HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նորաստեղծ «Հայկական ավիաուղիները» երկրորդ օդանավն է ներկել իր գույներով

2021 թ. հիմնադրված «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն, որը ցանկանում է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալ եւ կոմերցիոն փոխադրումներ կատարել, իր գույներով է ներկել երկրորդ ինքնաթիռը: Հիշեցնենք, որ այս ընկերությունը որեւէ կապ չունի ՀՀ նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի հետ, որը սնանկ է ճանաչվել 2004-ին ու լուծարվել 2020-ին:

Ինչպես արդեն գրել ենք, ընկերությունը դեկտեմբերի 7-ին Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայից Երեւան է տեղափոխել իր առաջին «Airbus A321-200» տիպի օդանավը, որը դեռ չի գրանցվել ՀՀ օդանավերի ռեգիստրում եւ առայժմ կրում է ավտրիական գրանցում՝ OE-ISO: Այս ինքնաթիռի սեփականատերը ամերիկյան «Air Lease Corporation»-ն է: Նույն լիզինգատուն է նաեւ հայկական ընկերության երկրորդ օդանավի տերը:

Ի տարբերություն առաջին օդանավի, որն արտադրվել է 2012-ին, երկրորդ «Airbus A321-200»-ը մի փոքր հին է՝ թողարկվել է 2007-ին: Բայց երկուսն էլ տեղավորում են 220 նստատեղ: Երկրորդ «Airbus A321»-ը նախկինում շահագործվել է Մեծ Բրիտանիայում («British Airways», «easyJet»), Շրի Լանկայում («Mihin Lanka») եւ Ռուսաստանում («Nordwind Airlines»):

Ռուսական «Nordwind»-ն այս օդանավը շահագործել է 2017-2022 թթ.: Այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարին Ուկրաինա ներխուժելու հետեւանքով Արեւմուտքը խիստ պատժամիջոցներ սկսեց կիրառել Ռուսաստանի դեմ, ռուսական ավիաընկերությունները զրկվեցին արեւմտյան լիզինգատուներից վարձակալած բազմաթիվ ինքնաթիռներից, որոնց թվում էր նաեւ «Air Lease Corporation»-ին պատկանող եւ «Nordwind»-ի կողմից շահագործվող այս «Airbus A321»-ը:

Նկատենք, որ մինչեւ պատժամիջոցների սահմանումը «Air Lease Corporation»-ը ռուսական փոխադրողներին ամենաշատ օդանավեր մատակարարած լիզինգատուների մեջ երրորդն էր:

Արժե նշել նաեւ, որ «Հայկական ավիաուղիների» գույներով ներկված երկրորդ «Airbus A321»-ը չնայած շահագործվում էր «Nordwind»-ի կողմից, գրանցված էր Բերմուդյան կղզիներում որպես VP-BHN:

Բանն այն է, որ յուրաքանչյուր երկիր ունի օդանավերի գրանցման իր ազգային նիշը։ Օրինակ՝ Հայաստանինը EK-ն է, Ռուսաստանը պետական ավիացիայի համար օգտագործում է RF նիշը, իսկ քաղաքացիականի համար՝ RA-ն։ Ի տարբերություն հայկական փոխադրողների՝ մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի օպերատորները չէին ցանկանում (հատկապես մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմն ու արեւմտյան պատժամիջոցների կիրառումը) սեփական երկրում արտասահմանյան արտադրության օդանավ գրանցել, քանի որ դրա համար պետք էր մեծ հարկեր մուծել (ՀՀ-ում չկա նման բան)։ Այս պարագայում Ռուսաստանի ավիաընկերություններն իրենց օդանավերը գրանցում էին այնպիսի երկրներում, ինչպիսիք են օֆշորային Արուբան (Նիդերլանդների Թագավորության տարածք է Կարիբյան ծովում), Բերմուդյան ու Կայմանյան կղզիները (Միացյալ Թագավորության տարածքներ), Մալթան, Իռլանդիան, Սան Մարինոն եւ այլք։ VP-B-ն Բերմուդների ազգային նիշն է, այսինքն՝ «Nordwind»-ի շահագործած VP-BHN-ն գրանցված էր մի երկրում, որը Մեծ Բրիտանիայի գահին է ենթարկվում, իսկ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Մեծ Բրիտանիայի վերաբերմունքը Ռուսաստանի հանդեպ հայտնի է։ 

Համաձայն planespotters.net-ի՝ այս տարվա մարտի 7-ին (պատժամիջոցների ֆոնին) VP-BHN-ը դուրս է բերվել «Nordwind»-ի շահագործումից, ինչից հետո մարտ ամսին մի որոշ ժամանակ կանգնած էր Ստամբուլում: Այնուհետ՝ մարտի վերջից մինչեւ դեկտեմբերի սկիզբ, օդանավը կայանված էր Լյուբլյանայում: Դեկտեմբերի 2-13-ին VP-BHN-ը գտնվում էր անգլիական Նորվիչի օդանավակայանում: Այստեղ այն ներկվել է «Հայկական ավիաուղիների» գույներով ու ամսի 13-ին վերադարձել Լյուբլյանա:

Ենթադրելի է, որ առաջիկայում այս բորտը OE-ISO-ի նման Սլովենիայից Հայաստան կտեղափոխվի:

Թերեւս, պատահականություն չէ այն, որ «Հայկական ավիաուղիները» ձեռք է բերել մի օդանավ, որը նախկինում շահագործվել է «Nordwind Airlines»-ի կողմից: Նախորդ հոդվածում գրել ենք, որ հայկական ընկերության հիմնադիր Արարատ Սարգսյանը բիզնես կապեր ունի ռուսական այս փոխադրողի ու, հետեւաբար, դրա տերերի հետ:

Ըստ իր կայքում հրապարակած տվյալների՝ նորաստեղծ «Հայկական ավիաուղիները» նախատեսում է Երեւանից իրականացնել կանոնավոր ուղիղ չվերթեր դեպի Ռուսաստան՝ Մոսկվա, Եկատերինբուրգ, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Կազան եւ Նովոսիբիրսկ։ Ապագայում էլ ծրագրվում է ընդլայնել թռիչքների ցանցը դեպի Եվրոպա ու ԱՊՀ երկրներ։ Ընկերությունը նաեւ հայտնել է, որ բոլոր թռիչքներն իրականացվելու են 220 նստատեղ ունեցող «Airbus A321» օդանավերով։ 

Առաջին լուսանկարում՝ «Հայկական ավիաուղիների» գույներով ներկված VP-BHN-ը՝ Նորվիչում. 11.12.2022, հեղ.՝ Ջոշ Նայթս, planespotters.net  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter