HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հարաբերությունների կարգավորման համար լուծել բոլոր հարցերը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում հարաբերությունների կարգավորման համար լուծել մնացած բոլոր երկկողմ հարցերը: Այդ մասին ասված է Գուտերիշի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարության մեջ։ 

«Գլխավոր քարտուղարն ուշադրությամբ հետևել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա ողջունում է ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման համապատասխան պետական հանձնաժողովների միջև ձեռք բերված համաձայնությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կողմերին կոչ է արել շարունակել սահմանի մնացած հատվածների սահմանազատումն ու սահմանագծումը ու լուծել չլուծված երկկողմ բոլոր հարցերը՝ հարաբերությունների ամբողջական կարգավորման համար։

Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ նույն օրը կայացել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Ըստ այդ հաղորդագրության՝ Սահմանազատման գործընթացի սկզբնական փուլում կողմերը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները, անմիջականորեն Բաղանիս (ՀՀ) – Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ) – Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ) – Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ) – Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև՝ Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով:

Բացի այդ, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրով, ինչպես նաև կշարունակեն սահմանի բոլոր մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ ներառյալ անկլավների և էքսկլավների հետ կապված հարցերով:

Լուսանկարը՝ Eskinder Debebe / United Nations Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter