HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Հայկական ավիաուղիները» Երեւան է տեղափոխել առաջին ինքնաթիռը. ընկերությունը որեւէ կապ չունի նախկին ազգային փոխադրողի հետ

Նորաստեղծ «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն, որը որեւէ կապ չունի Հայաստանի նախկին ազգային ավիափոխադրող «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի հետ, Երեւան է տեղափոխել իր առաջին ինքնաթիռը։ Դեկտեմբերի 7-ի երեկոյան «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել «Airbus A321-200» տիպի ինքնաթիռը, որն արդեն ներկված է հայկական նոր ավիաընկերության գույներով։ Օդանավն առայժմ կրում է ավստրիական գրանցում՝ OE-ISO, սակայն հավանաբար առաջիկայում կգրանցվի ՀՀ օդանավերի ռեգիստրում։

«Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի մասին գրել էինք այս տարվա սեպտեմբերին։ Այս ընկերությունը պետական գրանցում է ստացել 2021 թ․ փետրվարին։ Հատկանշական է, որ դրանից 2 ամիս առաջ՝ 2020-ի դեկտեմբերին, սնանկության դատարանն ի վերջո ազդարարեց «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի սնանկության գործի ավարտը, որն ընթանում էր 2003 թվականից։ Այդպիսով՝ «ՀԱՈւ»-ն լուծարվեց, եւ 2 ամիս անց Երեւանում ստեղծվեց նոր ընկերություն ավիատոր Արարատ Սարգսյանի կողմից։

Հետաքրքիր է, որ չնայած նոր ընկերությունը իրավաբանորեն որեւէ առնչություն չունի նախկին ազգային ավիափոխադրողի հետ, նրա իրավահաջորդը չէ, այդուհանդերձ, թե՛ Հայաստան բերված օդանավի վրա, թե՛ իր կայքում ՍՊԸ-ն օգտագործում է «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ի տարբերանշանը՝ լոգոն:

Արարատ Սարգսյանը, իր իսկ պատմելով, ավարտել է Կիեւի ավիացիոն ինստիտուտը, օդանավերի կոմերցիոն շահագործման մասնագետ է: Հետագայում ավարտել է նաեւ Լենինգրադի քաղավիացիայի ակադեմիան: 1996-ին մի շարք անձանց հետ հիմնադրել է «Արմավիան» (2014-ից սնանկ է), եղել դրա առաջին գլխավոր տնօրենը: Նախկինում Ա․ Սարգսյանն աշխատել է նաեւ «Հայկական ավիաուղիներում», եղել է Հայաստանի քաղավիացիայի պետի տեղակալ:

Սարգսյանի գործունեությանը «Հետքն» անդրադարձել էր 2015-ին, երբ նա իր «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ-ով փորձում էր մտնել ուղեւորափոխադրումների հայկական շուկա։ Երբ «Արմավիայի» (2013 թ․) ու «Էյր Արմենիայի» (2014 թ․) անկումից հետո հայկական երկնքում վակուում առաջացավ, մի քանի տեղական ընկերություններ փորձեցին լրացնել առաջացած բացը, դրանց թվում էր «Ալյանսը»։ Վերջինս կոմերցիոն փոխադրումների իրավունք վերապահող փաստաթուղթ՝ օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստացավ (այն ուժը կորցրեց 2016-ի հուլիսին), ինչից հետո պետք է նաեւ թռիչքներ կատարելու հավաստագիր ստանար, ընկերությունն ուներ ICAO-ի կոդ՝ SKX, որը բավարար էր ոչ կանոնավոր չվերթեր կատարելու համար: Արարատ Սարգսյանը մեզ հետ զրույցում 2015-ին նշել էր, որ նախատեսում են շահագործել ռուսական արտադրության «Sukhoi Superjet 100» տիպի օդանավեր: «Ալյանսը» մտադիր էր թռչել դեպի Մոսկվա, Բեյրութ, Թեհրան, Աշգաբադ, ՌԴ այլ քաղաքներ, ընդհանուր՝ 13 ուղղությամբ: Այդուհանդերձ, ամեն ինչ մնաց թղթի վրա: Այն ժամանակ Սարգսյանը «Հետքին» հայտնել էր, որ ֆինանսապես իրեն օգնում են իր ուսանողական ռուս ընկերները՝ մանրամասներ չներկայացնելով:

«Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ-ն ներկայում էլ գործող ընկերություն է, գործունեությանը տեսակը, ՊԵԿ-ի տվյալների համաձայն, միջազգային ուղեւորափոխադրումներն են օդային տրանսպորտով, բայց, հասկանալի է, որ ՍՊԸ-ն հիմա սրանով չի զբաղվում, քանի որ չունի ՕՇՎ: Ընդ որում՝ գործունեության նույն տեսակը նշված է «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի վերաբերյալ, որն այժմ, փաստորեն, ցանկանում է ՕՇՎ ստանալ:

Սեպտեմբերին գրել էինք, որ այս ՍՊԸ-ի՝ ՀՀ քաղավիացիայի կոմիտե ներկայացված ՕՇՎ ստանալու հայտը գտնվում է 3-րդ՝ նախնական գնահատման փուլում, որի ընթացքում կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են հայտին կից ներկայացված փաստաթղթերը եւ կազմում համապատասխան եզրակացություններ: Հիշեցնենք, որ վկայական տալու կամ տրամադրումը մերժելու գործընթացը բաղկացած է 5 փուլից։

ՕՇՎ ստանալու համար պարտադիր պայման է, որ հայտատուն, ի թիվս այլ պայմանների բավարարման, թռիչքների համար պիտանի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) լինի կամ էլ օդանավի ձեռքբերման, վարձակալության կամ ենթավարձակալության վերաբերյալ մտադրությունների հուշագիր կնքած լինի: Դատելով նրանից, որ արդեն Երեւան է ժամանել «Հայկական ավիաուղիների» գույներով ներկված «Airbus A321»-ը՝ կարող ենք ասել, որ ընկերությունն այս պայմանը բավարարել է։

Նկատենք, որ «Airbus A321»-ը բավականին թարմ օդանավ է, արտադրվել է 2012-ին, սեփականատերն, ըստ ավիացիոն տեղեկատուների, ամերիկյան «Air Lease Corporation»-ն է։ Վերջինիցս օդանավն առաջինը վարձակալել էր հարավկորեական «Asiana Airlines»-ը, որն այն շահագործել է 2012-2020 թթ․ (կորեական գրանցումը՝ HL8267)։ 2021-ի մարտին ինքնաթիռը տեղափոխվել է Եվրոպա՝ Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա։ Նույն տարվա ապրիլին ամերիկյան սեփականատերն իր օդանավը գրանցել է Ավստրիայում որպես OE-ISO, ինչը ժամանակավոր էր՝ մինչեւ նոր վարձակալ ի հայտ կգար (սպասելի է, որ առաջիկայում ինքնաթիռը կստանա ՀՀ գրանցում՝ EK-…)։ Planespotters.net-ի տվյալներով՝ օդանավը պետք է տեղափոխվեր Թուրքիա՝ միանալու տեղական «Southwind Airlines»-ի շարժակազմին։ Սակայն ինչպես տեսնում ենք, դեկտեմբերի 7-ին այս բորտը Լյուբլյանայից եկել է Երեւան։

Ընդ որում՝ Արարատ Սարգսյանը գործընկերային հարաբերություններ ունի թուրքական «Southwind Airlines»-ին փոխկապակցված անձանց հետ։  

Այսպես՝ «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ-ն, որն այդպես էլ երկինք չբարձրացավ, ներկայում, ըստ համացանցի բաց աղբյուրների, ռուսական «Северный ветер» («Հյուսիսային քամի») ՍՊԸ-ի ներկայացուցիչն է Հայաստանում, իսկ ռուսական այս ավիաընկերությունն առավել հայտնի է որպես «Nordwind Airlines»։ Վերջինիս 4,9 %-ի սեփականատերը գործարար Կարինե Վիտալեւնա Բուկրեյն է, իսկ մնացած 95,1 %-ինը՝ ռուսական «Պեգաս» ՍՊԸ-ն, որն իր հերթին ամբողջությամբ պատկանում է նույն Կարինե Բուկրեյին։ Այսինքն՝ «Nordwind Airlines»-ի միակ փաստացի սեփականատերը Կ․ Բուկրեյն է։ Վերջինս նաեւ ռուսական «Պեգաս Տուրիստիկ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, իսկ այս տուրիստական գործակալության սեփականատերը թուրք գործարար Ռամազան Աքպինարն է։ Ըստ «Կոմերսանտի»՝ վերջինս Բուկրեյի ամուսինն է։

«Պեգաս Տուրիստիկը» բավականին հայտնի ու խոշոր ընկերություն է տուրիզմի ոլորտում։ Հենց սա է համարվում ոչ միայն «Nordwind Airlines»-ի, այլեւ մեկ այլ ռուսական փոխադրողի՝ ««Իկար» ավիաընկերություն» ՍՊԸ-ի (2015-2022 թթ․ ներկայանում էր «Pegas Fly» ապրանքանիշով) գլխադասային ընկերությունը։ Ընդ որում՝ փաստաթղթերով «Իկարի» միանձնյա սեփականատերը Վանդա Միխայլովնա Բուկրեյն է, ով, ըստ ամենայնի, ազգակցական կապ ունի Կարինե Բուկրեյի հետ։ Այդուհանդերձ, վերոնշյալ ռուսական ընկերությունների իրական սեփականատեր է համարվում Ռամազան Աքպինարը։ «Պեգաս Տուրիստիկին» փոխկապակցված է թուրքական նորաստեղծ «Southwind Airlines»-ը (թարգմանաբար՝ հարավային քամի), որի անունն ու լոգոն մտածված են ռուսական «Nordwind Airlines»-ի նմանությամբ։

«Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն իր կայքում նշել է, որ 2022 թ. հոկտեմբերից Երեւանից իրականացնելու է կանոնավոր ուղիղ չվերթեր դեպի Մոսկվա, Եկատերինբուրգ, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Կազան եւ Նովոսիբիրսկ։ Բնականաբար, սա հին ինֆորմացիա է, ավիաընկերությունը ՕՇՎ էլ չի ստացել, ավելին՝ վկայական ստանալուց հետո դեռ ժամանակ է պետք՝ տեխնիկական բազմաթիվ հարցեր լուծելու եւ առաջին չվերթը կազմակերպելու համար: Ապագայում ավիաընկերությունը նախատեսում է ընդլայնել իր երթուղիները եւ թռիչքներ իրականացնել դեպի Եվրոպա ու ԱՊՀ երկրներ։

Նորաստեղծ ընկերությունը նաեւ հայտնել է, որ բոլոր թռիչքներն իրականացվելու են «Airbus A321» օդանավերով։ Նկատենք, որ մինչ այս հայկական որեւէ օպերատոր չի օգտագործել «Airbus A321»: Ու չնայած ավիաընկերությունը նշում է, որ իր ավիապարկը բաղկացած է «Airbus A321»-երից (220 նստատեղ), առայժմ ՀՀ օդանավերի ռեգիստրում նրա անունով որեւէ օդանավ գրանցված չէ, իսկ Երեւան եկածն էլ, ըստ էության, առայժմ միակ բորտն է, համենայն դեպս, ինֆորմացիա ընկերության այլ օդանավերի մասին բաց աղբյուրներում չկա։

Առաջին լուսանկարում՝ OE-ISO-ն Լյուբլյանայից մեկնում է Երեւան, 07.12.2022, հեղ.՝ Միլան Կորբար, jetphotos.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter