանալուց անմիջապես հետո ընկերությունը կիրականացնի ոչ կանոնավոր եւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ դեպի ՌԴ եւ Մերձավոր Արեւելք»,- «Հետքին» փոխանցել էին ավիաընկերությունից։

Սրանից շատ չանցած՝ 2022-ի փետրվարին, սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, ինչը խառնեց նաեւ «Հայվեյզի» պլանները: Արեւմուտքի ընդունած հակառուսական պատժամիջոցների ֆոնին խնդիր դարձավ դեպի Ռուսաստան չվերթերի իրականացումը: 2022-ի ապրիլին գրել էինք, որ ավիաընկերության տեխսպասարկող կազմակերպության՝ «Քրոսս Թեքնիքսի» (սա եւ «Հայվեյզը» պատկանում են նույն մարդուն) մասնագետները այցելել են Հորդանանի մայրաքաղաք Ամման, որտեղ տեխսպասարկում էր անցնում «Հայվեյզի» վարձակալած «Boeing 737-800»-ը: Օ. Ստեփանյանն ասում է, որ ինքնաթիռը նույնիսկ հասցրել էր իրենց ընկերության գույներով ներկվել:

Մենք այն ժամանակ տարակուսանք էին հայտնել, որ օդանավի ամերիկյան սեփականատերերը կարող են դրան թույլատրել թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան, ինչպիսի պլաններ որ ուներ «Հայվեյզը»: Ինչպես արդեն գրել ենք, վարձակալված ինքնաթիռը Հայաստան բերվելուց առաջ գրանցված էր բրիտանական գահին ենթակա Գերնսի կղզում (գրանցումը՝ 2-KUTG): Դրա անմիջական սեփականատերը իռլանդական «Fly Aircraft Holdings Fourteen Limited»-ն էր, որի տերը մեկ այլ իռլանդական ընկերություն է՝ «Fly Leasing»-ը։ Վերջինս էլ իր հերթին պատկանում է ամերիկյան խոշոր լիզինգատուի՝ «Carlyle Aviation Partners»-ին:  

Խոչընդոտներ կային նաեւ ապահովագրության առումով, քանի որ արեւմտյան ապահովագրողները ռուս-ուկրաինական պատերազմից հետո շատ դեպքերում չեն ցանկանում գործ ունենալ դեպի Ռուսաստան թռչող օդանավերի հետ, ավելի կոնկրետ՝ ապահովագրության ծածկույթում ներառել հավանական պատահարները ՌԴ տարածքում:

Հաշվի առնելով այս ամենը, ըստ Օվսաննա Ստեփանյանի, իրենք օդանավի սեփականատիրոջը հայտնել էին, որ այն չի թռչելու Ռուսաստան, այդ ուղղությամբ չի շահագործվելու: Այդուհանդերձ, վերջին պահին օդանավի տերը չեղարկել է գործարքը: «Հետքի» զրուցակցի փոխանցմամբ՝ պատճառաբանությունը եղել է այն, որ Ռուսաստանի դաշնակից հանդիսացող Հայաստանի իշխանությունները ՌԴ-ի նման կարող են բռնագրավել օդանավն ու արգելել դրա վերադարձը տիրոջը, ինչպես որ պատերազմից հետո շատ դեպքերում արել է Ռուսաստանը: Նման քայլը անակնկալ է եղել «Հայվեյզի» համար, որը մտադիր է դատական ճանապարհով փոխհատուցում ստանալ նախկին գործընկերներից, քանի որ, ինչպես Ստեփանյանն է ասում, իրենք արդեն մեծ ծախսեր էին արել՝ օդանավի տեղափոխությունը Հայաստան կազմակերպելու համար: Հիշեցնենք, որ 2022-ի մայիսին «Boeing 737-800»-ը Ամմանից թռավ Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա ու համալրեց տեղական «AirExplore» ընկերության ավիապարկը (սլովակական գրանցումը՝ OM-NEX):

OM-NEX-ը՝ Իտալիայում, 31.01.2023

«Հայվեյզի» տնօրենի փոխանցմամբ՝ չնայած ներկայում իրենց ուշադրության կենտրոնում օդային բեռնափոխադրումներն են, չեն բացառում, որ կմտնեն նաեւ ուղեւորափոխադրումների ոլորտ: Ըստ Օվսաննա Ստեփանյանի՝ մարդատար թռիչքները կարող են մեկնարկել 2024 թ. գարնանից, բայց դա դեռ խիստ նախնական ծրագիր է:

Հիշեցնենք, որ «Հայվեյզի» սեփականատերը գործարար Գեւորգ Նալբանդյանն է, որի համար ավիացիան, կարելի է ասել, նոր ոլորտ է: Փոխարենը նա վաղուց տարբեր բիզնեսներ ունի Շվեդիայում եւ Հայաստանում։ Նալբանդյանի անունն առնչվում է տարբեր ոլորտների, այդ թվում՝ սննդի արդյունաբերություն (պահածոներ, գինիներ, ծխախոտ), կահույքի արտադրություն, առեւտուր, ֆինանսավարկային ոլորտ, հիմա՝ նաեւ ավիացիա: Գ. Նալբանդյանը նաեւ ավիատեխսպասարկող «Քրոսս Թեքնիքս» ընկերության սեփականատերն է:

Գլխավոր լուսանկարը՝ airlinesconnection.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter