HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայկական ավիաուղիները» ICAO-ի կոդ է ստացել, իսկ «Հայվեյզը» նորից է դիմում ՕՇՎ-ի համար

Նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն, որը դեկտեմբերի 27-ին օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) է ստացել, վերջերս նաեւ ICAO-ի կոդ է ձեռք բերել, ինչը նրան թույլ կտա առնվազն ոչ կանոնավոր (չարտերային) թռիչքներ կատարել, իսկ կանոնավոր չվերթերի համար հարկ կլինի ստանալ IATA-ի կոդ, որն ընկերությունը դեռ չունի:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է նաեւ «ՀԱՈւ»-ի առաջին ինքնաթիռը՝ «Airbus A321-200» տիպի օդանավը, հայկական գրանցումը՝ EK-AAD: Ընկերությունն ունի եւս մի «A321», որը գտնվում է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում եւ դեռ չի տեղափոխվել Հայաստան ու հայկական գրանցում չի ստացել:

«Հայկական ավիաուղիները» նախատեսում է թռիչքներ կատարել դեպի Ռուսաստան՝ Մոսկվա, Սամարա, Սոչի, Վլադիկավկազ:

Քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կայքի համաձայն՝ «ՀԱՈւ»-ի ստացած ICAO-ի կոդը AAG-ն է: Հիշեցնենք, որ 2021-ի փետրվարին պետական գրանցում ստացած «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն կապ չունի ՀՀ նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի հետ, որը սնանկ է ճանաչվել 2004-ին ու լուծարվել 2020-ին: Այդուհանդերձ, այս նոր ընկերությունը որպես իր տարբերանշան՝ լոգո, ընտրել է նախկին ազգային փոխադրողի լոգոն: Նկատենք նաեւ, որ այլեւս գոյություն չունեցող «ՀԱՈւ»-ի ICAO-ի կոդը RME-ն էր, իսկ IATA-ի կոդը՝ R3-ը:

Երկինք բարձրանալ ծրագրող մեկ այլ հայկական ընկերություն՝ «Հայվեյզ» ՍՊԸ-ն, որը 2020-2021 թթ. ուներ ՕՇՎ (այն ժամանակ գործում էր «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» անվամբ), իսկ 2021-ի տարեվերջին կրկին դիմել էր՝ նոր վկայական ստանալու համար, ինչպես տեղեկացել ենք ՔԱԿ-ից, 2022-ի տարեվերջին մերժում է ստացել: Սակայն ընկերությունը նորից մտել է վկայական ստանալու գործընթացի մեջ:

Կառավարության 2015 թ. որոշմամբ, որով հաստատվել է ՕՇՎ տալու կարգը, սահմանվել է, որ գործընթացն իրականացվում է 5 փուլով: ՔԱԿ-ի տեղեկացմամբ՝ «Հայվեյզն» այս պահին առաջին փուլում է: Դա հայտը ներկայացնելու գործընթացին նախորդող փուլն է, երբ օդանավ շահագործողի վկայական ստանալու համար հայտատուն կարող է քննարկումներ անցկացնել ՔԱԿ-ի հետ` թույլատրվող թռիչքների տիպերի, հայտատուի կողմից տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվությունների, ներկայացվող փաստաթղթերի ցանկի, դրանց պատրաստման ու ներկայացման ասպեկտների եւ հայտի ուսումնասիրման գործընթացի սահմանված փուլերի մասին տեղեկատվություն ստանալու համար: Նշված քննարկումների անցկացման դեպքում կազմվում է արձանագրություն, որը պարունակում է ամփոփ տեղեկատվություն քննարկմանը մասնակցած մասնագետների, քննարկված հարցերի եւ տրամադրված խորհրդատվության մասին: Կազմված արձանագրությունը պատշաճ կերպով հանձնվում է նաեւ հայտատուին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter