HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Дождь»-ը հեռացրել է ադրբեջանցի հյուրի՝ «ահաբեկիչների հայերեն խոսելու մասին» պնդումը․ գլխավոր խմբագիրը ներողություն է խնդրել

Նախօրեին ռուսական ընդդիմադիր «Дождь» հեռուստաընկերությունը հատուկ եթերում հրավիրել էր «Կրոկուս Սիթի Հոլ»-ի աշխատակիցներից մեկին, որն ուղիղ եթերում հայտարարել էր, որ ահաբեկիչները, իբր թե, «խոսել են հայերեն ու հայերեն հայհոյանքներ հնչեցրել»։ Ավելի ուշ պարզվել էր, որ այդ աշխատակիցն ազգությամբ ադրբեջանցի է։ Այս եթերը մեծ իրարանցում էր առաջացրել սոցիալական ցանցերի հայկական սեգմենտում, իսկ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունն իր բողոքի նոտան տարածել։

Այս իրարանցումը ստիպել է «Дождь»-ի խմբագրությանը հեռացնել ադրբեջանցու այդ պնդումն իրենց ուղիղ եթերից, իսկ հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Տիխոն Ձյաձկոն ներողություն է խնդրել։

«Կցանկանայի մի կարևոր բան ասել «Дождь» երեկվա հատուկ եթերի համատեքստում։ Ձեզնից շատերը կարող էին երեկ եթերում լսել մի մարդու, ով ներկայացել էր որպես «Կրոկուս»-ի ձայնային ռեժիսոր: Նա հայտարարել է, թե իբր լսել է, որ հարձակում գործած անձինք «խոսել ու հայհոյել են հայերեն», ինչպես նաև անապացույց հայտարարություն արել «հայկական հետքի» մասին: Մինչ եթեր մտնելը, նախնական հարցազրույցի ժամանակ, այդ մարդը նման բան չէր ասել»,- տելեգրամի իր ալիքում գրել է Ձյաձկոն։

Նրա խոսքով՝ երբ հնչել է անապացույց այդ մեղադրանքը, հաղորդավարը հայտարարել է, որ դա ապացուցված չէ, ինչից հետո նա հեռացվել է եթերից, իսկ հեռարձակման այդ հատվածը կտրվել է։

«Ես ներողություն եմ խնդրում այն բանի համար, որ «Дождь»-ի եթերում նման անապացույց մեղադրանքներ են հնչել»,- եզրափակել է Ձյաձկոն։

Հիշեցնենք, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարել էր, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը խորը մտահոգություն է հայտնել հեռուստաընկերության եթերում հնչած այս պնդման վերաբերյալ։

«Իրականությանը չհամապատասխանող և Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ հրահրելուն ուղղված նման տեղեկատվության նպատակային տարածումը համարում ենք վրդովեցուցիչ։ Ողբերգությունից անմիջապես հետո Հայաստանը հայտարարություններ է տարածել՝ դատապարտելով քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային հանցագործությունը։ Երևանի մեր հայրենակիցները վաղ առավոտից հարգում են բոլոր զոհվածների հիշատակը՝ ծաղիկներ դնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։ <...> Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկատվություն և առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներով»,- ասված էր Ռուսաստանում Հայաստանի դեսպանության տարածած հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ Денис Губанов / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter