
«Հայկական ավիաուղիներն» առաջին ինքնաթիռն է գրանցել Հայաստանում. նախատեսվում են թռիչքներ դեպի ռուսական 4 քաղաքներ
«Հայկական ավիաուղիներ» ՍՊԸ-ն, որը հիմնադրվել է 2021-ի փետրվարին ու օդանավ շահագործողի վկայական ստացել 2022-ի դեկտեմբերին, իր առաջին ինքնաթիռն է գրանցել Հայաստանում: Դեկտեմբերի 27-ին՝ այն նույն օրը, երբ փոխադրողը կոմերցիոն թռիչքներ կատարելու իրավունք տվող ՕՇՎ է ստացել, ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել է նաեւ ընկերության «Airbus A321-200» տիպի առաջին ինքնաթիռը:
2012 թ. արտադրված եւ 2012-2020 թթ. Հրվ. Կորեայում շահագործված այս օդանավը 2021-ի մարտին տեղափոխվել էր Սլովենիա, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի 7-ին՝ այնտեղից թռել Երեւան: Ամերիկյան «Air Lease Corporation»-ին պատկանող բորտը մինչեւ վերջերս ժամանակավոր գրանցված էր Ավստրիայում (գրանցումը՝ OE-ISO), սակայն, ինչպես տեղեկանում ենք ՀՀ քաղավիացիայի կոմիտեի կայքից, դեկտեմբերի 27-ին «Airbus A321-200»-ը գրանցվել է մեր երկրում որպես EK-AAD (նկատենք, որ ՔԱԿ-ը օդանավերի ռեգիստրը թարմացրել է միայն հունվարի 4-ին՝ մեր նախորդ հրապարակումից հետո): Գրանցումն ուժի մեջ է մինչեւ 2028 թ. օգոստոսի 18-ը:
Հիշեցնենք, որ «ՀԱՈւ»-ն իր գույներով է ներկել եւս մեկ օդանավ՝ 2007 թ. արտադրության «Airbus A321-200», որն առայժմ կանգնած է Սլովենիայում:
Հղում անելով ավիաընկերության պաշտոնական կայքին՝ գրել էինք, որ այն ծրագրում է Երեւանից կանոնավոր ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Մոսկվա, Եկատերինբուրգ, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Կազան եւ Նովոսիբիրսկ։ Սակայն նույն կայքում արված թարմացման համաձայն՝ «ՀԱՈւ»-ի մեկնարկային երթուղային ծրագիրը ներառում է 4 ուղղություն Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ Մոսկվա, Սամարա, Սոչի եւ Վլադիկավկազ:
«Ավիաընկերությունը կենտրոնացած է միջազգային երթուղային ցանցի զարգացման վրա, ինչպես նաեւ Երեւանից տրանզիտային թռիչքների հարմարավետ ծրագրի մոդելի ընդլայնման վրա»,- ասվում է «ՀԱՈւ»-ի կայքում։
Լուսանկարում՝ «ՀԱՈւ»-ի առաջին ինքնաթիռը (դեռեւս ավստրիական OE-ISO գրանցումով)` «Զվարթնոց» օդանավակայանում, 08.12.2022, օդաչու Դավիթ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել