HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը օդային հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ

Այսքանով «Հետք»-ն ավարտում է իր ուղիղ թարմացումը։ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վերաբերյալ մյուս նորությունները «Հետք»-ը կներկայացնի առանձին լուրերով։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ էիք։

04:35

Իրանը փաստացի ավարտել է Իսրայելի վրա իր հարձակումը։

04:26 

⚡Առաջիկա րոպեներին կմեկնարկի Բայդեն-Նեթանյահու հեռախոսազրույցը։ Քննարկման գլխավոր թեման լինելու է Իսրայելի հնարավոր պատասխանը իրանական հարձակմանը։

04:24

Բալիստիկ հրթիռի արձակումը Թավրիզից։

04:23

Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ ինքը հետևում է տարածաշրջանում ռազմական էսկալացիային ու կողմերին կոչ անում զսպվածություն ցուցաբերել։

04:22

Այս պահին ընթանում է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հեռախոսազրույցը ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ։

04:20

⚡⚡⚡«Իսրայելի ձայն»-ը հայտնում է, որ այս րոպեներին Իսրայելի անվտանգության նախարարների կաբինետը հավանություն է տվել Իրանին հզոր պատասխան հասցնելու մասին որոշմանը։

04:14

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է ավելի քան 200 հրթիռ և անօդաչու, իսկ դրանց ճնշող մասը չեզոքացվել է։

04:12

Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնել է, որ իրանական մի քանի հրթիռ, որոնք Թեհրանն արձակել էր Իսրայելի մայրաքաղաքի ուղղությամբ, ընկել են Բաղդադից դեպի հարավ։

04:06

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հաստատել է Նեգև անապատում ավիաբազայի վրա հարձակման փաստը՝ նշելով, որ բազային հասցվել է «աննշան վնաս»։

04:00

Իրանական պետական IRNA գործակալությունը հայտնել է, որ Իրանը Նեգև անապատում գտնվող իսրայելական ավիաբազային հարվածել է «Խայբար» տեսակի բալիստիկ հրթիռներով։ 

03:58

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելի վրա Իրանի հարձակումը՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։

03:56

Sham FM-ը հայտնում է, որ սիրիական ՀՕՊ ուժերը Հոմս նահանգի երկնքում խոցել են մի քանի թիրախներ։

03:55

⚡Առաջիկայում սպասվում է Բենյամին Նեթանյահուի հեռախոսազրույցը Ջո Բայդենի հետ։

03:54

Kan ռադիոկայանը հայտնում է, որ Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ դիմակայության մի քանի օրվա։

03:53

Այս պահի դրությամբ հայտնի է իսրայելական կողմից միայն մեկ վիրավորի մասին։ Նա 10-ամյա տղա է բեդուինների ընտանիքից։

03:52

Իսրայելի վարչապետի խորհրդականներից մեկը հայտարարել է, որ իրանական բալիստիկ հրթիռներից մեկը խոցվել է Երուսաղեմի պատմական կենտրոնի վրա հարձակման փորձի ժամանակ։

03:51

Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ այս պահի դրությամբ իրանական հարձակման միակ ուղիղ հարվածը գրանցվել է Ում էլ Ֆահմ քաղաքում, որտեղ բնակվում են արաբներ։

03:49

Իրանական հրթիռների խոցումը Հորդանան գետի արևմտյան ափին։

03:47

Իրանական բալիստիկ հրթիռներից մեկի բեկորն ընկել է Հորդանանի մայրաքաղաք Ամմանում։

03:44

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և սպառնալիք է հանդիսանում խաղաղության և անվտանգության համար։

03:43

Ամերիկյան ABC հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ ընդհանուր առմամբ Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է մոտ 150 հրթիռ, որից 70-ը առաջին արձակման, իսկ 80-ը՝ երկրորդ։ 

03:42

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Թեհրանն անհրաժեշտության դեպքում ցանկացած զինված հարձակումից իր շահերի պաշտպանության համար լրացուցիչ միջոցներ կձեռնարկի։

03:40

⚡⚡Ջո Բայդենն ազգային անվտանգության թիմի հետ հանդիպումից հետո հայտարարել է իրանական հարձակումներից Իսրայելին պաշտպանելու հանձնառության մասին:

03:39

Պենտագոնում հայտարարել են, որ ամերիկյան ուժերը խոցում են իրանական անօդաչուներին ու պատրաստ են լրացուցիչ օգնություն տրամադրել Իսրայելին։

03:37

Նոր կադրեր Երուսաղեմից։ Առաջին պլանում Տաճարի լեռան վրա գտնվող Ժայռի գմբեթն է։

03:35

Իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով անվտանգության ծառայության իրենց աղբյուրներին, հայտնում են, որ չեզոքացվել է արձակված հրթիռների 99 %-ը։

03:32

Նոր կադրեր Իսրայելի վրա իրանական հարձակումից։

03:31

Ջո Բայդենը խորհրդակցություն է անցկացնում Վաշինգտոնում։

03:30

Ynet-ը հայտնում է, որ իրանական հարձակմանը Իսրայելի պատասխանը կլինի «նշանակալից և հզոր»։

03:28

Իրանական հրթիռի ընկնելը Նեգև անապատում։

03:27

Իրանական հրթիռները Իսրայելի խորհրդարանի երկնքում։

03:25

⚡Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «Իրանի վրա հարձակմանը մասնակցելու պարագայում վճռական պատասխան կստանա Իսլամական հանրապետությունից»։ 

03:24

CNN հեռուստաընկերությունը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Իրանի կողմից արձակված անօդաչուներն ու հրթիռները այս պահի դրությամբ չեն կարողացել խոցել իրենց թիրախները։

03:22

Ynet-ը, հղում անելով Reuters գործակալությանը, հայտնում է, որ Հորդանանի ռազմաօդային ուժերը երկրի հյուսիսում և կենտրոնական հատվածում չեզոքացրել են տասնյակ անօդաչուներ։

03:19

Նոր կադրեր Իրանում ընթացող ակցիաներից։

03:17

Իրանը հրթիռների մի մասն արձակել է Արևելյան Ադրբեջան նահանգից։

03:15

Մերձավոր Արևելքի երկինքն այս պահին։ Այն գրեթե դատարկ է։

03:12

Al Arabiya-ն հայտնում է, որ պայթյունների ձայներ են լսվում Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում։

03:10

Իրանական IRNA գործակալությունը կադրեր է հրապարակել իրանական մի շարք քաղաքներում ընթացող աջակցության հավաքներից։

03:09

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր տելեգրամյան ալիքում պնդում է, որ իրանական հրթիռները հասել են Իսրայելի տարածք։ Այլ մանրամասները չեն նշվում։

03:07

NBC-ի թղթակիցը հայտնում է, որ Երուսաղեմում իրավիճակը հանդարտվել է։

03:06

Al Watan պարբերականը, հղում անելով Սիրիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցչին, հայտնել է, որ սիրիական ՀՕՊ միջոցները հետ են մղում Դամասկոսի միջազգային օդանավակայանի ուղղությամբ իսրայելական հարձակումը։

03:03

Օդային տագնապի ազդանշանները հնչում են Իսրայելի հյուսիսում, կենտրոնում և հարավում։

03:01

Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը նոր կործանիչներ են ուղարկում Մերձավոր Արևելք։ 

03:00

Համացանցում հրապարակվում են իսրայելական ՀՕՊ համակարգերի աշխատանքը։ Արդյոք սրանք իրական են, թե ոչ, «Հետք»-ը այս պահին չի կարող հաստատել։

02:58

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում թագավորական ռազմաօդային ուժերի կործանիչները կխոցեն Իրանի կողմից արձակված անօդաչուներն ու հրթիռները։

02:56

Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնում է, որ Հորդանանի ՀՕՊ ուժերը խոցում են Իրանի կողմից արձակված հրթիռները։

02:54

Բեն Գուրիոն օդանակավակայանի աշխատանքների դադարեցումից հետո, Իսրայելի գլխավոր օդանավակայանը դատարկվել է։

02:53

Իսրայելի 9-րդ հեռուստաալիքը հայտնում է, որ Երուսաղեմի երկնքում պայթյուններ են լսվում։ Հավանաբար, գործում է իսրայելական ՀՕՊ համակարգը։

02:51

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Հեզբոլահի հարվածների հետևանքով տուժածներ չկան։

02:50

Իրանն անօդաչուների նոր խմբաքանակ է արձակել։

02:47

⚡⚡Երուսաղեմում ևս հնչում են օդային տագնապի ազդանշաններ։

02:46

Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Իսրայելին օգնության մասին և Իրանին պատասխանատվության ենթարկելու մասին նախագծերը։

02:43

⚡Օդային տագնապի ազդանշաններ են հնչում Նեգև անապատի կենտրոնում ու հարավում, Բեեր Շևայում և Կարմիր ծովի ափին գտնվող Էյլաթ քաղաքում։ 

02:42

⚡⚡⚡Իսրայելի պաշտպանական բանակը պաշտոնապես հայտարարեց Իսրայելի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման մասին։

02:40

Իսրայելի բանակային ռադիոն հայտնել է, որ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակում դեռևս չի հայտնաբերվել։

02:39

Իրանական երիտասարդությունը հավաքվել է Թեհրանի համալսարանի մոտ՝ ի աջակցություն Իսրայելի վրա Իրանի հարձակման։

02:36

The Times of Israel-ը, հղում անելով Իսրայելի պաշտպանական գերատեսչության ներկայացուցչին, գրում է, որ ավելի քան 100 անօդաչու չեզոքացվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Իսրայելի կողմից։

02:34

⚡⚡⚡ Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի հաստատում Իսրայելի ուղղությամբ Իրանի կողմից բալիստիկ հրթիռների արձակումը, փոխարենը դա պնդում է իրանական պետական IRNA գործակալությունը։

02:32

⚡CNN-ը գրում է, որ այս րոպեներին ընթանում է համաշխարհային պատմության մեջ անօդաչուների ամենազանգվածային հարձակումը։

02:30

⚡⚡⚡Fars գործակալությունը հայտնում է, որ Իրանը կարող է հարվածել Հորդանանին, եթե վերջինս խոչընդոտի Իսրայելի վրա հարձակմանը։

02:29

ABC-ն հայտնում է, որ ամերիկյան ուժերը խոցել են իրանական մի քանի անօդաչու, որոնք շարժվում էին Իսրայելի ուղղությամբ։

02:24

Եմենից Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել են բալիստիկ հրթիռներ. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած տելեգրամյան ալիք

02:23

Ջո Բայդենը Սպիտակ տանն անց է կացնում ազգային անվտանգության թիմի հետ խորհրդակցություն։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի իր աղբյուրին։

02:22

Իսրայելի բանակը Գոլանի բարձունքների, Էյլաթի և Նեգևի շրջաններից մեկի բնակիչներին կոչ է արել տեղափոխվել ռմբապաստարաններ։

02:19

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ այս լարվածությունը Թեհրանի և Թել Ավիվի միջև է, իսկ «ԱՄՆ-ն պետք է հեռու մնա»։ Բացի այդ, իրանական կողմը նաև հայտնել է, որ Իսրայելի նկատմամբ հարվածն Իրանի համար ինքնապաշտպանական քայլ է։

02:17

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը դատապարտում է Իսրայելի վրա Իրանի հարձակումը։

02:15

🇺🇸🇮🇱🇮🇷 The New York Times-ը, հղում անելով իսրայելցի պաշտոնյաներին, գրում է, որ իսրայելական հետախուզությունը ակնկալում է, որ իրանական հարվածների թիրախ կդառնան Գոլանի բարձունքները և Նեգև անապատում Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներից մեկը։

02:13

⚡ԱՄՆ Պետքարտուղարությունը Կատարի միջոցով Իրանին տեղեկացրել է հարձակման անհապաղ դադարեցման անհրաժեշտության մասին, ինչին Իրանը բացասական է պատասխանել։

02:12

Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կապի մեջ է ընթացիկ սրման բոլոր կողմերի հետ և փորձում է զսպել իրավիճակը։

02:10

Հեզբոլահը տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։

02:09

Հորդանանը հերքում է արտակարգ դրություն հայտարարելու մասին պնդումները։

02:08

The Telegraph-ը հրապարակել է հնարավոր թիրախների ցանկը, որոնց կարող է հարվածել Իրանը։ Դրանց թվում են ավիաբազաները, օդակայանները, ռազմածովային բազաներն ու վարչապետ Նեթանյահուի նստավայրը։

02:07

Մի քանի հարյուր անօդաչուներ Հորդանանի երկնքում են և շարժվում են Իսրայելի ուղղությամբ։

02:06

Իսրայելական պաշտպանական կառույցներում ABC News-ի աղբյուրը հայտնել է, որ Իրանի հարվածների թիրախում են միայն ռազմական օբյեկտները։ Իրանը չի հարվածում քաղաքացիական օբյեկտներին։

02:05

⚡Իրանն Իսրայելի վրա հարձակումն անվանել է «Կատարված խոստում» ռազմագործողություն։

02:03

Իրանական լրատվամիջոցները բալիստիկ հրթիռների և անօդաչուների կադրեր են հրապարակել, որոնք ենթադրաբար օգտագործվում են Իսրայելի վրա հարձակման ժամանակ։

02:01

Իսրայելը կփորձի խոցել իր տարածքի ուղղությամբ շարժվող անօդաչուները մինչ այն պահը, երբ դրանք կհասնեն Իսրայելի օդային տարածք։ Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

02:00

Al Arabiya-ն հայտնում է, որ Իսրայելի ուղղությամբ շարժվող իրանական անօդաչուների մի մասը գտնվում է Դամասկոսի երկնքում։

01:57

Լիբանանում քաղաքացիները տոնում են Իսրայելի վրա Իրանի հարձակումը։

01:54

🇪🇬 Եգիպտոսը հայտնել է, որ կխոցի ցանկացած անօդաչու, որը կանցնի իր երկրի օդային տարածքով։

01:50

Դոնալդ Թրամփը շարունակում է իր քարոզարշավը։

«Իսրայելը հարձակման տակ է։ Սա երբեք չպետք է թույլ տրվեր։ Դա ԵՐԲԵՔ չէր լինի, եթե ես նախագահ լինեի»։

01:48

Ֆրանսիան դատապարտում է Իսրայելի վրա Իրանի հարձակումը։

01:47

⚡⚡Իրանական բալիստիկ հրթիռներն արձակվել են Իրանի տարածքից։

01:46

«Իրանը միջազգային հանրությանն ու Իսրայելին հնարավորություն էր տվել դադարեցնելու պատերազմը Գազայի հատվածում, և այդ հնարավորության ժամկետը լրացել է». Իրանի բանակի գլխավոր հրամանատար Մուսավի

01:45

Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Իսրայելի վրա Իրանի «խոշոր հարձակմանը», որի թիրախ կլինեն կառավարության օբյեկտները։ Այդ մասին հայտնել է ամերիկյան NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։

01:41

⚡️Մեծ Բրիտանիան դատապարտում է Իսրայելի վրա Իրանի հարձակումը. վարչապետ Ռիշի Սունաք

01:38

Ջո Բայդենը ժամանել է Սպիտակ տուն։

01:36

⚡Ենթադրաբար հրթիռների արձակումը Թեհրանի արվարձաններից մեկից։

01:32

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ երկրի հյուսիսում հայտարարվել է օդային տագնապի ազդանշան։

01:31

Reuters գործակալությունը հայտնում է, որ հութիները Եմենի տարածքից մի քանի անօդաչու են արձակել Իսրայելի ուղղությամբ։

01:30 

Ռուսաստանը ժամանակավորապես դադարեցրել է դեպի Իսրայել, Իրաք և Հորդանան թռիչքները։

01:29

Flydubai ավիաընկերությունը փոփոխություններ է անում իր թռիչքների ժամանակացույցում։

01:28

Ամերիկյան ABC-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ իրանական հարձակմանը մասնակցում է 400-500 անօդաչու, որոնք հիմնականում արձակվել են Իրանի տարածքից։

01:25

Մերձավոր Արևելքի երկինքն այս պահին։

01:24

Իրանի բանակային ռադիոն հայտնում է՝ Իսրայելն ակնկալում է, որ արձակումներ կլինեն նաև Եմենի տարածքից։

01:22

Եգիպտոսը ևս փակեց իր օդային տարածքը։

01:21

Լիբանանը ևս փակել է իր օդային տարածքը։

01:20

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թել Ավիվում է, և խորհրդակցությունն ընթանում է Պաշտպանության նախարարության շենքերից մեկում։

01:19

Ռոսավիացիան ռուսական ավիաընկերություններին արգելել է օգտագործել Իրաքի ու Իսրայելի օդային տարածքները։

01:19

Պենտագոնը տեղյակ է Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ անօդաչուների արձակման մասին, սակայն դեռևս չի մեկնաբանում դեպքերի ընթացքը։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել են ամերիկյան պաշտպանական գերատեսչությունից։

01:18

⚡Իսրայելում հնչում են օդային տագնապի ազդանշաններ։

Նշվում է, որ հարձակմանը մասնակցում է ավելի քան 230 անօդաչու, որոնց մի մասը, ըստ Իսրայելի 12-րդ ալիքի, արդեն իսկ խոցվել են Սիրիայի ու Հորդանանի երկնքում։

01:17

Լիբանանը փակեց Բեյրութի միջազգային օդանավակայանը։

01:16

⚡Ջո Բայդենը հանդես կգա ուղերձով։

01:11

Իրանի պաշտպանության նախարարությունը X-ի իր միկրոբլոգում տեղադրել է Ղուրանից մի հատված, որտեղ նշվում է հաղթանակի մոտենալու մասին։

01:10

Իսրայելի ղեկավար կազմը խորհրդակցություն է անցկացնում բունկերում։

01:08

Հորդանանն իր օդային սահմանը բացել է Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչների համար։ Ամերիկյան ավիացիայի հետ միասին դրանք չեզոքացնում են իրանական անօդաչուները։

01:07

⚡Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է անօդաչուների երրորդ ալիքը։

01:06

Մեծ թվով անօդաչուներ նկատվել են Իրաքի Նաջաֆ քաղաքի երկնքում։

01:04

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը հեռախոսազրույցներ է ունեցել Բելգիայի, Նիդերլանդների և Կիպրոսի արտաքին գործերի նախարարների հետ։ Համաձայն իրանական կողմի հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում իրանցի պաշտոնյան միջնորդների միջոցով Միացյալ Նահանգներին փոխանցել է «անհրաժեշտ նախազգուշացումները»։

01:01

Իրանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ցանկացած երկիր, որն Իսրայելի համար իր օդային տարածքը կբացի Իրանի դեմ հարձակման համար, կստանա վճռական պատասխան։

00:58

«Չարիքի ռեժիմը կպատժվի»,- Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

00:56

⚡ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններից հետո Իսրայելը կհարվածի իրանական օբյեկտներին։

00:55

Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում Հեզբոլահի օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։ Հիշեցնենք, որ Հեզբոլահը ևս իսրայելական կողմի ուղղությամբ արձակել էր անօդաչուներ։

00:53

Հորդանանը հայտարարել է արտակարգ դրություն։

00:52

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել է, որ իրանական հարձակումը, հավանաբար, կշարունակվի մի քանի ժամ։

00:51

⚡Իսրայելցի պաշտոնյաները հայտարարում են, որ Իրանն արձակել է նաև թևավոր հրթիռներ։

00:49

Համացանցում տեսանյութեր են տարածվում, որտեղ, ինչպես նշվում է, լսվում են դեպի Իսրայել շարժվող իրանական անօդաչուների ձայները։ Թե արդյոք սրանք իրանական անօդաչուներն են, «Հետք»-ը այս պահին չի կարող հաստատել։

00:48

⚡⚡⚡Իսրայելը ԱՄՆ-ին հայտնել է, որ մտադիր է պատասխան հարված հասցնել Իրանին։

00:46

Արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչները գտնվում են Իրաքի և Հորդանանի երկնքում՝ իրանական անօդաչուներին խոցելու համար։

00:43

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ընդհատել է Դելավերում իր հանգիստը և մեկնել է Վաշինգտոն։ 

00:42

⚡⚡FARS գործակալությունը հայտնում է, որ Իրանը հաստատել է անօդաչուների հարձակումը և ազդարարել շուտով Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակման մասին։

00:40

Al-Mayadeen-ը գրում է, որ Հարավային Լիբանանից Իսրայելի ուղղությամբ իրականացվում է զանգվածային հրթիռակոծություն։

00:37

⚡Ամերիկյան USS Dwight Eisenhower ատոմային ավիակիրը շարժվում է Իսրայելի ուղղությամբ։

Դրա կազմում կա 90 ինքնաթիռ և ուղղաթիռ, հրթիռային սպառազինություն, RIM-7 Sea Sparrow տեսակի ՀՕՊ համակարգեր։ Ավիակրին ուղեկցում են 2 հրթիռային հածանավ և 4 հրթիռային էսկադրային ականակիր։

00:35

⚡️Fars գործակալությունը փոխանցում է, որ իրանական անօդաչուները սկսել են հատել Իրաքի օդային սահմանը և մոտեցել են Սիրիային ու Հորդանանին։

00:32

Մերձավոր Արևելքի երկինքն այս պահին։

00:30

Արաբական Al Arabiya հեռուստաընկերությունը հայտնում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ անօդաչուներն արձակել է Քերմանշահից և երկրի արևմտյան այլ նահանգներից։ 

00:29

Հայֆայի մունիցիպալիտետը հայտարարել է արտակարգ դրության մասին։

00:26

Սպիտակ տան մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ջո Բայդենը Սպիտակ տանը խորհրդակցություն կանցկացնի Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման վերաբերյալ։ Խորհրդակցությանը կմասնակցեն պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։ 

00:25

Թուրքիան ևս միացավ այն երկրների շարքին, որոնք փակում են իրենց օդային սահմանը։

00:24

Իրաքը ևս փակեց իր օդային տարածքը։

00:20

«Մեր պաշտպանական համակարգերը տեղակայված են, և մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի՝ թե՛ պաշտպանության, թե՛ հարձակման». Բենյամին Նեթանյահու։

00:19

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հագարին հայտարարել է, որ երկրի առանձին հատվածներում անջատվել է GPS-ը։

00:17

Իսրայելական Ynet-ը գրում է, որ Իրանը պատմության մեջ առաջին անգամ ուղիղ հարձակում է իրականացրել Իսրայելի նկատմամբ։

00:16

⚡️Իրանական տելեգրամյան ալիքները հայտնում են, որ Թեհրանի միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը։

00:14

Իսրայելի օդային սահմանը փակ կլինի մինչև տեղի ժամանակով առավոտյան 07:00-ն (Երևանի ժամանակով՝ 08:00-ն)։

00:13

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած տելեգրամյան ալիքը հայտնել է, որ Թեհրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է Shahed-136 տեսակի 50 անօդաչու։

00:11

Եմենը ևս փակում է իր օդային տարածքը։

00:10

Իսրայելը և Հորդանանը փակել են իրենց օդային տարածքները։

00:08

⚡️⚡️⚡️ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը հաստատել է, որ իրանական անօդաչուները շարժվում են Իսրայելի ուղղությամբ։ Ըստ նրա՝ անօդաչուներն Իսրայելին կհասնեն առնվազն 2 ժամ անց։

00:05

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչով դիմել է Իսրայելի քաղաքացիներին։ Նա հայտարարել է, որ Իսրայելը պատրաստ է իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին։

00:01

Իրանը տասնյակ անօդաչուներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է իսրայելական Kan ռադիոկայանը։ Իսրայելի պաշտպանության բանակը ևս հաստատում է, որ տասնյակ անօդաչուներ Իրաքի տարածքով շարժվում են Իսրայելի ուղղությամբ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter