HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ռուսական շահագործող, իռլանդական սեփականատեր, բերմուդյան գրանցում․ «Սիբիրի» օդանավը «արգելափակվել է» Երեւանում

Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո Ռուսաստանի ավիաընկերությունները հայտնվել են ծանր դրության մեջ։ Ավիաշինական երկու հսկաները՝ «Airbus»-ն ու «Boeing»-ը, դադարեցրել են համագործակցությունը ռուսական փոխադրողների հետ, դրան գումարած՝ արտասահմանյան լիզինգատու ընկերությունները ռուսական շահագործողներից հետ են պահանջում իրենց սեփականություն հանդիսացող ինքնաթիռները։ Սա լուրջ հարված է ոչ միայն ռուսական ավիացիային, այլեւ ամբողջ տնտեսությանը։

Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ այն բանից հետո, երբ մարտի 3-ին Ռուսաստանից ժամանած «Սիբիր» ավիաընկերության (ապրանքանիշը՝ «S7 Airlines») «Airbus A320neo» օդանավին արգելվեց կրկին երկինք բարձրանալ։

Ինքնաթիռը (գրանցման համարը՝ VP-BSL) իրականացնում էր Նովոսիբիրսկ-Երեւան չվերթը (չվերթի համարը՝ S7 5591), որի ընթացքում անցել էր Ղազախստանի երկնքով, հատել Կասպից ծովն ու մտել Դաղստանի օդային տարածք, ապա պատրաստվում էր Վրաստանի երկնքով մտնել Հայաստան, բայց Վրաստանի սահմանը չհատած՝ թեքվել էր դեպի Միներալինե Վոդի։

Այստեղ վայրէջք կատարելուց 40 րոպե անց օդանավն, այնուամենայնիվ, ուղղություն էր վերցրել Երեւան, որտեղ հասել էր Վրաստանի երկինքն անցնելուց հետո, բայց, ինչպես ասվեց, «A320neo»-ին ՀՀ ավիացիոն իշխանությունները չէին թույլատրել իրականացնել Երեւան-Նովոսիբիրսկ հետադարձ չվերթը (S7 5592)։

Այդուհանդերձ, «Սիբիրն» իր ուղեւորների համար Մոսկվայից ուղարկել էր մեկ այլ «Airbus A320» (գրանցման համարը՝ VP-BOG), որն էլ կատարել էր Երեւան-Նովոսիբիրսկ թռիչքը։

Հաջորդ առավոտյան՝ մարտի 4-ին, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հայտարարեց, որ «Զվարթնոց» ժամանելուց ժամեր առաջ, երբ օդանավը դեռ գտնվում էր ՌԴ օդային տարածքում, ի հայտ են եկել այս «A320neo»-ի թռիչքային պիտանիության ապահովման հետ կապված փաստաթղթային խնդիրներ, որոնք առնչվում են դրա շահագործող «Սիբիրի» եւ օդանավի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների, ինչպես նաեւ օդանավի վարձատուի (լիզինգատուի) հարաբերություններին։ ՔԱԿ-ը հավելել էր, որ ինքնաթիռի հանդեպ կալանք չի կիրառվել, այլ ժամանակավորապես դադարեցվել է դրա թռիչքի թույլտվությունը: «Քաղավիացիայի կոմիտեն ծագած խնդիրների առնչությամբ ճշգրտող նամակագրություն է իրականացնում ինքնաթիռի գրանցման երկրի ավիացիոն իշխանությունների հետ: Խնդրի վերաբերյալ տեղեկացվել են նաեւ շահագործող ավիաընկերությունը եւ ՌԴ ավիացիոն իշխանությունները։ Փաստաթղթային հարցերի պարզաբանումից հետո ինքնաթիռի շահագործումը կվերականգնվի»,- հայտարարել էր ՔԱԿ-ը։

Հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Յուրաքանչյուր երկիր ունի օդանավերի գրանցման իր ազգային նիշը։ Օրինակ՝ Հայաստանինը EK-ն է, Ռուսաստանը պետական ավիացիայի համար օգտագործում է RF նիշը, իսկ քաղաքացիականի համար՝ RA-ն։ Ի տարբերություն հայկական փոխադրողների՝ մի շարք այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի օպերատորները չեն ցանկանում սեփական երկրում արտասահմանյան արտադրության օդանավ գրանցել, քանի որ դրա համար պետք է մեծ հարկեր մուծել (ՀՀ-ում չկա նման բան)։ Այս պարագայում Ռուսաստանի եւ նրա նման պայմաններ ստեղծած երկրների ավիաընկերություններն իրենց օդանավերը գրանցում են այնպիսի երկրներում, ինչպիսիք են օֆշորային Արուբան (Նիդերլանդների Թագավորության տարածք է Կարիբյան ծովում), Բերմուդյան ու Կայմանյան կղզիները (Միացյալ Թագավորության տարածքներ), Մալթան, Իռլանդիան, Սան Մարինոն եւ այլք։ VP-B-ն Բերմուդների ազգային նիշն է, այսինքն՝ Երեւանում մնացած «Սիբիրի» օդանավը գրանցված է այդ երկրում, որը Մեծ Բրիտանիայի գահին է ենթարկվում։ Ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին գաղտնիք չէ պաշտոնական Լոնդոնի կոշտ դիրքորոշումը Ռուսաստանի հանդեպ։  

2010-2020 թթ․ Ռուսաստանը ժամանակավորապես ԱԱՀ-ից ազատել էր արտասահմանյան արտադրության այն օդանավերը, որոնք գրանցվում էին իր ռեգիստրում, իսկ ահա 2020-ի հունվարի 1-ից այդ դրույթը մշտական է, բայց պայմանը նույնն է՝ օդանավը պետք է գրանցվի Ռուսաստանում։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ռուսական ընկերությունների կողմից շահագործվող, բայց արտասահմանում գրանցված օդանավերի մեծ թիվը, Ռուսաստանը մինչեւ 2023-ի հունվարի 1-ը ԱԱՀ-ից ազատել է նաեւ այն օդանավերը, որոնք կգրանցվեն ՌԴ-ի հետ միջազգային համապատասխան պայմանագիր ունեցող երկրներում։ Իսկ 2023-ի հունվարի 1-ից հետո Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն առաջարկել է արգելել ՌԴ փոխադրողներին օդանավ գրանցել արտերկրում։ Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

Ch-aviation.com կայքը հայտնում է, որ ԵՄ լիզինգատու ընկերությունները մինչեւ մարտի 28-ը պարտավոր են դադարեցնել ռուսական ավիաընկերությունների հետ կնքած վարձակալության պայմանագրերը, այսինքն՝ եվրոպական սեփականատերերը պետք է հետ վերցնեն իրենց օդանավերը։ Սա արվում է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանակներում։ Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանում շահագործվող արտերկրյա արտադրության 804 օդանավերից 643-ը վերցված են լիզինգով, այդ թվում՝ ռուսական լիզինգատուներից։ Ինչպես ցույց է տալիս ch-aviation.com-ի գրաֆիկը, ՌԴ ազգային ավիափոխադրող «Աէրոֆլոտն» ունի 150-ից ավելի վարձակալված օդանավ, իսկ նրա դուստր ընկերություններից «Ռոսիայի», ինչպես նաեւ «Սիբիրի» նմանատիպ բորտերի թիվը մոտ է 100-ին։    

Ահա ռուսական շուկայում ամենամեծ թվով օդանավեր ունեցող 25 լիզինգատու ընկերությունների ցուցակը, որում ներառված են նաեւ ռուսական ձեռնարկությունները։

Սա էլ բացառապես արտասահմանյան լիզինգատուների թոփ-25-ն է։

Ինչպես տեսնում ենք, արտասահմանյանների մեջ 2-րդը, իսկ ընդհանուրի մեջ 5-րդը «SMBC Aviation Capital» իռլանդական ընկերությունն է, որի սեփականատերերը ճապոնական ձեռնարկություններ են։ Սրա անունը պատահաբար չենք նշում․ բանն այն է, որ, ըստ planespotters.net-ի, հենց իռլանդական ընկերությունն է Երեւանում գտնվող եւ Բերմուդներում գրանցված «Airbus A320neo»-ի սեփականատերը։ Planespotters-ը նշում է, որ 2020-ի հոկտեմբերին ֆրանսիական Թուլուզում թողարկված այս ինքնաթիռը 2021-ի ապրիլին ուղարկվել է Նովոսիբիրսկ՝ «Սիբիրին», որը, փաստորեն, դրա առաջին շահագործողն է դարձել։ Ու հիմա խնդիր է ծագել մի կողմից «Սիբիրի», մյուս կողմից՝ Բերմուդների ավիացիոն իշխանությունների եւ լիզինգատու «SMBC Aviation Capital»-ի միջեւ։

2015 թ․ ՀՀ կառավարությունը հաստատել է օտարերկրյա օդանավ շահագործողների (այսինքն՝ արտասահմանյան ավիափոխադրողների) կողմից դեպի Հայաստան, Հայաստանի տարածքի ներսում եւ Հայաստանի տարածքից դուրս կանոնավոր եւ ոչ կանոնավոր փոխադրումներ կատարելու կարգերը։ Ըստ այդմ՝ արտասահմանյան ավիաընկերությունը պետք է հայտ ներկայացնի ՀՀ քաղավիացիայի կոմիտե։ Ի թիվս այլ փաստաթղթերի հայտատուն պետք է ներկայացնի հայտում նշված օդային հաղորդակցության իրականացման համար նախատեսված օդանավի թռիչքային պիտանիության եւ պետական գրանցման սերտիֆիկատները։ Սրանցում, այլ տեղեկություններից բացի, նշվում են սեփականատիրոջ եւ շահագործողի տվյալները։ Եթե ընդունենք, որ սեփականատերը, այս դեպքում՝ «SMBC Aviation Capital»-ը, խզել է պայմանագիրը «Սիբիրի» հետ, ապա հասկանալի է, որ եղած սերտիֆիկատները դառնում են անվավեր։

Հատկանշական է, որ երբ մարտի 3-ին «Սիբիրի» օդանավը Նովոսիբիրսկից ուղիղ Երեւան ժամանելու փոխարեն վայրէջք կատարեց Միներալնիե Վոդիում, մեկ ժամ անց այստեղ իջավ նաեւ «Ural Airlines»-ի «Airbus A321neo» ինքնաթիռը (բերմուդյան գրանցումը՝ VP-BFM), որն իրականացնում էր Մոսկվա-Երեւան թռիչք (չվերթի համարը՝ U6 2535)։

Ի տարբերություն «Սիբիրի» օդանավի՝ «A321neo»-ն այդպես էլ Երեւան չեկավ։ Ըստ planespotters.net-ի՝ VP-BFM-ի սեփականատերը եւս իռլանդական «SMBC Aviation Capital»-ն է։ 2022-ի փետրվարին գերմանական Համբուրգում թողարկված ինքնաթիռը «Ural Airlines»-ին էր հանձնվել նույն ամսվա կեսերին, բայց սեփականատերը, փաստորեն, օրեր անց հետ է պահանջում իր բորտը։

Թե արեւմտյան պատժամիջոցներից հետո ինչ է կատարվում ռուսական ավիացիայում, կանդրադառնանք առանձին հոդվածով։ 

Տես նաեւ՝

Գլխավոր լուսանկարում՝ Երեւանում «արգելափակված» VP-BSL գրանցումով օդանավը․ 23․06.2021, Մոսկվա, լուս․՝ Վիտալի Ռեւյակինի (jetphotos.com)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter