Անկյունում հայտնված ռուսական ավիացիան ելքեր է մտմտում, իսկ ի՞նչ են անում մերոնք
Այն բանից հետո, երբ ռուսական ուժերը ներխուժեցին Ուկրաինա, եւ Արեւմուտքը տնտեսական պատժամիջոցներ սկսեց կիրառել Ռուսաստանի հանդեպ, շատ ծանր վիճակում հայտնվեց ռուսական ավիացիան:
Ինչպես արդեն գրել ենք, ավիաշինական երկու հսկաները՝ «Airbus»-ն ու «Boeing»-ը, դադարեցրել են համագործակցությունը ռուսական փոխադրողների հետ, դրան գումարած՝ արտասահմանյան լիզինգատու ընկերությունները ռուսական շահագործողներից հետ են պահանջում իրենց սեփականություն հանդիսացող ինքնաթիռները։ Դրանցից մեկի՝ «Սիբիր» ավիաընկերության «Airbus A320neo» օդանավին մարտի 3-ին ՀՀ ավիացիոն իշխանությունները չթույլատրեցին Երեւանից վերադառնալ Նովոսիբիրսկ, քանի որ դրա իռլանդական սեփականատիրոջ, գրանցման երկրի՝ Բերմուդյան Կղզիների ու ռուսական շահագործողի միջեւ խնդիր է ծագել:
Արտասահմանյան լիզինգատուներից օդանավեր վարձակալած ռուսական օպերատորներն այսօր ծանր կացության մեջ են:
Ռուսական վարձակալությունից ավելի քան 700 օդանավ վերադարձնելու գլուխկոտրուկը
Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցների թվում Եվրամիությունն իր տարածքում գրանցված լիզինգատու ընկերություններին կարգադրել է մինչեւ մարտի 28-ը խզել ռուսական շահագործողների հետ օդանավերի վարձակալության պայմանագրերը եւ պահանջել դրանց վերադարձը: ԵՄ-ն արգելել է ոչ միայն օդանավերի ու պահեստամասերի վաճառքը ռուսական կողմին, այլեւ ցանկացած ծառայության մատուցումը, այդ թվում՝ լիզինգը:
Ինչպես նկատում է ch-aviation.com կայքը, իրավիճակն է՛լ ավելի է բարդանում նրանով, որ ԵՄ-ի նշած ժամկետը բավական կարճ է, եւ պարզ չէ, թե ՌԴ իշխանություններն ու ավիաընկերություններն ինչպես կհամագործակցեն օդանավերի արտասահմանյան սեփականատերերի հետ, այսինքն՝ եթե նրանք հրաժարվեն վերադարձնել օդանավերը (սա միանգամայն իրական ռիսկ է), ի՞նչ պիտի անեն սեփականատերերը: Մեկ այլ խնդիր է այն, թե ինչպես պիտի շահագործողները մուծեն օդանավերի վարձավճարները, եթե ռուսական բանկերը անջատվում են միջազգային փոխանցումների SWIFT համակարգից:
Ch-aviation.com-ի գնահատմամբ՝ խոսքն ավելի քան 700 օդանավ ռուսական վարձակալությունից վերադարձնելու մասին է: Ինչպես նշել են ռուսական աղբյուրները, ՌԴ-ում դիտարկում են օդանավերն ազգայնացնելու, այսինքն՝ արտասահմանյան սեփականատերերից գնելու տարբերակը, չնայած այս պարագայում, ըստ ch-aviation-ի, պետությունը մտածում է միայն ազգային ավիափոխադրող «Աէրոֆլոտին» օգնելու մասին: Բայց նույն եվրոպական լիզինգատուները, որոնց արգելված է օդանավ կամ պահեստամաս վաճառել ռուսներին, արդյոք կհամաձայնեն այս տարբերակին: Մյուս կողմից՝ ի՞նչ է լինելու, երբ գա օդանավերի համար նոր պահեստամաս ձեռք բերելու ժամանակը: Այստեղ նկատենք, որ «Airbus»-ից ու «Boeing»-ից զատ՝ ռուսական կողմին հրաժարվել է օդանավեր ու պահեստամասեր մատակարարել նաեւ բրազիլական ավիաշինական հսկան՝ «Embraer»-ը:
Տեսականորեն հնարավոր է, որ ռուսական կողմն ուղղակի առանց վճարելու իր մոտ պահի արտասահմանցիներին պատկանող օդանավերը: «Bloomberg» գործակալությունը ենթադրել է, որ այդ պարագայում միլիարդավոր դոլարների կորստի ռիսկ է լինելու:
Նկատենք նաեւ, որ լիզինգատուների կողմից օդանավերն առգրավելու վտանգը տարբեր կերպ է ազդելու ռուսական ավիաընկերությունների վրա: Օրինակ՝ «Աէրոֆլոտը» համեմատաբար քիչ կտուժի, քանի որ սեփականության իրավունքով, ըստ ch-aviation.com-ի, շահագործում է ավելի քան 50 օդանավ, 17 հատ էլ վարձով հանձնել է իր դուստր ձեռնարկություններին՝ «Ավրորային», «Պոբեդային», «Ռոսիային»: Որոշակիորեն ապահով է նաեւ «Utair»-ը, որը եւս սեփական օդանավերի մեծ պարկ ունի (ունեցած 70-ից 50 հատը սեփական են), իսկ «Սիբիրը», «Ural Airlines»-ը, «Պոբեդան» ու «Ռոսիան» լիզինգային պայմանագրերից կախման մեջ են:
Ռուսական կողմը վախենում է, որ արտերկրում կկալանավորեն իր փոխադրողների օդանավերը
Այլ երկրներում օդանավերի կալանման իրական վտանգի պայմաններում ՌԴ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ Ռոսավիացիան, ռուսական ավիափոխադրողներին մարտի 5-ին խորհուրդ տվեց ամսի 6-ից դադարեցնել դեպի արտերկիր բոլոր ուղեւորատար եւ բեռնատար թռիչքները, իսկ ամսի 8-ից՝ արտերկրից թռիչքները դեպի Ռուսաստան։ Վտանգի տակ են հայտնվել ռուսական ավիաընկերությունների այն օդանավերը, որոնց լիզինգատու սեփականատերերը օտարերկրյա ընկերություններ են, իսկ օդանավերը գրանցված են Ռուսաստանից դուրս: Խոչընդոտների բախվելու վտանգից զերծ են ռուսական օպերատորների այն օդանավերը, որոնք գրանցված են հենց ՌԴ-ում կամ թեկուզ արտասահմանում, բայց կալանքի ռիսկը արտերկրում բացակայում է. սա կախված է լիզինգատու-ռուսական շահագործող հարաբերություններից եւ այն երկրից, դեպի ուր թռչում է օդանավը: Բնականաբար, խնդիր չունեն նաեւ այն օդանավերը, որոնք չեն լքելու Ռուսաստանի օդային տարածքը:
Օրինակ ստորեւ ներկայացված պատկերում, որը վերցված է թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքից, երեւում է, որ «Աէրոֆլոտի» ինքնաթիռներն այս պահին չվերթեր են կատարում բացառապես Ռուսաստանի քաղաքների միջեւ։
Ռոսավիացիան խորհուրդ է տվել ՌԴ քաղաքացիներին Ռուսաստան վերադառնալ արտասահմանյան ավիաընկերությունների ուղիղ թռիչքներով (այսինքն՝ նրանց միջոցով, որոնց մուտքը ՌԴ արգելված չէ. փետրվարի վերջին Ռուսաստանը 36 երկրի փոխադրողների համար փակել է իր երկինքը՝ ի պատասխան այդ երկրների նմանատիպ քայլի) կամ Ադրբեջանի, Հայաստանի, Ղազախստանի, Քաթարի, ԱՄԷ-ի, Թուրքիայի եւ Սերբիայի տարածքով տարանցիկ չվերթի միջոցով. սրանք այն երկրներից են, որտեղ կարող են ժամանել ռուսական օպերատորները, եւ հակառակը՝ դրանց փոխադրողների մուտքը ՌԴ արգելված չէ: Ռոսավիացիան Ռուսաստան հասնելու մեկ այլ տարբերակ է դիտարկել, օրինակ, օդանավով Լատվիա, Լիտվա, Լեհաստան կամ Ֆինլանդիա հասնելը, որտեղից ցամաքային տրանսպորտով կարելի է հասնել Ռուսաստան:
Ռոսավիացիայի հորդորին հաջորդեցին ռուսական ընկերությունների հայտարարությունները միջազգային չվերթերը դադարեցնելու մասին:
Ռուսական որոշ ավիաընկերություններ շարունակում են թռչել Հայաստան
Հայաստանն այն երկրների թվում է, որոնք չեն արգելել ռուսական փոխադրողների մուտքը իրենց օդային տարածք, նմանապես մեր ավիաընկերությունները խնդիր չունեն ՌԴ երկնքում: Սակայն ինչպես եղավ «Սիբիրի» օդանավի պարագայում, չի բացառվում, որ ռուսական ավիաընկերությունների՝ արտերկրում գրանցված օդանավերը մեր տարածքում խնդրի բախվեն, ինչը պայմանավորված կլինի բացառապես այդ օդանավի սեփականատիրոջ եւ/կամ գրանցման երկրի կողմից ՀՀ քաղավիացիոն իշխանություններին ներկայացրած համապատասխան պահանջներով:
«Զվարթնոց» օդանավակայանի կայքից տեղեկանում ենք, որ մարտի 8-ին ռուսական փոխադրողներից «Nordwind Airlines»-ը, «Red Wings Airlines»-ը, «Utair»-ն ու «Ikar Airlines»-ը (ապրանքանիշը՝ «Pegas Fly») Երեւան են ժամանել Մոսկվայից, իսկ Ուֆայից եւ Միներալնիե Վոդիից եկել է «Azimuth»-ը, Սանկտ Պետերբուրգից՝ «Ikar Airlines»-ը, Եկատերինբուրգից՝ «Red Wings Airlines»-ը, Սամարայից՝ «IrAero»-ն (տես ստորեւ):
Այլ է վիճակը «Շիրակ» օդանավակայանում, որից օգտվում են միայն ռուսական օպերատորները․ վերջին օրերին նրանք չեղյալ են հայտարարել իրենց չվերթերը դեպի Գյումրի (տես ստորեւ)։
Եթե այս միտումը երկար շարունակվի, ապա «Շիրակում» առաջիկայում տեսնելու ենք ուղեւորահոսքի շեշտակի անկում։ Նույնը, ի դեպ, համեմատաբար ավելի մեղմ տեմպերով սպասվում է «Զվարթնոցին», եթե, իհարկե, ռուսական կամ հայկական օպերատորները չփակեն այն բացը, որն առաջացել է մի շարք փոխադրողների, այդ թվում՝ «Աէրոֆլոտի»՝ հայկական շուկայից ժամանակավորապես դուրս գալով։
Ի՞նչ են անում հայկական ավիաընկերությունները
Ինչպես արդեն գրել ենք, ստեղծված իրավիճակում հայկական ավիաընկերությունները եւ «Զվարթնոցը» տնտեսապես օգտվելու որոշակի հնարավորություններ են ստանում, այլ հարց է, թե որքանով նրանք կօգտվեն առիթից։
Այստեղ խնդիրն այն է, որ հայկական փոխադրողների ընդհանուր ավիապարկը շատ փոքր է, հետեւաբար «առիթից օգտվելը» պետք է հարաբերականորեն ընդունենք։ Այդուհանդերձ, «Զվարթնոցի» չվացուցակը եւ flightradar24.com կայքը ցույց են տալիս, որ այս պահին դեպի Ռուսաստան թռչելու իրավունք ունեցող հայկական փոխադրողներից մեկի օդանավերն աշխատում են հագեցած գրաֆիկով, մյուսինը՝ թեթեւ։
Այսպես՝ «Ավիակոմպանիա Արմենիայի» EK-73736 գրանցումով «Boeing 737-500»-ը մարտի 8-ի լույս գիշերը Բաթումից վերադարձել է Երեւան, հետո կատարել է Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի-Երեւան չվերթը, ապա մեկնել Սանկտ Պետերբուրգ, որտեղից այս պահին վերադառնում է Երեւան։ Ավիաընկերության մյուս ինքնաթիռը՝ EK-73792 գրանցումով «Boeing 737-800»-ը, մարտի 8-ին կատարել է Երեւան-Մոսկվա-Երեւան, Երեւան-Թբիլիսի-Երեւան եւ Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթերը։ Երրորդ բորտը՝ EK-73705 գրանցումով «Boeing 737-800»-ը, իրականացրել է Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի-Երեւան-Մոսկվա-Երեւան-Թբիլիսի չվերթը։
Երկրորդ օպերատորը՝ «Fly One Armenia»-ն, ինչպես հայտնի է, մարտի 1-ից է սկսել թռչել դեպի Ռուսաստան։ Ընկերության երկու օդանավերն էլ վարձակալված են մոլդովական գործընկեր «Fly One»-ից եւ չեն փոխել մոլդովական գրանցումը։ Դրանցից ER-00006 գրանցումով «Airbus A320»-ը մարտի 8-ին կատարել է Երեւան-Եկատերինբուրգ-Երեւան չվերթը, իսկ նախորդ օրերին թռիչքներ է իրականացրել դեպի Մոսկվա։
Բայց միեւնույնն է՝ սա շատ քիչ է։ Այս օրերին քանի կա պահանջարկ, հայկական օպերատորները պետք է ձգտեն շուտափույթ թույլտվություն ստանալ՝ ռուսական ուղղություններով թռիչքներ կազմակերպելու համար։ Արդեն գրել ենք, որ նման ծրագիր ունի Երեւան-Թեհրան-Երեւան երթուղին շահագործող «Armenia Airways»-ը։ «Զվարթնոցի» կայքից էլ տեղեկանում ենք, որ մարտի 10-ին Երեւանից Մոսկվա է մեկնելու «Շիրակ Ավիան» (չվերթի համարը՝ SHS 712), որի «Boeing 737-500» տիպի օդանավը (հայկական գրանցումը՝ EK-SHA) մինչ այս շահագործվում էր «Armenia Airways»-ի կարիքների համար (տես ստորեւ)։
«Շիրակ Ավիայի» Մոսկվա-Երեւան հետադարձ թռիչքը նախատեսված է ամսի 11-ի լույս գիշերը։
Գլխավոր լուսանկարում՝ «Ավիակոմպանիա Արմենիայի» EK-73705 գրանցումով ինքնաթիռը՝ Մոսկվայի երկնքում, 06.09.2021, jetphotos.com
Մեկնաբանել