HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական երկու ավիաընկերություն ցանկանում է երկինք բարձրանալ. ի՞նչն է միավորում նրանց, եւ ովքե՞ր են տերերը

Հայկական «Հայվեյզ» («Hayways») ավիաընկերության հայտը, որը ներկայացվել է օդանավ շահագործողի վկայական (ՕՇՎ) ստանալու համար, գտնվում է ստուգումների եւ ուսումնասիրությունների փուլում: ՕՇՎ-ն այն փաստաթուղթն է, առանց որի ոչ մի ընկերություն չի կարող առեւտրային գործունեություն ծավալել: Հայտն ու կից փաստաթղթերը ուսումնասիրում է ՀՀ քաղավիացիայի կոմիտեն (ՔԱԿ), որը վերջնարդյունքում կա՛մ կտա վկայական, կա՛մ կմերժի տրամադրումը:

ՕՇՎ տալու կարգը սահմանված է կառավարության 2015 թ. որոշմամբ, ըստ որի՝ գործընթացն իրականացվում է 5 փուլով: Այս տարվա գարնանը գրել էինք, որ «Hayways»-ի հայտը 3-րդ՝ փաստաթղթերի նախնական գնահատման փուլում էր: Այս փուլում կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրել են հայտին կից ներկայացված փաստաթղթերը եւ կազմել համապատասխան եզրակացություններ: 4-րդ փուլում, որն այս պահին ընթացքի մեջ է, կոմիտեն ավիաընկերությունում իրականացնում է ստուգումներ եւ ուսումնասիրություններ, իսկ 5-րդը սերտիֆիկացման փուլն է, երբ կոմիտեն տալիս է ՕՇՎ կամ մերժում դրա տրամադրումը: 

Նախորդ անգամ գրել էինք, որ «Hayways»-ն իռլանդական սեփականատիրոջից (սա էլ իր հերթին պատկանում է ամերիկյան ընկերության) վարձակալել է «Boeing 737-800» տիպի ինքնաթիռ, որը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում տեխսպասարկում է անցնում: Սակայն հետագայում հայտնի դարձավ, որ մայիսին օդանավը Ամմանից տեղափոխվել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա ու հանձնվել նոր շահագործողի՝ «AirExplore» ավիաընկերությանը (սլովակական ներկա գրանցումը՝ OM-NEX): Այսինքն՝ «Hayways»-ի կողմից օդանավը վարձակալելու գործարքը խափանվել է:

Չի բացառվում, որ սրա պատճառը հայկական ավիաընկերության՝ դեպի Ռուսաստան թռիչքներ կատարելու ծրագիրը եղած լինի, ինչպես նաեւ այդ ֆոնին օդանավի ապահովագրությունը: Հայտնի է, որ Ռուսաստանը գտնվում է արեւմտյան խիստ պատժամիջոցների տակ, եւ արեւմտյան լիզինգատուներն այդ երկրի փոխադրողներից հետ են պահանջել իրենց օդանավերը, իսկ այլ երկրների ավիաընկերություններից պահանջում են ինքնաթիռները չթռցնել ռուսական ուղղություններով: Մյուս կողմից՝ երրորդ երկրներում շահագործվող, բայց դեպի Ռուսաստան թռիչքներ կատարող օդանավերը ապահովագրման խնդրի առաջ են կանգնում, քանի որ արեւմտյան ապահովագրողները չեն ցանկանում գործ ունենալ նման օդանավերի հետ: Այս ամենի պատճառով էլ դժվար էր պատկերացնել, թե ինչպես պիտի իռլանդական ու ամերիկյան տերերի պատկանող «Boeing 737-800»-ը չվերթեր շահագործեր դեպի Ռուսաստան։  

Այս պահին ՀՀ օդանավերի ռեգիստրում «Hayways»-ի կամ, ավելի ճիշտ, նրա նախկին՝ «Fly Armenia Airways» անունով գրանցված մեկ օդանավ կա: Խոսքը 2021-ի փետրվարին սկանդալային պատմության առանցքում հայտնված, Էստոնիայից Իրան թռած «Boeing 737-300» ինքնաթիռի մասին է (հայկական գրանցումը՝ EK-FAA), որը նախորդ տարվա ապրիլին ի վերջո բերվեց Երեւան ու մինչ օրս կանգնած է «Զվարթնոցում»: Ճիշտ է, այս բորտը փախցնելու վերաբերյալ ԱԱԾ-ի հարուցած քրգործի քննությունը կասեցվեց, բայց «Hayways»-ի ու դրա սեփականատիրոջ՝ շվեյցարական «BK Impex» ընկերության միջեւ դատական վեճ կա, որն այժմ ընթացքի մեջ է: Նախկինում գրել ենք, որ «Hayways»-ն այս օդանավը շահագործելու ծրագիր այլեւս չունի, սակայն քանի որ սկանդալային պատմության մեղավոր է համարում դրա սեփականատեր «BK Impex»-ին, վերջինիցս գումար է պահանջում՝ որպես փոխհատուցում իր այն ծախսերի, որ արել է 2021-ին՝ օդանավը թռիչքային վիճակի բերելու եւ Թեհրանից Երեւան տեղափոխելու համար:

«Հայվեյզ» ՍՊԸ-ի 100 տոկոսի սեփականատերը գործարար Գեւորգ Նալբանդյանն է, որի անունն առնչվում է բիզնեսի տարբեր ոլորտների, այդ թվում՝ սննդի արդյունաբերություն (պահածոներ, գինիներ, ծխախոտ), կահույքի արտադրություն, առեւտուր, ֆինանսավարկային ոլորտ, հիմա՝ նաեւ ավիացիա: Ամբողջությամբ Նալբանդյանին է պատկանում նաեւ «Քրոսս Թեքնիքս» ՍՊԸ-ն, որն օդանավերի տեխնիկական սպասարկում է իրականացնում «Զվարթնոցում»:

Արարատ Սարգսյանը վերադառնում է «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ով

Ի տարբերություն «Հայվեյզի», որը հիմնադրվել է 2019-ի հոկտեմբերին եւ 2020-2021 թթ. ունեցել է ՕՇՎ, դաշտում նորեկ է «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն (չշփոթել «Հայկական ավիաուղիներ» պետական ՓԲԸ-ի հետ, որը ՀՀ ազգային ավիափոխադրողն էր 1990-ականներին ու սնանկ է հայտարարվել 2004-ին, ապա լուծարվել 2020-ին): ՍՊԸ-ն հիմնադրվել է 2021-ի փետրվարին Երեւանում: 

Այս ընկերությունը, ինչպես տեղեկացել ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեից, «Հայվեյզի» նման դիմել է ՕՇՎ ստանալու նպատակով, սակայն «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի հայտը ներկայում գտնվում է 3-րդ՝ նախնական գնահատման փուլում, երբ կոմիտեի համապատասխան ստորաբաժանումներն ուսումնասիրում են հայտին կից ներկայացված փաստաթղթերը եւ կազմում համապատասխան եզրակացություններ:

Եթե «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն նորեկ է ավիացիայում, դրա միակ սեփականատերն ու տնօրենը՝ երեւանցի Արարատ Սարգսյանը, ավիատորներին հայտնի մարդ է:

Իր իսկ պատմելով՝ Սարգսյանն ավարտել է Կիեւի ավիացիոն ինստիտուտը, օդանավերի կոմերցիոն շահագործման մասնագետ է: Հետագայում ավարտել է նաեւ Լենինգրադի քաղավիացիայի ակադեմիան: 1996-ին մի շարք անձանց հետ Արարատ Սարգսյանը հիմնադրել էր «Արմավիան» (2014-ից սնանկ է), եղել դրա առաջին գլխավոր տնօրենը: Նախկինում աշխատել է նաեւ «Հայկական ավիաուղիներում», եղել է Հայաստանի քաղավիացիայի պետի տեղակալ: Արարատ Սարգսյանի մասին «Հետքը» գրել էր 2015-ին, երբ անդրադարձել էինք նրա «Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ-ին, որն «Արմավիայի» ու «Էյր Արմենիայի» անկումից հետո հայկական երկինք բարձրանալու ծրագրեր ուներ, սակայն ամեն ինչ մնաց թղթի վրա: «Ալյանսը» ուներ ՕՇՎ, բայց այն ուժը կորցրեց 2016-ի հուլիսին, ուներ նաեւ ICAO-ի կոդ՝ SKX, որը բավարար էր ոչ կանոնավոր չվերթեր կատարելու համար: Արարատ Սարգսյանը մեզ հետ զրույցում 2015-ին նշել էր, որ նախատեսում են շահագործել ռուսական արտադրության «Sukhoi Superjet 100» տիպի օդանավեր: «Ալյանսը» մտադիր էր թռչել դեպի Մոսկվա, Բեյրութ, Թեհրան, Աշգաբադ, ՌԴ այլ քաղաքներ, ընդհանուր՝ 13 ուղղությամբ: Այն ժամանակ Սարգսյանը «Հետքին» հայտնել էր, որ ֆինանսապես իրեն օգնում են իր ռուս ընկերները՝ մանրամասներ չներկայացնելով:

«Ալյանս Ավիաընկերություն» ՍՊԸ-ն ներկայում էլ, ՊԵԿ-ի տվյալների համաձայն, գործող ընկերություն է, գործունեությանը տեսակը միջազգային ուղեւորափոխադրումներն են օդային տրանսպորտով, բայց, իհարկե, իրական կյանքում ՍՊԸ-ն սրանով չի զբաղվում, քանի որ չունի ՕՇՎ: Գործունեության նույն տեսակը նշված է «Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ի վերաբերյալ, որն այժմ, փաստորեն, ցանկանում է ՕՇՎ ստանալ:

Նկատենք, որ Արարատ Սարգսյանը եղել է նաեւ «Հայվեյզ» ՍՊԸ-ի կամ դրա նախագծի ակունքներում: Բանն այն է, որ 2019-ի մայիսին Արարատ Սարգսյանը (15 %), նրա երկու որդիները՝ Սարգիսն (15 %) ու Արթուրը (15 %), ինչպես նաեւ երեւանցի Բելլա Գայամովան (10 %) ու լոնդոնյան «Lincoln Transport Ltd»-ն (45 %) հիմնել էին «Ֆլայ Արմենիա» ՓԲԸ-ն, որի տնօրենն Արթուր Սարգսյանն էր: ՓԲԸ-ն, սակայն, երկար կյանք չունեցավ ու լուծարվեց 2020-ի փետրվարին:

Մինչեւ «Ֆլայ Արմենիա» ՓԲԸ-ն կլուծարվեր, 2019-ի հոկտեմբերին Բելլա Գայամովան (55 %) ու «Lincoln Transport Ltd»-ն (45 %) արդեն հիմնել էին «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ն (տնօրենը Գայամովան էր), որը 2021-ին անվանափոխվեց՝ դառնալով «Հայվեյզ»: Այսինքն՝ Գայամովան ու Սարգսյանները նախկինում բիզնես գործընկեր են եղել, սակայն հետո Գայամովան իր ճանապարհը «Lincoln Transport Ltd»-ի հետ շարունակել է միայնակ՝ հիմնելով նոր ընկերություն: Նկատենք, որ Բելլա Գայամովան եւս ավիացիայի մարդ է ու նախկինում, մասնավորապես, աշխատել է «Արմավիայում»: Թե ինչպես հետագայում զարգացան «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի գործերը Գայամովայի ու լոնդոնյան ընկերության ղեկավարությամբ, «Հետքը» գրել է՝ մանրամասներ ներկայացնելով «Lincoln Transport Ltd»-ի սեփականատեր Շիմոն Լահավի գործունեության, ինչպես նաեւ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզից» նրա հեռանալու մասին: Իր հեթին Գայամովան ընկերությունից հեռացավ այս տարվա մայիսին՝ «Հայվեյզ» ՍՊԸ-ն ամբողջությամբ թողնելով Գեւորգ Նալբանդյանի տիրապետմանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter